Չնայած ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պնդումներին, թե մարտի 1-ին Ոստիկանությունն ու բանակը չեն կրակել ժողովրդի վրա, Հայ ազգային կոնգրեսի անդամ Հրանտ Բագրատյանը վստահեցնում է, որ մարտի 1-ին պետական որեւէ համակարգ, այդ թվում՝ նաեւ ոստիկանները, զինվորներն ու հրամանատարները, որեւէ սայթաքում չեն ունեցել:
«Մարտի 1-ի ամենազարմանալին այն էր, որ այդ ընթացքում իշխանության բոլոր կառույցներն իրենց պահեցին շատ համերաշխ: Նրանք սայթաքում չեն ունեցել որեւէ` գումարտակի, զորամասի, պաշտոնյայի վրա` բացառությամբ այն դեպքերի, երբ մարդիկ ներկայանում էին Ազատության հրապարակ: Բայց ուժային մասի կատարելության ասպեկտը պարզապես 110 տոկոսանոց էր: Ես վարչապետ եմ եղել եւ պետք է ասեմ, որ պետական համակարգը նման կատարողական աշխատանքի հասցնելու համար կա՛մ պետք է սարսափելի վախի մթնոլորտ լինի, կա՛մ… Մի քանի հավատարիմ մինիստր կարելի է ջոկել, խոսքը նրանց մասին չէ: Ես նկատի ունեմ զինվորներին, սպաներին, ոստիկաններին ու հրամանատարներին, որոնք կրակել, սպանել են»,- երեկ հանրային հետաքննության շրջանակներում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ հայտարարեց Հրանտ Բագրատյանը` վստահեցնելով, թե իշխանությունները ոչ թե «կաշառել» են նրանց, այլ նրանք միմյանց հետ կապված են «տնտեսական մենաշնորհներով»: Մեր դիտարկմանը, թե մինչ այդ Կոնգրեսի անդամները` ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, հայտարարել էին, թե ժողովրդի վրա կրակել են ոչ թե ոստիկաններն ու բանակը, այլ` օլիգարխների թիկնապահները, Հ. Բագրատյանը պատասխանեց. «Միայն կրակելը չէ, ամեն ինչ արեցին ըստ հրահանգի: Ավելին` աշխատում էին աչքի ընկնել եւ վերեւներին զեկուցել, որ մի բան էլ ավելի են արել: Իշխանությունը, պետական ապարատը եւ իշխանության մեջ գտնվող օլիգարխներն իրար հետ այնքան երկարատեւ կապերով են սերտաճած, որ այդտեղ ստիպված էին լինել միասնական»:
Ընդդիմության ձեւավորած հանրային հետաքննություն իրականացնող մարմինը, որն ունի 7 աշխատանքային խմբեր, երեկ անդրադարձավ ՀՀ տնտեսական համակարգին, որն, ըստ նրանց` նպաստել է մարտի 1-ի ոճրագործությանը: Հիմնական զեկուցող Հ. Բագրատյանը համոզված է, որ մարտի 1-ը տնտեսության համակարգի գերկենտրոնացման հետեւանք էր: «Մի՛ կարծեք, թե այդ ամենի ետեւում սիստեմ չի եղել: Եղե՛լ է»,- հայտարարեց նա` հավելելով, թե իշխանությունները կարողացան այդ ամբողջ համակարգը ծառայեցնել «այդ հանցագործ նպատակին»:
Հ. Բագրատյանի ասելով` իշխանությունները «հենց այնպես» վերցրել են Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը, ըստ նրա` համեմատելի է Ադրբեջանի նավթի հետ, քանի որ կազմում է նրա 25 տոկոսը: «Տեսեք, թե Բաքվի նավթը ոնց է տնօրինվում, մարդը դա իրեն չի վերցրել, կարող է գողանում է, բայց իր գրպանը չի դրել: Բայց մեզ մոտ վերցրել են, ու ոչ ոք չի ասում` էս ի՞նչ ես անում»,- ասաց նա` նկատելով, թե ինքն ակամայից Քաջարանի սեփականաշնորհման դեպքում իր ազատական մոտեցումներով դառնում է սոցիալիստ, որովհետեւ չի կարողանում պատկերացնել այդպիսի ազատականացումը: Հ. Բագրատյանը չի կարողանում պատկերացնել նաեւ, թե ինչպես կարելի է 72 չվերթը տրամադրել մի մարդու եւ անընդհատ շնորհակալություն հայտնել նրան, որ ինքնաթիռ է բերում Հայաստան (խոսքն «Արմավիայի» մասին է): «Սրանք վայրենի հափշտակություններ են»,- հայտարարեց ՀՀ նախկին վարչապետը: Նա անդրադարձավ նաեւ ներմուծմանը` նկատելով. «Հաց, ձեթ եւ շաքարավազ ներկրելը մի մարդու ձեռքում է, իսկ վառելիքը` երկու, ավիանավթը` մեկ մարդու ձեռքին է, բջջային հեռախոսների ներկրումը` մի մարդու ձեռքին է, ավտոմեքենաները` երկու ընկերություն է բերում: Այս սեկտորի հետաքրքիր հատվածն այն է, որ ներմուծողները, որոնք մենաշնորհել են այդ, դրանց սպառողները ժողովուրդն է, որի մոտ եկող փողը հիմնականում դրսից եկող տրանսֆերտներն են, որոնք կազմում են 2.5 միլիարդ դոլար: Այդ թվերը երկու տարի առաջ Տիգրան Սարգսյանը մոգոնեց, որ բացատրի, թե ինչու է դրամն արժեւորվում: Նրանք ասացին, թե ինչքան փող ենք ստանում, եւ ինչքան փող ենք դուրս հանում: Ստացվում է հետաքրքիր բան. 2.5 միլիարդ ստանում ենք դրսից, 1 միլիարդ դուրս ենք հանում: Իսկ այդ 1 միլիարդը դուրս է հանում մոտ 10 ընտանիք: Այստեղ մենք ունենք 100 տոկոսանոց մոնոպոլիզացիա: Սա, անշուշտ, մտածված քաղաքականության արդյունք է»: Եվ, ըստ նրա` այս պարագայում, այն հատվածը, որտեղ տնտեսական շարժումը պետք է գտներ իր տնտեսական հենարանին` գյուղացիներին, չկա: «Այս հատվածը իրար սոսնձող որեւէ մեխանիզմ չկա: Իրենց առավելությունն այն է, որ ամբողջ իշխանությունը ծառայեցրել են իրենց հատվածը սոսնձելու համար»,- նկատեց նա: Ըստ Հ. Բագրատյանի` իշխանություններն ամեն ինչ անում են, որ ժողովուրդն աղքատ լինի եւ անընդհատ «նայի այդ ունեւորների ձեռքին»: «Սա է նրանց մոտեցումը: Այսպիսով նրանք ցանկանում են կառավարելի դարձնել բոլորին»,- հայտարարեց Հ. Բագրատյանը` կանխատեսելով, որ իշխանությունները հաջորդ անգամ ավելի «մեծ գազանությունների են պատրաստ, քանի որ այլ «վարիանտ» չունեն»:
Վերադառնալով մարտի 1-ի դեպքերին, մասնավորապես՝ այն խնդրին, թե ինչո՞ւ էին այդ օրը միմյանց հետ համերաշխ համագործակցում պետական համակարգի գրեթե բոլոր ճյուղերը, Հ. Բագրատյանն ասաց. «Առաջին կառավարման թեզն այն է, որ իշխանավորը պետք է սեփականությանը որեւէ կերպ միացած լինի: Առաջին գործը, որ արեցին` ԱԺ-ն է, եւ դա չեն էլ թաքցնում, հակառակը` գլուխ են գովում: 131 պատգամավորների գերակշիռ մասը գործարար, սեփականատեր է: Այ, պարոն դատախազ` քրեական գործ հարուցի… Հիմա էլ օղի արտադրողներից մեկին նշանակեցին նախարար (խոսքը Գյուղնախարար Արամայիս Գրիգորյանի մասին է:- Լ.Ս.): Այսինքն` պետության նպատակն է` խառնել իշխանությունն ու սեփականությունը, եւ այդ պղտոր ջրի մեջ կառավարելի դարձնել բոլորին»: Ըստ Հ. Բագրատյանի` երբ այսօր փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանը դուրս է գալիս ժողովրդի դեմ` կատարելով իշխանությունների հրահանգը, նա այլեւս «մինչեւ ուղնուծուծը» կառավարելի է, որովհետեւ նա բիզնես, սեփականություն ունի: «Դեռ ոչ ոք Եվրոպայում այս մասին գլխի չի ընկել: Նրանց թվում է` հիմա փոփոխություններ են տեղի ունենում: Բայց այստեղ որեւէ լավ բան չի կատարվում: Հաջորդ անգամ ավելի վայրենի կերպով է լինելու ամեն ինչ»,- ասաց նա:
Հարցին էլ, թե ինչպե՞ս կարելի է ազատվել այս իշխանական համակարգից, Հ. Բագրատյանը պատասխանեց. «Եթե իշխանությունը տեսնի, որ Կոնգրեսը կարողանում է կառավարել զանգվածներին, նա կթուլանա: Խոսքը ոչ թե հանրահավաքում կոչեր հնչեցնելուն է վերաբերում, այլ զանգվածներին կառավարելուն: Եթե այս անգամ եւս հայ ժողովրդին չհաջողվի հետեւողական պայքարի միջոցով հասնել իր նպատակներին, ապա կարող է կրկնվել այն, ինչ չորս անգամ արդեն եղել է հայոց պատմության ընթացքում` ապավինել է օտարին` դռները բացելով նրա առաջ»: Որպես օրինակ՝ Հ. Բագրատյանը հիշեցրեց 1920 թվականը. «Երբ ժողովուրդը չդիմանալով իշխանությունների անօրենություններին, Ալեքսանդրապոլում բացեց դռները թուրքերի առաջ, երբ Իջեւանում Համազասպ անունով ոստիկանապետը վերականգնել էր անգամ առաջին գիշերվա իրավունքը»: