Հանուն քաղբանտարկյալների ազատության

17/08/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արդեն 28-րդ անգամ` քաղբանտարկյալների ազատ արձակման կապակցությամբ ՀՀ Գլխավոր դատախազության շենքի առջեւ բողոքի ակցիա է տեղի ունենում:

Ակցիայի մասնակիցներն ապրիլ ամսից սկսած` յուրաքանչյուր ուրբաթ, ժամը 14:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում բողոքի ակցիա են կազմակերպում, նամակներ ուղարկում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին: Նրանց նամակներին, սակայն, մինչ օրս ոչ մի պատասխան չի ստացվել` ո՛չ դրական, ո՛չ բացասական: «Չորս ամիս շարունակ ստորագրություններով հանդերձ՝ հանձնում ենք Դատախազություն, եւ ոչ մի պատասխան չենք ստանում: Նամակի բովանդակությունը չի փոխվում, նույն պահանջն է, որովհետեւ երկրում ոչինչ չի փոխվել: Մեր պայքարը սահմանադրական է, հանուն օրենքի վերականգնման: Մենք հույս ունենք, որ, ի վերջո, օրենքը կհաղթի: Այս ակցիաները կշարունակվեն այնքան, մինչեւ վերջին քաղբանտարկյալները ազատ չարձակվեն»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը` տիկին Արմինեն` ավելացնելով, որ իրենք պահանջում են պատժել մարտի 1-ի ոճրագործներին: Ակցիայի մասնակիցները նաեւ ոչ մի վստահություն չունեն մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նկատմամբ: «Նրանք անկախ չեն, այդ հանձնաժողովը ձեւավորվել է խախտումներով, կեղծիքով: Շատ քաղբանտարկյալներ այսօր առողջական ծայրահեղ վատ վիճակում են: Ինչի՞ մասին են մտածում այս հանձնաժողովի անդամները, ինչո՞ւ չեն մտածում այդ մարդկանց առողջության մասին: Գոնե կալանքի խափանման միջոցը փոխեն, որ այդ մարդիկ գնան բուժվեն: Եթե գոնե մի հիվանդ քաղբանտարկյալ դուրս գար բանտից, կհասկանայինք, որ այդ հանձնաժողովն ինչ-որ բանով զբաղվում է»,- ասաց նա: Ազատամարտիկ Հովհաննես Հարությունյանի կինը` Անժելա Ալավերդյանը, հավաստիացնում է, որ իրենց ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչեւ «վերջին պատանդը դուրս չգա բանտից»: «Ինչպե՞ս կարելի է քաղաքական հայացքների համար մարդուն ձերբակալել, այն դեպքում, երբ մարդասպաններն այսօր քաղաքում քայլում են, սափրագլուխները լրագրողների են ծեծում ու ազատ են: Մենք պայքարելու ենք, ոչ մի րոպե չենք կանգնելու, իսկ հաղթանակը, ինձ թվում է, շատ մոտ է լինելու»,- ասաց տիկին Ալավերդյանը` նշելով, որ իր ամուսինն անազատության մեջ պիտի մնա մեկուկես տարի, որից վեց ամիսն արդեն անցել է: Ակցիային մասնակցում էր նաեւ Համազգային կոնգրեսի անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը, ով մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ նման ակցիաներն անպայման հասնելու են հաջողության, քանի որ «Հայաստանը չի կարող չարիքի երկիր լինել»: «Ուղարկված նամակների պատասխանի հետ մենք ոչ մի հույս չենք կապում: Գաղտնիք չէ, որ այս շենքում հանցագործներ են նստած, որոնք պատվերով մարդկանց հալածում են: Մեր ճնշումը ոչ թե նրա համար է, որ ինչ-որ անհեթեթ կամ սուտ պատասխան ստանանք, այլ որպեսզի օր առաջ ազատ արձակվեն քաղբանտարկյալները»,- ասաց նա: Պրն Ռուբինյանի հավաստմամբ` ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ քաղբանտարկյալների առողջական վիճակն օր օրի վատթարանում է: «Մյասնիկ Մալխասյանի դեպքն ուղղակի խայտառակություն է: իսկ նրանք, ովքեր չեն բողոքում, չի նշանակում, որ լավ են: Պարզապես դեռ դիմանում են»,- ասաց նա: Կ. Ռուբինյանը նաեւ համոզված է, որ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը պարզապես ԵԽ ԽՎ բանաձեւի պահանջներին ընդառաջ հերթական իմիտացիան է: Դրանով, ըստ նրա, իշխանությունները փորձում են ցույց տալ, որ ինչ-որ բանով զբաղվում են: Սակայն այդ հանձնաժողովը, Կ. Ռուբինյանի համոզմամբ` չի կարող անկողմնակալ լինել ու վստահություն ունենալ: «ԵԽ ԽՎ բանաձեւի պահանջներին ուղղված բոլոր քայլերը միայն իմիտացիոն են, որովհետեւ թե՛ առաջին, թե՛ երկրորդ բանաձեւերը միանշանակ ասում են, որ պետք է ազատ արձակել քաղբանտարկյալներին: Ինչպես տեսնում եք` չեն անում: Մնացած ամբողջն իմիտացիա է»,- ասաց նա:

Հ.Գ. Օգոստոսի 14-ի դրությամբ, հետընտրական իրադարձությունների կապակցությամբ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող գործի շրջանակներում նախնական կալանքի տակ է գտնվում 12 մեղադրյալ, եւս 9 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանավորման հետ կապ չունեցող այլ խափանման միջոց: Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն` դատարան է ուղարկվել 84 քրեական գործ՝ 97 անձի վերաբերյալ, որոնցից 67-ով՝ 77 անձի վերաբերյալ, դատաքննությունն ավարտվել է, մնացած գործերով դատաքննությունը շարունակվում է: Նշված 77 անձանցից 5-ն արդարացվել են, մեկ անձի վերաբերյալ քրեական գործը կարճվել է, 5 անձի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք, 33 անձ դատապարտվել է ազատազրկման, եւս 33-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է փորձաշրջան: Գործի շրջանակներում ավարտվել է Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի մասով նախաքննությունը, եւ նրա վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Երեւանի քրեական դատարան: Մ. Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին եւ երկրորդ մասով՝ Ոստիկանության երկու աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու համար, եւ 235 հոդվածի չորրորդ մասով՝ ապօրինի կերպով սառը զենք պահելու համար: