Red Bull խմիչքը կարող է վնասել առողջությունը

24/08/2008

Փորձագետները պնդում են, որ լայնորեն հայտնի Red Bull խմիչքը կարող է վնաս հասցնել մարդու առողջությանը: Ավստրալացի գիտնականների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մեկ բանկա Red Bull-ը կարող է սիրտ-անոթային հիվանդություններ հարուցել:

Գիտնականների հաշվետվության մեջ պնդվում է, որ խմիչքը, որն, իր գովազդի համաձայն, «թեւ է տալիս», մեծ քանակությամբ կոֆեին է պարունակում, ինչը կարող է սրտի, արյունատար անոթների հետ կապված խնդիրներ առաջացնել եւ ի վերջո հասցնել կաթվածի կամ ինֆարկտի:

Սքոթ Վիլոբայի ղեկավարությամբ գործող գիտական խումբը 30 երիտասարդների արյունն անալիզի է վերցրել 250 մլ Red Bull-ի գործածումից մեկ ժամ առաջ եւ մեկ ժամ հետո: «Red Bull խմելուց մեկ ժամ հետո նրանց արյունատար համակարգի վիճակը հիշեցնում էր հիվանդ սիրտ ունեցող մարդկանց վիճակը»,- ասել է Վիլոբայը: Նա նախազգուշացրել է, որ սթրեսի կամ ճնշման հետ կապված իրավիճակում այդ խմիչքի օգտագործումը կարող է մահվան պատճառ դառնալ:

Ավստրալիայում Red Bull-ի մամուլի քարտուղար Լինդա Րիշտերը հայտարարել է, որ հաշվետվությունը ամենայն մանրակրկտությամբ կստուգվի Ավստրիայում ընկերության գլխադաս գրասենյակում: 250 մլ ծավալով Red Bull-ի մեկ բանկան պարունակում է մոտ 80 մգ կոֆեին, ինչը համապատասխանում է մեկ բաժակ սուրճի մեջ դրա պարունակությանը: Ավստրիական արտադրող ընկերությունը սպառողներին նախազգուշացնում է, որ խորհուրդ չի տրվում օրական 2 բանկայից ավելի օգտագործել, սակայն, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, քչերն են հետեւում այդ խորհրդին: Red Bull-ը 1980-ական թվականներին ստեղծվել է Ավստրիայում: Այն սկսեց ժողովրդականություն նվաճել նախ՝ հայրենիքում, այնուհետեւ՝ այլ երկրներում: Red Bull-ը խթանում է նյարդային համակարգը եւ բարձրացնում աշխատունակությունը: Այդ ազդեցությունը ձեռք է բերվում կոֆեինի բարձր պարունակության հաշվին, որն այդ խմիչքներում միջին հաշվով՝ եռակի, իսկ երբեմն՝ նաեւ տասնապատիկ ավելի է, քան սովորական գազավորված ըմպելիքի մեջ: Առողջության համար հենց այդ պոտենցիալ վտանգի պատճառով էլ Red Bull-ն արգելված է Նորվեգիայում, Դանիայում եւ Ուրուգվայում: Այնուամենայնիվ, անցյալ տարի Red Bull ընկերությունը 143 երկրներում 3,5 մլրդ բանկա խմիչք է վաճառել: