Շաբաթ օրը Կառավարության Նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի լիբերալ նորաստեղծ կուսակցության (ՀԼԿ) հիմնադիր համագումարը, որտեղ կուսակցության նախագահ ընտրվեց ՀԱԱԿ երբեմնի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:
Այս կուսակցության մեջ են ընդգրկվել հիմնականում այն անձինք, ովքեր մի քանի ամիս առաջ դուրս եկան ՀԱԱԿ-ից, քանի որ ՀԱԱԿ այլեւս նախկին նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի եւ այդ կուսակցության նախկին քարտուղար եւ ներկայիս նախագահ Էդվարդ Անտինյանի միջեւ ծագած լուրջ վեճ էր ծագել: Ու քանի որ Հ. Հովհաննիսյանն այժմ ստիպված նոր կուսակցություն է ստեղծել, Հայաստանի լիբերալ կուսակցությունը, ինչպես ասված է հայտարարության մեջ, պահպանելու է այն նույն սկզբունքներն ու դիրքորոշումները, որ ունեցել է ՀԱԱԿ կազմում: Իսկ ՀԱԱԿ-ը մի քանի կուսակցությունների հետ ներկայումս փորձում է ստեղծել, այսպես կոչված` «երրորդ բեւեռը»:
Այժմ ՀԼԿ-ն ունի 3678 անդամ Հայաստանի մարզերից եւ Երեւանից:
Նորաստեղծ կուսակցության համագումարին ներկա էին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը եւ այլք:
Հովհաննես Հովհաննիսյանը, ներկայացնելով ՀԼԿ ծրագիրը, հայտարարեց, թե կուսակցության գաղափարախոսության հիմքում ազատականությունն է, քանի որ` «լիբերալ արժեքները մարդու եւ պետության բարեկեցության հիմքն են»:
«Կուսակցության նպատակն է լինելու՝ աջակցել քաղաքացիական հասարակության կայացմանը, սոցիալական արդարության հաստատմանն ու աղքատության կրճատմանը, երկրում օրինականության եւ արդարության, ժողովրդավարության հաստատմանը, կոռուպցիայի վերացմանը»,- ասաց Հ. Հովհաննիսյանը` հավելելով, թե իրենց նորաստեղծ կուսակցությունը պետք է նպաստի արտաքին հարաբերություններում ԱՄՆ-ի հետ համագործակցության խորացմանը, քաղաքական եւ տնտեսական երկարաժամկետ եւ փոխշահավետ հարաբերությունների հաստատմանը, Ռուսաստանի հետ ավանդաբար ձեւավորված բազմաշերտ հարաբերությունների կառուցմանը` «հավասարը հավասարի հետ» սկզբունքով: Մի խոսքով` կոմպլեմենտար են: Ի դեպ, նորաստեղծ ՀԼԿ-ն արդեն ստորագրել է Հայ ազգային կոնգրեսի մեջ ընդգրկվելու փաստաթղթի տակ եւ, ըստ Հ. Հովհաննիսյանի` իրենք միասին պայքարելու են «հանուն մեր պետության», քանի որ, ինչպես նա նշեց` «այս երկրում ամեն ինչ կախված է միայն մեզանից` հայ ժողովրդից, այլ ոչ թե ուրիշ երկրներից»:
Հ. Հովհաննիսյանի խոսքով` Հայաստանում կուտակված բազմաթիվ խնդիրների, պետության առջեւ ծառացած լուրջ մարտահրավերների լուծման համար անհրաժեշտ են տարբեր` հատկապես իրավական, սոցիալական, պետական կառավարման բնագավառներում համակարգային փոփոխությունների իրականացումը, ազատ, շուկայական, մրցակցային տնտեսական համակարգի կայացումը, քաղաքացիական հասարակության ձեւավորումը եւ այլն: Կուսակցությունը Հայաստանի ներքին եւ արտաքին խնդիրների լուծումը դիտարկում է միմյանց հետ շաղկապված, որպես մեկը մյուսին փոխլրացնող եւ օժանդակող գործոններ:
Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց, որ Ազգային կոնգրեսի ստեղծման հիմնական գաղափարը հավաքականության ստեղծումն է` ժողովրդի լայն զանգվածներին մոբիլիզացնելն ու քաղաքականացնելը: Ըստ Լ.Տեր-Պետրոսյանի` ի տարբերություն ժողովրդի, իշխանությունները վարպետացել են կուսակցությունների հետ հարաբերվելու գործում, սակայն «Կոնգրեսն իշխանություններին ստիպելու է ժողովրդի հետ հարաբերվել: Ոչ մի իշխանություն ժողովրդի հետ մղված պայքարում չի կարող հաղթել, հաղթանակը պատկանելու է ժողովրդին»: Լ. Տեր-Պետրոսյանի հավաստմամբ` անկախ նրանից, թե առաջիկա 5-10 տարիներին ով է կառավարելու երկիրը, նրանք պետք է ողջունեն Հայ ազգային կոնգրեսը: «Ոչ մի քրեական տարր, ոչ մի ավազակապետական իշխանություն այլեւս չի կարող հաշվի չնստել այս գործոնի հետ: Դժբախտաբար, այսօր չունենք ինտելեկտուալ կարողություն ունեցող որեւէ մեկը, որ զգա այս գործոնի առկայությունն ու ազդեցությունը: Եթե որոշ անհատներ էլ ունեն այդ ինտելեկտը ու հասկանում են, չունեն այն լծակները, որ հասկացնեն որոշում կայացնողներին»,- հայտարարեց նա:
Ի դեպ, երեկվանից Հյուսիսային պողոտայում սկսվել է նաեւ անհատների անդամագրումը Հայ ազգային կոնգրեսին: Անդամագրվել ցանկացող շարքային քաղաքացիները մոտենում են Հյուսիսային պողոտայում տեղադրված գրասեղանին մոտ եւ լրացնում են հարցաթերթիկը: Նաեւ նշում են, թե ով ինչպես կարող է աջակցել Կոնգրեսին (քարոզչանյութերի տարածում, ավտոմեքենայի տրամադրում, գրասենյակի բացում եւ այլն): Այս նախաձեռնությամբ, Կոնգրեսի ղեկավարությունը ցանկանում է մոբիլիզացնել իրենց ակտիվիստներին եւ բոլոր այն անձանց, ովքեր, լինելով անկուսակցական, պաշտպանում են իրենց շարժման գաղափարները: Նշենք, որ ժամ առ ժամ ավելանում է Կոնգրեսին անդամակցող քաղաքացիների թիվը: