Ընթերցողներից շատերը երեւի գիտեն, որ Ադրբեջանի Ազգային բանկը հուլիսի 30-ից դադարեցրել է Western Union եւ MoneyGram համակարգերի աշխատանքն իրենց երկրում՝ այն պատճառով, որ դրանք դրամական փոխանցումներ էին կատարում ԼՂՀ։
Ավելի կոնկրետ՝ ԱԱԲ վարչության փոխնախագահ Ռուֆաթ Ասլանլին հուլիսի 29-ին նամակ էր ուղարկել երկրում գործող բոլոր բանկերին՝ կարգադրելով անմիջապես դադարեցնել համագործակցությունը վերը նշված համակարգերի հետ։ Ասլանլին այդ կարգադրությունը հիմնավորել էր նրանով, թե Western Union եւ MoneyGram համակարգերը չեն կատարում իրենց պահանջը՝ դադարեցնել գործունեությունը «Ադրբեջանի օկուպացված տարածքներում», այսինքն` ԼՂՀ-ում։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, անգամ Western Union-ի նախագահն էր այդ առիթով այցելել Ադրբեջան, սակայն ադրբեջանական Կենտրոնական բանկն անդրդվելի էր մնացել՝ առարկելով, թե ընկերությունները չեն կարող միաժամանակ փոխանցումներ կատարել եւ՛ ԼՂՀ, եւ՛ Ադրբեջան: Եվ ահա՝ այդ համակարգերի աշխատանքը Ադրբեջանում վերստին թույլատրվել է։ Դրամական փոխանցումներով զբաղվող այս ընկերությունները տեղի են տվել եւ դադարեցրել գործունեությունը Լեռնային Ղարաբաղում։ Փաստորեն, ադրբեջանական կողմը կարողացել է իր կամքը թելադրել այս ընկերություններին։ Իսկ վերջիններս համաձայնել են խաղի կանոններին, որովհետեւ գտել են, որ Ադրբեջանում չաշխատելով՝ մեծ գումարներ են կորցնում։ Մյուս կողմից՝ Հայաստանը նույնպես խաղի կանոններ թելադրելու պակաս հնարավորություններ չունի, հաշվի առնելով մեծ ծավալի եւ կայուն կերպով աճող դրամական փոխանցումները։ Western Union-ը, MoneyGram-ը եւ դրամական փոխանցումներով զբաղվող մյուս կազմակերպություններն այդ փոխանցումներից զգալի եկամուտներ ունեն, ինչը հզոր լծակ է Հայաստանի ձեռքին։ Այսինքն, եթե Ադրբեջանը կարողացել է ստիպել նրանց ինչ-ինչ քայլեր անել, ուրեմն Հայաստանն էլ է կարող։ Այլ հարց է՝ ցանկանո՞ւմ են ՀՀ իշխանությունները, մասնավորապես, ԿԲ-ն, պատասխան քայլեր կատարել, եթե այո՝ ապա ինչ քայլեր են դրանք լինելու, եւ երբ մենք դա կտեսնենք։ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ քայլեր կլինեն, պարզապես ԿԲ-ն դեռ ուսումնասիրում է իրավիճակը։ Նա չմեկնաբանեց Western Union-ի եւ MoneyGram-ի գործունեությունը Ադրբեջանում՝ դա համարելով իրենց՝ Ադրբեջանի իշխանությունների եւ այդ համակարգերի գործը։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ ԼՂՀ տարածքում նրանց գործունեության դադարեցմանը, ապա նա նշեց. «Մենք բոլոր կազմակերպություններին ասել ենք, որ եթե իրենց գործողությունները կապված լինեն քաղաքական խնդիրների հետ, ապա դա ընդունելի չի ՀՀ ԿԲ-ի համար։ Այս պահին մենք ավելի մանրամասն իրենց հետ ուսումնասիրում ենք, որպեսզի հասկանանք, թե իրավիճակն ինչպիսին է։ Որովհետեւ միայն MoneyGram-ն ու Western Union-ը չեն, մի շարք կազմակերպություններ կան։ Մենք բոլորին զգուշացրել ենք՝ գործունեության սահմանափակումները՝ քաղաքական շարժառիթներով, Հայաստանի համար ընդունելի չեն»։
Վ. Գաբրիելյանի խոսքերով, ՀՀ ԿԲ-ն ներկայումս կապի մեջ է այդ ընկերությունների հետ եւ փորձում է պարզել, թե ինչով են պայմանավորված նրանց գործողությունները. «Եթե իրենք չկարողանան նորմալ բացատրություններ տալ, ապա մենք դա կարող ենք մեկնաբանել՝ որպես քաղաքական շարժառիթ»։ Իսկ ի՞նչ քայլեր կձեռնարկի ՀՀ ԿԲ-ն, եթե, այնուամենայնիվ, պարզի, որ դրանք իրոք քաղաքական են։ Վ. Գաբրիելյանը չմանրամասնեց, թե այդ դեպքում պատասխան քայլերն ինչ բնույթի են լինելու, սակայն հավաստիացրեց, որ ձեռնարկվելիք քայլերը կունենան ամենածանր հետեւանքները տվյալ կազմակերպությունների համար։ ԿԲ փոխնախագահը դժվարացավ ճշգրիտ տվյալներ նշել, թե այդ ամենն ինչպես է ազդել ԼՂՀ կատարվող փոխանցումների ընդհանուր ծավալի վրա.«Տվյալներ չեմ կարող ասել, որովհետեւ դրամական փոխանցումների համակարգերը շատ են, եւ մենք աշխատում ենք բոլոր համակարգերի հետ այդ պատմությունը հասկանալ. ո՞րն է աշխատում, որը՝ ոչ, եթե չի աշխատում՝ ապա՝ երբանի՞ց, ի՞նչ պատճառով, եւ միջոցներն ինչպիսի՞ն են։ Երբ վերջնական տվյալները լինեն, մենք կտեղեկացնենք։ Հիմա մենք այդ ամենը ուսումնասիրում ենք, եւ շուտով դուք կտեսնեք, թե ինչ պատասխան կլինի մեր կողմից»։ Նշենք նաեւ, որ Ադրբեջանի բանկերի ասոցիացիայի նախագահ Էլդար Իսմաիլովը, խոսելով այս խնդրի մասին, ադրբեջանական ԶԼՄ-ներին ասել էր նաեւ մեկ այլ «ձեռքբերման» մասին. «Քայլերը, որոնք մենք ձեռնարկել էինք նախկինում, արդեն հանգեցրել են նրան, որ ռուսական ՎՏԲ-Հայաստան բանկը փակել է իր մասնաճյուղը Ստեփանակերտում»։ Փաստորեն, ըստ Իսմաիլովի, ադրբեջանցիները ՎՏԲ-ին ստիպել են մասնաճյուղ փակել, եւ ավելին՝ ՎՏԲ-ն իրավիճակը բացատրել կամ փորձել է արդարանալ, նշելով, որ իրենց կողմից Հայխնայբանկը ձեռք բերելու պահին այն մասնաճյուղ ուներ Ղարաբաղում։
Վ. Գաբրիելյանը գտնում է, որ դա իրականության հետ որեւէ կապ չունի՝ առավել եւս, որ ՎՏԲ-ն իր մասնաճյուղը Ստեփանակերտում դեռ չի փակել։ Իսկ հնարավոր փակման պատճառները լրիվ այլ են. «ՎՏԲ-Հայաստան բանկն ընդհանրապես անցնում է կոնսոլիդացիայի, որովհետեւ ունի մասնաճյուղերի մեծ ցանց, եւ այդ մասնաճյուղերից բոլորը չեն, որ ակտիվորեն աշխատում են եւ տնտեսապես շահութաբեր են։ Մենք բանկերի գործունեության վրա, մասնավորապես՝ մասնաճյուղը փակելու վրա, սահմանափակում դնում ենք միայն այն դեպքում, երբ տվյալ տարածքում բանկային ծառայություններ ընդհանրապես չկան։ Եթե ՎՏԲ-ն Հայաստանում կամ որեւէ այլ տեղ՝ թեկուզ Ղարաբաղում, մասնաճյուղեր է փակում, դա կախված է տնտեսական շահավետությունից»։