Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները կարող են խաթարվել տարիներով, եթե Մոսկվան չընկրկի Վրաստանի հետ հակամարտությունում: Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդել է «Ռոյթերզ» գործակալությունը, Գեյթսը նշել է, որ ԱՄՆ-ը նոր «սառը պատերազմ» չի ցանկանում Ռուսաստանի հետ: «Եթե Ռուսաստանը չհրաժարվի Վրաստանում իր ագրեսիվ դիրքորոշումից ու գործողություններից, ամերիկա-ռուսական հարաբերությունները կարող են լրջորեն խաթարվել տարիներով»,- ասել է Գեյթսը: Նա հայտարարել է, որ Ռուսաստանի գործելակերպը հարցականի տակ է դնում երկխոսությունը երկարաժամկետ ռազմավարական հարաբերությունների շուրջ: Նա հայտնել է նաեւ, որ ԱՄՆ-ը Վրաստանի հետ Ռուսաստանի հակամարտության պատճառով չեղյալ է հայտարարել ՌԴ-ի հետ արդեն երկրորդ համատեղ զորավարժությունները: Միաժամանակ Գեյթսը բացառել է Վրաստանում ԱՄՆ-ի զորքերի օգտագործումը: