ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը, նախարարության աշխատակազմի Ընտանիքի, կանանց եւ երեխաների վարչության պետ Լալա Ղազարյանը եւ այլ աշխատակիցներ երեկ շրջայց են կատարել Խարբերդի մասնագիտացված մանկատուն: Նրանք ծանոթացել են օրերս ավարտված մանկատան երեք սենյակների վերանորոգման աշխատանքներին: Ներկայացվել են վերանորոգված սենյակները, մանկատան հարմարությունները, բակը, կաթսայատունը, նոր մասնաշենքի կառուցման աշխատանքների ընթացքը, երեխաների սննդի բաշխման կարգը, սանիտարահիգիենիկ պայմանները, բուժօգնության համապատասխան ձեւերը: Շրջայցին հաջորդել է քննարկում մանկատան զարգացման նոր ծրագրերի, Հայաստանի խորը մտավոր կարիքներով երեխաների հիմնահարցի ամբողջական լուծման սխեմայի վերաբերյալ: «Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է իրազեկ լինի նմանատիպ հաստատությունների գոյության մասին եւ անմիջական մասնակցություն ունենա ներսում կատարվող աշխատանքներին, անհանգստացնող խնդիրների ու հարցերի լուծման գործընթացին: Այս երեխաները նույնպես մեր հասարակության լիարժեք անդամներն են, որոնք կարիք ունեն մարդկային ջերմության, խնամքի եւ հոգածության»,- նշել է Ա. Համբարձումյանը: