ԿԸՀ-ում «Ժառանգության» նորանշանակ անդամ Հովսեփ Խուրշուդյանը երեկ բաց նամակով դիմել է ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին, իսկ նամակի պատճեններն ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ՀՀ նախագահի Վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանին` տեղեկացնելով, որ Արաբկիր համայնքի ղեկավարի «հավանական» թեկնածու Ալբերտ Երիցյանը համատարած ընտրախախտումներ է իրականացնում համայնքում: Ըստ Հ. Խուրշուդյանի` վերջին շրջանում իրենց գրասենյակ այցելող մի շարք քաղաքացիներ ահազանգ են հնչեցրել Ալբերտ Երիցյանի կողմից սկսված զանգվածային ընտրակաշառքների տարածման կապակցությամբ` քաղաքացիների անձնագրային տվյալների հավաքագրման հիման վրա: «Բացի դրանից, «Ժառանգության» գրասենյակ այցելած տարբեր քաղաքացիներ հայտնել են մեզ, որ համայնքի` Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մի շարք հիվանդանոցների եւ պոլիկլինիկաների ղեկավարությունը` աշխատանքից ազատելու սպառնալիքով հրահանգել է այդ հիմնարկներում աշխատող արաբկիրցիներին՝ ապահովել Ալբերտ Երիցյանի օգտին ընտրողների որոշակի քանակություն, որի վերաբերյալ ներկայացնել համապատասխան ցուցակներ` անձնագրային տվյալներով: Հաշվի առնելով այն, որ վերը նշված երկու դեպքերն էլ Ընտրական օրենսգրքի քրեորեն պատժելի կոպիտ խախտումներ են, ինչպես նաեւ այն, որ ընտրակաշառքներով եւ վարչական ճնշումների միջոցով ձեւավորված իշխանությունն ուղղակի սպառնալիք է` ուղղված ՀՀ ազգային անվտանգության եւ մեր երկրում հասարակական կարգի դեմ, խնդրում ենք կիրառել ձեր իրավասության տակ գտնվող անհրաժեշտ բոլոր միջոցները` կանխելու համար նախընտրական փուլում, ինչպեսեւ դրան նախորդող ժամանակաշրջանում ընտրողների վրա վարչական ճնշման դեպքերը, ընտրակաշառքների տարածումը, այլ ընտրախախտումները, բացահայտել եւ պատժել դրանք իրականացնող անձանց»,- ասված է նամակում: