Կավարտվեն 2010 թվականին

24/08/2008

Շարունակվում են Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի 2-րդ ուղեւորային համալիրի կառուցման աշխատանքները: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ ներկայումս փորվում են համալիրի հիմքերը, ինչին պետք է հաջորդեն սեյսմիկ բարձիկների տեղադրման եւ շինարարական աշխատանքները: Ըստ Գ. Աբրահամյանի` շինարարությունն ընթանում է ավելի արագ, քան ժամանակացույցով էր նախատեսված, ուստի, ըստ ամենայնի, համալիրի կառուցման աշխատանքները կավարտվեն նախատեսված՝ 2011թ.-ից ավելի շուտ` արդեն 2010-ին: Այդ աշխատանքների համար ընդհանուր ներդրումները շուրջ 130 մլն դոլարի շրջանակներում են: «Զվարթնոցի» երկրորդ ուղեւորային համալիրը կառուցվում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի առաջարկով «Զվարթնոցի» «Մաստեր պլանում» կատարված փոփոխությունների արդյունքում, որոնք հաստատվել են ՀՀ կառավարության կողմից: «Մաստեր պլանում» այդ փոփոխությունները սպասվում էին միայն 2010-2015թթ., սակայն դրանց իրականացման անհրաժեշտությունն առաջ է եկել հիմա` կապված ուղեւորափոխադրումների եւ սպասարկման ծավալների կտրուկ մեծացման հետ: 2007-ին «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է շուրջ 1 մլն 400 հազար ուղեւորափոխադրում` 2003-ից 500.000-ով ավելի. այդպիսի աճ կանխատեսված էր 2015-ի համար: Օդանավերի թռիչք-վայրէջքների աճը նախորդ տարի կազմել է շուրջ 5 հազար: Գ. Աբրահամյանը նշել է, որ կառուցվող նոր ուղեւորային համալիրին կփոխանցվեն ներկայիս համալիրի բոլոր գործառույթները: Նոր շենքի ընդհանուր տարածքը կլինի 25.000 քմ: Դրանում ուղեւորների հաշվառման հատվածը կունենա 3 հազար 600 քմ տարածք` ներկայիս սրահի 900 քմ-ի դիմաց: Հաշվառման սեղանիկների թիվը 21-ից հասնելու է 42-ի, ինչի արդյունքում կկանխվի հերթերի գոյացումը: Անձնագրային հսկողության կետերի թիվը 12-ից կհասցվի 24-ի, անվտանգության վերահսկման կամրջակներինը` 3-ից՝ 6-ի: Ժամանման դեպքում մեծանալու է մաքսային գոտին, եւ 1-ով ավելանալու է բեռների փոխադրման հարահոսների թիվը` հասնելով 3-ի: Նոր համալիրը կառուցվելու է ներկայիս համալիրի դիմաց, դրա կողքին կլինի նաեւ 3 հարկանի ավտոկանգառ՝ 800 մեքենա տեղավորելու հնարավորությամբ: Ուղեւորները կարող են թռիչքից առաջ մեքենաները կայանել այստեղ եւ հետդարձին վերցնել: «Զվարթնոցի» «Մաստեր պլանը» հաստատվել է 2003-ին օդանավակայանն «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին հավատարմագրային կառավարման հանձնելուց հետո: Դրանով նախատեսված գործողությունների ծրագիրը սահմանված է 30 տարով: Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայության` նույն ժամանակահատվածում օդանավակայանով հանրապետություն է ժամանել 360.772 ուղեւոր` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 336.950-ի փոխարեն: Մեկնել է 409.833 ուղեւոր` 2007-ի նույն ժամանակահատվածի 369. 254-ի դիմաց: