Ուզում եմ համառոտ նշել հետեւյալը.
1. Ռուսաստանը համոզիչ ռազմական հաղթանակ տարավ վրացական զորքերի նկատմամբ: Վրաստանի բանակի զգալի մասը շարքից դուրս է բերված: Ջրասույզ է արված նավատորմը: Ոչնչացվել են ռազմաբազաներն ու օդակայանները: Հակառակորդի կենդանի ուժին զգալի վնաս է հասցվել: Թբիլիսին վերահսկում է իր տարածքների մոտ կեսը, հրամանատարության հետ կապ չկա: Տնտեսությունը կաթվածահար է եղել: Հասարակությունը ճնշված է պարտությունից:
2. ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զինուժը հակամարտությանը չմասնակցեց: Չնայած Կովկասի հսկայական ռազմավարական նշանակությանը` տարածաշրջանի վրա վերահսկելու առումով, միջուկային պատերազմի վտանգը ստիպեց հրաժարվել այդ հեռանկարից: ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինուժը հակամարտության մեջ ներգրավելու ԱՄՆ-ի սպառնալիքներն ընդամենը բլեֆ էին:
3. Վրաստանում քաղաքական քաոս է տիրում: Սահակաշվիլին «վայելում է» ոչ միայն ռազմական պարտության պտուղները, այլեւ Վրաստանի ամբողջականությունն ապահովելու իր կուրսի տապալումը: Այժմ Թբիլիսին չի վերահսկում անգամ այն, ինչ ուներ մինչ պատերազմը, ընդ որում` Վրաստանի զինուժը գրեթե ամբողջովին շարքից դուրս է բերվել: Սահակաշվիլին տապալեց Վրաստանի անկախությունը: Հենց իրենց` վրացիների ռեակցիան այս պարտությանը՝ իրեն երկար սպասել չի տա եւ այս կամ այն ձեւով կարտահայտվի: Սահակաշվիլիի պաշտոնանկությունը վաղ թե ուշ տեղի կունենա ներքաղաքական գործընթացների հետեւանքով: Անջատողական գործընթացներն անխուսափելիորեն կընդգրկեն նաեւ բազմազգ Վրաստանի այլ շրջաններ. Մենգրելիան առաջին թեկնածուն է, ապա գալիս են Աջարիան` սեփական մշակութային դոմինանտով, Ջավախքը, որը խիտ բնակեցված է էթնիկ հայերով, Պանկիսի կիրճը, որտեղ բնակչության մեծ մասը չեչեններ են: Վրաստանը որպես այդպիսին՝ այլեւս գոյություն չունի, ինչպես գոյություն չունի Հարավսլավիան:
4. ՌԴ կարեւորագույն ձեռքբերումը դարձավ վերահսկողությունը Հարավային Օսեթիայի անկլավների վրա, որ ավելի վաղ գտնվում էին Վրաստանի զինուժի վերահսկողության տակ եւ վերածվել էին պաշտպանական շրջանների: Վրաց խաղաղ բնակչությունը հենց վրացիների կողմից հակամարտության գոտուց դուրս էր բերվել նախքան ռազմական գործողությունների սկիզբը, այնտեղ մնացածները կամ զոհ են գնացել ռազմական հակամարտության ընթացքում, կամ մեծ թիվ չեն կազմում: Ամենակարեւորն այն է, որ այդ անկլավների (որոնք այլեւս անկլավ չեն) տարածքն ամբողջովին գտնվում է Ցխինվալիի վերահսկողության տակ: Հենց վերահսկողության բացակայությունն էր հանդիսանում գլխավոր խոչընդոտը Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման համար, քանի որ այլ պայմաններում դա կհանգեցներ միջազգային հանրության միջամտությանը: Այժմ Հարավային Օսեթիայի անկախության հարցը օսերի ներքին գործն է` Մոսկվայի աջակցությամբ: Օսերի ցեղասպանության` փաստաթղթերով հաստատված փաստը, եւ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի նկատմամբ Վրաստանի զինուժի ռազմական հանցագործությունները Ցխինվալիին ու Մոսկվային քարտ-բլանշ են տալիս իրավական դաշտում:
5. Աբխազիայում նմանատիպ իրավիճակ է: Կոդորի կիրճը մաքրված է, լիակատար վերահսկողություն է հաստատվել այն տարածքների վրա, որոնք Սուխումին համարում էր ի սկզբանե իրենը: Անկլավների խնդրի լուծումը Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման հարցի անարգել բարձրացման ուղի է հարթում` հետագայում նրանց` ՌԴ կազմի մեջ ընդգրկմամբ: Այժմ վրացի փոքրամասնության հարցը որոշվելու է ոչ թե անկլավների վրա Վրաստանի զինուժի վերահսկողության պայմաններում, այլ օսերի ու աբխազների կամքով, որոնց հովանավորում է ՌԴ-ն: ՌԴ-ի կողմից Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախության ճանաչումը միանշանակ լուծում կստանա` անկախ ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի դա ընդունելու փաստից: Նույն պայմաններով գոյություն ունի Կոսովոն, որի անկախությունը մինչ օրս չեն ճանաչել ոչ Սերբիան, ոչ Ռուսաստանը: Կամ Լեռնային Ղարաբաղը, որը վաղուց դե ֆակտո հայկական է, սակայն իրավաբանորեն գտնվում է Ադրբեջանի կազմում: Օսերի ցեղասպանության փաստը Ռուսաստանին լիակատար բարոյական հիմք է տալիս պնդելու իրենը միջազգային հանրության առաջ` հակառակ ամերիկամետ ուժերի:
6. Աբխազիայի անկախություն ստանալը խիստ կամրապնդի ՌԴ-ի դիրքերը Հյուսիսային Կովկասում: Սա ապացույցն է այն բանի, որ չերքեզական ազգերը` աբխազները, ադիգեյները, կաբարդինները եւ չերքեզները, դարձյալ կկարողանան միավորվել ընդհանուր պետության մեջ Ռուսաստանի օգնությամբ: Սա հսկայական ազդեցություն կունենա Թուրքիայում բնակվող չերքեզների ու աբխազների վրա, որոնք ի դեմս ՌԴ-ի՝ կտեսնեն բարեկամի ու հովանավորի, եւ կփոխի չերքեզական գործոնի հակառուսական ուղղվածությունը («Մեծ Չերքեզիա» նախագիծը), որը փորձում էր օգտագործել ԱՄՆ-ը Հյուսիսային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու նպատակով: Հյուսիսային Կովկասի մյուս ժողովուրդները նույնպես կհամոզվեն Ռուսաստանի հզորության մեջ: Ռուսաստանի հաղթանակում չեչենական «Արեւելք» եւ «Արեւմուտք» գումարտակների ներդրումը Չեչնիայում կընկալվի որպես ռուսամետ չեչենների (իսկ այսօր Չեչնիայում այդպիսին են գրեթե բոլորը) առաջին ռեալ ակցիան ընդհանուր պատերազմում, որն, ընդ որում, ավարտվեց հաղթանակով: Տանուլ են տալիս միայն հակառուսական ուժերը (ինգուշական ընդդիմությունը եւ վահաբիտական ջամահաթը), որի հախից այժմ ավելի հեշտ կլինի գալ եւ վերջնականապես ոչնչացնել: Օգոստոսի 7-14-ը Հյուսիսային Կովկասի հասարակական ու քաղաքական բոլոր ուժերի ու գործիչների դիրքորոշումն ու ելույթները մանրակրկիտ կվերլուծվեն եւ համապատասխան հետեւություններ կարվեն:
7. Հասունանում է Իրանի եւ ԱՄՆ-ի (հնարավոր է՝ եւ ՆԱՏՕ-ի) միջեւ հակամարտության վտանգը, որին ՌԴ-ն գերադասում է ուղղակիորեն չխառնվել, սակայն կաջակցի Իրանին ակտիվ դիվանագիտական, տնտեսական եւ, հնարավոր է, նաեւ ռազմական-ռազմավարական գործողություններով, ինչպես ԱՄՆ-ը` Վրաստանին: ՌԴ-ի համար այս հակամարտությունը տվյալ պարագայում ձեռնտու է, քանի որ միջազգային հանրության ուշադրությունը կշեղի Վրաստանից: Այն ձեռնտու է նաեւ ԱՄՆ-ին, որն, ամենայն հավանականությամբ, կսահմանափակվի Իրանի ռազմավարական նշանակության կետերին ու միջուկային օբյեկտներին օդային հարվածներ հասցնելով: Վաշինգտոնի համար կարեւոր է՝ սա որքան հնարավոր է շուտ անել, քանի որ ներկա պայմաններում Մոսկվա-Թեհրան հնարավոր ալյանսը սպառնում է սահմանափակել ԱՄՆ-ի վերահսկողությունը ոչ միայն տարածաշրջանային, այլեւ համաշխարհային մասշտաբներով: Նման միությունը կարող էր լիովին ոչնչացնել ԱՄՆ-ի դիրքերը Իրաքում եւ Աֆղանստանում, իսկ դա կնշանակեր՝ վերջ դնել ամերիկացիների համաշխարհային ամբիցիաներին: Ըստ էության, ԱՄՆ-ը այժմ այն բանի նախաշեմին է, որ եվրասիական տերությունների` ՌԴ-ի կողմից սկսված համառ դիմադրությունը սպառնում է ամերիկյան հզորությունը վերադարձնել Արեւմտյան կիսագունդ, իսկ հաջորդ փուլում նաեւ երկու Ամերիկաների անդրատլանտյան գոտի, որտեղ Լատինական Ամերիկայի կողմից նույնպես կարող է ազատագրական պայքար սկսվել: Վաշինգտոնն այժմ ամենալուրջ փորձության առջեւ է կանգնած Կարիբյան ճգնաժամի ժամանակներից ի վեր: Դրա նշանակությունն իր աշխարհաքաղաքական հետեւանքներով մի քանի անգամ գերազանցում է 9/11-ի ողբերգությունը: ՌԴ-ն դեռ վայելում է իր հաղթանակը եւ պատրաստ չէ առճակատման նոր մակարդակի անցնելու Վաշինգտոնի հետ, որը ցույց տվեց իր թուլությունը: Այդ պատճառով Իրանի վրա հարձակումը կարող է տեղի ունենալ ամենամոտ ժամանակներս:
8. Այս օպերացիայում ՌԴ-ն ցույց տվեց հետխորհրդային տարածքի երկրներին ԱՄՆ-ի տված խոստումների անկարողությունը` երաշխավորել նրանց իր աջակցությունը Ռուսաստանի հետ ընդհարման դեպքում: Ընդհարումը տեղի ունեցավ, բայց աջակցություն (արդյունավետ) չեղավ: ԱՄՆ-ը սահմանափակվեց սպառնալից հայտարարություններով: Հակամարտության իրական ելքի վրա դա ոչ մի ազդեցություն չունեցավ: Ռուսաստանն ապացուցեց, որ ինքը տարածաշրջանում հզոր տերություն է, որն ի վիճակի է ծայրահեղ իրավիճակներում գործել իր ազդեցության ոլորտում գտնվող տարածքում` հակառակ ԱՄՆ-ի ցանկության` խիստ անհրաժեշտության դեպքում կանգ չառնելով ուժ կիրառելու դեմ: Սա հսկայական ազդեցություն կունենա միջազգային քաղաքականության ողջ պատկերի վրա, քանի որ կապացուցի բազմաբեւեռ մոդելի հիմնավորված լինելը: Տարածաշրջանի մյուս տերությունների` Չինաստանի, Իրանի, իսլամական երկրների համար սա կլինի օրինակն այն բանի, որ ԱՄՆ-ը կարող է մարտահրավեր նետել ու իր դիրքորոշումը պաշտպանել անգամ քաղաքական ու դիվանագիտական հզոր ճնշման տակ: Սա գործնականում նշանակում է, որ ԱՄՆ-ի գերակայությունը տարածաշրջանային մասշտաբներով հնարավոր է սահմանափակել միայն ուժի միջոցով: Չինաստանի համար սա կարեւոր նախադեպ է Թայվանի, ինչպես նաեւ՝ Տիբեթի ու Սինցզյանի դեպքում: Պեկինը քարտ-բլանշ է ստանում` ավելի ակտիվորեն դիմելու ուժային մեթոդների:
9. ՌԴ-ի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ «սառը խաղաղությունից» անցել են լիարժեք «սառը պատերազմի»` գտնվելով ուղղակի առճակատման եզրագծին, որտեղ դարձյալ մեծանում է միջուկային զենքի գործոնը եւ ՌԴ-ի կողմից ասիմետրիկ պատասխան հարված հասցնելու հնարավորությունը ԱՄՆ-ի հետ զինված հակամարտության դեպքում: Այժմ նման հակամարտության հավանականությունը մեծանում է, ինչը լուրջ ազդեցություն կունենա միջազգային անվտանգության կառուցվածքի վրա: ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն անմիջական հակառակորդներ են դառնում տարածաշրջանային հարցերում: Սա Վաշինգտոնի համար նորություն չէ, սակայն շոկ է ՌԴ-ի քաղաքական էլիտայի մի մասի համար, որը մինչեւ վերջերս կարծում էր, որ Պուտին-Մեդվեդեւի հակաամերիկյան ելույթները «ոչինչ չնշանակող բառեր են «սիրտը հովացնելու» եւ ներքին PR-ի համար»: Սակայն բառերը նշանակություն ունեին, քանի որ վերածվեցին գործողության: Առաջիկայում այս հակամարտությունը միայն ավելի կսրվի: Հնարավոր է` ԱՄՆ-ում ամրապնդվի հանրապետականների վարկանիշը, քանի որ Մակքեյնը ստացավ ԱՄՆ-ի կողմից ավելի աջ ու ագրեսիվ քաղաքականություն վարելու անհրաժեշտության ապացույցներ: Այժմ Օբամային մնում է միայն մրցել նրա հետ ազգայնականության մեջ, իսկ դրանում նա առանձնապես ուժեղ չէ:
10. Ակնհայտ է, որ ՄԱԿ-ը լիակատար ճգնաժամ է ապրում, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ինչպես խորհրդային տարիներին, բախվեցին երկու ճշմարտություն` ամերիկյան եւ ռուսական, որոնք ամեն ինչում հակասում են իրար: ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի վետոյի իրավունքը միանգամայն արգելափակում է որեւէ հռչակագրի ընդունման հնարավորությունը, որն այս հակամարտությանը եւ նրա կողմերին նոր իրավական կարգավիճակ կտար եւ միանշանակ գնահատական կտար կողմերի գործողություններին: Վաշինգտոնն ամենամոտ ապագայում կարող է շրխկացնել ՄԱԿ-ի դուռը եւ ձեռնամուխ լինել «Ժողովրդավարության լիգայի» ստեղծմանը, որտեղ ՌԴ-ն ակնհայտորեն տեղ չի ունենա: Ռուսաստանը չի ճանաչի առանց իր մասնակցության ստեղծված ցանկացած միջազգային օրգանի լեգիտիմությունը, եւ աշխարհում կրկին բլոկային բազմակարծություն կստեղծվի:
11. ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի սրվող հակամարտության մեջ Եվրամիությունը, որի նախաձեռնությունն արտացոլված է Սարկոզիի պլանի մեջ, միջանկյալ դիրք է գրավել: ԱՄՆ-ին լիովին աջակցում են Անգլիան եւ Նոր Եվրոպայի երկրները, իսկ Հին Եվրոպայի երկրները փորձում են փոքր-ինչ հեռանալ Վաշինգտոնի դիրքորոշումից եւ Վրաստանում Ռուսաստանի գործողությունների` որպես ագրեսիայի, միանշանակ գնահատականներից: Սա կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի ճգնաժամին եւ ԱՄՆ-ին կենտրոնացնել զուտ ատլանտյան ռազմական դաշինք ստեղծելու վրա` Անգլիայի եւ Արեւելյան Եվրոպայի երկրների վրա հենվելով: Ճգնաժամի հերթական շրջադարձն է սպասվում նաեւ Եվրամիությանը:
12. ԱՊՀ-ն, որպես կազմակերպություն, որը միավորում է եւ՛ մերձեցման կողմնակիցներին (ԵվրԱզԷս), եւ նախկին խորհրդային երկրների սահմանազատման կողմնակիցներին (ՎՈՒԱՄ), կդադարի գոյություն ունենալուց: ԱՊՀ-ում կմնան միայն նրանք, ովքեր ցանկանում են էլ ավելի ինտեգրվել Ռուսաստանին: Սա նշանակում է, որ Բաքուն եւ Քիշնեւը ստիպված կլինեն ընտրություն կատարել կամ դեպի ԱՄՆ-ը, կամ դեպի Ռուսաստանը: Կիեւն իր ընտրությունը կատարել է: Տարածաշրջանային հակամարտության հաջորդ պոտենցիալ գոտին դառնում է Ուկրաինան: Յուշչենկոն միանշանակ աջակցեց Սահակաշվիլիին. զենք ու զինամթերք էր տրամադրում, քաղաքական աջակցություն էր ցուցաբերում: ԱՊՀ-ից Ուկրաինայի դուրս գալը ծանր հարված կհասցնի բնակչության տնտեսական վիճակին, որի զգալի մասը աշխատում է Ռուսաստանում: Չի կարելի բացառել, որ հակամարտությունը կտեղափոխվի Ղրիմի տարածք` կապված սեւծովյան նավատորմի հետ, եւ Արեւելյան Ուկրաինա: Կարելի է կանխատեսել, որ իրավիճակն էլ ավելի կսրվի, էթնիկ բախումներ կսկսվեն, ուկրաինական ազգայնամոլները կակտիվանան, եւ արեւելքում ու հարավում արագ կձեւավորվի ռուսական անջատողականությունը: Յուշչենկոյի եւ Յանուկովիչի դիրքերը զգալի կթուլանան: Յուշչենկոյին կմեղադրեն ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելու եւ միայն դեպի ԱՄՆ ու ՆԱՏՕ ուղղվածության ակնհայտորեն ձախողված քաղաքականության մեջ (ինչը ցույց տվեց Սահակաշվիլիի դեպքը): Հնարավոր է` ՆԱՏՕ-ի կազմում Ուկրաինային ընդգրկեն արագացված ծրագրով, ինչը հուզումներ կառաջացնի Արեւելքում եւ Ղրիմում, եւ հնարավոր է` քաղաքացիական պատերազմի սկիզբ դառնա: Յանուկովիչը ցույց տվեց իր թուլությունն ու անկարողությունը: Հարկ է կանխատեսել Տիմոշենկոյի դիրքերի ամրապնդումը, որն ավելի հավասարակշռված դիրքորոշում ունի (Մոսկվան չի կարող նրան շնորհակալ չլինել, եթե անգամ սա Տիմոշենկոյի կողմից քաղաքական հնարք է): Սպասվում է «Պարտիա ռեգիոնով» կուսակցության մասնատումը ռուսամետ մասի (Բոյկո) եւ նրանց, ովքեր միտված են դեպի արեւելա-ուկրաինական խոշոր բիզնեսի պրագմատիկ շահերը (Ռինատ Ախմետով եւն):
13. Հետխորհրդային տարածքում խնդիրներ կարող են ծագել Մինսկի եւ Աստանայի հետ, քանի որ Մոսկվայի ակնհայտ ուժեղացումը ԵվրԱզԷս-ում նրանց դիրքերը ստորադաս է դարձնում, եւ սա խիստ նկատելի է: Սրա հետ է կապված ԿԺԽը-ի պասիվությունը եւ զգուշավորությունը Բելառուսում ու Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների գնահատականի հարցում: Լուկաշենկոյի արեւմտամետ դեմարշը կապված է այս ամենի հետ, սակայն Ռուսաստանի հաղթանակի վերլուծությունը շուտով Լուկաշենկոյին կստիպի վերանայել իր դիրքորոշումը` քաղաքական ազդեցությունը կորցնելու վտանգի ներքո:
ԱՊՀ ոչ բարեկամ երկրներում հաղթանակ տանելով` Ռուսաստանը նոր խնդիրներ ձեռք բերեց բարեկամ երկրների հետ:
14. ՌԴ-ի կարգավիճակի ռազմական, աշխարհաքաղաքական եւ ռազմավարական փոփոխություններն անտարակույս իրենց հետ փոփոխություններ կբերեն ներքին քաղաքականության մեջ: Ռուսական քաղաքականության ծայրահեղ ազատական, ամերիկամետ մասը եւ նրա ինֆորմացիոն խոսափողները ԱՄՆ-ի հետ ուղղակի հակամարտության այս նոր պայմաններում կորցնում են իրենց իմաստը, քանի որ Մոսկվան այլեւս կարիք չունի անգամ ձեւական «հանդուրժողականության» ծայրահեղ ազատական ընդդիմության նկատմամբ: Կփոխվի ինֆորմացիոն քաղաքականությունը, որը կոչված է բնակչությանը նախապատրաստելու նոր միջազգային պայմաններին, որտեղ ռուսաստանցիները ստիպված են լինելու բախվել որոշակի ինֆորմացիոն սահմանափակումների, Արեւմուտքի կողմից հնարավոր տնտեսական բոյկոտի, միջազգային ուղեւորությունների ժամանակ անձնագրային ռեժիմի խստացման, եւն հետ: Հիմնովին ամրապնդվել են նախագահ Մեդվեդեւի դիրքերը, որն անցավ առաջին եւ լուրջ փորձությունը` ըստ էության միջուկային հակամարտության վտանգը: Մեդվեդեւը բանակի գլխավոր զորահրամանատարն է, որը նշանակալից հաղթանակ է տարել հասարակության կողմից միանգամայն արդարացված եւ բարոյական աջակցություն ստացած պատերազմում, որն առանձնապես մեծ զոհեր չպահանջեց: Սա Ռուսաստանի նորագույն պատմության մեջ առանձնահատուկ դեպք է, ինչը Մեդվեդեւին հսկայական շանսեր է տալիս ամրապնդելու քաղաքական ազդեցությունը եւ դառնալու ինքնուրույն քաղաքական ֆիգուր: Նման որոշումը նախապատրաստված էր երկիրը վերածնելու Պուտինի նախկին կուրսով: Նրանք հսկայական պատմական սխրանք գործեցին` վերջ դնելով ԱՄՆ-ից եւ Արեւմուտքի երկրներից մշտական պարտությունների շարքին, որ Ռուսաստանը կրել էր վերջին տասնամյակների ընթացքում:
Սակայն ամենակարեւոր ընտրությունն արել են ժողովուրդները` ռուսները, որոնք աջակցեցին նախագահ Մեդվեդեւին, օսերը, որոնք թույլ չտվեցին, որ Սահակաշվիլիի դահիճները ջնջեն իրենց երկրի երեսից, եւ աբխազները, որոնք վճռորոշ պահին պաշտպանեցին իրենց ազատության իրավունքը եւ ագրեսորի դեմ երկրորդ ճակատ բացեցին: Վրաց ժողովուրդը, որն իր ճակատագիրը վճռորոշ այս պահին վստահել էր անհաջողակ, սակայն արյունարբու դիկտատորին, ցավոք, տանուլ տվեց: