Հնում ավելի լավ էր

24/08/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Եգիպտոսի անունը լսելիս շատերը միանգամից պատկերացնում են բուրգերը, Սֆինքսի արձանը, փարավոններին ու նրանց ծեսերը։ Այսօրվա Եգիպտոսն ուրիշ է՝ ժամանակակից հանրապետություն։ Սակայն Եգիպտոսով հետաքրքրվողներին (իսկ այդպիսիք շատ են նաեւ Հայաստանում) առաջին հերթին գրավում է հենց հին Եգիպտոսը՝ իր պատմությամբ, հնությամբ, առեղծվածային բնույթով։ Մասնագիտությամբ տնտեսագետ Արթուր Ավետիսյանին ընկերները պարզապես անվանում են «Եգիպտոսի Արթուր»։ Սրանով կարծես ամեն ինչ ասված է, սակայն Արթուրը շատ ավելի հեռուն է գնացել։ Մեր նյութականացված իրականությունից հոգնած այս մարդը մի օր որոշեց փոքրիկ Եգիպտոս ստեղծել, որը տարիների ընթացքում դարձավ իսկական հեքիաթ: Բնակելի շենքի նկուղը, որտեղ պահվում էին պահածոյացված մթերքներ, ֆունդամենտալ փոփոխվեց, վերանորոգվեց, ապա՝ ձեռքի երկարատեւ աշխատանքի արդյունքում դարձավ գեղագիտական կենտրոն՝ փոքրիկ Եգիպտոս:

– Ես կոշիկի արտադրություն ունեի, բավականին շահութաբեր բիզնես էի անում, գործարարի համբավ ունեի: Էն դժվար տարիներն էր, հետո կոշիկ արտադրողները շատացան: Եգիպտոսի պատմությունը լրիվ ուրիշ է: Մի օր կավից սֆինքսի քանդակն արեցի. իմ առաջին գործն էր։ Սերգեյ անունով քանդակագործ ընկեր ունեմ, հավանեց: Սկսեցի ուսումնասիրել պատմությունը: Եգիպտոսը, բացի արվեստից, կերպարներից, նկարներից, զարդապատկերներից, ինֆորմացիայի տարափ է, որ անընդհատ քեզ քաշում է: Իսկական սովորելու բան է, դպրոցի նման։ Ո՞նց է, որ դպրոց ես գնում, որ սովորես, այ էդպես էլ Եգիպտոսի պատմությունն է. բաներ ես սովորում, որ ապշում ես: Մարդիկ ապրել են 6000-7000 տարի առաջ ու նույն բաներն ավելի ճիշտ են արել, քան հիմա, էս քաղաքակիրթ կոչված դարում:

– Ասում ես՝ նույն բաները ճիշտ են արել, իսկ ո՞վ է որոշել այդ ճշտի չափանիշները: Ի վերջո, ցանկացած մարդ ունի իր ճիշտը, այն երբեմն ուրիշների ճշտին հակասում է:

– Կա համամարդկային ճշմարտություն: Հին Եգիպտոսում մարդիկ իրար հարգել են, սոցիալական դիրքի չարաշահում չի եղել, ու իրար հարաբերվել են հավասարաչափ։ Մարդկային վերաբերմունք ու եղբայրություն է եղել:

– Քո արվեստանոցում էներգետիկա կա, մի տեսակ այլախոհության դաշտ է ստեղծվում: Այս քանդակներով, պատկերներով ու մթնոլորտով ուզում ես իրականությունից դուրս գալ ու քեզ համար նոր իրականությո՞ւն ստեղծել:

– Էս արվեստանոցը նախ աշխատատեղ է, էստեղ ես գալիս եմ գործ անելու:

– Բայց դրսի ու ներսի տարբերությունը մեծ է: Արվեստանոցում գտնվելիս մոռանում ես Հայաստանում առկա լիքը երեւույթների մասին:

– Ինձ համար կոմֆորտի զգացողություն կա, որովհետեւ էստեղ արտահայտված է իմ ներաշխարհը: Օրինակ՝ հներում մարդն ինքն է իր տունը կառուցել, իր ձեռքերով, մանրամասնորեն նկարել, քանդակել, ձեւավորել է, արտահայտել է իր ներսում եղածը, որպեսզի ապրի իր համոզմունքների մեջ, արտահայտի իր եսը: Էդպես է՝ քո էներգիան դնում ես տան մեջ, ու հետո էդ տունը քեզ հատուցում է: Էս հասարակ բաների մասին հին մարդիկ իմացել են, իսկ մերօրյա զարգացած մարդիկ՝ ոչ: Իմ արվեստանոցն ինձ հատուցում է սիրով, ջերմությամբ, հավատարմությամբ…

– Բա այն մարդիկ, ովքեր իրենց տները կառուցում են արձանիկներով, պարիսպներով, «մետլախով», նրանց տունն ի՞նչ էներգիայով է հատուցելու:

– Դատարկությամբ… Բացի նրանից, որ տունը պետք է հարմարավետ, սիրուն լինի՝ նաեւ պետք է օգտակար լինի: Ընդհանրապես, մարդուն շրջապատող միջավայրը պետք է հասարակ լինի, պիտի քեզ պետքական բաներով շրջապատես: Օրինակ՝ հին Եգիպտոսում մարդիկ թեւերին թեւնոց էին կապում ոչ թե նրա համար, որ սիրուն էր, այլ՝ որպես թալիսման: Էդ մանր բաները բնորոշել են մարդկանց էությունը, ներաշխարհը, աշխարհայացքը:

– Մեր օրերում դա որպես միֆ է հնչում:

– Փաստագրական տվյալներ, նկարներ կան, որոնք ապացուցում են հին մարդկանց կենցաղավարությունն ու հոգեւոր սկզբունքները: Մարդիկ շատ են փոխվել, որովհետեւ ճիշտ չեն սնվում, իրար չեն սիրում, չարացած են: Երջանիկ չեն կարողանում ապրել: Ի վերջո, բոլորս միեւնույն նավի մեջ ենք լողում, ու ես չեմ կարող ինձ երջանիկ համարել, եթե դժբախտ մարդիկ կան: Էներգիան փոխանցվում, տարածվում է: Կողքիդ ինչքան երջանիկ մարդ զգաս՝ էնքան ինքդ երջանիկ կլինես:

– Շատ պաթետիկ բաներ ես ասում:

– Աստված մարդուն տվել է ամեն ինչ, մարդը շատ մեծ հնարավորություններ ունի: Ելնելով նրանից, որ մարդը ճիշտ չի սնվում` մարդն ընդունակ չէ ճիշտ ապրել:

– Ճիշտ սնունդը ո՞րն է:

– Հնում մարդկանց մտքով չի անցել, որ միսը կարելի է ուտել: Հեռախոս չի եղել, որ իրար զանգեն, բայց մարդիկ իրար զգալով՝ կոնտակտը հաստատել են, իրար գտել: Շուրջդ նայիր, ամեն ինչ կա, բայց իրար մորթում են, սպանում: Բոլորն ուզում են լավ ապրել, բայց չեն կարողանում, իրար չեն հասկանում: Ասածս այն է, որ Աստված ստեղծել է կենդանական աշխարհը, բնությունն ու մարդուն, էդ աստվածային է, մենք բարձր էակներ ենք: Մեր շուրջը կատարվող բաները չպետք է կատարվեն: Սրանք իմ ֆանտազիաները չեն, այլ փաստեր՝ հին աշխարհի մասին, որտեղ ամեն մարդ իր տեղն ունեցել է, որովհետեւ հավատով են ապրել:

– Փաստորեն մարդուն ես մեղադրում, բայց կարող է՝ մարդն իրեն լավ է զգում էս կյանքում ու առանձնապես դժգոհություն չունի:

– Չէ՛, մարդուն չեմ մեղադրում, ուղղակի ասում եմ էն լավի մասին, որը եղել է: Ես հին աշխարհի մարդ եմ, հեթանոս եմ:

– Հին աշխարհի մարդը ո՞նց է ապրում 21-րդ դարում: Ի վերջո, չես կարող ժամանակը ետ տալ, դարաշրջաններ փոխել ու մարդկանց հորդորել հետընթաց ապրել:

– Էդ հին աշխարհում ապրել են մեր նախապապերն ու նախատատերը: Ամենա-ամենա-ամենանախատատիկը եթե չլիներ` մենք հիմա էստեղ նստած չէինք լինի: Ուրեմն՝ մենք պիտի շնորհակալ լինենք իրեն ու փաստագրական տվյալներից ճշտենք, թե նա մեզ ինչ է ասել: Յուրաքանչյուր խելքը գլխին մարդ պիտի ցանկանա իմանալ, թե իրեն ինչ են ասել, պատմությունն ուսումնասիրի: Պիտի իմանաս, թե որտեղից ես եկել ու ուր ես գնում: Ա՛յ դրանից էլ ծնվում են շրջապատի «նեպանյատկեքը»: Մարդը երջանիկ լինելու համար պիտի ապրի բնության մեջ ու ունենա հզոր հայրենիք: Մարդու ամենաէֆեկտիվ ինֆորմացիայի աղբյուրը բնությունն է: Պիտի բնության հետ ճիշտ վերաբերվի: Հնում, երբ մարդն իրեն վատ է զգացել, իմացել է՝ ո՞ր բույսի, ո՞ր խոտի ո՞ր տերեւն իրեն կօգնի, իսկ հիմա մարդիկ վատ են զգում ու վազում են դեղատուն: Հին Եգիպտոսում 400 հոգանոց օրկեստրներ են եղել, իսկ նվագողների զգեստների վրա կարելի էր լիքը բաներ կարդալ:

– Դու կարծես մեր օրերից շատ դժգոհ ես, բայց ինքդ ի՞նչ ես անում իրականությունը փոխելու համար:

– Այ, հենց էս հարցազրույցը դրա դեմ պայքար է: Կուզեի մարդիկ խոսքս լսեն, բնությունը սիրեն եւ բնությանը շատ լուրջ, ուշադիր վերաբերվեն: Էս դժբախտությունների սկզբնաղբյուրը բնության հետ սխալ վերաբերմունքն է: Դա միանշանակ է։ Ծառն ու կանաչ տարածքն են մեզ վիտամիններ, դեղաբույսեր ու շնչելու օդ տալիս: Դնում անխնա կտրտում ենք, ինքնաոչնչացմամբ ենք զբաղվում: Ո՞նց կարող է էդ մակարդակի մարդն էս կյանքում իրեն լավ ու հարմարավետ զգալ, եթե իրեն կյանք տվող երեւույթներին կտրտում է: Ամուսնալուծություններ, ատելություն, հիվանդություն… Վիճակագրություն ուսումնասիրեք ու կհամոզվեք:

– Բայց ախր ո՞ւր մնաց քաղաքակրթությունը…

– Էդ մենք ենք ստեղծել, գործիքներ ենք ստեղծել ու դրանց մեր կուռքն ենք դարձրել:

– Մեծ հաշվով պիտի ե՞տ գնանք:

– Է՜, չէ։ Ես քեզ էսքան լավ բաներ եմ բացատրում, բայց էլի բացասական էֆեկտով ես ասում: Ես էդքան լավ բաներ պատմեցի հին աշխարհի մասին, իսկ դու կարո՞ղ ես մի երկու լավ բան էս նոր ժամանակաշրջանի մասին ասել:

– Օրինակ՝ կարող եմ նստած տեղս ինֆորմացիա ստանալ, թե Ամերիկայում կամ աշխարհի որեւէ հեռավոր երկրում այս պահին ի՞նչ է կատարվում:

– Մի րոպե։ Դու իմացար, բայց քեզ պե՞տք է, թե Ամերիկայում էս պահին ինչ եղավ: Դու էդ պահին ավելի լավ է քո սիրած էակի հետ բնության մեջ ման գաս կամ երաժշտություն լսես:

– Լավ, կարող է հարազատ մի մարդու այս պահին ես պետք եմ, ու նա ինձ զանգահարում է։ Տեսնո՞ւմ ես՝ ինչ լավ է բջջային հեռախոսը: Հին աշխարհում տեխնիկա չկար, չէ՞:

– Է, Տիբեթում հիմա քահանաներ կան, ովքեր մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա մտքերով հաղորդակցվում են: Զգայականությունը շատ մեծ էր: Կյանքում չի՞ լինում, որ մեկ ուրիշ մարդ քո նույն միտքն արտահայտի, այսինքն՝ նշանները մնացել են:

– Ստացվում է՝ տեխնիկան խեղաթյուրե՞լ է մարդկային բնազդը:

– Հա, զգայականը թուլացել է, մեր զգացմունքները բթացնում ենք էդ տեսակ բաներով: Մեր հոգիների, օրգանիզմի հետ էլ ճիշտ չենք վարվում։ Ասենք՝ պետք չի բույսերին քիմիա խառնել, դա արվել է նրա համար, որ մեկն իր «տուֆտությունները» վաճառի, փող աշխատի: