«Մեր մեջ Բոբո կա»

31/05/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մայիսի 14-ին «Ավանգարդ ֆոլկ երաժշտական ակումբում» Արտո
Թունչբոյաջյանի էթնո-ջազ երաժշտության ներքո ծնվեց եւս մեկ Բոբո: Նկարիչ
Գրիգոր Միքայելյանի` Քիքիի բնորոշմամբ, ստեղծվեց ավելի հայկական Բոբո: «Ես
սիրում եմ գործողությունը կատարված կտավի վրա. ազատ, տարերային, արագ,
անկրկնելի: Այդ պահին ես կերպարանափոխվում եմ, վերածվում ինչ-որ մի գաղտնի
անբացատրելի ուժի ուղեկցի, որի արդյունքում ծնվում է արվեստը»,- ասում է
Քիքին:

– Կարո՞ղ եք մեկնաբանել Բոբոյին, ամենասկզբում ինչպե՞ս ծնվեց նա:
– Շատ պատահական. ամենասկզբում ինքը երկու շրջաններ էր, հետո՝ եռանկյուն:
Քանի որ ես աբստրակտ նկարիչ եմ, հիմնականում գույներով, գծերով տարբեր
իմպրովիզացիաներ էի անում, իսկ հետո սկսեցի կոնկրետ ֆորմաներ օգտագործել`
բիոմետրիկ, կլոր, եռանկյուն, գիծ: Բոբոն կազմված է երեք էլեմենտներից`
կլոր, եռանկյուն ու գիծ: Մի օր պատահական, այն եռանկյունու մեջ, որն
առանձին նկարում էի, երկու կլորներ մտան` աչքերի պես, հետո գիծ, սեւ
ներկով մի բան արեցի, մեկ էլ տեսնեմ՝ հայտնվել է մի շատ տարօրինակ կերպար:
1983 թվականն էր, երբ տեսա զարմացա, որովհետեւ այն, ինչը մտածված ես
անում, չի ստացվում, ինչ-որ մեկի արածի պես ես անում: Բայց այդ մտածելու
եւ չմտածելու պատահականության արանքում ինչ-որ պահի հայտնվեց ինքը,
այսինքն` մի բան, որը չես տեսել, բայց մի բան, որն այդպես էլ պետք է
լիներ: Տղաներին կանչեցի հարցրեցի` ո՞նց է, ասացին՝ շատ զիլ բան է:
Հարեւանս միշտ գալիս գործերս նայում էր, նայեց, ասաց` «Ա՛յ տղա էս բոբո ես
նկարել, երեխեքս տեսնեն՝ կվախենան»: Ասացինք՝ բոբո, բոբո, բոլորը, թե`
բոբո, ու էդ կերպարը դարձավ Բոբո: Հետո աստիճանաբար հասկացա, թե ով է
Բոբոն, որ բոլորս համարյա Բոբո ենք, մեր մեջ Բոբո կա, մարդն է Բոբոն,
Բոբոն մեզ հետապնդում է, մարդը Բոբոյով արտահայտում է մի բան, որը չի
կարողանում արտահայտել: Այդ կերպարը, որի անունը դրել ենք՝ Բոբո, այսօր
ռեալ գոյություն ունի, բայց ինքն արվեստ է:
– Այսինքն Բոբոն ե՞ս-ն է:
– Այո՛, ես-ն է, մարդն է, կերպարն է, մեր ներքին մարդն է:
– Բոբոյի մեջ մի տեսակ ագրեսիա կա:
– Եթե նայես որպես ագրեսիա` կա ագրեսիա, եթե նայես որպես ողբերգություն`
կա ողբերգություն, եթե նայես որպես ուրախություն, ուրեմն ուրախություն կա:
Հաճախ նա շատ բարի է, ծիծաղում է, երեխայի խաղալիքի պես է: Գույներով
Բոբոներ էլ կան, նրանք միատեսակ չեն, ուղղակի սեւով նրա հիմնական
կառուցվածքն է, եւ սեւով ինքը շատ ազդեցիկ է: Գունավոր Բոբոներ էլ կան,
որոնք նույնիսկ անուններ ունեն` Բոբոն այս տեսակ կամ այն տեսակ: Արդեն 22
տարի է՝ Բոբոն կենդանի է: Աղջիկս մի օր ասաց՝ եթե չնկարես՝ կնեղանամ:
Նույն բանը ես էի մտածում, ամեն տարի նկարում եմ, հակառակ դեպքում իսկապես
կնեղանա: Եթե իրեն մոռանաս ու չնկարես, հաստատ կնեղանա:
– Էթնո-ջազ երաժշտությունն ի՞նչ ազդեցություն ունեցավ Բոբոյի վրա:
Առհասարակ երաժշտությունը փոփոխության ենթարկո՞ւմ է, թելադրո՞ւմ է Բոբո:

– Այո՛, որովհետեւ Բոբոն պահ է, այստեղ-ն է եւ հիմա-ն, այսինքն` այստեղ-ն
ու հիմա-ն եւ՛ նույնն է, եւ՛ նույնը չէ: Մշտապես տարբեր մարդկանց
առկայություն է, տարբեր երաժշտություն է, տարբեր կատաղություն է, տարբեր
հանգստություն է, եւ ինքն էլ տարբեր է իր ականջներով, աչքերով…
– Արտոյի երաժշտությունն ինչպե՞ս անդրադարձավ Բոբոյի վրա:
– Հայկական դարձրեց Բոբոյին, հայկական ոգու իմաստով, որովհետեւ
երաժշտությունը հայկական էր: Բոբոյի մեջ բոլոր ժամանակների մշակույթներից
կա: Բոբոն ունիվերսալ կերպար է, հայ չէ, ճապոնացի չէ, ինքը հենց
արտահայտում է ունիվերսում: Եթե մարդն ունիվերսումի մեջ է, միկրոկոսմ է եւ
կապ ունի մակրոկոսմի հետ, ինքն էլ կերպար ունի մարդու եւ կոսմոսի: Մարդը
նույնպես իր մեջ արտահայտում է կոսմոս, եւ կոսմոսն էլ՝ մարդ:
– Ամեն մարդ կարող է Բոբո ստեղծել. չե՞ք վախենում, որ Բոբոները կշատանան:
– Կշատանան իմ Բոբոյին կխեղդե՞ն. Ո՛չ, ամեն մարդու Բոբոն տարբեր ու հետաքրքիր կլինի:
– Բոբոյի մեջ «իզմ»-եր կա՞ն:
– Իհարկե կան: Բոբոյի մեջ եվրոպական եւ ամերիկյան արվեստի ազդեցություն
կա: Ազդեցություն կա չինական արվեստի կալիգրաֆիայից` ժեստից, միանգամից
տրամադրություն է, ժեստ է, խոսք է, նախադասություն է, ամեն ինչ է եւ
յուրաքանչյուր նկարչի մոտ տարբեր է: Այսինքն` այնպես, ինչպես
հավերժությունն ամեն մեկը գծում է իր ձեւով, չինական կալիգրաֆիան միայն
գեղեցիկի համար չի, այլ՝ տրամադրություն է, փիլիսոփայություն է: Դա եկել է
արեւելյան կալիգրաֆիայից, ներմուծվել է Արեւմուտք եւ Արեւմուտքի
նկարչության մեջ կոչվել է «անձեւ աբստրակցիա»: Դադաիզմը նույնպես իր մեջ
ունի այդպիսի անհեթեթ ու անարխիստական, կուլտուրան ժխտող կերպարներ,
արվեստային ձեւեր: Դադաիզմից հետո միաժամանակ հայտնվում է սյուրռեալիզմը
եւ աբստրակցիոնիզմը: Այսինքն` կերպարը սյուրռեալիստական, վերիրական է:
Բոբոն ունի նաեւ անձեւ աբստրակցիա, որը կա Եվրոպայում, Իսպանիայում եւ շատ
մոտ է իսպանական նկարչության կերպարներին` Ֆիլիպ թագավոր, Ինկվիզիտոր: Կա
նաեւ ֆրանսիական նկարչության ժեստ, անձեւ աբստրակցիա, ամերիկյան աբստրակտ
էքսպրեսիոնիզմ, անմիջական, միանգամից անելու մեթոդը: Կա նաեւ նոր
ֆիգուրացիա, այսինքն՝ 80-ականներին ստեղծված ֆիգուրատիվ նկարչություն: Ի
վերջո, կա հենց ինքը, որպես Քիքին, Բոբոն՝ իր ֆորմայով, իր ձեւով: