Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Միխայիլ Սիմոնյանը հեռացել է հունական «Էգալեո» ակումբից եւ այլեւս հանդես չի գա այնտեղ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայության փոխանցմամբ` հայ ֆուտբոլիստը խզել է ակումբի հետ պայմանագիրը, քանի որ վերջին շրջանում հանդես չէր գալիս թիմի հիմնական կազմում փաստաթղթային որոշ անճշտությունների պատճառով: Ակումբը Մ. Սիմոնյանին շարունակաբար խոստացել է լուծել այդ հարցերը, սակայն որեւէ ռեալ քայլ այդ ուղղությամբ չի կատարել: Ներկայումս Մ. Սիմոնյանը մնացել է առանց ակումբի եւ երեկ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Հայաստան-Թուրքիա հանդիպմանը: Նա ցանկանում է մինչ հաջորդ մրցաշրջանը հանդես գալ Հայաստանի ակումբներից մեկում, իսկ հաջորդ տարվանից տեղափոխվել եվրոպական ակումբ: