Գնում են բենզին բերելու

20/08/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ռուս-վրացական հակամարտության հետեւանքով Հայաստանի բեռնափոխադրումների ոլորտում առաջացած ճգնաժամը գնալով ավելի է խորանում: Եթե հակամարտության սկզբնական շրջանում վրացական Փոթի եւ Բաթումի նավահանգիստներ նավեր չէին մտնում, ապա դրան ավելացավ եւս մեկ խնդիր` անցած շաբաթ օրը պայթեցրել են Գորիից 40 կմ դեպի Թբիլիսի գտնվող երկաթուղային կամուրջը: Եթե մինչ այդ գոնե հնարավոր էր վրացական երկու նավահանգիստներում կուտակված բեռները երկաթուղով ՀՀ հասցնել, ապա հիմա անհնար է դարձել նաեւ այդ տարբերակը: Մինչեւ պայթյունը ցորենով բեռնված հայկական բեռները նավահանգստից դուրս են եկել եւ շարժվել են դեպի ՀՀ, սակայն կամուրջի քանդվելուց հետո մնացել են կես ճանապարհին: Ճիշտ է, վրացական կողմն արդեն խոստացել է կամուրջը հնարավորինս շուտ վերականգնել, հարեւանին օգնության է հասել նաեւ Հայաստանը, սակայն պատերազմական այս իրավիճակում հնարավոր չէ նույնիսկ կանխատեսել, թե երբ կսկսի աշխատել վրացական երկաթգիծը: Չի բացառվում, որ վաղը երկաթգիծը պայթեցնեն մեկ այլ հատվածում: Հենց այդ պատճառով էլ ՀՀ իշխանությունները որոշել են Բաթումի նավահանգստում գտնվող բեռները, հատկապես բենզինը, ՀՀ տեղափոխել ավտոտրանսպորտով: Ստեղծվել է աշխատանքային խումբ, որի տրանսպորտային աշխատանքները համակարգում է բեռնափոխադրող «Ապավեն» ընկերությունը: Բենզին փոխադրող առաջին ավտոշարասյունը մեկնել է կիրակի երեկոյան, երկրորդ շարասյան նախապես պլանավորած երեկվա մեկնումը հետաձգվեց՝ մինչեւ Բաթումի հասած մեքենաները կբարձվեն բենզինով: Իսկ այդքան մեքենա գտնելը, վարորդների փաստաթղթերը կարգավորելը բավականին բարդ գործ է եղել: «Ապավեն» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանի ասելով` ճանապարհատրանսպորտային խնդիրների հետ կապված բոլոր գերատեսչություններն անմիջապես արձագանքում են առաջացած խնդիրներին:

– Բեռնափոխադրող ոչ մի ընկերություն չունի հեղուկ վառելիք տեղափոխող այդքան մեքենա: Մեքենաները հավաքվել են ՀՀ ամբողջ տարածքից: Վարորդների 90 տոկոսն աշխատում է երկրի ներսում, եւ անձնագրերում չունի ելքի արտոնագիր: Մեքենաների տեխնիկական անձնագրերը շատ դեպքերում հին էին: Անձնագրային վարչությունը շուրջօրյա աշխատանքային ռեժիմ սահմանեց: Անձնագրերի, տեխանձնագրերի, փաստաթղթերի հետ կապված բոլոր խնդիրներն անմիջապես լուծվում են: Օգտագործվեցին Պաշտպանության նախարարության հնարավորությունները: Եվ այդ աշխատանքներին առնչվող բոլոր գերատեսչություններն անմիջապես լուծում են իրենց վերաբերող խնդիրները: Ես հաճելիորեն զարմացա այդ գերատեսչությունների պատրաստակամության վրա եւ հասկացա, որ եթե պետությունն ուզում է մի բան անել` անում է: Եթե ես այսօր որպես շարքային քաղաքացի՝ տեխնիկական անձնագիր փոխեի, վստահ եմ, որ շատ էներգիա, ժամանակ ու, էլ չեմ ասում, թե ինչ կծախսվեր:

– Պարոն Աղաջանյան, Դուք ասացիք, որ առայժմ տեղափոխվում է բենզինը, իսկ որքա՞ն հացահատիկ կա տեղափոխելու: Բացի այդ, կա՞ն բեռներ, որոնք պետք է այլ երկրներից Հայաստան բերվեն, սակայն այս դեպքերի պատճառով դեռ չեն փոխադրվում:

– Իմ ունեցած տվյալներով` Վրաստանից 106 վագոն հացահատիկ կա տեղափոխելու: Սակայն այս դեպքում խնդիրն ավելի դժվար է, որովհետեւ, ցորենն արդեն կես ճանապարհին է, Փոթիից Գորի ընկած հատվածում: Եթե բեռը նավահանգստից դուրս է եկել, ուրեմն անցել է համապատասխան մաքսային ձեւակերպումներ, եւ հիմա բարդ է մեքենաներով տեղափոխելն ու մաքսային նոր ձեւակերպումներ կազմակերպելը: Առայժմ որոշեցինք սպասել՝ մինչեւ երկաթուղային կամուրջը կվերանորոգեն: Կան հայկական բեռներ ունեցող նավեր, որոնք պարզապես չեն ուզում Փոթի մտնել, ու իրենց բեռները բեռնաթափել են Կոնստանցիայում, Ստամբուլում, Իտալիայում: ՀՀ բերելու համար դրանք նորից պետք է տեղափոխվեն վրացական նավահանգիստ: Սակայն նավահանգիստներն էլ չեն կարող անսահման քանակի բեռներ պահեստավորել, եթե կուտակվածը դուրս չբերվի:

– Իսկ եթե Վրաստանում ստեղծված իրավիճակը երկար տեւի, ՀՀ-ն բեռնափոխադրումների այլ ճանապարհ ունի՞: Հարմա՞ր է Իրանի Բանդերաբաս նավահանգստի միջոցով բեռների փոխադրումը:

– Իրանի տարածքով մենք կարող ենք բեռներ փոխադրել, բայց միայն անհամեմատ ավելի թանկ ավտոտրանսպորտի միջոցով. երկաթգիծ չկա: Բացի այդ, Բանդերաբասի նավահանգիստը Երեւանից 3-4 անգամ ավելի հեռու է: Իրանով հարմար է բերել միայն Հեռավոր Արեւելքից, Չինաստանից, Հնդկաստանից եկող բեռները: Ռուսական ու եվրոպական բեռները հիմնականում վրացական նավահանգիստներով են գալիս:

– Այս իրավիճակում արդյոք բեռնափոխադրողների հայացքը հերթական անգամ չի՞ սեւեռվում Թուրքիայի շատ ցանկալի երկաթգծի ու ճանապարհների վրա:

– 4 ուղղության վրա երկաթգիծ ունենք, մեկն է գործում: ՀՀ-ից բացի, Կովկասի ոչ մի երկիր իր հարեւանների հետ 4 կողմից երկաթուղային ելք չունի: Թուրքիայի ճանապարհը բոլորի համար էլ այլընտրանքը կլիներ, միգուցե նաեւ ավելի ձեռնտու կլիներ, որովհետեւ Փոթիից ու Բաթումիից բացի, որոնք ՀՀ-ին ամենամոտ սեւծովյան նավահանգիստներն են, ոչ պակաս մոտ է Լինզեն, Սամսունը: Եթե բոլոր ուղղությունները գործեին, մենք կլինեինք Կովկասի ամենահզոր երկաթուղային խաչմերուկում: Բայց վստահ եմ, որ Վրաստանի երկաթգիծը չի կարող երկար փակ լինել:

– Կոնկրետ «Ապավեն» ընկերությունը պատերազմական այս օրերին ներկրում կամ արտահանում արե՞լ է:

– Արտահանել ենք այն, ինչ մինչ այդ հասցրել էինք նավահանգիստ: Այս ընթացքում եկած նավերով նավահանգիստներից հեռացրել ենք նույնիսկ այն բեռը, որոնք պետք է Ռուսաստան տեղափոխեինք: Դրանք ուղարկել ենք Ստամբուլ` այնտեղ նավը կփոխենք, որովհետեւ կարող է Փոթիից ռուսական նավահանգիստ երկար ժամանակ նավ չգնա, եւ մենք վտանգենք մեր բեռները: Հայաստանում գտնվող բեռները մենք չենք արտահանում, որովհետեւ դրա հնարավորությունը երկաթուղով չկա: Ավտոտրանսպորտով էլ ձեռնպահ ենք մնում, որովհետեւ դրանք ինքնատիպ բեռներ են, եւ այս ճանապարհով մեքենաներով հնարավոր չէ տանել:

– Պարոն Աղաջանյան, եթե վրաց-ռուսական հակամարտությունը հանդարտվի, հնարավոր է` Ռուսաստանը երկար ժամանակ Վրաստանից դուրս եկող նավեր չընդունի: Այդ դեպքում ինչպե՞ս պետք է կարգավորվի ՀՀ-ից արտահանվող բեռների ուղղությունը: Եվ արդյո՞ք ուկրաինական Իլյիչեւսկ նավահանգստի դեպքում էլ խնդիրներ չեն առաջանա:

– Պատերազմական գործողությունների ժամանակ ոչինչ չի կարելի բացառել:

Եթե ՌԴ-ն իր փոստային, ավիացիոն կապը խզեց Վրաստանի հետ, ապա նավային հաղորդակցությունը կարող է նույն կերպ դադարեցնել: Հիշենք, որ երկար տարիներ նման հնարավորություն ընդհանրապես չկար, եւ մենք օգտվում էինք միայն ուկրաինական լաստանավերով: Նավերը Ուկրաինայից գալուց ՌԴ ծովային տարածքներ չեն մտնում: