Անհատապաշտությունն ընդգծված թուլություն է։
Մ. ՊՐԻՇՎԻՆ
Մեր նոր հանրապետության քաղաքական կյանքը որքան էլ տեղատվությունների ու մակընթացությունների մեջ է, այնուամենայնիվ, այդ կյանքում ձեւավորվեցին քաղաքական դիմագիծ ունեցող գործիչներ, ովքեր ընդգծվում են իրենց անհատականությամբ ու կամային որակներով։ Որպես խարիզմատիկ առաջնորդներ՝ առանձնացան Կարեն Դեմիրճյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը, որպես հերոս՝ Վազգեն Սարգսյանը, իսկ իդեալը մարմնավորվեց Վանո Սիրադեղյանի մեջ։
Խարիզման հունարենից թարգմանաբար նշանակում է՝ ողորմածություն, աստվածային շնորհ, նաեւ՝ բացառիկ օժտվածություն։ Խարիզմատիկ առաջնորդն իր հետեւորդների համար առանձնանում է հեղինակությամբ. խարիզման հիմնվում է նրա անհատական բացառիկ որակների վրա՝ իմաստնություն, հերոսականություն, «սրբություն»։
Մեր ժողովրդի համար խարիզմատիկ առաջնորդների երկու կերպարներն էլ հետաքրքիր վերածնունդ են ապրել։ Կարեն Դեմիրճյանին ժողովուրդը հարգում եւ վստահում էր դեռեւս խորհրդային տարիներին, երբ նա Կոմկուսի առաջին քարտուղար էր եւ մարմնավորում էր ժողովրդի բարոյական հատկանիշները։ Սակայն ղարաբաղյան շարժման ընթացքում, երբ նա չմիացավ ժողովրդին, չկանգնեց նրա կողքին, այլ Ազատության հրապարակի հարթակից ուղղակի ասաց. «Ղարաբաղը գրպանս չի, որ հանեմ, ձեզ տամ», եւ կարեւորն այն չէ՝ ժամանակին նա ճի՞շտ էր, թե՞ ոչ, կարեւոր չէ, որ նա ուներ անձնական կարծիք, կարեւորն այն է, որ նա հեռացավ ժողովրդից, եւ ժողովուրդն էլ հեռացավ նրանից ու թեքվեց դեպի այն անձը, ով պատրաստ էր իր հետ թեկուզ սխալներ գործելու. այդ անձը սկզբում հավաքական կերպար էր՝ ղարաբաղյան շարժման ակտիվիստները, որոնցից էլ հետագայում առանձնացավ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նա, ում ժողովուրդը միաձայն ընտրեց նորաստեղծ երկրի նախագահ. նա ժողովրդի բացարձակ քվեն ստացած առայժմ միակ նախագահն է, եւ ոչ միայն ուրիշները, այլեւ հենց ինքը չկարողացավ դառնալ հաջորդ լեգիտիմ նախագահը (1996 թվին)։ Հենց այդ ժամանակ էլ ժողովուրդը մերժեց Լ. Տեր-Պետրոսյանին, ինչպես որ մերժել էր Կ. Դեմիրճյանին։
Լեւոն Տեր-Պետրոսյանի ժառանգորդ Ռոբերտ Քոչարյանը սկսեց ոչ թե այնտեղից, որտեղից սկսել էր Լ. Տեր-Պետրոսյանը, այլ այնտեղից, ուր ավարտել էր նա, այսինքն՝ այնտեղից, ուր ժողովուրդն արդեն իսկ մերժել էր նախորդ նախագահին, եւ Քոչարյանն ի սկզբանե դարձավ մերժված նախագահ. Քոչարյանը կա՛մ պետք է հեռանար, ինչպես Կ. Դեմիրճյանն ու Լ. Տեր-Պետրոսյանը, կա՛մ մեկուսանար. նա ընտրեց երկրորդը, եւ նրա նախագահության տասը տարիների ընթացքում ո՛չ նրա, ո՛չ ժողովրդի կողմից միմյանց ընդառաջելու քայլեր չեղան. նրանցից ոչ մեկը մյուսից ակնկալիք չուներ. երկուստեք սառը պատերազմը սպասում էր ձնհալի։
Մեկուսացված իշխանությունից ազատվելու առաջին փուլում ժողովուրդը վստահեց քաղաքականություն վերադարձած Կարեն Դեմիրճյանին, երբ ժամանակը հասունացրել էր թե՛ նրան, թե՛ ժողովրդին. այսինքն՝ Կարեն Դեմիրճյանը քաղաքականություն վերադարձավ ոչ թե իր քաղաքական կարիերան ավարտելու վերջից՝ սեփական ամբիցիաները պաշտպանելու պահից, այլ ժողովրդին ծառայելու պատրաստակամությամբ, ինչ զոհողություններ էլ որ պահանջեր այդ ծառայությունը, այսինքն՝ գիտակցած այն ողորմածությունը, որն իր մեջ ներառում է խարիզման, եւ ժողովուրդը հասկացավ ու ընդունեց նրան։ Երկրորդ փուլում մեկուսացված իշխանությունից ազատվելու ժողովրդի, թվում է թե, առաջնորդներն ու նախագահության թեկնածուներն ավելի շատ էին, սակայն կրկին հաղթեց անօրինական իշխանությունը, եւ թեկնածուներից ոչ մեկն իր վրա չվերցրեց խարիզմատիկ առաջնորդի դերը, եւ ժողովուրդը մնաց մենակ։
Քոչարյանի իշխանության ժամկետը լրանալու եւ նոր ընտրությունների նախաշեմին քաղաքականություն վերադարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանը, վերադարձավ այնպես, ինչպես Կարեն Դեմիրճյանը, այսինքն՝ այնտեղից, որտեղից ոչ թե ավարտել, այլ սկսել էր իր իշխանությունը, այն իշխանությունը, որ իրեն տվել էր ժողովուրդը, եւ հայտարարեց ծառայելու իր պատրաստակամության մասին, այսինքն՝ խարիզմատիկ առաջնորդի ողորմածության գիտակցությամբ։ Երկու դեպքում էլ՝ թե՛ Կ. Դեմիրճյանի, թե՛ Լ. Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն, հիմնավորված էր ժողովրդի վստահությամբ, նրանով, որ երկուսն էլ ժողովրդի հետ եւ հանուն ժողովրդի ճանապարհ էին անցել եւ երկուսն էլ վերադառնում էին ժողովրդից մի ժամանակ հեռանալու մոլորությունը գիտակցած, եւ ժողովուրդն իր իմաստնությամբ ներեց ու ընդունեց նրանց։
Քոչարյանի պարագայում նման դեպք չի կարող լինել. նա ներողություն հայցելու որեւէ պատճառ չունի. նա երբեք չի դավաճանել ժողովրդին, երես չի թեքել նրանից, քանի որ երբեք նրա հետ չի եղել, անգամ այն ժամանակ, երբ ընտրել էր «Իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է» կարգախոսը, ակամա ժողովրդին իջեցնելով կուսակցության մակարդակի եւ հավասարության նշան դրել դրանց մեջ՝ սահմանափակելով ժողովուրդ հասկացության խորքերն ու շերտերը, այն դարձնելով միօրինակ եւ նրա հետ հաստատելով կուսակցության ու նրա ղեկավարի հարաբերություններ. հենց այս ենթագիտակցությամբ էլ ընթացավ Քոչարյանի իշխանության ողջ շրջանը, եւ ժողովուրդը նրանից երբեք ոչ մի սպասելիք չունեցավ. ժողովրդի միակ սպասելիքը՝ նրանից ազատվելն էր, եւ ժողովուրդը համբերությամբ սպասում էր այդ ժամանակին։ Քոչարյանի վերադարձը կարող է լինել միայն ու միայն այն նույն սցենարով, ինչպես որ եկել է իշխանության եւ ինչպես որ պահել է այդ իշխանությունը, սակայն դա կլինի ոչ միայն նրա, այլեւ ժողովրդի կործանումը։
Քաղաքական այսօրվա քաոսն ի վիճակի է լուծել ներկա իշխանությունը, որն ունի լուծման երկու ճանապարհ, եւ երկուսն էլ, կարելի է ասել, համարժեք են։ Առաջին ճանապարհը հրաժարականն է, եւ նոր, արդար ընտրությունները։ Երկրորդ ճանապարհը ժողովրդի առջեւ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնելն է ու նրա հետ առաջնորդի խարիզման կիսելը։ Երկու դեպքում էլ քայլը համարձակ է, սակայն սա այն քայլն է, որ համարձակվեցին անել Կ. Դեմիրճյանն ու Լ. Տեր-Պետրոսյանը՝ թե՛ առաջին անգամ հեռանալով եւ թե՛ երկրորդ անգամ իշխանության ձգտելու ճանապարհին, իսկ Սերժ Սարգսյանին այդ հնարավորությունը տրված է այսօր, այս պահին, երբ նա ձգտում է իրական իշխանության, հակառակ դեպքում՝ նա կրկնելու է Քոչարյանի մեկուսացվածության անփառունակ ուղին։
Եթե Սերժ Սարգսյանը գնա Քոչարյանի ճանապարհով, կլինի այն, ինչից մինչ այսօր հաջողվել է խուսափել. ժողովրդի հետ հարաբերվելու մենաշնորհը թողնելով Լ. Տեր-Պետրոսյանին, նրան ակամա դարձնելու է պաշտամունքի առարկա, ինչը կործանարար կլինի թե՛ ժողովրդի, թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության համար, այսինքն՝ մենք նորից կգլորվենք խորհրդային ճահիճը։
Քաղաքական այս դեմքերից Քոչարյանը չդարձավ եւ չէր էլ կարող դառնալ խարիզմատիկ առաջնորդ, Սերժ Սարգսյանը դեռ հնարավորություն ունի. ընտրությունն իրենն է։ Քոչարյանը մնաց ուժի խորհրդանիշ, ինչպես եւ Վազգեն Սարգսյանը, սակայն այս գործիչները հակառակ բեւեռներ են. եթե Քոչարյանի ուժն ընդդեմ ժողովրդի է, ապա Վազգեն Սարգսյանի ուժը հանուն ժողովրդի էր, եւ ժողովուրդն ընդունեց նրան այնպիսին, ինչպիսին նա կար. ժողովրդի սիրելի սպարապետը դարձավ նրա հերոսն ու սրբացվեց։ Այս դեմքերի մեջ վառ կերպար է Վանո Սիրադեղյանը, որի ետեւից ոչ թե ուզեց գնալ, այլ որին ուզեց նմանվել ժողովուրդը, լինել նրա փոխարեն (եւ ճակատագրի բերումով այսօր կարծես թե այդպես է. ժողովուրդը նրա բացակայությունը փորձում է լրացնել ինքն իրենով)։ Վանո Սիրադեղյանը մարմնավորում է ժողովրդի իդեալը, որ ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է՝ նմուշ, ինչ-որ կատարյալ, ձգտումների բարձրագույն նպատակ։ Պատահական չէ, որ, երբ Վանո Սիրադեղյանը ներքին գործերի նախարար էր, դպրոցականները՝ թե՛ տղա, թե՛ աղջիկ, շարադրություն գրելիս, հիմնականում եւ մեծ մասամբ ցանկանում էին ներքին գործերի նախարար լինել, իսկ երբ նա դարձավ քաղաքապետ, նրանց երազանքը դարձավ քաղաքապետը, այսինքն՝ նրանք ուզում էին լինել Վանո Սիրադեղյան. նա ներառում է ժողովրդի սերն ու զգացմունքները. նրա հետ ժողովուրդը հանգիստ է, ջանք չի գործադրում եւ որեւէ բան ապացուցելու կարիք չի զգում, այնպես, ինչպես ընտանիքի անդամին. նրա բացակայությունն անհանգստություն է առաջացնում, իսկ ներկայությունն ուրախություն է պատճառում։
Ժողովուրդն ինքը իշխանության չի ձգտում, ինչպես եւ իր իդեալը. իդեալը ոչ թե իշխանության, այլ ապրելու խորհրդանիշ է, եւ ժողովրդի գերխնդիրը ոչ թե իշխանությունն է, այլ ապրելը, եւ նա, ով ենթարկվում է ժողովրդի կամքին, ուղղակիորեն ենթարկվում է ապրելու կամքին։ Ամեն մարդ ինքն է ընտրում իր դերակատարությունը հասարակական կյանքում, եւ հասարակությունն ընդունում է նրան այնպիսին, ինչպիսին ինքն է ներկայանում, միայն թե ընտրություն անելիս չպետք է մոռանալ Լառոշֆուկոյի խոսքերը. «Նա, ով երեւակայում է, թե կարող է յոլա գնալ առանց ուրիշ մարդկանց, խիստ սխալվում է, բայց նա, ով երեւակայում է, թե առանց իրեն մարդիկ չեն կարող յոլա գնալ, էլ ավելի է սխալվում»։