Գերմանիան կրկնապատկում է օգնությունը Վրաստանին

24/08/2008

Գերմանիայի Արտգործնախարարությունը որոշել է կրկնապատկել Վրաստանին հատկացվող մարդասիրական օգնությունը` այն հասցնելով 2 մլն եվրոյի: Այդ մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: «Ռազմական գործողությունների ավարտից հետո մեր գլխավոր խնդիրը բազմաթիվ մարդկանց կարիքները հոգալն է, ովքեր վիրավորվել են կամ վտարվել հակամարտության տարածաշրջաններից` Հարավային Օսիայից եւ Աբխազիայից: Ավելի քան 50 հազար փախստականների համար մենք անպայմանորեն պետք է ավելին անենք, ուստի Գերմանիան եւս մեկ միլիոն եվրո է տրամադրում անհապաղ օգնություն ցույց տալու համար»,- ասել է Շտայնմայերը: Անցած շաբաթվա սկզբին Գերմանիայի ԱԳ նախարարությունն արդեն կարգադրել էր Վրաստանին մեկ միլիոն եվրո հատկացնել հումանիտար կարիքների համար: