Օգոստոսի 17-ին 12 հոգուց բաղկացած հայ մասնագետների խումբը մեկնել է Թբիլիսի` պայթյունի հետեւանքով վնասված Գորի-Թբիլիսի երկաթգծի Գորիից 40 կիլոմետր դեպի Թբիլիսի գտնվող երկաթուղային կամրջի վերականգնման աշխատանքներին մասնակցելու համար: Նրանք դեռեւս գտնվում են Թբիլիսիում: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացրել է, որ վրացական կողմը հավաստիացրել է, որ 1 օրվա ընթացքում ամենայն հավանականությամբ խնդիրը կլուծվի: Հայաստանը Բաթում է ուղարկել 39 բեռնատար մեքենա` այնտեղից հեղուկ վառելիք բերելու նպատակով: «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունից տեղեկացրեցին, որ Բաթում-Հայաստան գնացքի չվերթն առայժմ դադարեցված է: «Գրուզիա-online» կայքի փոխանցմամբ` երեկ առավոտյան Երեւանից Թբիլիսի է մեկնել 5 բեռնատար վագոններով հատուկ գնացք՝ բեռնված շինանյութով, որն օգտագործվելու է Գորիի ավերված կամուրջը եւ քաղաքի մի շարք օբյեկտներ վերականգնելու համար: Նշենք, որ Ադրբեջանը նույնպես որոշել է օգնել Վրաստանում Կապսի շրջանում պայթեցված երկաթուղային կամրջի վերականգնման աշխատանքներին: