«Վրացական ստրատեգների սխալները՝ ձախողման պատճառ»

20/08/2008 Ռիչարդ ԳԻՐԱԳՈՍՅԱՆ

Օգոստոսի 13-ին հայտարարված հրադադարի պայմանագրով վրաց-ռուսական 5 օր տեւած հակամարտությունն ավարտվեց, չնայած ռուսները չեն շտապում դադարեցնել բոլոր գործողություններն ու դուրս բերել զորքերը Վրաստանի տարածքից։ Հակամարտությունը սկսվեց վրացական ուժերի լայնածավալ հարձակմամբ Հարավային Օսիայի վրա, որը Վրաստանը որակում է որպես պատասխան՝ նախորդած մի քանի օրերի ընթացքում շարունակվող սահմանային հարձակումներին եւ վրացական դիրքերի գնդակոծությանը։ Վրացական ուժերը մտան Հարավային Օսիա եւ գրավեցին Ցխինվալին, ինչին Ռուսաստանը պատասխանեց հզոր ուժի ցուցադրումով՝ ներգրավելով մեծաքանակ ցամաքային ուժեր եւ գերակայություն հաստատելով օդում։ Թեեւ համեմատաբար կարճ տեւած բռնությունները կարծես ավարտվեցին, դրանք զգալիորեն թուլացրին Վրաստանի ռազմական հզորությունները եւ նոր հարցեր առաջ բերեցին, ինչպես Վրաստանի՝ ՆԱՏՕ մտնելու հավակնությունների եւ Աբխազիան ու Հարավային Օսիան ետ վերադարձնելու ունակության, այնպես էլ` ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման շուրջ։

Օգոստոսի 7-ի հարձակմանը նախորդեցին պրովոկացիոն բնույթի մի շարք գործողություններ՝ իսրայելական արտադրության մեքենաների գնդակոծություն, ռուս խաղաղապահների եւ սարքավորումների լրացուցիչ ներհոսք եւ այլն։ Չնայած այդ ամենին, հարկ է նշել, որ Վրաստանի ռազմավարությունն ի սկզբանե ճիշտ չէր. նրանք թերագնահատել էին Ռուսաստանի հնարավոր արձագանքը եւ սպառնացող վտանգը։ Վրացական հարձակման ուղղությունը Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալին էր, որը շրջապատված է վրացաբնակ գյուղերով։ Բաց տեղանքը շատ հարմար էր ռազմական գործողությունների եւ ներխուժման համար։ Բուն գործողություններին նախորդեց նախապատրաստական, թիրախավորված հրետանակոծությունը՝ տարբեր տրամաչափի զենքերից, այդ թվում՝ շարժական ԳՐԱԴ կայաններից։

Չնայած Միխայիլ Սահակաշվիլիի շարունակական սպառնալիքներին, թե Վրաստանը պատրաստ է վերականգնել տարածքային ամբողջականությունը ռազմական ճանապարհով, այս հարձակումն ԱՄՆ-ի կողմից վերապատրաստված վրացական զինուժի առաջին լուրջ փորձությունն էր։ Հարավային Օսիան Հյուսիսայինի հետ միացնում է Ռոկի թունելը, որը միակ հուսալի ճանապարհն է Կովկասյան լեռների միջով։ Ռոկի թունելի ռազմավարական նշանակությունը շատ մեծ է, քանի որ այն Հարավային Օսիան արտաքին աշխարհի, Ռուսաստանի հետ կապող միակ հուսալի ուղին է։ Վրացիները, սակայն, թերագնահատեցին թունելի դերը եւ չփորձեցին անգամ խոչընդոտել ցամաքային այդ ճանապարհը, որով ռուսական ուժերն անարգել մտնում են Հարավային Օսիա։ Սա էլ հենց Վրաստանի ռազմական պլանավորողների առաջին լուրջ եւ ճակատագրական սխալն էր։

Ռուսական արձագանքը

Ռուսաստանի արձագանքն արագ էր եւ լայնամասշտաբ։ Սովետական զորքերի՝ Աֆղանստան ներխուժելուց հետո առաջին անգամն էր, որ ռուսական զինուժը գործողություններ էր իրականացնում Ռուսաստանի սահմաններից դուրս, եւ այդ գործողություններն իրենց խստությամբ անսպասելի էին։ Ռուսական ռազմարշավը սկսեց 58-րդ բանակը, որը համարվում է ռուսական բանակի ամենապատրաստված եւ ամենամարտունակ միավորը։ Այն ձեւավորվել է 1995-ին՝ հատուկ Չեչնիայում իրականացված գործողությունների համար։ 70-հազարանոց 58-րդ բանակը տեղակայված է Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազում։ Նրա տրամադրության տակ կա 609 տանկ, 2000 միավոր զրահապատ մարդատար եւ մարտական մեքենաներ, 125 միավոր հրետանային տեխնիկա, 190 միավոր «Գրադ» եւ «Ուրագան» տիպի կայաններ, 450 միավոր հակաօդային պաշտպանության միջոցներ, 150 մարտական ինքնաթիռ եւ 70 ուղղաթիռ։ Հարավային Օսիայում անմիջապես տեղակայվեցին էլիտար գումարտակի եւ հատուկ նշանակության (սպեցնազ) ուժերը՝ մոտ 15.000 զինվոր, 150 տանկ եւ ծանր հրետանի։ Քանի որ վրացական կողմն աչքաթող էր արել Ռոկի թունելը, ռուսական կողմը ոչ մի խնդիր չունեցավ թե՛ ուժերի սկզբնական տեղակայման, թե՛ հետագա մատակարարման եւ կապի ապահովման առումով։

Ռուսական ռազմարշավի երկրորդ փուլը նոր ճակատի բացումն էր Վրաստանի հյուսիս-արեւմուտքում՝ Աբխազիայում։ Այնտեղ տեղակայվեցին ռազմաօդային ուժերի 1000 զինվորներ։ Նոյոռոսիյսկից ժամանելով՝ այս ուժերն անմիջապես դիրքեր զբաղեցրին Սեւ Ծովի աբխազական ափի երկայնքով եւ սկսեցին նախապատրաստել հարձակումը վրացական դիրքերի վրա՝ Աբխազիան Վրաստանից բաժանող Վերին Կոդորի կիրճում։ Այս ուժերին նաեւ հանձնարարված էր ապահովել դեպի Աբխազիա տանող ճանապարհի անվտանգությունը՝ կանխելով վրացական ուժերի ցանկացած փորձ՝ համալրել իրենց ուժերը։ Ռուսաստանի ցամաքային արշավն այնուհետեւ դուրս եկավ միայն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի սահմաններից եւ տարածվեց դեպի բուն Վրաստանի տարածք՝ անվտանգության գոտի ապահովելու նպատակով։ Այս ծրագրի հիմնական բաղադրիչը վրացական զինուժի հզորությունների թուլացումն էր։ Շարքից հանելով որքան հնարավոր է շատ ծանր տեխնիկա եւ հարվածներ հասցնելով վրացական բոլոր ռազմական միավորներին ու բազաներին (անգամ նրանց, որոնք հակամարտության մեջ ներգրավված չէին)՝ ռուսական կողմը նպատակ ուներ շարքից դուրս բերել Վրաստանի ռազմական ենթակառուցվածքները։ Ռուսները հաջողված հարվածներ հասցրին Կոջորիում եւ Սենակիում (որտեղ տեղակայված է 3-րդ մոտոհրաձգային բրիգադը) գտնվող վրացական բազաներին, Գորիին (որտեղ տեղակայված են հրետանային եւ տանկային գումարտակները), Սեւ ծովի ափին գտնվող Փոթի նավահանգստի ենթակառուցվածքներին, Մառնեուլիի եւ Վազիանիի օդանավակայաններին, ինչպես նաեւ՝ Թբիլիսիից քիչ հեռու գտնվող Թբիլավիամշենիի ավիացիոն գործարանին։

Ռուսական գերակայությունն օդում

Սակայն ռուսների ամենաէական առավելությունն այն էր, որ նրանք կարողացան շատ արագ գերակայություն հաստատել նաեւ օդում՝ էլեկտրոնային եւ կիբեռ հարձակումների միջոցով շարքից հանելով Վրաստանի հակաօդային պաշտպանության ցանցը։ Ընդամենը 9 ՍՈՒ-25 եւ 9 Լ-29 տիպի ինքնաթիռներով ռուսական օդուժն արագորեն ճնշեց վրացիներին եւ ռմբակոծեց վրացական բոլոր բազաները։ Ինչ վերաբերում է Վրաստանի հակաօդային պաշտպանությանը, ապա այն համալրված է Ս-125 համակարգերով, եւ, ըստ լուրերի` մեկ Ս-200 համակարգով։ Սկզբնական շրջանում վրացիները կարծես հաջողությամբ պաշտպանում էին իրենց օդային տարածքը. վրացական կողմը հաղորդում է, որ խփել է նվազագույնը 7 ռուսական ինքնաթիռ (թեեւ ռուսական կողմը հաստատել է միայն 4 ինքնաթիռի կորուստը)։ Սակայն այդ ամենը վերջացավ նրանով, որ ռուսական կողմը թիրախ դարձրեց Վրաստանի ռադարային սարքավորումները՝ շարքից հանելով նաեւ Պ-18 ռադարային կայանը։ Օդային պատերազմում ռուսական կողմին զիջելու պատճառը վրացական ռազմաօդային ուժերի պատրաստվածության ցածր մակարդակն էր, հնացած տեխնիկան, օդային պաշտպանության եւ օդային տարածքի հետազոտման հնացած համակարգերը։ Օդային տարածքի հետազոտման կառավարման կենտրոնը, տեսականորեն, ունակ էր կոորդինացնել հակաօդային պաշտպանության միավորումների գործողությունները, սակայն այդ ամենը էլեկտրոնային համակարգի մեջ ինտեգրացված չէ, եւ կապն ապահովվում է հեռախոսով կամ ռադիոկապով։

Ռազմածովային հզորությունների ռուսական ցուցադրություն

Օգոստոսի 10-ին Ռուսաստանի Սեւծովյան նավատորմը մոբիլիզացրեց իր ուժերը. «Մոսկվա» հածանավը, «Սմետլիվի» նավը եւ մի քանի այլ նավեր սկսեցին պարեկություն անել Աբխազիայի ափերի մոտ՝ շրջափակման ենթարկելով Սեւ ծովի վրացական նավահանգիստները եւ կանխարգելելով զինամթերքի հնարավոր մատակարարումն Ուկրաինայից։ Նույն օրը ռուսական նավերը նկատեցին Վրաստանի տարածքային ջրերի կողմից դեպի իրենց կողմ շարժվող 4 զինված մոտորանավ։ Ըստ հաղորդագրությունների, դրանք «մի շարք վտանգավոր մանյովրներ» են կատարել, ինչին «Սմետլիվի» նավը պատասխանել է նախազգուշական կրակոցով։ Զգուշացումն անտեսվել է, եւ դա ռուսական մյուս նավերին հիմք է տվել կրակ բացել՝ մոտորանավերից մեկը խորտակելով եւ մյուսներին փախուստի մատնելով։ Հակամարտության ընթացքում սա առաջին եւ վերջին ծովային բախումն էր, որն ի ցույց դրեց վրացական նավատորմի անբավարար վիճակը եւ ծովային պաշտպանության ցածր մակարդակը։ Չնայած թվով 9 հիմնական նավերի առկայությանը՝ վրացական նավատորմը լրջորեն աչքաթող է արվել, եւ ողջ ուշադրությունը կենտրոնացվել է միայն ԱՄՆ աջակցությամբ իրականացվող ծովափնյա պահպանության զարգացմանը։ Ավելին, նավատորմի անձնակազմի պատրաստվածությունը գտնվում է շատ ցածր մակարդակի վրա, ինչին նպաստել են տարիներ շարունակվող թերֆինանսավորումն ու ծովի վրա զորավարժություններ անցկացնելու սահմանափակ հնարավորությունները։ Այսպիսով, Վրաստանի ծովային եւ օդային հզորություններում առկա բացերը նշանակում են, որ այս երկիրն անգամ հակամարտությունից առաջ համապատասխան ռեսուրսներ չուներ՝ ապահովելու արդյունավետ եւ բազմակողմանի պաշտպանություն՝ թե՛ օդային տարածքում, եւ թե՛ տարածքային ջրերում։

Կիբեռ-պատերազմ

Կիբեռ (ինտերնետային) պատերազմը միշտ էլ ուղեկցել է Կովկասյան տարածաշրջանի հակամարտություններին. Չեչնիայի պատերազմի ժամանակ հարձակման էին ենթարկվում ռուսական կայքերը, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում հայերն ու ադրբեջանցիները փորձում էին վնասել միմյանց կայքերը։ Այս դեպքն էլ բացառություն չէր. որպես թիրախ ընտրված վրացական կայքէջերին (հիմնականում՝ պետական) մեծ վնաս հասցվեց՝ «denial-of-service» (համակարգի խափանում) տիպի չարամիտ կիբեռ-հարձակումների արդյունքում։ Նշենք, որ կոորդինացված կիբեռ-արշավը սկսվել է 2007թ. ապրիլ-մայիս ամիսներին, երբ հարձակման ենթարկվեցին էստոնական կառավարական կայքերը, որից հետո հարձակումը տարածվեց նաեւ վրացական լրատվական կայքերի վրա։ Այդ ամենից անմասն չմնաց նաեւ ադրբեջանական «day.az» լրատվական գործակալության կայքը, որը դրսեւորում էր վրացամետ դիրքորոշում։ Ամենահատկանշականը Վրաստանի Արտաքին գործերի նախարարության կայքէջի վրա կատարված կիբեռ-հարձակումն էր, երբ կայքում տեղադրվել էին Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի՝ թվային եղանակով մշակված նկարները։ Այդ հարձակումից հետո Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին վրացական կառավարությանն առաջարկեց օգտագործել իր պաշտոնական կայքը։

Եզրակացություն

Հարավային Օսիան վերցնելու վրացական արշավի ընթացքում ի հայտ եկած տակտիկական բացթողումների եւ ռազմավարական սխալների լույսի ներքո ակնհայտ է դառնում, որ վրացական ռազմական ստրատեգների ձախողման մեջ որոշիչ դեր խաղացին երկու գործոններ. 1) սեփական հզորությունների եւ մարտունակության վերաբերյալ չափից դուրս մեծ վստահություն եւ 2) ռուսական կողմի պատասխանի չափերի եւ մասշտաբների լուրջ թերագնահատում։

Այս գործոններից առաջինի՝ վրացական զինուժի հզորությունները գերագնահատելու պատճառներն ընկած են ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող երկու ծրագրերում՝ 64 միլիոն դոլարանոց «Georgia Train and Equip Programme» (GTEP) եւ դրան հաջորդած «Sustainment and Stability Operations Programme» (SSOP) ծրագրերում։ Հարկ է նշել, որ չնայած ԱՄՆ առաջին հայացքից տպավորիչ ջանքերին, տարիներ շարունակ տեւած ուսուցումներից եւ վերազինումից հետո անգամ վիճակն անմխիթար է. վրացական զինուժը բաժանվում է ամերիկացիների կողմից վերապատրաստված, պրոֆեսիոնալ եւ համեմատաբար լավ վարձատրվող զինվորականների եւ շատ ավելի մեծ թիվ կազմող, անպատրաստ եւ ցածր վարձատրվող զինծառայողների։ Ավելին, ամերիկյան ծրագրերից ոչ մեկը երբեւէ նպատակ չի ունեցել բարձրացնել վրացական բանակի մարտունակությունն ու հարձակողական հզորությունները։ Իր բնույթով ճկուն եւ կոնկրետ ժամանակի համար նախագծված GTEP ծրագրի խնդիրը եղել է ոչ թե հարձակողական ունակությունները զարգացնելը, այլ վրացական բանակի եւ ներքին զորքերի 2600 զինծառայողների վերապատրաստումը՝ հակաահաբեկչական գործողությունների համար։ Ինչ վերաբերում է SSOP ծրագրին, ապա այն ուղղված է եղել Իրաքում տեղակայվելիք առանձին զորամիավորումների վերապատրաստմանը։

Ինչեւէ, ամերիկյան ռազմական օգնության սահմանափակ արժեքը կարծես ամենեւին չէր ազդել Վրաստանի ինքնավստահության վրա։ Իսկ երկրորդ գործոնը՝ ռուսական արձագանքի թերագնահատումը, պայմանավորված է հնարավոր վտանգի սխալ ընկալմամբ։ Մասնավորապես, Վրաստանի ռազմավարական գնահատումները, որոնք արտացոլված են երեք փաստաթղթերում՝ Ազգային անվտանգության հայեցակարգ, Ազգային վտանգի գնահատում եւ Ազգային ռազմական ռազմավարություն, բացառում էին Ռուսաստանի կողմից ցանկացած ուղղակի վտանգ՝ փաստելով, որ «Վրաստանի դեմ բացահայտ ագրեսիայի հնարավորությունը փոքր է» եւ «ուղղակի ագրեսիայի հավանականությունը համեմատաբար ցածր է»։ Եվ, թերեւս, ամենակարեւոր եզրակացությունը. վրացական զինված ուժերի վիճակն ու պատրաստվածությունը թույլ են տալիս ասել, որ հարձակողական ունակությունները ավելի քան բավարար են հարավ-օսական ուժերի դեմ առավելության հասնելու համար, սակայն նրանք հանդիպեցին անհաղթահարելի մարտահրավերի՝ ի դեմս առավել մարտունակ եւ գերակշռող ռուսական զինուժի։ Այսպիսով, կարելի է փաստել, որ վրացական զինուժի բացթողումները՝ մեծաքանակ զինուժի պարագայում պաշտպանություն կազմակերպելու անկարողությունը, փորձի եւ պատրաստվածության բացակայությունը, անբավարար կազմակերպչական աջակցությունն ու անհամապատասխան օդային պաշտպանությունը, կանխորոշեցին Հարավային Օսիայի հետ կապված գործողության ձախողումը՝ հենց ամենասկզբից։

«Janeգs Defence Weekly»
15 օգոստոս, 2008թ.