Երկու տարեկան Իլոնան շուտով իր ընտանիքի հետ միասին հայտնվելու է փողոցում: Նրանց հետ միասին փողոցում են հայտնվելու նաեւ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի «Երկաթբետոնե իրերի» գործարանի գրասենյակային մասնաճյուղի հանրակացարանում ապրող թվով 11 ընտանիքներ: Բանն այն է, որ գործարանը սեփականաշնորհել է «Զառացյան եւ ընկերներ» ՍՊԸ-ն, որի տնօրեն Ոսկան Զառացյանը բնակիչներին վտարում է եւ սենյակների վրա ճաղավանդակներ է տեղադրում, որպեսզի նրանց մուտքն այդ տարածք արգելափակվի: Բնակիչներից ոմանք ստիպված գիշերում են նկուղում` առնետների միջավայրում, իսկ ոմանք վստահեցնում են, որ սենյակներից դուրս չեն գա անգամ «ռեշոտկայից» այն կողմ մնալու, կալանավորի կարգավիճակում հայտնվելու դեպքում:
Նկարում պատկերված 2 տարեկան Իլոնան դեռ չի հասցրել յուրացնել խոսելու ընդունակությունը, սակայն հասցրել է հասկանալ «ռեշոտկա են քաշելու» արտահայտության վտանգը:
Նա ապրում է մի միջավայրում, ուր մարդիկ անընդհատ ասում են «ռեշոտկա են քաշելու», ապա սկսում են տագնապել ու լաց լինել: Կապուտաչյա այս մանկահասակ երեխան բնազդաբար հասկանում է, որ «ռեշոտկա քաշելուց» հետո ինքը կհայտնվի կամ ճաղերի ներսում, կամ էլ` փողոցում: Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի նախկին «Երկաթբետոնե» գործարանի հանրակացարանի բնակիչներին սենյակներից վտարում են՝ դռան փոխարեն ճաղավանդակ ամրացնելով, որպեսզի տասնյակ տարիներ այդտեղ ապրած մարդիկ չկարողանան ներս սողոսկել: Հանրակացարանում ապրող 11 ընտանիքներում մեծից փոքր սարսափում են «ռեշոտկա ենք քաշելու» արտահայտությունից, քանի որ նրանց սենյակներից իրերը դուրս հանելով՝ սենյակները ճաղապատում եւ այլեւս թույլ չեն տալիս ներս մտնել, ուղղորդում են դեպի փողոց: Իլոնան շինության մեջ ապրող մյուս երեխաների հետ շուտով կհայտնվի փողոցում, քանի որ մեր պետությունն ամեն ինչ արել է, որ նա փողոցում հայտնվի, իսկ մեր պետության մասնավոր սեփականատերերն ամեն ինչ անում են` նրանց ազատությունից զրկելու համար: Բնակիչներից շատերը պնդում են, որ փողոցում հայտնվելու փոխարեն՝ գերադասում են ճաղավանդակի ներսում մնալ. «Ուրիշ ճար չունենք, գնալու տեղ չունենք: Դուրս չենք գա, թող բերեն սենյակի վրա ռեշոտկա քաշեն, մենք էլ մնանք ներսում: Ավելի լավ ա կալանավորի նման ապրենք, քան բոմժ դառնանք»: Էս մարդկանց փակում են ճիշտ այնպես, ինչպես փակում են մարդասպաններին ու ծանր հանցագործություն կատարած դատապարտյալներին: Բոլորն այստեղ սարսափած սպասում են, որ ուր որ է՝ իրենց սենյակում տեղադրելու են ներսի ու դրսի պատնեշ հանդիսացող «ռեշոտկան», մինչդեռ իրենք չեն կողմնորոշվում՝ ո՞րն է ավելի ցավոտ, դո՞ւրսը` փողոցներում գիշերելը, թե՞ ներսը, փակի տակ ապրելը: Մարդիկ այստեղ անքուն են, վախենում են լուսացնել, ճիշտ այնպես, ինչպես անքնությունը տանջում է լուսաբացին գնդակահարության պատրաստվող կալանավորին։ Այս 11 ընտանիքները Հայաստանի Հանրապետության՝ մի պետության քաղաքացիներ են, որտեղ Սահմանադրությամբ նրանց կյանքն ու ազատությունը համարվում է բարձրագույն արժեք: Հանրակացարանի բնակիչները ՀՀ նախագահին կոչ են անում. «Մեր իշխանությունն իր ժողովրդին մարդասիրական քայլ անելու ընդունակություն ունի՞: Պրն Սարգսյանը հայտարարում է, որ պատրաստ ենք Վրաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերել, բայց ախր նա տեղյա՞կ է, թե իր երկրում ապրող քաղաքացին ի՞նչ վիճակում է: Ի՛նչ է` մենք արժանի չե՞նք ուշադրության, թե՞ մենք նախագահ չունենք»:
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի նախկինում «Երկաթբետոնե իրերի» գործարանը ներկայումս պատկանում է «Զառացյան եւ ընկերներ» ՍՊԸ-ին: Գործարանի գրասենյակի մասնաշենքը` հանրակացարանը, սեփականության իրավունքով եւս տրվել է այս ընկերությանը, այն դեպքում, երբ մարդիկ սկսած 1980 թվականից ապրում են այդ շենքում: Բացի այն, որ հանրակացարանում տեղավորվել են անտուն եւ ճգնաժամային տարիներին «Հայխնայբանկում» ի պահ տված գումարները կորցրած մարդիկ` պետությունն այս շենքում սենյակներ է հատկացրել նաեւ փախստականներին: Վերջին տարիներին փախստականներն իրենց սերտիֆիկատները ստացել եւ բնակարաններ են ձեռք բերել, իսկ տեղացի 11 ընտանիքները շարունակել են ապրել հանրակացարանում՝ առանց սեփականության իրավունքի, այսպես ասած` ապօրինի: «Զառացյան եւ ընկերներ» ընկերության տնօրեն Ոսկան Զառացյանը, տեւական ժամանակ է, պահանջում է շենքի բոլոր սենյակներն ազատել, հակառակ դեպքում նա սպառնում է դա անել բռնի ուժով: Ոմանց սենյակների վրա ճաղավանդակներ է տեղադրվել, իսկ սենյակների տերերը ստիպված նկուղներում են գիշերում: Ըստ լուրերի, ընկերությունն ուզում է այդ տարածքում 5-աստղանի հյուրանոց կառուցել, ոմանք էլ ասում են, որ մտադրված է արտադրական ծավալները մեծացնելու համար տարածքն ընդլայնել: Մարզային եւ քաղաքային իշխանությունները բնակիչների խնդրանքներին, դիմում-բողոքներին ի պատասխան` քար լռություն են պահպանում: Հանրակացարանի բնակիչները մեզ ներկայացրին դիմում-բողոքների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղարկվել են ՀՀ կառավարություն, ՀՀ Ազգային ժողով, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Կոտայքի մարզպետարան, Աբովյանի քաղաքապետարան, Բալահովիտի գյուղապետարան, սակայն բոլոր այս օղակների կողմից բառիս բուն իմաստով ստացվել են «լղոզված» պատասխաններ, որոնցից կարելի է ենթադրել, որ այդ մարդկանց ճակատագրերով հետաքրքրվելու «հավես» մեր գործադիր եւ օրենսդիր իշխանությունները չունեն: Նամակներով դիմել են նաեւ իրենց ընտրյալ պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, սակայն, բնակիչների ասելով` նա երբեւէ չի արձագանքել իրենց նամակներին, իսկ դիմումատուներն այդպես էլ չեն կարողացել նրան տեսնել, քանի որ նա գրեթե Ազգային ժողովում չի լինում: ԱԺ այցելած բնակիչների պատմելով, պատգամավորի ընդունարանից իրենց տեղեկացրել են, որ նա նամակին չի պատասխանել, քանի որ` «երեւի նամակն իրեն չի հետաքրքրել»: Մինչդեռ այս շենքի բնակիչների մեծ մասը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ են, քանի որ ԱԺ ընտրությունների ժամանակ նրանց առաջարկել են անդամագրվել, իրենք էլ չեն մերժել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյանի տարածքային կառույցը նույնպես այս բնակիչների խնդիրը չի ուսումնասիրել:
Ապրում է նկուղում` առնետների հետ
60-ամյա Անիկ Թարվերդյանը մղկտալով լաց է լինում, որովհետեւ ստիպել են իր սենյակից իրերը հանել, տեղափոխել նկուղ: Սենյակի վրա «ռեշոտկա են քաշել», իսկ նա, տեւական ժամանակ է, գիշերում է մութ, առնետներով լի նկուղում: 1987-ից աշխատում է «Ռիմդիզել» գործարանում, որը նախկինում ռազմամթերք էր արտադրում, իսկ ներկայումս սեփականաշնորհվել է: Ասում է` «Բնակարան ստանալու համար հերթագրվածների ցուցակում եմ եղել: Ես անտուն էի, վարձով չէի կարող ապրել, մեր տնօրեն Հրանտ Քամալյանին խնդրեցի, որ ժամանակավոր սենյակ տա: Նա ինձ տեղավորեց այստեղ, ասեց` կապրես էստեղ՝ մինչեւ բնակարանիդ հերթը հասնի: 1989-ից այստեղ եմ ապրում, մենակ եմ, գնալու տեղ չունեմ: 3-4 տարի առաջ Զառացյանն էս գործարանը մասնաշենքերով հանդերձ սեփականաշնորհել ա ու հիմա մեզ հանում, փողոց ա շպրտում»: Ո. Զառացյանը մինչեւ սեպտեմբերի 19-ը վերջնաժամկետ է ներկայացրել, որից հետո տիկին Անիկը նկուղից արդեն փողոցում կհայտնվի: Ի դեպ, բնակիչներն այս ամենի համար մեղադրում են ոչ թե Ո. Զառացյանին, այլ մեր իշխանություններին, քանի որ անտուն մարդկանց կացարանը վաճառել են մասնավոր ընկերության: Իսկ տիկին Անիկը 24.000 դրամ աշխատավարձով գոյատեւել եւ բնակարան վարձել, բնականաբար, չի կարող: Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը բնակիչներին հորդորում է չբողոքել` կանխագուշակելով, որ` «Մեկ ա մերժվելու եք», իսկ, թե ինչպե՞ս ապրել` նա այդ հարցին չի պատասխանում: Դեռ ավելին` վիրավորելով ճանապարհում է: Շենքում ապրող միայնակ, երկու զինվորների մայր Աննման Հայրապետյանին նա այսպես է պատասխանել. «Երկու ապօրինի երեխա ես բերել, հիմա էլ ապօրինի տո՞ւն ես ուզում ունենալ»:
4-5 մետր բարձրության հողը փլվեց գլխիս
Հեղինե Մարտիրոսյանն ամեն օր փողոցներում ընկած գունավոր մետաղ է հայթայթում, որպեսզի կարողանա միակ աղջկան կերակրել: Թվարկում է այն գործարանների անունները, որտեղ ամբողջ կյանքում աշխատել է, բնակարան գնելու համար գումարներ է տնտեսել ու ի պահ է տվել «Հայխնայբանկում»: Ասում է` «Էն ժամանակ էնքան փող էի հավաքել, որ արդեն կարող էի համ տուն գնել, համ էլ` մեքենա: Բարեկամներիս տանն էի մնում, վարձով էի մնում, որ կարողանամ փող հավաքել: Էկան ծանր տարիները, փողերս կորան, ու հայտնվեցի ահավոր վիճակում: 1991թ. մաղարիչով ինձ էստեղ սենյակ տվեցին, էն ժամանակ էդպես էր, էլի, ու մինչեւ հիմա աղջկաս հետ ապրում եմ: Հասկանո՞ւմ եք, մենք սոսկալի ծանր վիճակում ապրող մարդիկ ենք, գնալու տեղ չունենք, փողոցում ենք մնալու: Ամբողջ ձմեռ իմ ոտքերին սապոգ չի եղել, ցեպը պոկված, թել ու ասեղով կարած սապոգներով սառցակալած ընկել եմ կառավարության դռները, սոված-ծարավ գրել եմ, տարել եմ, բերել եմ, բա՞յց… Ես փողոցներից պղինձ եմ հավաքում, որ երեխուս կերակրեմ: Երեկ գնացել, 4 մետր խորությամբ հողի տակ եմ մտել, որ քանդեմ, էդ հողի տակից պղինձ գտնեմ: 4 մետր բարձրության հողը փլվեց վրաս, ոտքիս ցավից մեռնում եմ: Ես ամեն տեսակի ծանր գործ էլ կանեմ, բայց աշխատանքի չեն ընդունում, պատրաստ եմ նույնիսկ լապատկով հող փորել»: Տիկին Հեղինեն աղջկա` Սյուզաննայի հետ շուտով կհայտնվի փողոցում:
Բալահովիտում գտնվող այս հանրակացարանը նման է պատերազմի դաշտում «կենդանի» մնացած կիսափուլ մի շինության: Բացակայում են դռներն ու լուսամուտները, իսկ միջանցքները բառիս բուն իմաստով աղբանոց են, որտեղ ամեն քայլափոխի սատկած մկներ ու առնետներ են երեւում: Հակասանիտարական այս վիճակում խոլերայի տարածումն անխուսափելի է, մինչդեռ բնակիչների ահազանգերին սանէպիդկայանից չեն արձագանքում:
Այս շենքի բնակիչները չեն դժգոհում շենքում տիրող անհարմարավետությունից, կոմունալ պայմանների բացակայությունից ու սանիտարական վտանգավոր իրավիճակից: Նրանք պատրաստ են ամեն տեսակի դժվարությունները հաղթահարել, միայն թե չհայտնվեն փողոցում:
Շարունակելի…
Հ.Գ. Ի դեպ, մենք այցելեցինք նաեւ «Զառացյան եւ ընկերներ» ընկերություն՝ Ո. Զառացյանից մեկնաբանություն ստանալու նպատակով: Մեզ փոխանցեցին, որ նա տեղում չէ, սակայն նրա տեղակալը կարող է մեզ ընդունել: Որոշ ժամանակ անց մի երիտասարդ փոխանցեց, որ մեր հարցերին իրենք չեն կարող պատասխանել, բայց մեր կոորդինատները կփոխանցեն Ո. Զառացյանին, ով այդպես էլ մեզ հետ չկապվեց: Ամեն դեպքում «168 Ժամը» պատրաստ է լսել նաեւ նրան: