ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության վարչության տվյալներով` մինչ օրս հավաքվել է 190 հազար տոննա համախառն հացահատիկ, որը գրեթե չի զիջում անցած տարվա ցուցանիշները: Հարթավայրային եւ նախալեռնային (Արարատ, Արմավիր, Սյունիք, Գեղարքունիք, Շիրակ) գոտիների ցանքերից, որտեղ ավարտվել է հունձը, հեկտարից միջին հաշվով ստացվել է 30-40 ց բերք: Բարձր բերքի համար նախապայման են հանդիսացել նպաստավոր կլիման, ցանքի ժամանակին եւ ագրոտեխնիկական կանոններով կատարումը: Եթե բնությունը վատ անակնկալներ չմատուցի, ապա մինչեւ բերքահավաքի ավարտը մասնագիտական հաշվարկներով կհավաքվի շուրջ 450 հազար տոննա հացահատիկի համախառն բերք, որը կիսով չափ կբավարարի եղած պահանջարկը: Մնացածը կլրացվի ներկրումների հաշվին: Նշենք, որ հացահատիկի միջին գինը ներքին շուկայում ներկայումս 120-170 դրամ է` անցած տարիների 70-85 դրամի փոխարեն: