Բաբելոնում թարգմանիչներ են պետք

20/08/2008 Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մինչ ես կարծում էի, թե «դժվար է ստեղծագործել մի երկրում, որտեղ բոլոր գլուխգործոցներն արդեն գրվել են, ազգի լավագույն հերոսներն արդեն նահատակվել են, խելքը գլխին մարդիկ արտագաղթել են, եւ պատմությունը կատարել է իր երաշխավորված պտույտը եւ սկսել է կրկնվել», Մանուի օրենքի 7-րդ գլխում հանդիպեցի հետեւյալ պահանջներին՝ նախատեսված սեփականատերերի համար. «դուք չպետք է ապրեք մի երկրում, որտեղ ղեկավարում են ցածր կաստայի մարդիկ, նվաճված է հերետիկոսներից, չպետք է ընկերություն անեք անձեռնմխելիների, տխմարների եւ անպատկառների, ինչպես նաեւ՝ գերեզմանափորների հետ: Երկրին, որ բնակեցված է բացառապես ցածրակարգ մարդկանցով, անաստվածներով, ուր չկան երկրորդ անգամ ծնվածներ, սպառնում է արագ եւ լիակատար կործանում»: Խոստովանենք-չխոստովանենք, Հայաստանի Հանրապետության ներկա կացությունն առանձնապես լավատեսություն չի ներշնչում ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտներում: Համենայնդեպս, առկա ճգնաժամից, որն ըստ բոլոր նշանների՝ առավել խորանալու է աշնանը, դուրս գալու ոչ մի միջոց չի առաջարկում ո՛չ իշխող վերնախավը, ո՛չ զանազան գործարքներում ճողված ու ճապաղված մտավորականությունը (հանրային խորհուրդ), ո՛չ էլ իշխանափոխության սահմանադրական որոնումներում մոլորված ընդդիմությունը: Սա հուսահատության այն ձեւն է, որ Կիերկեգորը կոչում է հուսահատություն, որ ցանկանում է այդպիսին լինել, այսինքն՝ արդեն հաշտված է ստեղծված վիճակի հետ:

Քաղաքագետ ընկերս կարծում է, որ քաղաքական այսպիսի նախադրյալներով իշխանափոխություն կատարելը հեշտ է, միայն թե իշխանափոխություն կատարելու «ստրուկտուրա» չկա, ինչը մեծացնում է արտաքին գործոնների դերակատարությունը: Առարկությանը՝ թե հնարավոր չէ՞ իշխանափոխություն կատարելու ստրուկտուրա ստեղծել ներսում, ասենք, շնորհիվ ընդդիմության, ասում է, որ դա նույնպես անհնար է, քանի որ այն սովորաբար ստեղծվում է իշխանափոխությունից հետո եւ ոչ թե առաջ, ինչպես եղավ 88-ի «թավշյա հեղափոխությունից» հետո: Իսկ դա նշանակում է, որ երկրի ներքին խնդիրները մեծ վերապահումով է հնարավոր քաղաքական համարել եւ այդ պատճառով դժվար է ենթադրել, թե դրանք կարող են քաղաքական լուծում ունենալ՝ անգամ խորհրդարանական եւ նախագահական նոր ընտրություններով: Այդպես մտածողները պարզապես առաջնորդվում են դեմոկրատական արդեն քրեստոմատիական հասկացություններով եւ ոչ թե ստեղծված կացության սթափ վերլուծությամբ: Եվ ահա թե ինչու:

Արդեն 95-ին, անկախությունից հետո խորհրդարանական առաջին ընտրություններին երեւաց, որ երկրի իշխանություններին ոչ այնքան քաղաքական կապիտալ՝ վստահության քվե է պետք, որքան ուժ: Նույնը կրկնվեց 96-ի նախագահական ընտրություններին, ավելի անսքող՝ 98-ին, իսկ 2003-ին եւ 2008-ին միեւնույն վարքագիծը հասավ կուլմինացիայի՝ արտաքաղաքական իններորդ ալիքի տակ ճզմելով 99-ի հոկտեմբերի 27-ից հետո մարած հույսի վերարթնացումը, ու վերջնականապես պարզվեց, որ բացառապես բռնի մեթոդներով իշխանությունը պահպանած ինքնավերարտադրվող կեղծ վերնախավի համար հոգեբանորեն ընդունելի է միայն ու միայն ուժի, քան ազատ ընտրություններով իշխանություն ունենալու իրավունքը: Իսկապես Քոչարյանը վատ օժիտ թողեց Սերժ Սարգսյանին՝ առաջին հերթին ոչ լեգիտիմ իշխանության տասը տարի: Իսկ դա նշանակում է, որ մենք ոչ թե նախագահ եւ պետություն ունենք՝ անկախ եղած եւ սպասվելիք անուններից, այլ գործ ունենք ամրապնդված ռեժիմի հետ, որը փոխելը շատ ավելի դժվար է, քան իշխանափոխություն կատարելը: Որովհետեւ այսպիսի պայմաններում ցանկացած գործողություն ընդդեմ պետության է, ժամանակին Տիգրան Հայրապետյանի նկատած՝ «ցուգցվանգային» իրավիճակում թելադրված պարտադիր քայլ: Նույն պատճառաբանությամբ առկա ռեժիմը ինքնին սպառնալիք լինելով ցանկացած հասարակության հետագա զարգացման ճանապարհին, շատ ավելի վտանգավոր է լինելու պետության համար վրաց-ռուսական հակամարտությունից հետո տարածաշրջանում սպասվող գլոբալ փոփոխությունների ժամանակ՝ առ ոչինչ դարձնելով քոչարյանական «կազմակերպված պետության» ինքնահնար առասպելը:

Չափն անցնելն արեւելյան բարի սովորություն է, չափը չպահելը՝ հարավցու գեշ արյան խասյաթ: Երկրորդելով ասում եմ, որ ստեղծված իրավիճակում բոլոր լավատեսները ոչ միայն վատ են տեսնում, այլեւ վատ են գնահատում: Հայաստանում իրականությունից խուսափելու չորս ձեւ կա. իշխանություն ունենալը, ոչ լեգիտիմությունը, կազինոները եւ կուսակցականությունը, որոնցից յուրաքանչյուրն իր հիմնավորումներն ունի: Սակայն պարզվում է, որ կա նաեւ Սեւակի ասած «այն հինգերորդը», որ լավատեսությունն է: Կարելի էր դա մտածելու բնածին արատ համարել, եթե լավատեսությունն այդքան պատեհապաշտ հիմնավորումներ չունենար: Մեզ մոտ սովորաբար լավատես են նրանք, ովքեր իշխանության մեջ են կամ դեռեւս հնարավորություն ունեն իշխանության մեջ լինելու: Այնպես որ, տվածուրիկ արատն անգամ սոցիալական հայացք է իրականությանը: Այսինքն՝ իրականությունը վերարտադրելու զգայարանների չափով իրականությունը կեղծելու զգայարաններ ունենք, որոնք եթե անգամ նորմալ մարդուն բավարարում են, չեն կարող բավարարել հավակնություններ ունեցող մարդուն: Բոլոր դեպքերում մի բան ակնհայտ է. լավատեսությունը գենետիկ լուծումներ չունի, որովհետեւ ինչ քաղաքական է՝ գենետիկ չէ, իսկ ինչ գենետիկ է՝ քաղաքական է դառնում: Անշուշտ, ասածս դժվար է պատճառաբանել: Ուղղակի չեմ հասկանում, թե 2000-ամյա թատրոնը քանի անգամ պետք է բեմականացնի «Համլետը», որպեսզի գլխի ընկնենք, որ թատրոնը քաղաքական բեմի թամաշա չէ, մինչեւ որ հայտնվի այն մեծ բեմադրիչը, որը «ոչ» է ասելու ոչ միայն պատմությանը, այլեւ լավատեսությունը որպես ողբերգություն խաղալու համլետյան մեր ցանկությանը: