Թող քարկոծեն Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի բռնկուն բնավորությունը, նրա նյարդերի ամրությունը, ողջախոհությունը թող դրվի կասկածի տակ: Անկախ նրանից` ո՛ր երկրի նախագիծն է պարոն Սահակաշվիլին, միեւնույն է, նա իրեն զգում է հավասար աշխարհի հզորների հետ եւ գործում է որպես ազատ, անկախ երկրի նախագահ: Անգամ Ռուսաստանի անպարտելի բանակի դեմ նա, գուցե անհեռատեսության կամ տաքարյունության բերումով, սակայն հանդգնեց դուրս գալ ու պահանջել հարգել իրեն ու իր երկրի տարածքային ամբողջականությունը: Ավանտյուրի՞ստ է, գուցե, սակայն Սահակաշվիլին ներկայանալի նախագահ է, դեմքը բարդույթավորված չի ծամածռում եւ չի փորձում հաճոյանալ Ֆրանսիայի նախագահ Սարկոզիին: Հավասարի պես է իրեն դրսեւորում թե՛ ոչ բարեկամական Ռուսաստանի ղեկավարության, թե՛ ԱՄՆ նախագահի հետ փոխհարաբերվելիս: Վերլուծաբանների գնահատականներով` նա քաղաքական լուրջ սխալներ թույլ տվեց, սակայն, այդուհանդերձ, նա մասն է այս աշխարհի, խաղում է այս աշխարհի կանոններով: Վրացի բոլոր չինովնիկները, ովքեր աշխարհի բոլոր հեռուստաընկերություններով իրենց գործի փայլուն իմացությամբ ներկայացնում էին սեփական երկրի շահերը, միայն հարգանք էին ներշնչում: Նույնը նաեւ Ռուսաստանի դեպքում էր: Ռուս զինվորներից սկսած՝ մինչեւ պետական բարձրաստիճան ծառայողներ՝ իրենց պետության պատասխան գործողությունների տրամաբանությունը ներկայացնում էին գրագետ ու նախանձելի պատրաստվածությամբ, աշխարհում ընդունված խաղի կանոններին ունիսոն: Երբ հայաստանյան բոլոր մակարդակի ընտրություններում ընտրվում է, որպես կանոն, ոչ այնքան պատրաստված ու ներկայանալի մեկը, երբ կասկածի տակ է դրվում երկրի նախագահի լեգիտիմությունը, շատերս մտածում ենք` ոչինչ, կարեւորը ներքաղաքական լարվածություն չլինի, որեւէ ձեւով չխախտվի մեր անձնական կյանքի ռիթմը: Սակայն, ինչպես տեսանք վերջին դեպքերի ընթացքում, երկրի համար օրհասական, վճռորոշ պահերին երկիրը զգում է ուժեղ, իր ճշմարտացիությանը վստահ ղեկավարի, իրենց գործը պատկերացնող նախարարների ու զինվորականների կարիք, եւ ոչ թե հաստափոր, ոչ գրագետ գեներալների, աշխարհի մասին սեփական առանձնատան պատուհանից պատկերացում կազմող քաղաքական գործիչների անհրաժեշտությունը: Իհարկե, Սահակաշվիլիի լեգիտիմությունը եւս միանշանակ չի ընդունվում, սակայն նրա անհատականությունը, լավ կրթությունն ու ներկայանալի վարքագիծը կոմպենսացնում եւ այնքան էլ նկատելի չէին դարձնում նրա թերությունները կոնկրետ այս իրավիճակում: Չինաստանում մեկնարկած օլիմպիադայի մասշտաբի ու շոուի խորության, ռուս-վրացական հակամարտության ֆոնին հայաստանյան իրականությունը պարզապես դեպրեսիայի մեջ է գցում. այն հետաքրքրությունները, արժեքները, որոնցով ապրում ենք մենք, մեր անսահման ճարպկության մասին մեր իսկ պատկերացումները որեւէ կերպ համարժեք չեն աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին: Օ՜, որքան կարեւոր է մեր քաղաքական դաշտում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանի ԱԺ պատգամավոր դառնալու հարցը: Կդառնա՞ արդյոք նա ԱԺ պատգամավոր: Ճակատագրական հարց: Իհա՛րկե, կդառնա: Ընդդիմությունը, ով կարող էր առավել կոնկրետացնել իր պայքարն այս ռեժիմի դեմ` փորձելով հանդես գալ սեփական թեկնածուով, չգիտես` ինչ հիմնավորմամբ, այդպես չվարվեց. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին թողեց սեփական խոհերի հետ միայնակ: Ազգի համար մյուս ճակատագրական հարցը դարձյալ նույն օպերայից է. իսկ կդառնա՞ պարոն Աբրահամյանը ԱԺ նախագահ: Ասենք` այո, կամ ասենք` ոչ: Հետո՞ ինչ: Հատկապես, որ դրանից ոչինչ աշխարհում չի փոխվի: Հայաստանը կշարունակի մնալ նույն գավառական հետաքրքրություններով ապրող, աշխարհի մասշտաբով որեւէ գրագետ հավակնություն չունեցող երկիր: Իսկ որքա՜ն հետաքրքիր է` ի՞նչ կարծիք ունի արդյոք միջազգային կարեւորագույն խնդիրների մասին Գալուստ Սահակյանը: Հավատացեք, դա ամենեւին էական չէ, եթե չասենք ավելին` անկարեւոր, քանի որ մեր քաղաքական գործիչների հիմնական մասի կարծիքները պիտի որ անհետաքրքիր լինեն օբյեկտիվորեն. դրանք ոչ պրոֆեսիոնալ են ու մակերեսային: Պեկինի օլիմպիադայի հետ կապվող հույսերը դժվար է համարել միայն սպորտային. կբերե՞ն մեր մարզիկները ոսկե կամ մետաղի այլ տեսակներից պատրաստված մեդալներ: Այս առումով մեր երկրի գործերն ամենեւին վատ չեն: Սակայն կա մեկ այլ կարեւոր հանգամանք` ի՞նչ հետեւություններ կանեն օլիմպիադայի բացման արարողությանը ներկա Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Արթուր Բաղդասարյանը (ով ինչ-որ ատրակցիոնի ժամանակ ակտիվորեն ձեռքով էր անում): Կփորձե՞ն համեմատել ՀՀ-ի ղեկավարները, մեծահարուստներն իրենց հետաքրքրությունները, աշխարհի մասին պատկերացումները տեսածի հետ: Իսկ այն, ինչ կատարվեց օլիմպիադայի բացման օրը մարզադաշտում, առավել քան տպավորիչ էր ոչ միայն ծախսված միլիարդների առումով, այլեւ շոուի փիլիսոփայության: Իրենց պատմության, մշակույթի կարեւորագույն դրվագները չինացիները ներկայացրեցին աշխարհի ամենակարեւոր եւ չինացիների կողմից արձանագրված գյուտերից մեկի` թղթի վրա: Աշխարհն ապրում է այնպիսի ռիթմով, այնպիսի հետաքրքրություններով ու արժեքներով, որոնք Հայաստանի կողքով կարծես չեն անցնում: Մեր քաղաքական գործիչների, երկրի բարձրաստիճան ղեկավարների համար աշխարհի անցուդարձը այնքան նեղ է. քանի՞ միլիոն դոլար ծախսեց այսինչն իր աղջկա հարսանիքին, որ օլիգարխը քանի կիլոգրամանոց շղթա է կրում, քանի մեքենա ունի, Հռոմում պատվիրե՞ց երեք հազար դոլար արժողությամբ ճաշատեսակ, բիզնեսի ո՞ր ոլորտն է ձեռք գցել եւ ի՞նչ հնարքներով է հաջողացնում խուսափել հարկերից: Հեռավոր Չինաստանում, հասկանալի է, չէին լսվում Ցխինվալիի կամ Գորիի ռմբակոծումների ձայները: Ու այդ թոհուբոհի մեջ դժվար էր վերհիշել, որ Վրաստանով, Փոթիի նավահանգստից է Հայաստանը ստանում իր գոյության համար անհրաժեշտ առաջին անհրաժեշտության սննդամթերքը, վառելիքը, եւ շտապել Հայաստան: ՀՀ նախագահին ուղղված մեղադրանքները, թե ինչու էր նա այս օրերին Չինաստանում եւ ոչ մայր հայրենիքում, արդարացված են, սակայն նույնքան հիմնավորված է նաեւ նրա պասիվությունը: Որպես կանոն՝ դա մեր ազգային բարդույթավորվածության կոմպոնենտն է` ավելորդ զգալ մեզ միջազգային կարեւորագույն նախագծերում, քանի որ գործից ոչինչ չենք հասկանում, չիմանալ` որտեղ թաքցնել խանգարող ձեռքերը` աշխարհի հզորների հետ շփվելիս: Եվ եթե երբեւէ … Հայաստանի «Հրազդան» մարզադաշտում տեղի ունենա Օլիմպիադայի բացման արարողությունը, շոուի սցենարը կլինի այսպիսին. կազմակերպիչները կհրավիրեն ռուս էստրադայի երգիչներին եւ մեր հայ աստղերին: Եվ պատճառը կլիներ ոչ թե այն, որ մեր պատմության, մշակույթի ձեռքբերումներն արժանի չեն ցուցադրման, այլ՝ որովհետեւ մենք դրանց մասին պարզապես չգիտենք: Եվ սեփական ազգի արժանիքներին, առավելություններին ու բացթողումներին անհաղորդ մնալով` մենք շարունակում ենք աղքատ ազգականի կարգավիճակով շարժվել մի աշխարհում, ուր վաղուց արդեն գործում են այլ չափորոշիչներ: Ակնհայտ է, որ Չինաստանում Կոնֆուցիոսը որեւէ բան չշշնջաց մեր նախագահի ականջին: Կամ էլ` Գագիկ Ծառուկյանի հետ ակտիվորեն զրուցելով՝ պարզապես չլսեց նրա ձայնը: