Կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը հատկապես վերջին տարիներին հաճախ է լինում Հայաստանում, քանի որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր նախագահն է եւ տարին մեկ անգամ գոնե մի քանի օրով այցելում է մեր երկիր: Այս տարի, սակայն, նրա ներկայությունը շատ գործնական ու բեղմնավոր էր, քան այլ փառատոնային տարիներին: Ատոմ Էգոյանը փառատոնային հինգ օրերի ընթացքում վարպետության դասեր անցկացրեց երիտասարդ ռեժիսորների հետ եւ իր նոր ֆիլմի համար մի քանի տեսարան նկարահանեց:
Նա ընդհանրապես ամեն ինչ իրար խառնեց ու ինքն իր առջեւ բարդ խնդիր դրեց` ուսման պրոցեսը զուգորդելով աշխատանքի հետ: Եվ հենց դա նրա վարպետության դասը շատ ավելի արդյունավետ դարձրեց, քանի որ կինոյի մասին «մերկ» զրույցը շատ կոնկրետ ուրվագծեր ստացավ եւ «միս ու արյուն», նաեւ` նյարդեր ու քրտինք ձեռք բերեց: Նա նկարահանում էր իր ֆիլմն ու միաժամանակ տարբեր երկրներից ժամանած երիտասարդներին բացատրում իր աշխատանքային սկզբունքները: Իսկ այդ սկզբունքների «մեխն» ազատությունն էր, որը ծնվում է նկարահանման հրապարակում եւ գրեթե կախված չէ պատրաստի սցենարից ու տեքստից: Մասնակիցները պատմում են, որ նույնիսկ սկսնակներին նա որպես հավասարի էր ընդունում, հավատում ու վստահում էր նրանց: Այդ նույն սկզբունքով աշխատում էր նաեւ Ատոմ Էգոյանի հետ համագործակցող օպերատորը՝ հայազգի Նորայր Կասպերը, ով տարիներ առաջ իր դեբյուտային աշխատանքն է արել Էգոյանի հետ:
10 երիտասարդ ռեժիսորներ (հայ, թուրք, ռուս եւ այլազգի) հնարավորություն ունեին Ատոմ Էգոյանին ցանկացած հարց տալ, իսկ Ա. Էգոյանն իրեն պարտավորված էր զգում անպայման պատասխանել ու պրոֆեսիոնալ գաղտնիքներով «կիսվել» ոչ միայն՝ որպես ռեժիսոր, այլեւ` որպես մոնտաժող եւ օպերատոր: Նա նույնիսկ դերասանների հետ շփման ու աշխատանքային մոդելի մասին էր խոսում, ինչը ռեժիսորները սովորաբար անել չեն սիրում: Դժվար է ասել, թե ֆիլմը վերջնականում ինչպիսի տեսք կունենա, քանի որ Ա.Էգոյանի խոսքերով` նյութն ինքն է ֆիլմ ստեղծում, եւ ֆիլմի հեղինակ լինելով` նա այս անգամ ուզում է պարզապես հետեւել նյութի պտույտներին եւ նույնիսկ հստակ գրված սցենարը չի կարեւորում: Նա խոստովանեց, որ նման իմպրովիզացիոն ֆիլմի ստեղծումն իր համար ավելի շուտ բացառություն է եւ ոչ թե օրինաչափություն:
«Ոսկե ծիրանի» կազմակերպած հերթական վարպետության դասն այսպիսով մի քանի նշանակետի հարվածեց. սովորեցրեց, նկարահանում ապահովեց եւ ֆիլմի նյութ դարձավ: Սա այս տարվա փառատոնի գլխավոր իրադարձություններից մեկն էր, որի նմանությամբ շուտով վարպետության դասեր կանցկացնի նաեւ իրանցի հայտնի ռեժիսոր Աբբաս Քիարուսթամին: Նա մեծ խմբի համար աշխատանքային դասընթաց կվարի Հայաստանում եւ զուգահեռաբար ֆիլմ կնկարահանի, որտեղ կօգտագործվեն Հայաստանի պատկերներն ու մասնագետները:
Ոչ միայն պրոֆեսիոնալները, այլեւ` անհատները
Ատոմ Էգոյանը շատ բարեհամբույր, շարժուն ու «բաց» մարդ է, եւ փոթորկի նման մեծ ներուժ ունի: Նա կայծակնային արագությամբ տարբեր իրավիճակների մեջ է ներխուժում, զննում, ուսումնասիրում ու օգտագործում դրանք: Նա նույնիսկ «Ոսկե ծիրանի» հերթական եւ շարքային ասուլիսներից մեկը նկարահանման հրապարակի վերածեց, միջամտեց կանադական ֆիլմը ներկայացնող ստեղծագործական խմբի զրույցին եւ իր ֆիլմի մի հատվածը նկարահանեց: Այդ հատվածում նա միաժամանակ եւ՛ ռեժիսոր էր, եւ՛ դերասան: Ըստ իր մտահղացման` նա լրագրող է, ով Հայաստան ժամանած կանադացի դերասանին հարցեր է տալիս: Ընդ որում` նա առանց որեւէ ավելորդ եւ անպատեհ լրջության՝ ինքն իրեն ուղղում էր ու անհաջող դուբլի դեպքում` ներողություն խնդրում լրագրողներից, որոնք ակամա հայտնվել էին դերասանների կարգավիճակում: Տկար կինոարտադրություն ունեցող Հայաստանում Ատոմ Էգոյանը փորձեց ցույց տալ կինոպրոցեսի «համն ու հոտը» ու կինոիմպրովիզացիայի գրավչությունը: Որպես երեւույթ՝ դա շատ կարեւոր էր:
Քանի որ Էգոյանի ֆիլմը նկարահանվում էր բացառապես իմպրովիզացիոն սկզբունքով, այն դեռ չունի ո՛չ անվանում, ո՛չ էլ հստակ կառուցվածք: Այն շատ յուրահատուկ ձեւով է ստեղծվում, կարծես իր վերջնական ձեւը փնտրելով բնազդաբար եւ ինքնաբուխ: «Ես էլ չգիտեմ, թե ֆիլմն ինչպիսի տեսք է ունենալու, բայց որքան հասկացա` թեման դեռ զարգանալու ու շարունակվելու է: Ատոմը պատրաստվում է մյուս հատվածները Կանադայում նկարահանել»,- ասաց ֆիլմի դերակատարներից մեկը` Աշոտ Ադամյանը:
Ատոմ Էգոյանը զգաց, որ Հայաստանը կարող է ֆիլմի գործող անձ դառնալ: Իր հայկական արմատներն ու հայ լինելը հիշելով` նա ցանկացավ հայաստանցիներին ներգրավել իր ֆիլմում: Այդ պատճառով էլ ֆիլմի 3 գլխավոր հերոսներից երկուսին Հայաստանում ապրող մարդիկ դարձրեց:
Ատոմ Էգոյանի` Հայաստանում ֆիլմ նկարահանելու ցանկությունը կարեւոր ու ազդեցիկ է ոչ միայն որպես կատարված փաստ, որը ֆիլմ դառնալով` բազմացնելու ու տարածելու է Հայաստանը ներկայացնող կադրերը, այլեւ` կարեւոր է որպես ուշագրավ դիտարկումների շղթա, որը հետաքրքիր է հենց մեզ` այս հողում ապրողներիս: Մեզ, առաջին հերթին, հետաքրքրում է, թե ինչպիսի՞ն է համաշխարհային հռչակ ու բազմաթիվ հեղինակավոր փառատոների մրցանակակիր Ատոմ Էգոյանը տեսնում մեզ ու մեր հանրապետությունը, ինչի՞ վրա է շեշտադրումներ անում, եւ ի՞նչ հայերի կերպարներ է ստեղծում:
Ֆիլմի սյուժեի համաձայն` կանադացի դերասանը (Արոն Փուլը) Հայաստանի կինոփառատոնի հրավերն ընդունելով` բերում է Դոստոեւսկու վեպի հիման վրա նկարահանված իր «Խաղամոլը» ֆիլմը: Նա շփվում է հայ լրագրողների ու հանդիսատեսի հետ, ճամփորդում Հայաստանի տեսարժան վայրերով: Ֆիլմի դրվագներից մեկը նկարահանվել է Խոր Վիրապում, ուր կանադացին որպես տուրիստ է գալիս ու ջանասիրաբար փորձում է հասկանալ, թե ինչո՞ւմ է այդ վայրի ուժը եւ կարեւորությունը հայերի համար:
Կանադացի դերասանը Հայաստանում ծանոթանում է հայ թարգմանչուհու (Արմինե Անդա-Աբրահամյան) հետ: Իսկ թարգմանչուհին, որն իրականում դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցչուհի է աշխատում, ֆիլմի սյուժե է բերում իր աշակերտներից մեկի ծնողին (Աշոտ Ադամյան), որը փառատոնային կինոկյանքից հեռու մարդ է, եւ, կարելի է ասել` տիպիկ հայաստանցի է` իր ուրույն մտածելակերպով: «Իմ հերոսը մեծ կյանքի փորձ ունեցող մարդ է, որի ուշքն ու միտքն այդ փորձն իր զավակին փոխանցելն է: Ի տարբերություն ուսուցչուհու, որը հստակ գիտի` ինչը կարելի է անել եւ ինչը չի կարելի, իմ հերոսն ապացուցում է, որ հստակ կանոնները միշտ չէ, որ ճիշտ են դուրս գալիս: Իմ հերոսի համար կյանքի փորձն ավելի կարեւոր է, քան կանոնները»,- պատմում է Ա. Ադամյանը, ով Ատոմ Էգոյանի հետ վաղուց է համագործակցում. նրանց առաջին համատեղ աշխատանքը կայացել է «Օրացույցը» ֆիլմում:
Ֆիլմի մեծ հատվածներից մեկը, որը հայերեն լեզվով է ներկայացվելու, պատկերում է ուսուցչուհու ու ծնողի զրույցը, որը պտտվում է երեխայի վարքի ու ապագայի շուրջը, սակայն, վերջիվերջո, վերածվում է կյանքը հասկանալու ու ընդունելու փորձի: Նաեւ` կնոջ եւ տղամարդու շփման մոդել է գծում: Ինչպիսի՞ն կլինի հայ երեխայի ապագան, եւ ի՞նչ կսովորեցնեն նրան մեծերը. թերեւս սա է կարեւորվելու դեռեւս անպատրաստ ֆիլմում: Եթե, իհարկե, մի պահ անտեսենք կանադական սյուժետային գիծը:
Արմինե Աբրահամյանը պատմում է. «Իմ պատկերացմամբ, Ատոմ Էգոյանը ուզում էր իմ կերպարի միջոցով ցույց տալ տարբեր գործերով զբաղվելու ունակ կնոջը, ով պատրաստ է իրեն տարբեր ձեւերով դրսեւորել: Եվ դա անում է առանց իր անձի վրա բռնանալու, անում է թեթեւ եւ հաճույքով: Իմ հերոսուհին ուսուցչուհի է, թարգմանչուհի է, նաեւ` մանկական հեռուստածրագրի հեղինակ է: Նա կարծես հասկանում է, որ ինքնադրսեւորվելու եւ գումար վաստակելու համար պիտի տարբեր գործերով զբաղվի»:
Կյանքի փորձը եւ մոբիլ խառնվածքն Ատոմ Էգոյանը դարձնում է հայ պերսոնաժների շարժիչ ուժը: Թերեւս արժե ուշադրություն դարձնել հենց այդ հոգեբանական շեշտերի վրա: Այդպիսին է տեսնում ժամանակակից հային հայտնի ռեժիսորը եւ զգում է, որ այդ գծերով են նրանք հետաքրքիր աշխարհին:
Ընդ որում` հայաստանցի դերասանների ընտրության փաստը նույնպես ուշագրավ է: Թեեւ բոլորս ճանաչում ու սիրում ենք Աշոտ Ադամյանին, սակայն նա երբեք մեծ պահանջարկ ունեցող ու իր դեմքը գովազդող անձ չի եղել: Նրան չի կարելի տեսնել ո՛չ սերիալներում, ո՛չ էլ գովազդային հոլովակներում: Նա շատ ավելի բծախնդիր է, քան շատ այլ դերասաններ: «Աշխատելով Ատոմ Էգոյանի հետ՝ ես հասկացա, որ նրան դերասանը ոչ միայն որպես պրոֆեսիոնալ է հետաքրքրում, այլեւ` որպես անհատականություն: Նա կարծես ընտրում է դերասաններին` նայելով նրանց էներգետիկային»,- պատմում է Արմինեն, ում նույնպես հաճախ չենք տեսնում էկրանին ու բեմերում:
Հայ դերասանները պատմում են, որ Ա. Էգոյանն իրենց խնդրել էր ազատ լինել նկարահանման ժամանակ, շեղվել տեքստից, եթե այդպես են ուզում: «Նա կարծես մեզ ցույց էր տալիս տեսարանի վերջնակետը, իսկ թե ի՞նչ ճանապարհով մենք կհասնենք այդ կետին, նա թողել էր մեր պատասխանատվության տակ: Նա շատ էր վստահում դերասաններին: Եվ նրա հետ աշխատելն ինձ համար երազանքի պես բան էր, որը ինձ շատ բան սովորեցրեց»,- ասում է Արմինե Անդա-Աբրահամյանը: Եվ պատմում է, որ յուրաքանչյուր դրվագից հետո Ատոմ Էգոյանը բոլորին «շնորհակալություն» էր ասում ու ոգեւորիչ խոսքերը չէր ափսոսում: Ամեն դեպքում հայկական կինոն ոգեւորելու ու խթանելու ժամանակը հասունացել է: Առավել հուսադրող է, որ դա անում է Ատոմ Էգոյանի պես հայտնի կինովարպետը: Թեկուզեւ, փոքր-ինչ ուռճացնելով իրողությունը, նա օգնում է մեր կինոյին «ոտքի կանգնել»: