Մտքերի, բառակապակցությունների այն կլիշեն, որ ամեն օր հորդում է քաղաքական գործիչների շուրթերից, վաղուց արդեն իրեն սպառել է: Ցանկություն կա լսել բառերի նոր, թող որ անհասկանալի կոմբինացիա` պայմանով, որ այնտեղ չհնչի որեւէ քաղաքական գործչի անուն եւ որպես կյանքի գլխավոր նպատակ՝ չմատնանշվեն բարեփոխումները կամ հաղթանակի անկոտրում կամքը: Կան մարդիկ, ովքեր հեռուստաէկրանին առհասարակ չեն երեւում, նրանց չես տեսնի որեւէ ակումբում կամ սիգարի շնորհանդեսին: Նրանք նման բաներին կարեւորություն չեն տալիս, քանի որ զբաղվում են լուրջ գործով` գիտությամբ: Թեեւ այսպիսի մարդկանց հետ, հատկապես, եթե առարկային չես տիրապետում, զրուցելն այնքան էլ հեշտ չէ, սակայն նրանց ներկայությամբ սեփական տգիտությունից չես բարդույթավորվում եւ հաճույքով որեւէ նոր բան ես սովորում: Նման մարդկանցից է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Հրաչյա Բաբուջյանը:
– Պարո՛ն Բաբուջյան, վերջերս, երբ հայագիտության զարգացման մասին զրուցում էի գիտնականներից մեկի հետ, նա ոլորտի դրությունը գնահատեց որպես «թշվառ»: Որքան հուսահատեցնող կլինի, եթե Դուք եւս հառաչանքով խոսեք Հայաստանում ֆիզիկայի հանդեպ վերաբերմունքի մասին:
– Խորհրդային Միության քանդվելուց հետո շատ մասնագետներ հեռացան Հայաստանից, այդ թվում՝ եւ մեր ինստիտուտից, բայց կոնկրետ մեր ինստիտուտում, տեսական ֆիզիկայի բաժնում, ուր աշխատում եմ, վիճակն ամենեւին ողբալի չէ: Հակառակը, հիմա մենք համաշխարհային մակարդակով ավելի հեղինակավոր ամսագրերում ենք տպագրվում, քան խորհրդային տարիներին:
– Հայ գիտնականները, որպես կանոն, դժգոհ են պետության վերաբերմունքից, քանի որ պետության համար գիտնականը գրոշի արժեք չունի, փոխարենը արժեւորվում են եւ պետական ապարատում բարձրաստիճան պաշտոնի նշանակելու համար խրախուսվում են կենցաղային ճարպկությունը, տգիտությունը, հանցագործ անցյալը…
– Այո, դա այդպես է: Մենք` ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցներս, 1992 թվից սկսած` 16 տարի, ապրել ենք այստեղ` առանց աշխատավարձի: Ապրել ենք դրամաշնորհներով, արտասահման գնալ-գալով:
– Հումանիտար կրթություն ունեցողներին ֆիզիկան ծանոթ է նախ` որպես բառ, որի արմատը նշանակում է՝ «բնություն»: Լսել ենք Էյնշտեյնի հարաբերականության տեսության մասին, գիտենք, որ կա ձգողականության ուժ: Այս հասկացությունները շոշափելի չեն: Հետաքրքիր է, այսօր ժամանակակից ֆիզիկան ի՞նչ խնդիրներ է լուծում, որոնց արդյունքը շոշափելիորեն կարող են զգալ նաեւ վերոնշյալ կատեգորիայի մարդիկ:
– Գիտե՞ք, կիրառական գործերով ինքս չեմ զբաղվում, զբաղվում եմ մաթեմատիկական ֆիզիկայով, բայց ժամանակին, երբ Մաքսֆելը գրում էր իր հավասարումները, նա գաղափար չուներ, թե դա կբերի լամպի ստեղծմանը, կամ Ֆարադեյը փորձեր էր անում` չիմանալով` ինչի կհանգեցնեն դրանք: Այդ իմաստով ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, բայց կան մարդիկ, ովքեր մեր աշխատանքներն օգտագործում են կիրառական նպատակներով: Գիտության մեջ պետք է լինեն մարդիկ, ովքեր զբաղված են աբստրակտ գիտությամբ, եւ մարդիկ, ովքեր այդ աբստրակտ գիտությունը մոտեցնում են հասարակությանը:
– Անձամբ Դուք ինչո՞վ եք զբաղվում:
– Ես զբաղվում եմ ճշգրիտ լուծվող մոդելներով, մեկ պլյուս մեկ չափանի:
– Ներեցեք, ի՞նչ…
– Սովորաբար մեր տարածությունը երեք պլյուս մեկ չափանի է, մեկը ժամանակն է, երեքը` տարածությունը: Բայց կարելի է գործը հեշտացնելու համար վերցնել մեկ պլյուս մեկ չափանի տարածություն` մեկ ժամանակ, մեկ տարածություն: Այդ ժամանակ խնդիրներն ավելի հեշտանում են, եւ կարելի է շատ ավելի հետաքրքիր մոդելներ հետազոտել եւ ստանալ ճշգրիտ արդյունքներ: Սովորաբար, գրքից մեզ հայտնի է, որ երկու մարմնի խնդիրն է ճշգրիտ լուծվում, բայց կան դեպքեր, որոնք N մարմնի խնդիրը կամայական N-ի դեպքում կարող են լուծել:
– Գիտեք, ցանկությունս մեծ է` պահել զրույցը պատշաճ մակարդակի վրա, սակայն լավ չեմ պատկերացնում Ձեր ասածը:
– Դա հասկանալու համար պետք է շատ երկար տարիներ զբաղվել ֆիզիկայով: Տեսեք, սովորաբար, եթե մի խնդիր լուծվում է, դրա համար կան խոր հիմնավորումներ: Մենք ասում ենք` պահպանվող մեծություններ: Օրինակ` ասում ենք` Երկիր-Լուսին կամ Երկիր-Արեւ խնդիրը լուծվում է, չէ՞: Դրա համար պահպանվում է էներգիան, օրբիտալ մոմենտ, որը թույլ է տալիս խնդիրը լուծել ճշգրիտ, հաշվել ամեն ինչ: Պահպանվող մեծությունների շնորհիվ լուծվում է խնդիրը: Բայց երբ ազատության աստիճանի թիվը շատ մեծ է, այսինքն, ունեք ոչ թե երկու մարմին, այլ 2, 3, 10, այն ժամանակ հնարավոր է կամայական N-ի դեպքում լուծել եւ նկարագրել մագնիսական երեւույթները: Դա ինձ հաջողվել է լուծել 25 տարի առաջ:
– Այդ խնդրի լուծումը` բարոյական, գիտական հաճույքից բացի` ի՞նչ արդյունք ունի:
– Միայն բարոյական չէ: Փորձարարներն արդեն այնքան են հմտացել իրենց գործում, որ նրանք արդեն ձեռքով բռնում են ատոմները, իրար են միացնում, կառուցում միաչափ մոդելներ եւ դրանք փորձարկում ռեակտորներում:
– Պարոն Բաբուջյան, բնության մեջ բոլոր երեւույթներն, ի վերջո, լուծելի՞ են` ինչ-որ իքս ժամանակում: Օրինակ` ձգողականության ուժը կար նաեւ նախնադարում, սակայն մարդկանց փորձը, ինտելեկտն այն ժամանակ թույլ չէր տալիս դա ընկալել որպես այդպիսին եւ ձեւակերպել: Կարելի՞ է ասել, որ բնության մեջ կան բոլոր հարցերի պատասխանները, պարզապես դրանց բացահայտումը մարդկանց տրվում է այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը զգացվում է:
– Այո, կարելի է ասել: Բնությունն իր գաղտնիքները միշտ պահում է: Պետք են խելոք մարդիկ: Մարդկությունը դարերով մոտեցել է ճշմարտությունների բացահայտմանը: Քվանտային մեխանիկան ստեղծվեց 20-րդ դարում: Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը ստեղծվեց 20-րդ դարում: Դա երկար աշխատանք էր: Դեռ շատ գաղտնիքներ կան, որոնք դեռ պետք է բացահայտվեն:
– Ի՞նչ եք կարծում, կա՞ն գաղտնիքներ, որոնց բացահայտումը կարող է հանգեցնել աբսուրդի: Օրինակ` թվում է` այսօր ավելին պետք չէ. կա ինտերնետ, որը թույլ է տալիս մեկ վայրկյանում հասնել աշխարհի ուզածդ անկյուն, ինֆորմացիա հասցնել ցանկացած մարդուն, կան տեխնիկայի` մարդկանց պիտանի բոլոր տեսակները:
– Հասկացա, նկատի ունեք հեղափոխական բացահայտումները: Օրինակ` հիմա աշխարհում էներգետիկ ճգնաժամ է, վառելիքի գինն աճում է: Դրված է խնդիր` ինչով պետք է շարժվեն ավտոմեքենաները, եթե վերջանան բենզինը, գազը: Պետք է գտնենք այնպիսի աղբյուրներ, որոնք հնարավոր լինի անընդհատ վերականգնել: Կարող է վերջանալ նաեւ ուրանը, բայց ջուր ունենք, չէ՞: Կառավարվող ջերմամիջուկային ռեակցիայի խնդիրը մինչեւ հիմա լուծված չէ: Եթե դա լուծվի, մենք երբեք չենք ունենա էներգետիկ պրոբլեմ: Բայց դա կլինի հեղափոխություն: Հիմա ատոմային ռեակտորներ ունեցող երկրները բավական ապահովված են: Հեղափոխական իդեաներ, հավատացեք, դեռեւս սպասվում են: Այսօր մարդկությունը զբաղված է քվանտային գրավիտացիա կառուցելով: Կա կլասիկ տեսություն, կա քվանտային տեսություն: Քվանտային քրոմոդինամիկա, կլասիկ քրոմոդինամիկա: Սակայն գրավիտացիայի ուժերի (գիտեք, Լուսինը ձգում է Արեւը եւ այլն) քվանտային տարբերակը մինչեւ հիմա կառուցված չէ:
– Դա ի՞նչ է նշանակում:
– Դա նշանակում է շատ խորը հասկանալ երեւույթները շատ փոքր հեռավորության վրա:
– Ֆիզիկոսները, ովքեր կյանքը ընկալում են այլ աչքերով, մանրադիտակի տակ, ունե՞ն պատասխան` որտեղից է առաջացել կյանքը կամ ինչ է կյանքը:
– Ցավոք, այդ հարցի պատասխանը ֆիզիկոսները չունեն: Անձամբ ինձ համար ընդունելի է Դարվինի էվոլյուցիայի տեսությունը:
– Այսինքն՝ հերքո՞ւմ եք Աստծո գոյությունը:
– Այդ հարցին ես երբեք չեմ կարողացել պատասխանել: Ես ինքս չեմ հավատում Աստծուն: Այդ փաստը չեմ կարողանում ընդունել:
– Չեք կարողանում, որովհետեւ գիտությունը դա չի՞ ապացուցել:
– Այո, իմ ունեցած գիտելիքների պաշարն ու իմ մտածելակերպը թույլ չի տալիս ընդունել այդպիսի օբյեկտի գոյություն: Ցավոք սրտի:
– Ըստ Ձեզ` մարդն առաջացել է կապիկի՞ց:
– Ինձ թվում է` աշխարհը միշտ եղել է, այն որեւէ մեկը չի ստեղծել: Իմ ներքին զգացումով` այն միշտ եղել է, միայն ձեւն է ժամանակ առ ժամանակ փոխվել:
– «Միշտ»-ը, անվերջությունը, անսահմանությունը հասկանալ շատ բարդ է, եթե չասենք` անհնար:
– Ֆիզիկոսների գլխում այդ անվերջության գաղափարն ավելի հեշտ է նստած, որովհետեւ մենք դաստիարակված ենք ընդունելու, որ գլոբալ մասշտաբով աշխարհը կարող է միայն փոփոխվել, որովհետեւ պահպանման մեծությունը թույլ չի տալիս շատ մեծ փոփոխությունների: Աշխարհը չի կարող վերանալ եւ նորից ստեղծվել: Պարզապես աշխարհն անընդհատ նոր տեսք է ընդունում, ամեն էտապում նոր երեւույթներ են սկսվում, եւ հնարավոր է, որ տիեզերքում նման երեւույթներ շատ այլ տեղերում եւս կան: Հետեւաբար, կյանք կա նաեւ այլ տեղ:
– Ասացիք, որ Ձեզ համար Աստծո գոյությունը կասկածելի է, այդ դեպքում ինչպե՞ս բացատրել, որ Աստծուն հավատում էր Էյնշտեյնը եւ, ըստ գիտական հաշվարկների` հավատացյալ է գիտնականների 87 տոկոսը: Անգամ Դարվինը, եթե չեմ սխալվում, կյանքի վերջում էվոլյուցիայի իր տեսությունը զվարճալի է համարել եւ զարմացել, որ մարդիկ կարող են հավատալ կապիկից առաջացած լինելու տարբերակին:
– Կարծում եմ, մարդիկ են նման մեկնաբանություններ տալիս: Ըստ իս` Էյնշտեյնն ուրիշ բան է ասել: Ուղղակի իմաստով չի ասել, ինչպես հասկանում են սովորական մարդիկ: Ասելով` Աստված, նա հասկացել է օրենքների միասնությունը: Հարմոնիան: Նույնը` նաեւ Դարվինը:
– Կոմպյուտերից սկսած եւ լվացքի մեքենայից վերջացրած` կենցաղային առարկաները կատարելագործվում են` փոքրանում, բարակում եւ այլն, սակայն դրանք կատարելագործում են ճապոնացիները, ամերիկացիները, գերմանացիները, իսկ հայ ֆիզիկոսները հանգստանո՞ւմ են:
– Իզուր եք այդպես ասում: Գիտենք, որ գունավոր հեռուստացույցի հեղինակներից մեկը Հովհաննես Ադամյանն է: Ալեքս Մանուկյանն է նախագծել ջրի ծորակի այս նոր ձեւը ու միլիարդներ հավաքել 20-30-ական թթ.: Հիմա ամբողջ աշխարհն այդ պատենտից է օգտվում: Ալիխանյան եղբայրները մեծ ներդրում ունեն ամբողջ Խորհրդային Միության մակարդակով, Կուրչատովի հետ միասին. կառուցել են միջուկային ֆիզիկայի ողջ դպրոցը, արագացուցիչները: Կարող է վաղը-մյուս օրը մի տաղանդավոր տղա ավելի մեծ հայտնագործություն անի: Ես վերջին 15 տարիներին աշխատում եմ պրոֆեսոր Կորովսկու հետ, նա Բեռլինի Ազատ համալսարանից է: Մենք միասին շարունակում ենք ուսումնասիրությունը, ավելի կոնկրետ` ճշգրիտ լուծվող մոդելներում կորելյացիոն ֆունկցիաների հաշվման նոր մոտեցում ենք մշակում: Շատ գեղեցիկ լուծումներ ունենք: Դա շատ հետաքրքիր պոլիգոն է` ուսումնասիրելու մեկ պլյուս մեկ չափանի քվանտային տեսության մոդելները, որոնց որոշ հատկություններ շատ նման են երեք պլյուս մեկ չափանի` իսկական մեծ ֆիզիկայում նկարագրվող մոդելներին: Դրանց ուսումնասիրությունը, հույս ունենք, կօգնի հասկանալ երեք պլյուս մեկ չափանի քվանտային քրոմոդինամիկան, որը նկարագրում է ուժեղ փոխազդեցությունը մեկ պլյուս երեք չափում:
– Պարոն Բաբուջյան, թեեւ Ձեր ներկայացրած ոչ բոլոր մտքերն էին ընկալելի, սակայն գիտական խոսքը, բառերի նման շարադասությունը լսելը հաճելի է անգամ ֆիզիկայից բազում մղոններով հեռու մեկին: Շնորհակալություն: