Ջորջիո դե Կիրիկո (1888-1978թթ.)

20/08/2008 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

Ես պնդում եմ, որ ներկայումս ձեւավորվում է մի ճշմարիտ արդի առասպելաբանություն, եւ հենց Ջորջիո դե Կիրիկոյին է վիճակված դառնալ այդ առասպելաբանությունը հավերժացնող արվեստագետը:

Աստված յուր պատկերով է արարել մարդուն, մարդն էլ իր հերթին արձաններ եւ մարդապատկերներ է ստեղծում: Այս հրաշագործ արվեստագետի միակ մտահոգությունն է՝ «շունչ պարգեւել» ամենասովորական կոճղին կամ ճյուղին` այն հարմարեցնելով այս կամ այն նպատակին (մարդկային գլուխը կամ ձեռքերը դալար ճյուղերով փոխարինելով):

Նրա միտքը բնությունից օժտված է տարածության եւ ժամանակի մեջ տրված զգայական իրերի բարեփոխման արտասովոր ուժով: Ծննդաբանական ծառի ճյուղերն ամենուր են ծաղկում: Իսկ աստվածային կրակը երբեմն հայտնվում է միաժամանակ մոմի թրթռացող լույսի եւ աստղային վառ ցոլքի տեսքով:

Անդրե Բրետոն

Գույնի այդ հիերոգլիֆները` այլ լեզվի, այլ պոետիկայի վկայություններ են, որոնց ձգողականության դաշտում են ձեռնոցը, սոճու ելունդը, հռոմեական կիսանդրին, ընկնող ստվերները, ինքը` վարընկեց արեւը` ասես տեղաշարժվում են հանց աքսորյալներ ճամփամիջին, սպասման մեջ քարացած, աչքերը ծածկած: Դե ինչ, եթե, այսպես կոչված, անգիտակցականը` ոչ թե պարզապես մի քանի փաստեր են ի հավելումն արդեն հայտնիի, այլ արձանագրություն աշխարհի հետ ուրիշ հարաբերությունների հնարավորության մասին: Թվում է թե դատապարտված արվեստի առջեւ այստեղ բացահայտվում է նոր, անկանխագուշակելի ապագան: Փողոցի անկյունում` ոչ թե եւս մեկն է, այլ դեմքի վրա շողընկած լույսը:

Պոեզիան` ահա թե ինչը մի կարճ ակնթարթ վերածնեց Կիրիկոն մեր կործանված քաղաքների լաբիրինթոսում:

Իվ Բոնֆուա

Մենք, որոնց առջեւ բաց է մետաֆիզիկայի այբուբենը, գիտենք, թե ինչ բերկրանքներ եւ ինչ տառապանքներ է իր մեջ թաքցնում սյունասրահի ճարտարապետությունը, փողոցի անկյունը, պարզապես սենյակի պատերը կամ նույնիսկ տուփի ներքնամասը:

Գիյոմ Ապոլիներ

Գեղանկարչության մեջ «մետաֆիզիկական դպրոցի» հիմնադիր Ջորջիո դե Կիրիկոն, ով հայտնի էր ոչ միայն իր արտասովոր նկարներով, այլեւ պայծառատեսության եւ կանխագուշակման ահազդու շնորհով, ինքն է թողել մեզ իր բնապատկերների պոեզիայի լավագույն բանավոր նկարագրությունը. «Երբեմն հորիզոնը սահմանափակվում է պատով, որի ետեւում բարձրանում է անհետացող գնացքի աղմուկը: Անսահմանության ողջ կարոտը բացահայտվում է մեծ քառակուսու երկրաչափական ճշգրտության ետեւում: Մենք փորձում ենք ամենից անմոռանալի շարժումները, երբ աշխարհի որոշ տեսակերպերը, որոնց գոյությունը մենք ամբողջովին անտեսում ենք, հանկարծ մեզ կանգնեցնում են առեղծվածների հայտնության առջեւ` ամբողջ ժամանակ գտնվելով մեզ հասանելի սահմաններում, եւ դրանք մենք չենք կարող տեսնել, որովհետեւ չափազանց կարճատես ենք, եւ չենք կարող զգալ, որովհետեւ մեր զգայարաններն անբավարար են զարգացած: Նրանց մեռած ձայները մեզ հետ խոսում են մոտակայքում, սակայն նրանք հնչում են այլ մոլորակից եկած ձայների նման»:

Չգիտեմ, պատճառը Կիրիկոյի նկարներում թաքնված տարօրինակ մոգական ուժն էր, թե այլ մի բան, բայց 1979 թվականին` Երեւանյան ամառնավերջի թափուր փողոցներում (այն ժամանակ օգոստոսին Երեւանը համարյա թե դատարկ էր լինում) տապի եւ ասֆալտագոլորշու միջից հանկարծ հայտնվեցի հրապարակի Պատկերասրահում` Ջորջիո դե Կիրիկոյի նկարների առջեւ: Երեք սրահներում կախված էին նրա գործերը, եւ ամեն սրահում` մեկ կամ երկու հոգի: Համարյա երազի պես էր, երկար կանգնել էի նկարներից մեկի առջեւ` դատարկ, կիսախարխուլ տան չեչոտ տախտակների վրա նավակի մեջ նստած հուսահատ նավարկող Ոդիսեւսը: Եվ հիմա հասկանում եմ, երբ կարդում եմ այս տողերը. «Բայց երբ Բրետոնը դուրս թռավ շարժվող ավտոբուսից ցուցափեղկում տեսնելով Կիրիկոյի վաղ շրջանի կտավներից մեկը, եւ ճիշտ նույն կերպ վարվեց Իվ Տանգին, եւ Ապոլիները պոռթկաց շրջապատի մարդկանց ապշեցնող տարօրինակ ծիծաղով` ոչ, նրանք ոչ թե ընդունեցին անգիտակցականի ընդհանրությունը եւ ոչ էլ բերկրեցին գեղարվեստական ստեղծագործության ընթացքի մեջ գտնվող օրենքից: Ինչպես միշտ շրջադարձային փուլերում, նրանց մեջ դարձյալ ծաղկեց հույսը»:

Եթե նկարիչ Ջորջիո դե Կիրիկոն բավականաչափ հայտնի է, ապա համարյա անհայտ է նրա, ինչպես եւ նրա եղբոր` Անտոնիո Սավինյոյի (Անդրեա դե Կիրիկո) գրականությունը:

2004 թվականին Սանկտ Պետերբուրգի «Ազբուկա-կլասիկա» հրատարակչությունը լույս ընծայեց Ջորջիո դե Կիրիկոյի «Հեբդոմերոս» վեպը, որը գրվել է ֆրանսերեն` 1929 թվականին, եւ որտեղ շարունակվում են Ջ. Ջոյսի եւ Ռ. Ռուսելի ավանդները, եւ որը կուզենայի հնարավորինս համառոտ ներկայացնել:

Սա գիրք-ինքնակենսագրություն է, բայց ինքնակենսագրություն, որը ոչ մի ընդհանուր բան չունի վարքագրության եւ ժամանակային հաջորդականության հետ: Պատումի մթնոլորտի մեջ թափանցելու համար ընթերցողն իրեն պետք է ճամփորդ զգա անհայտ տեղանքում եւ դեգերի խորհրդավոր Հեբդոմերոսի հիշողության լաբիրինթոսներում: Այստեղ դուք չեք գտնի դասական վեպի կառուցվածքի ավանդական տարրերը, այլ դրա փոխարեն առկա է գերմանացի ռոմանտիկներից` Նովալիսից եւ Ֆ. Շլեգելից սերող հատվածայնությունը` անհամատեղելիի համատեղելիությունը, փոփոխվող տեսանկյունը, տեքստում հածող պատմական ակնարկները եւ գեղանկարչությունից ծնված տեսամեջբերումների հիասքանչ շարանը` այս ամենն ընթերցողին վեպը թե լսելու, թե տեսնելու եւ թե վերաիմաստավորելու հնարավորություն է ընձեռում:

Հեբդոմերոս անունը սերում է լատիներեն Hebdomada բառից, որը նշանակում է 7 թիվը: Հեպտադներ էին կոչվում Ապոլոնին ընծայված տոները, որ կատարվում էին ամսվա 7-րդ օրը` 7-ամսական ծնված Ապոլոնի համար, ով Հերմեսից նվեր էր ստացել յոթնաղի քնարը. 7 թիվը շնորհառության նշան է: Հեպտադը գաղտնածիսական նշանակություն ուներ ոչ միայն դիցաբանության համար, այլ նաեւ` անտիկ փիլիսոփայության: Ջորջիո դե Կիրիկոն միշտ հետաքրքրվել է Պյութագորասի եւ Հերակլիտեսի առավել դժվարընկալելի, հանելուկային կողմերով, եւ անշուշտ, քաջ տեղյակ էր, որ պյութագորականները հեպտադը համարում են կրոնի հիմքը, որն ինչ-որ կառուցվածքային հենք է, որի միջոցով հնարավոր է լինում կազմավորել աշխարհի ողջ բազմազանությունը, այլեւ ընդմեջ բազում հասկացությունների, որ բնութագրվում են այդ թվով, դրանք կոչում էին նաեւ դատողությունը, «երազը», «ձայները»: Այսպիսով, հուշերից եւ տեսիլքներից հյուսված քաղաքում ուղեցուցողը պետք է լինի ինտելեկտը, որը Կիրիկոյի պոետիկայում անձնավորվում է արվեստների հովանավոր աստվածության տեսքով: Եվ ինչպե՞ս չհիշել վեպի վերջին էջում հայտնվող «կուսական ճերմակությամբ հիասքանչ թռչուններին», ազատ, ինչպես արվեստագետի ստեղծագործ երեւակայությունը, կանաչ կղզիների վրա թեւածող, Ապոլոնի ծննդյան եւ այն կարապների մասին առասպելը, որ հասցրին արեւային Փեբոսի հայտնվելու ընթացքում թեւածելով 7 անգամ անցնել Դելոս կղզու վրայով:

Առաջին հայացքից վեպի սյուժեում բացակայում է միավորող գիծը (այսինքն, «կարմիր թելի նման անցնող» որեւէ բան չես գտնի): Դրվագների մասնատվածությունն ու անհամատեղելիությունը կարող է շփոթեցնել նույնիսկ ամենահմուտ ընթերցողին: Այդուհանդերձ, «Հեբդոմերոսն» ամբողջական գրական երկ է, սակայն ամբողջական այնքանով, որքան որ բոլոր դրվագները հարաբերվում են պատմողի հետ եւ նրա անհատական` ինչպես կենաց, այնպես էլ ցնորատեսական փորձի գեղարվեստական դրսեւորույթի արդյունքն են:

Վեպի առաջին իսկ էջերից ծնունդ է առնում հանելուկային մթնոլորտը. «գ եւ այդժամ սկսվեց ճամփորդությունն այդ արտասովոր տնով մեկ, որ տեղակայված էր խստաշունչ, բայց եւ վայելչագեղ փողոցի վրա: Տան արտաքին տեսքը հիշեցնում էր գերմանական հյուպատոսարանը Մելբուռնում: Ողջ առաջին հարկը գրավել էին վիթխարի խանութները: Եվ թեպետ օրը կիրակի չէր, ոչ էլ` տոնական, խանութները փակ էին, ինչը փողոցի այդ հատվածին հաղորդում էր մելամաղձոտ ձանձրույթի եւ ինչ-որ դատարկության այն առանձնահատուկ մթնոլորտը, որ կիրակի օրերին ձեռք են բերում անգլո-սաքսոնյան քաղաքները: Օդի մեջ թափանցում էր արդյունաբերական ապրանքներով առեւտրային պահեստների թեթեւ հոտը, անասելի եւ խորապես հուզող մի հոտ, որ սովորաբար արտածում են ծովափնյա կառամատույցների պահոցները: Զուգահեռը գերմանական հյուպատոսարանի հետ Մելբուռնում խորապես անձնական էր, եւ երբ Հեբդոմերոսն այնուհանդերձ իր տպավորությունները կիսեց ընկերների հետ, նրանք, համեմատությունը ծիծաղաշարժ համարելով, քմծիծաղեցին, բայց չկամենալով վիճել, տեղնուտեղը խոսեցին այլ բանից: Ինչից որ Հեբդոմերոսը հետեւություն արեց, որ նրանք, հավանաբար, վատ են հասկացել իր խոսքերի իմաստը: Նա շարունակում էր խորհրդածել այն մասին, որ դժվար է ըմբռնման հասնել, եթե խոսքը վերաբերում է ինչ-որ վսեմ կամ խորունկ բանի. «Տարօրինակ է, – ինքն իրեն կրկնում էր Հեբդոմերոսը, – միտքն առ այն, որ ինչ-որ բան խույս է տալիս իմ հասկացողությունից, ինձ դիվադադար կաներ, իսկ մարդիկ, որպես կանոն, կարող են նայել իրենց համար անհասկանալի բաներին, կարդալ եւ լսել դրանց մասին, եւ, ընդ որում, անհանգստություն չապրելով»:

Ինչ-որ արտասովոր բանի կանխազգացմանը չեն խոչընդոտում արտաքնահարդար նկարագրությունները, եւ իրական դեպքերին փոխարինում են մանկության օրոք տեսած երազները, որոնց հաջորդում են տեսիլքները, ասես ինչ-որ ուրվականային դերասաններով խաղարկված մոգական բեմադրություններ: Ողջ պատումն իր հյուսվածքով յուրատեսակ կոլաժ է հիշեցնում, հայտնվում են տեսիլքներն ու ճամփորդությունները` Դանթեի բանաստեղծական երեւակայության անբաժանելի տարրերը: «Աստվածային կատակերգության» հեղինակից զատ, բոլոր նրանց թվում, որ էական ազդեցություն են գործել Կիրիկոյի վրա, ինքը եւ քննադատները բազմիցս հիշատակում են Շոպենհաուերին եւ Նիցշեին: Վերջինիս փիլիսոփայական ասույթների հատու եւ կայծակնացայտ ոճին այնքան համահունչ են Հեբդոմերոսի բնույթն ու մտածելակերպը:

20-րդ դարի առասպելաստեղծագործական պրակտիկան դեռեւս պետք է մարսել, սակայն կասկած չի հարուցում այն փաստը, որ այն նորագույն ժամանակների մշակութային երեւույթ է, որը տարակերպ եւ բազմակողմանիորեն հետազոտել է Կուրտ Հյուբները:

«Մետաֆիզիկական դպրոցի» հիմնադիր Ջորջիո դե Կիրիկոն մեկն է նրանցից, ով մոտեցավ առասպելաստեղծաբանության ակունքներին եւ իր եղբոր` Ալբերտո Սավինյոյի հետ կարողացավ նույնիսկ ամենասովորական առարկաների մեջ գտնել անսովորը: Այդ պոետիկայի հմայքի տակ ընկնելով, նրանց միացավ գեղանկարչության մեջ ֆուտուրիզմի պարագլուխներից մեկը` Կառլո Կարրան, իսկ հետագայում՝ նաեւ Ջորջիո Մորանդին, ովքեր մի շրջան ստեղծագործեցին այդ բանաստեղծական հոգով համակված, սակայն այս երկու նկարիչներն էլ, ինչպես նկատել է արվեստաբաններից մեկը. «էությամբ խորապես դասական էին, եւ երբ Կիրիկոն վերադարձավ Փարիզ ու լքեց նրանց, նրանք աստիճանաբար թողեցին մետաֆիզիկական ոճը` փնտրելով ոչ թե անսահմանության կարոտ, այլ վերջավորի պարզություն»:

Առարկաները Կիրիկոյի վեպում, ինչպես եւ նկարներում, սովորաբար մեկուսի են` ասես երեւակայական բեմի պարագաներ, եւ այնպես են տեղաբաշխված, որ ստեղծում են սպասման, դրամայի զգացում: Նույն զգացումն է ծնում նաեւ երբեմն Կիրիկոյի ցնորատեսական շինությունների ծաղրապատկերը հիշեցնող Հյուսիսային պողոտան, սակայն, ինչպես ասում էր իմաստուններից մեկը. «Երկու հոգի անում են նույն բանը, բայց տարբեր բաներ են ստացվում»: