Այս օրերին Հայաստանի քաղաքական միտքը զբաղված է ռուս-վրացական հակամարտությունը վերլուծելով: Ընդ որում` վերլուծությունն ընթանում է մի քանի ուղղություններով` ի՞նչ զարգացում կունենա այդ հակամարտությունը, ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության վրա, ՀՀ իշխանություններն արդյո՞ք ճիշտ դիրքորոշում են որդեգրել հակամարտող երկրների նկատմամբ: Եվ այս հարցերի հետ կապված հնչում են միանգամայն տարբեր տեսակետներ:
Կարծիք կա, որ այս պատերազմով Ռուսաստանն իր դիրքերն ավելի է ամրապնդում այս տարածաշրջանում: Նաեւ կարծիք կա, թե այս հակամարտության արդյունքում ԱՄՆ-ը եւ Եվրոպան վերջնականապես մուտք են գործելու Անդրկովկաս: Սակայն բոլորն էլ համոզված են, որ սա ոչ թե Վրաստանի եւ Հարավային Օսիայի հակամարտությունն է, այլ` Ռուսաստանի եւ Արեւմուտքի: Կարծիքներ կան, որ այս հակամարտության պատճառով Հայաստանի ներքաղաքական կյանքը դուրս է մնալու աշխարհի ուշադրության կենտրոնից, եւ հակառակը`դա չի կարող ազդեցություն ունենալ մեր երկրի վրա: Եվ երրորդ վիճահարույց հարցն այն է, թե արդյոք ՀՀ իշխանությունների որդեգրած դիրքորոշումը ճի՞շտ է, թե՞ սխալ: Եվ ահա քաղաքագետ Աղասի Ենոքյանը համոզված է, որ թեեւ աշխարհի ուշադրությունը սեւեռվելու է Վրաստանի վրա, բայց մյուս կողմից էլ` մեր տարածաշրջանն է դառնում ռուս-ամերիկյան հակամարտության կարեւոր օջախ: Իսկ ուշադրության կենտրոնում հայտնվելու դեպքում էլ, քաղաքագետի խոսքերով` «Կոլոմբիեին ու Պրեսկոտին այստեղ լավ նայելով` արդեն դժվար կլինի հարց լուծել»: «Իհարկե, կան նաեւ այլ հետեւանքներ` Սահակաշվիլին ցույց տվեց, թե որքան վտանգավոր է ոչ լեգիտիմ նախագահը: Ոչ լեգիտիմ նախագահն իր լեգիտիմությունն ավելացնելու համար ստիպված է գնալ շատ կտրուկ եւ երբեմն դժվար բացատրելի քայլերի: Դա պարզապես պոպուլիզմ է»,- ասում է Ա.Ենոքյանը: Նրա կարծիքով՝ Ռուսաստանը շահելով ճակատամարտը` տանուլ տվեց պատերազմը, եւ դրա արդյունքում տարածաշրջանում այդ երկրի ազդեցությունը կթուլանա: «Ռուսաստանը հոխորտալով, զենք շաչեցնելով` մտավ տարածաշրջան, բայց դա էապես ազդեց իր միջազգային հեղինակության վրա: Բոլորը տեսան, թե որքան վտանգավոր երկիր է Ռուսաստանը: Շատ մոտ ապագայում Արեւմուտքն այստեղ կամրապնդի իր դիրքերը»,- ասում է Ա. Ենոքյանը` ավելացնելով, թե Անդրկովկասում գերադասելի է ոչ միայն Արեւմուտքի կամ միայն Ռուսաստանի ազդեցությունը, այլեւ «հավասարակշռված դերակատարությունը»:
Մեկ այլ քաղաքագետի՝ Ստեփան Գրիգորյանի կարծիքով էլ` եթե մեր իշխանությունները ճկուն քաղաքականություն ցուցաբերեն, չի բացառվում, որ այս իրավիճակում Հայաստանի դերը նույնիսկ մեծանա տարածաշրջանում: Վերջին տարիներին տարածաշրջանի բոլոր ծրագրերն իրականացվել են Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Եվրոպա ուղղությամբ եւ շրջանցել են Հայաստանը: Նրա խոսքով` ռուս-վրացական հարաբերությունների սրումը ցույց տվեց, որ այդ ուղղությունն այնքան էլ վստահելի չէ: «Ի վերջո, այսօր ձախողված են, կամ գոնե կանգ են առել այդ բոլոր գծերը: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Սուփսա նավթամուղները չեն աշխատում, Փոթի նավահանգստում իրագործվող ԵՄ տնտեսական բոլոր ծրագրերը ձախողված են: Պարզվեց, որ միայն Վրաստանով բավարար չէ այդ ծրագրերի իրականացումը: Հիմա կողմերն իրենց միակողմանի քաղաքականության պտուղներն են քաղում: Հայաստանի ներգրավումն այդ բոլոր ծրագրերն ավելի կայուն կդարձներ: Եթե Կասպյան ավազանից նավթամուղի կամ գազամուղի մի մասնաճյուղ անցներ Հայաստանով, նույն Վրաստանն այսօր ապահովված կլիներ նավթով ու գազով: Ռուսաստանը երկու մասի բաժանեց Վրաստանը, պարզ է, որ դա երկար չի տեւի, Ռուսաստանն իր զորքերը պետք է դուրս բերի: Բայց այս զարգացումները ցույց տվեցին, որ եթե Հայաստանը ներգրավված լիներ Արեւմուտք-Արեւելք ծրագրերի մեջ, Թուրքիան բացեր սահմանը, դա դրական կլինի նաեւ Ադրբեջանի ու Վրաստանի եւ նույն Թուրքիայի համար: Հիմա ես շատ մեծ կասկածներ ունեմ, որ ընդհանրապես կաշխատի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը: Այս տիպի տարածաշրջանում չպետք է հույսը դնել միայն մի գծի վրա: Պայթյունավտանգ տարածաշրջան է, Արեւմուտքի ու Ռուսաստանի շահերն են բախվում: Տեսեք, Ռուսաստանը հարվածեց Վրաստանում միայն այն օբյեկտներին, որոնք կառուցվել էին ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի կողմից»,- ասում է Ս. Գրիգորյանը եւ ավելացնում, որ Արեւմուտքն արդեն փորձում է իր դիրքերը ետ բերել: Քաղաքագետը նաեւ համոզված է, որ ԱՄՆ-ը ռազմական նավատորմ կբերի վրացական նավահանգիստներ եւ Վրաստանին ռազմական օգնությունը կուժեղացնի: Ս. Գրիգորյանի խոսքով` արդեն խաղաքարտի վրա է դրված ԱՄՆ հեղինակությունը, եւ եթե համարժեք պատասխան չտա, ապա իր դիրքերը Մերձավոր Արեւելքում շատ կթուլանան:
Իսկ արդյո՞ք ՀՀ իշխանություններն այս կարեւոր իրավիճակում ճիշտ դիրքորոշում են որդեգրել եւ արդյո՞ք մեր երկրի շահերից բխող արձագանք են տալիս: Հիշեցնենք, որ Վրաց-օսական պատերազմի ժամանակ թեեւ Հայաստանի համար բավականին ծանր վիճակ էր ստեղծվել, բեռնափոխադրումն, ըստ էության` կանգ էր առել, ՀՀ քաղաքացիները խուճապահար փախչում էին Վրաստանի հանգստյան գոտիներից, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այդ օրերին մնաց Պեկինում: Ս. Սարգսյանը Պեկինից հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ, իսկ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն ընդամենը ցավակցական հեռագիր էր հղել:
«Ես կարծում եմ, որ այս էտապում զգուշավոր պահվածքը ճիշտ է, ավելի շուտ` մենք պետք է ստանձնենք խաղաղարարի ու հումանիտար միջանցքի դերը: Մի կողմին պաշտպանելը Հայաստանի համար շատ դժվար է: Ռուսաստանը կարծես թե ՀՀ ռազմավարական գործընկերն է, մյուս կողմից էլ՝ մեր կյանքի ճանապարհն անցնում է Վրաստանով, որը մեզ համար բարեկամ երկիր է: Թող նախ Արեւմուտքը կողմնորոշվի, որ եթե մենք, Ադրբեջանը, Վրաստանը հստակ կողմնորոշվենք, իրենք մեզ կպաշտպանե՞ն: Այս մոտ ժամանակում ես կարծում եմ, որ չեզոք դիրքորոշումը ճիշտ է»,- ասում է Ս.Գրիգորյանը:
Ա. Ենոքյանն էլ գտնում է, որ այս հակամարտությունը ցույց տվեց, որ «Հայաստանի իշխանությունները չեն տիրապետում քաղաքական իրավիճակին, քաղաքական լուծումներ գտնելուն»: «Համենայնդեպս, նրանց պասիվ կեցվածքն այդ մասին է խոսում, եւ հնարավորինս շուտ պետք է Հայաստանում ստեղծել իսկապես քաղաքական իշխանություն: Ամեն դեպքում ՀՀ իշխանություններն ունեին գոնե հումանիտար մոտեցումների հնարավորություն, եւ անգամ այդ հումանիտար ասպեկտը նրանք չընկալեցին եւ օգնության առաջարկներ չարեցին: Նույնիսկ ՀՀ քաղաքացիների հետ կապված խնդիրները լուծեցին շատ վատ: Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին անվճար տեղափոխման հարցը նույնիսկ չլուծեցին»,- ասում է Ա. Ենոքյանը: