Վրաստանում լարված ռազմական իրավիճակը, բնականաբար, չէր կարող չանդրադառնալ նաեւ Վրաստանում հանգստացող հայերի, ինչպես նաեւ՝ հայկական տուրիստական գործակալությունների վրա:
Ամառային հանգստի թեժ շրջանում սկսված պատերազմն իսկապես մեծ գլխացավանք դարձավ աշխատելու համար ամբողջ տարի այս պիկ ժամանակահատվածին սպասող տուրիստական գործակալությունների համար: Իսկ այն մարդիկ, ովքեր որոշել էին իրենց ամառային հանգիստն անցկացնել Քոբուլեթիում, Ուրեկիում կամ Բաթումում, ստիպած են ձեռքները վերցնել Հայաստանի հանգստյան վայրերի քարտեզը: Իսկ այն հայերը, որոնք պատերազմը սկսելու ժամանակ գտնվում էին Վրաստանում, շատ արագ հեռացան այնտեղից: Ընդամենը մի քանի օրում գրեթե բոլոր զբոսաշրջիկները վերադարձան Հայաստան: Նրանցից շատերը պատմում են, որ Վրաստանում տիրող լարված իրավիճակի մասին իմացել են ոչ թե տեղում, այլ Հայաստանում բնակվող հարազատներից: Քոբուլեթիից օրեր առաջ վերադարձած Լիլիթը պատմում է, որ եթե մայրը Երեւանից ամեն օր չզանգահարեր ու չստիպեր իրեն վերադառնալ, ինքը կշարունակեր վայելել հանգիստը, քանի որ Սեւ ծովի ափին ոչ ոքի մտքով նույնիսկ չէր էլ անցնում անհանգստանալ ընթացող Ռուս-վրացական պատերազմի մասին: «Հետո, երբ իմացանք, որ մեզանից ոչ այնքան հեռու` Փոթիում ռմբակոծություն է եղել, արդեն վախեցանք: Մայրս օրական երեւի մի հարյուր անգամ զանգում, ասում էր, որ վերադառնանք: Բայց իրականում այնտեղ ամեն ինչ խաղաղ էր, որեւէ խնդիր չկար: Ճանապարհին էլ, վերադառնալիս, գրեթե ոչ մի տեղ մեզ ոստիկաններ չկանգնեցրին: Միակ խնդիրն այն էր, որ վերադառնալիս շրջանցեցինք Գորին, որտեղ իրավիճակը լուրջ էր: Հայաստան Ախալքալաքով վերադարձանք»,- պատմում է նա: Լիլիթի խոսքերով` խնդիրներ են առաջացել ուղեւորներին Հայաստան տեղափոխող մեքենաների հետ: Եղել են դեպքեր, երբ մեքենաներն ուղեւորներին հասցրել են հայկական սահման` հրաժարվելով շարունակել իրենց ճանապարհը: Ի դեպ, լարված իրավիճակի պատճառով ուղեւորների տեղափոխումը թանկացել է: «Մինչ այդ Քոբուլեթիից Երեւան ավտոբուսի ուղեվարձը 20-40 դոլար էր: Կոնկրետ մենք, երբ գնում էինք Քոբուլեթի, 30 դոլար վճարեցինք: Իսկ երբ վերադառնում էինք, արդեն ուղեվարձը 50 դոլար էր դարձել: Մեր բախտը բերեց, որ հայկական միկրոավտոբուսով վերադարձանք, ու այն մեզ մինչեւ Երեւան բերեց: Մարդիկ կային, որ հասան Հայաստանի սահմանին, ու նրանց իջեցրին, էլ չէին շարունակում ճանապարհը: Նրանք, ովքեր գիշերով էին հասել սահմանին, երեխաների հետ այդ ցրտին մոտ երկու կիլոմետր ոտքով ստիպված էին քայլել` հայկական կողմ հասնելու համար: Հետո էլ երկար սպասում էին` մինչեւ ավտոբուս գա ու իրենց Հայաստան հասցնի»,- պատմում է Լիլիթը: Ի դեպ, հայ տուրիստները նաեւ ֆինանսապես են տուժել: Բացի այն, որ մարդիկ են եղել, ովքեր հասել են Վրաստան ու ստիպված են եղել հետ վերադառնալ` առանց անգամ տաք ավազը վայելելու, այլեւ նրանցից շատերին չի հաջողվել հետ ստանալ այն գումարները, որոնք նրանք նախապես վճարել էին` իբրեւ տան վարձ: Տանտերերից շատերը հրաժարվել են հետ վերադարձնել գումարի մի մասը` նշելով, որ արդեն ծախսել են այն: Վճարված գումարների մի մասը զբոսաշրջիկներին հետ չեն վերադարձրել նաեւ որոշ հայկական տուրիստական գործակալություններ: Նրանք պահել են նախապես վճարված գումարի կեսը` նշելով, որ իրենք արդեն մի շարք անհրաժեշտ վճարումներ էին արել, ու չեն կարող հետ վերադարձնել գումարները: Ի դեպ, հարկ է նշել նաեւ, որ, այնուամենայնիվ, գտնվել են որոշ համարձակ զբոսաշրջիկներ, որոնք մնացել են Վրաստանում՝ մինչեւ իրենց հանգստի նախատեսված ավարտը: Վահեն, ով կնոջ ու երկու մանկահասակ երեխաների հետ մեկնել էր Բաթումի, մի քանի որ առաջ` օգոստոսի 15-ին է վերադարձել այնտեղից: Նա պատմում է, որ ոչ մի վտանգավոր իրավիճակ էլ չի եղել: Ավելին, ինքն իր ընտանիքի հետ Վրաստանից Հայաստան գնացքով է վերադարձել: Սակայն հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ Վրաստանի ու Հայաստանի երկաթուղային կապն ընդհատվել է` պայթյունի հետեւանքով Գորիի մոտ գտնվող կամրջի վնասվելու պատճառով: Վրաստանի դեպքերից հետո առավել մարդաշատ են դարձել հայաստանյան հանգստյան տները: Ու չնայած տուրիստական գործակալություններում հավաստիացնում են, որ այստեղի ուղեվարձերի գները ոչ մի փոփոխություն չեն կրել, հանգստի գնացողները բողոքում են հայաստանյան հանգստավայրերի չափազանց թանկ գներից: Արմինեն, ում չի հաջողվել մեկնել Քոբուլեթի, գնացել է Ծաղկաձոր` մեկ շաբաթով: «Օգոստոսի 10-ին պետք է ընկերուհիներով մեկնեինք Քոբուլեթի, սակայն, երբ կռիվը սկսվեց, տոմսերը հետ վերադարձրինք: Որոշեցինք գնալ Ծաղկաձոր: Մեկ օրն արժեր 13.000 դրամ` ներառյալ սնունդը: Հինգ հոգով հինգ տեղանոց սենյակ էինք վարձել, ու մեզանից յուրաքանչյուրն օրական այդքան վճարում էր: Հինգ օրում այնտեղ ծախսեցի 65.000 դրամ, երբ նույնքան կծախսեի Քոբուլեթիում: Ու պետք է հաշվի առնել, որ այնտեղ Սեւ ծովի ափին կլինեի, իսկ այստեղ ստիպված էի ճոպանուղիով բավարարվել»,- ասում է նա: Ի դեպ, հանգստացողներից շատերը պնդում են, որ, օրինակ, Սեւանում, ներկայումս անհնար է օրական 15.000 դրամ արժեք ունեցող տնակից ավելի էժանը գտնել, այն դեպքում, երբ դրա մեջ չի մտնում սնունդը: Իսկ առողջարաններում գներն ավելի են թանկացել: Ջերմուկի առողջարաններից մեկում, օրինակ, մեկ օրվա արժեքը կազմում է 30.000 դրամ: Տուրիստական գործակալությունների աշխատակիցները հավաստիացնում են, որ ուղեգիր ձեռք բերելու համար անհրաժեշտ է նախապես դիմել. հանգստյան տներում ազատ տեղ չկա: