Այս մարդկանց տանում են մահվան դուռը

24/08/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարում ներկայացրել էինք Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի «Զառացյան եւ ընկերներ» ՍՊԸ-ին պատկանող «Երկաթբետոնե իրերի» գործարանի գրասենյակային մասնաճյուղի հանրակացարանի բնակիչներին վտարելու մասին մանրամասները: Այս շենքում բնակվող թվով 11 ընտանիքներից բոլորն էլ ապրում են սոսկալի աղքատության մեջ, եւ անտուն այս մարդկանց փողոց վտարելն առնվազն դաժանություն է:

Բնակիչների հավաստմամբ` Բալահովիտում կա եւս մեկ հանրակացարան, որը նախինում պատկանել է Գյուղատնտեսության ինստիտուտին, իսկ ներկայումս Բալահովիտի գյուղապետարանի հաշվեկշռում է: Բալահովիտի գյուղապետ Կամո Գրիգորյանը բնակիչների սենյակ տրամադրելու խնդրանքներին ի պատասխան՝ ասում է` «Ազատ սենյակ չկա, իսկ եթե լիներ` աճուրդի կդնեի, ձեզ ինչի՞ էի տալիս»:

«Երկու կիլո բրնձի համար փախստականի պիտակը չեմ ուզում»

Գալյա Միրզոյանը Բաքվի փախստական է, սակայն Հայաստան տեղափոխվելուց հետո հրաժարվել է փախստականի կարգավիճակ ստանալուց: Հանրակացարանում բնակվող բոլոր փախստականները տարիների ընթացքում սերտիֆիկատ են ստացել եւ բնակարան ձեռք բերելով՝ լքել են կացարանը: Գալյան սերտիֆիկատ չի ստացել միայն այն պատճառով, որ չի ցանկացել ողջ կյանքը փախստականի պիտակով ապրել: «Երբ Կիրովաբադի շրջանի Խանլար գյուղից էստեղ տեղափոխվեցի` մտադրված էի տուն գնել, որովհետեւ բանկում փող ունեի: Հրաժարվեցի, ասեցի` ինձ պետք չի փախստականի կարգավիճակ, որ բոլորը հետեւիցս գոռան՝ փախստական: Ասեցի` էդ երկու կիլո բրնձի համար չեմ ուզում էդ պիտակը: Մի խոսքով` բանկում պահած փողերս կորան, ես էլ մնացի էս թշվառ կացարանում»,- պատմում է Գալյան` վստահեցնելով, որ հանրակացարանում բնակվում է 1990 թվականից:

Ներկայումս, ինչպես շենքի մյուս բնակիչներին, այնպես էլ Գալյային վռնդում են, մինչդեռ նա ոչ հարազատ ունի, ոչ էլ բնակարան վարձակալելու հնարավորություն: Ասում է` «Էսօր ինձ պիտի փակած լինեին»: «Այսինքն` ո՞նց փակած»,- հարցնում եմ: «Դե՛, գալիս ռեշոտկա են դնում, ու կամ պիտի դուրս գաս, կամ էլ մնաս ռեշոտկայի ետեւում: Երրորդ հարկի բոլոր բնակիչներին հանել, ռեշոտկա են քաշել: Ոմանք պադվալում են, իսկ որոշներն էլ` միջանցքում են մնում»,- պատասխանում է նա: Հարեւանուհու` Ռիտայի սենյակ մուտք գործելն արդեն անհնար է. օրեր առաջ գործարանի ներկայացուցիչները «ռեշոտկա են քաշել»: Ավագ որդին գտնվում է Ղարաբաղում` զինծառայության մեջ է, եւ տեղյակ էլ չէ, որ ծառայությունն ավարտելուց հետո հայտնվելու է փողոցում: Ներկայումս Ռիտան իր 14 տարեկան որդու հետ մնացել է փողոցում: «Ամուսինս «Ռիմդիզել» գործարանի աշխատող է եղել: Գործարանի ղեկավարությունը ժողով է արել եւ որոշում է կայացրել նրան երկու սենյակ հատկացնել, մինչեւ գործարանում բնակարան ստանալու մեր հերթը կհասներ: Հետո եկան ճգնաժամային տարիներն, ու բնակարանի ցուցակները վերացան, բանկի փողերն էլ կորցրեցինք: Էսքան տարի ապրել ենք էս հանրակացարանում, բայց երեկ ասեցին` վեշերդ հանի, չհանեցի, ասեցին` վեշերդ մեջը, դուք էլ մեջը՝ կփակենք, ու ռեշոտկա քաշեցին»: Ռիտան տան իրերի մի մասը ստիպված ի պահ է տվել ծանոթների տանը, մյուս մասն էլ տեղավորել է բակում ու միջանցքում: «Ես էլ չգիտեմ, թե հիմա որտե՞ղ եմ ապրում, ո՞ւր եմ գնում ու ինչքա՞ն կարամ էսպես գոյատեւել»,- ասում է նա:

«Մախնոյական ժամանակաշրջանում ենք ապրում»

66 տարեկան Թերմինե տատը կծկվել է հանրակացարանի իր սենյակի անկյունում, հավանաբար գիտակցելով, որ շուտով իր սենյակին հրաժեշտ է տալու ու գնալու է դեպի անհայտություն: Մինչ շենքի բնակիչներն ինձ շենքի մի ծայրից մյուս ծայրն են ուղղորդում` նա ծվարել է սենյակում ու Աստվածաշունչ է կարդում: Չի հավատում ո՛չ լրագրողների, ո՛չ էլ իշխանությունների օգնությանը. նա կառչում է միայն Աստծո ողորմածությունից: Ծնունդով Վրաստանից է, բայց քանի որ Հայաստանը շատ է սիրել` տեղափոխվել է այստեղ, իսկ հիմա դարձել է աշխարհի ամենամիայնակ մարդը: Ասում է` «Բախտի ալիքն ինձ էստեղ բերեց, Վրաստանը չեմ սիրել, Հայաստանն եմ սիրել: 16 տարի է, ինչ էստեղ եմ ապրում, ես մասնագիտությամբ մանկավարժ եմ, տարրական դասարանների դասվար: 13 տարի մանկապարտեզում աշխատելուց հետո թոշակի եմ անցել, հիմա էլ հաշմանդամ եմ: Ես ոչ մեկը չունեմ, ես եմ ու իմ Տեր Աստվածը: Միայնակ թոշակառու եմ, ոչ մի հարազատ չունեմ, աշխարհի ամենամենակ մարդն եմ ու հիմա…»: Թերմինե տատը ծանոթներին խնդրել է օգնել իրերը տեղափոխելու համար, քանի որ շուտով իր սենյակի վրա նույնպես ճաղավանդակ են տեղադրելու: Հարցնում եմ` «Բա ո՞ւր եք գնալու»: Հեգնելով պատասխանում է` «Դուրս, ի՞նչ իմանամ` ո՞ւր… Գնացել եմ Զառացյանի մոտ, խնդրել եմ` անտեր կնիկ եմ, ինձ պահեք, էլի, օգնող չունեմ, դուք մեծահոգաբար ինձ ապահովություն տվեք: Մի հոգու երաշխավորը, հովանավորը դարձեք: Հրաժարվեց, ասաց` դուրս արի, գնա: Որտեղից եկել ես` էնտեղ էլ գնա»: Այս ծեր կինը ձմռանն ընկել, կոտրվածքներ է ստացել, կաղալով է քայլում: Ասում է, որ հարեւաններն են իրեն խնամում, մեկ էլ՝ մանկապարտեզի արդեն պատանի դարձած իր սաները: Թերմինե տատը բողոք չունի Զառացյանի դեմ, նա բողոքում է ՀՀ կառավարությունից. «Կառավարությունն էս երկրում մախնոյական ժամանակաշրջան է հաստատել: Մախնոն առաջին անարխիստն էր Հայաստանում: Անարխիստ կառավարության քաղաքացիներ ենք, ի՞նչ անենք, ենթակա ենք»:

Ապրում է 17.000 դրամ թոշակով եւ 8000 դրամ ընտանեկան նպաստով, գոյատեւում է… Հարեւանները պատմում են, որ 100 դրամանոց մեկ հացն այս ծեր կինը բաժանում է երեք մասի, որպեսզի կարողանա երեք օր ուտել այն: Թերմինե տատը հոնգուր-հոնգուր լաց լինելով՝ ասում է` «Ասել ա՝ իջի պադվալ, մինչեւ մնալու տեղ ունենաս»: Զրույցի ընթացքում սենյակ է մտնում մի երիտասարդ` Գարիկն է. Թերմինե տատի սանը. «Ահա՛, սաներիցս մեկն է, պահապան հրեշտակս»: Գարիկը պարբերաբար այցելում, խնամում է իր վաղեմի դաստիարակչուհուն, ու հիմա, երբ նրա ճակատագիրն այս կերպ է դասավորվել, այս երիտասարդը շփոթված, տարակուսած է, չի պատկերացնում՝ ինչպե՞ս օգնել նրան: 63 տարեկան Զեմֆիրան մաշկի քաղցկեղով հիվանդ է, իսկ վերջին իրադարձություններից առաջացած սթրեսային իրավիճակից առողջական վիճակը վատթարացել է: Անբուժելի հիվանդ այս կինը շուտով կհայտնվի փողոցում ու հավանաբար կյանքին հրաժեշտ տալուց ինքն էլ չի իմանա, թե որտեղ է: 20 տարի առաջ հայտնաբերված հիվանդությունն առաջացել է թունավոր աշխատանք կատարելու հետեւանքով. «Ռիմդիզել» գործարանում եմ աշխատել, թունավոր աշխատանք եմ կատարել, ռազմամթերք էին արտադրում, ու էդ թունավոր փոշին քայքայեց ինձ»:

10.500 դրամ թոշակով եւ 8000 դրամ նպաստով չի կարողանում սնվել այն դիետիկ սննդակարգով, որը բժիշկը սահմանել է կյանքը երկարաձգելու համար: Իրեն փողոց շպրտելու վախից Զեմֆիրայի մաշկն ամբողջովին կարմրել ու այտուցվել է: Նյարդային վիճակից մարմնի քոր ունի։ «Վեշերս տեղափոխել եմ, շուտով ինձ էլ կհանեն ու ռեշոտկա կդնեն: Ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ ես էս վիճակում, ասե՛ք, խնդրում եմ: Ախր անունով բարգավաճ Հայաստանում ենք ապրում, ՀՀ քաղաքացի եմ, քաղցկեղով հիվանդ վիճակում, բայց հանում-շպրտում են դուրս: Մեր իշխանությանը կոչ եմ անում, որ խղճան մեզ, էլ ապրելու հույս չկա»,- ասում է նա: Զեմֆիրան վստահեցնում է, որ սոված-ծարավ, անօգնական օրեր է հաղթահարել, բայց հպարտությունը մի կողմ դնելով՝ որեւէ մեկից օգնություն չի խնդրել. հիմա ելք չունի…

Հայցադիմում

«Երկաթբետոնե իրերի» գործարանի հանրակացարանի 11 ընտանիքներն անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի վերաբերյալ կատարած համապատասխան գրառումն անվավեր ճանաչելու մասին հայցադիմում են պատրաստվում ներկայացնել ՀՀ վարչական դատարան: Հայցադիմումում նշված է. «Տեղեկացնում ենք Ձեզ, որ հայցվորներս 1990-ից ի վեր շուրջ 18 տարի բնակվում ենք Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում գտնվող «Երկաթբետոնե իրերի» գործարանի հանրակացարանում: Այդ տարիների ընթացքում մենք կանոնավոր կերպով մուծել ենք մեր օգտագործած էլեկտրաէներգիայի, ջրի եւ մյուս բոլոր կոմունալ վճարները: Սակայն շուրջ 1 տարի է, ինչ մեր եւ «Զառացյան եւ ընկերներ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների միջեւ ծագել են վեճեր մեր զբաղեցրած տարածքներից մեզ վտարելու կապակցությամբ: Խնդրո առարկա վեճը հարթելու համար մենք դիմել ենք տարբեր պետական մարմիններ` ՀՀ նախագահին, ՀՀ կառավարություն, ՀՀ ԱԺ, Կոտայքի մարզպետարան, Մարդու իրավունքների պաշտպանին եւ այլոց: Բոլորից ստացել ենք նույնաբովանդակ պատասխան, որ մեր միջեւ ծագած վեճը ենթակա է լուծման դատական կարգով»: Այնուհետեւ նրանք մատնանշում են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածը, որի կետերով պաշտպանվում են իրենց իրավունքները: