Երբ 1960-ականների վերջին «Բիթըլզը» Եվրոպայում մեծ աղմուկ հանեց, աշխարհի երիտասարդները սկսեցին ընդվզել բոլոր տեսակի անազատությունների դեմ, իսկ Սովետական Միությունն ամեն կերպ արգելում էր այդ շարժման ներթափանցումը սովետական երկրներ: Արգելվում էին նմանատիպ խմբերի ձայնապնակների ներթափանցումն ու առհասարակ ազատության գաղափարախոսությունը քարոզող ցանկացած երեւույթ: Երբ «Բիթըլզի» ֆանատներն Արեւմուտքում պատռում էին պաստառները, շապիկները եւ ամեն կերպ ըմբոստանում, Սովետական Հայաստանում երգիչների երկրպագուներն իրավունք չունեին իրենց նման դրսեւորումներ թույլ տալ: Այդ տարիների լեգենդ Հարություն Փամբուկչյանին` Ձախ Հարութին, այդ ընթացքում իր երկրպագուհու պատճառով 3 օր պահեցին ոստիկանատանը։ «Մեր տանը կազմակերպված երեկոներից մեկի ժամանակ մի աղջիկ պատից նկարս վերցրել տարել էր: 1 ամիս հետո էդ աղջիկն անհետանում ա, անհայտ կորած ա, չկա…, ուր փնտրում են` չեն գտնում: Գնում են դպրոց, դասընկերուհուց հարցուփորձ են անում, թե Անահիտն ո՞ւր կարող է լինել: Իր կողքին նստող ընկերուհին ասում ա, որ մի տղա կա, որին Անահիտը շատ էր հավանում` Ձախ Հարութ անունով, իրա նկարն էլ ինձ ցույց ա տվել, կարող ա ի՞նքը իմանա: Դասագրքերը բացում են, միջից իմ նկարն են գտնում ու էդ նկարով դո՜ւզ մեր տուն: Առավոտ ժամը 6-ին եկան, ծեծելով ինձ քնից հանեցին: Տարան ոստիկանատուն ու 3 օր ծեծեցին, որ խոստովանեմ ու թղթերի տակ ստորագրեմ, ասեմ՝ ուր եմ տարել էդ աղջկան: Թե` քո նկարն ի՞նչ գործ ունի իրա դասագրքի մեջ… Ասում եմ` էդ նկարն իմ պատին փակցրած ա եղել, երեւի ինքն ա իմ պատից պոկել, տարել: Անկյունից էլ պատռված էր, կնոպկայի տեղը մնացել էր: Մի խոսքով` երեք օր շան ծեծ տվին ու մի կերպ հավատացին, որ ես տեղյակ չեմ, ու ինձ թողեցին: 2-3 օր հետո աղջկան գտան: Դու մի ասա Սիսիանի շրջանում մեկի հետ փախել-ամուսնացել ա: Հետո զանգել, ծնողներին ասել ա, որ եկե՛ք, կարմիր խնձոր եմ ուղարկել… Ասում եմ` կարմիր խնձորն ո՞վ ուտի, ով ծե՞ծն ով ուտի»,- այսօր արդեն քահ-քահ ծիծաղելով՝ պատմում է սիրված երգիչ Ձախ Հարութն, ով այս օրերին Երեւանում է:
Այս օրերին Հայաստանում է գտնվում հայտնի երգիչ, 70-ականների լեգենդ Հարություն Փամբուկչյանը (Ձախ Հարութ), ով 1975 թվականից բնակվում է ԱՄՆ-ում: Ընդհանրապես նա էներգիայով լեցուն եւ շուրջը ջերմ մթնոլորտ ստեղծող մարդ է:
Ինչպես նրա երգերն, այնպես էլ ինքը` Ձախ Հարութը, չի ծերանում, իսկ երիտասարդ մնալու նրա գրավականն, ինչպես ինքն է ասում` առաջին հերթին` երաժշտությունն է: 58 տարեկան հասակում նա հասկացել է, որ ինքը հարուստ ու երջանիկ մարդ է, բայց հարստությունը ոչ թե ԱՄՆ-ի իր բնակարանները, ավտոմեքենաները, գոլֆի դաշտն ու ամառանոցներն են, այլ Հայաստանի փողոցներում հանդիպող այն տատիկ-պապիկներն ու երիտասարդներն, ովքեր ճանաչելով իրեն` գրկում ու իրենց սերն են արտահայտում: «Աշխարհում ամենաթանկ բանն է, երբ քեզ հիշում են ու տարիներ անց էլ մոտենալով, գրկախառնվելով՝ իրենց սերն են արտահայտում»,- բարի ժպիտով ասում է նա: Ասում է, որ չնայած ֆինանսական իր կարողություններին, այնուամենայնիվ, դրամ չի սիրում ու երբեք էլ չի կարողացել փողի արժեքը գիտակցել: Շատ է վաստակում, չափազանց շատ, բայց` «Սփյուռքի եւ տեղացի հայ երգիչներից երեւի ամենաշատ դրամը ես եմ աշխատում: Ես չգիտեմ, թե որտեղ` որքան փող ունեմ, որովհետեւ փող չեմ սիրում, ես երբեք էլ փող չեմ սիրել: Կարող եմ 10.000 դոլարը 1 դոլարի նման ծախսել, որովհետեւ դրա արժեքը չգիտեմ»,- ասում է նա եւ ավելացնում, որ, եթե կինը չլիներ` հիմա ինքը «բոմժ» կդառնար, որովհետեւ պոտենցիալ մսխող է, գրպանի պարունակությունից անտեղյակ մարդ: Թեեւ մի քանի շքեղ ավտոմեքենաներ ունի, այնուամենայնիվ, նա մշտապես քայլում է, սիրում է փողոցներում քայլող մարդկանց հայացքների արտահայտությունը տեսնել ու շփվել: Նրա անմիջականությունը թույլ է տալիս, որ մարդիկ Ձախ Հարութին անմիջապես ընկալեն իբրեւ ընկեր ու հարազատ մարդ: Խոսելիս չի կեղծում ու ցանկացած թեմայի շուրջ զրուցում է հոգուց եկած բառերով: Բարբարա Սթրեյզանդը, Թոմ Ջոնսն ու շատ այլ լեգենդներ եղել են այն ռեստորանում, որտեղ երգել է Ձախ Հարութը: Իսկ Սիլվեստր Ստալոնեն եւ շատ այլ հեղինակավոր մարդիկ ապրում են նույն թաղամասում, որտեղ մեր հայրենակիցն է ապրում, սակայն այս աշխարհահռչակ անուններն անգամ հայ երգչին փառասեր ու մեծամիտ չեն դարձրել. նա այսօր էլ ամենահասարակ մարդու բարեկամն է: Հայաստան գալուն պես նա այցելում է Նոր Արեշի 44 փողոցում գտնվող իր հայրական նախկին տունը, որի տանտերը, ճիշտ է, ներկայումս այլ մարդ է, բայց նա զգում է իր թաղամասի շունչն ու հիշողությունները, որոնք թարմացնելով փորձում է ակնթարթորեն որսալ մանկությունն ու պատանեկությունը: Հետո վերադառնալով ներկա՝ հիշում է տարիներ առաջ 50-ամյակի կապակցությամբ որդու` Եսայիի նվերը։ «Տղաս այդ օրն ինձ բանալի տվեց, որը, պարզվեց, շքեղ` «Յագուար» մակնիշի մեքենայի բանալի է: Ասաց` պա՛պ, էս մեքենան քեզ եմ նվիրում 50-ամյակիդ առիթով: Նայեցի մեքենային, հետո հիշեցի տարիքս ու մի քիչ շփոթվեցի, չգիտեի՝ ուրախանա՞մ, որ տղաս մեքենա է նվիրել, թե՞ տխրեմ, որ 50 տարեկան եմ դարձել»,- ասում է նա ու հիշում երիտասարդ տարիների իր խենթությունները, երեւանյան գիշերների ռոքընռոլին նվիրված երեկույթներն ու անբռնազբոս «տուսովկաները»: Մասնագիտությամբ՝ նկարիչ, քանդակագործ Ձախ Հարութը ստեղծագործական ներուժն արտահայտում էր դպրոցի գրատախտակի անկյունից «թռցրած» կավիճների վրա քանդակելով: Բայց, միեւնույն ժամանակ, զգում էր հոգում անընդհատ հնչող մեղեդին եւ համոզմունք ուներ, որ այն մի օր հոգուց դուրս է գալու ու երկխոսելով մարդկանց հոգիների հետ` արթնացնելու է սիրո, երջանկության ու կյանքի գեղեցկության մասին զգացումներ: Ձախ Հարութի երգերն իրենց անկեղծությամբ շատերին սիրահարեցնում, երջանկացնում ու մի քիչ էլ թախծոտ են դարձնում, դրանք կյանքի ու մարդու մասին չափազանց զգայական երգեր են: Նույնքան զգացմունքային էլ հենց ինքը` Հարությունն է, ով Հայաստանում պատահած ամեն մի աղետից, դժբախտությունից հետո ԱՄՆ-ում տեւական ժամանակ դադարեցրել է երգելը. նա շատ ծանր է տանում Հայաստանի, հայերի հետ տեղի ունեցած ցանկացած դժբախտություն: Չնայած երգչի՝ հայրենիքի հանդեպ նվիրվածությանն, այդուհանդերձ, նա երբեւէ Հայաստանից համերգների հրավերք չի ստացել, եւ վերջին 10-15 տարիների ընթացքում բացառապես բարեգործական համերգներ է ունեցել:
«Մաշած ջինս հագնելու համար փողոցներում շատ եմ ծեծ կերել»
Շառլ Ազնավուր, Բիթըլզ, Ռոլինգ Սթոունզ, Դիփ Փարփլ, Լեդ Զեփելին, Օզի Օզբորն… 1966-1970-ականներին հայտնի այս անուններից յուրաքանչյուրն էլ ներշնչել է Հարություն Փամբուկչյանին: «Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանի քանդակագործության բաժինը գերազանց եմ ավարտել: Օրերս անցնում էի փակ շուկայի ետնամասով, ու պարզվեց՝ շենքը քանդել-տեղափոխել են: Սիրտս ցավեց: Մանկությունս, պատանեկությունս այստեղ է անցել, որպես մարդ այստեղ եմ ձեւավորվել, ինչի համար հպարտ եմ: Շատերն ասում են` դու ժամանակի զոհն էիր, այսինքն` կոմունիստական ժամանակաշրջանի դժվարությունների իմաստով, բայց, եթե ես էստեղ մնայի` երգի ասպարեզում հաջողություն չէի ունենա, որովհետեւ մտքերս, գաղափարներս էստեղ իրագործելն անհնար էր: ԱՄՆ-ը էթնիկ խմբերի համար բոլոր ազատությունները տալիս է` մշակութային, կրոնական, գաղափարական,- պատմում է սիրված երգիչը` ավելացնելով, որ այդ տարիներին մարդիկ որեւէ բանի մասին խոսելիս մտածում էին` կարելի՞ է խոսել, թե՞ ոչ: -1966-ին 16-17 տարեկան էի, երբ Նոր Արեշի կուլտուրայի տանը նվագախումբ ունեինք, հանդես էինք գալիս «Էրեբունի» վոկալ-գործիքային անսամբլով: Մեր երաժշտությունը շատ ավանգարդ էր` ռոքընռոլ, ժողովրդական, շանսոններ էինք երգում, ու մեզ հրավիրեցին Կոմիտասում գտնվող «Պրագա» ռեստորանում աշխատելու: Լավ տարիներ էին… Հետո սկսվեց ռեստորանային տուրուդմբոցը, զգացինք, որ մենք ռեստորանում ավելի շատ կռիվ ենք անում, քան երգում ենք: Շատ հաճախորդներ ուզում էին 15 անգամ նույն երգը երգեինք, դրամ, շաբաշ էին տալիս, բայց ինչպես ասացի` ես դրամ չեմ սիրում, ու հակառակ դրան՝ շատ դրամ եմ աշխատում: Կռիվներ էինք անում ու էդ շաբաշները, հսկայական գումարները թողնում-դուրս էինք գալիս: Մի խոսքով` ռեստորանային պատմությունը տեւեց մեկ շաբաթ, ու դուրս եկանք»,- պատմում է նա: Անսամբլը գործել է մինչեւ 1975 թվականը, որից հետո Հարությունի մորաքույրները Լիբանանից վիզա են ուղարկել, եւ նա մոր հետ մեկնել է Լիբանան: 1 տարի այնտեղ ապրելուց հետո Լիբանանում քաղաքացիական պատերազմ է սկսվել, եւ նրանք մեկնել են ԱՄՆ: Արդեն 32 տարի է, ինչ բնակվում է Լոս Անջելեսում: 25 տարեկան հասակում մեկնել է, երկու տարի անց Հայաստանում բնակվող սիրած աղջկան վիզա տալուց եւ ԱՄՆ տեղափոխելուց հետո ամուսնացել է եւ ունի մեկ զավակ: 10-12 տարի էլ ԱՄՆ-ի ռեստորաններում է աշխատել, որտեղ, ըստ նրա, ի տարբերություն Հայաստանի` արտիստի, երաժշտի հանդեպ մեծ հարգանք կա: Այնուհետեւ ինքն իրեն թոշակի է ուղարկել` որոշելով, որ այլեւս ռեստորանում չի երգելու: Աշխարհի գրեթե բոլոր երկրներում՝ հյուրախաղեր, ձայնագրություններ, համերգներ…
Վերադառնալով Հայաստանում նրա ապրած տարիներին՝ նշենք, որ Ձախ Հարութի ծնողները հայրենադարձներ են եղել, հայրը՝ մասնագիտությամբ ներկարար, իսկ մայրը` տնային տնտեսուհի, որոնք եղել են չափազանց երաժշտական մարդիկ: Չնայած հայրն իր աշխատանքով հազիվ ծայրը ծայրին էր հասցնում, քանի որ նա ունի եւս երեք եղբայր, այդուհանդերձ, երբեւէ զրկանքի մեջ չի ապրել: Լիբանանում ապրող մորաքույրները հայաստանաբնակ զարմիկին ապահովում էին նորաոճ հագուստով։ «Կարող է ծիծաղես, բայց Երեւանում առաջին ջինս հագնողներից մեկն եմ եղել: Հիշո՞ւմ ես` գեփյուրից շապիկներ կային, որ տղաները հագնում էին: Գեփյուրից շապիկ ու մաշված ջինս էի հագնում, որը մարդկանց աչքի համար տարօրինակ էր: Ես հագնում, դուրս էի գալիս ու քանի անգամ փողոցում ծեծ եմ կերել այդ ոճիս համար, թե` արա՛, էդ ի՞նչ հագնվածքի ձեւ ա, էդ ի՞նչ մաշված շալվար ես հագել, փող չունե՞ս, տանք՝ գնաս շալվար առնես… Բայց էն ժամանակ էդ ջինսն էնքան թանկ էր, որ էդ գնով մի 4-5 կոստյում կգնեիր: Երկար, սեւ մազերով, բեղեր, բակեր էինք թողնում, հիպիների նման»,- վերհիշելով կյանքի այդ գեղեցիկ պահերը` Ձախ Հարութը վստահեցնում է, որ դա եղել է իր կյանքի ամենաքաղցր ժամանակահատվածը: Հիշում է 1 ռուբլով գնած գինով, նրբերշիկով անցկացրած երեկոները… «Հիմա կարող է 5000 դոլար ծախսես, բայց էն 20 տարեկանում «Հրազդան» գինով ու սասիսկիով անցկացրած երեկոների համն ու հոտը չզգաս: Նոստալգիկ ժամանակներ էին, որոնցով մինչեւ հիմա ապրում եմ»,- ասում է նա:
«Ամեն համերգից հետո տանում էին Խթը
Կոմունիստական ժամանակաշրջանում արվեստագետները մշտապես խնդիրներ էին ունենում իշխանությունների հետ, քանի որ փորձում էին շրջանցել պարտադրված քառակուսին։ «Ամեն համերգից հետո մեզ բռնում, տանում էին Խթը : Ախր ինչի՞ եք մեզ էստեղ բերել, մենք հայրենիքի դավաճաններ չենք, գաղտնի միկրոֆիլմեր չենք ծախել ամերիկացիներին: Նվագել, երգել, ուրախացել ենք… Ինչն արեւմտյան էր` իրենց համար անընդունելի էր. դա կապիտալիզմի փտած, նեխած միջուկն էր, որը պետք էր անպայման վերացնել: Տանում էին պադվալ, պահում էին, մի երկու ապտակ էին տալիս ու ասում էին` գնացեք: Գնում էինք, էլի մի տեղ նվագում էինք ու նորից հայտնվում Խթը-ի պադվալում ու նորից ապտակ ուտում…»,- հիշում է երգիչը:
Եղեռնի հուշարձանը կառուցելուց հետո Ձախ Հարութն ապրիլի 24-ին իր դասընկերներին կոչ է արել գնալ եւ զոհվածների հուշարձանին ծաղիկներ դնել։ «Ասեցի` երեխեք դուք գիտե՞ք էսօր ինչ օր ա: Ախր էն ժամանակ դա փակ թեմա էր, նույնիսկ դպրոցներում չէին խոսում էդ մասին: Ամեն ապրիլի 24-ին ծնողներս անկյունի վրա մոմ էին վառում (արտասվում է.- Լ.Ս.): Հայրս ջարդից փրկված մարդ էր, դեմքին կացինով խփած սպի ուներ: Իրեն խփել էին, ընկել էր գետնին, ու մեռելներն էլ իր վրա էին ընկել: Մեկ շաբաթ թուրքերը սրերով կանգնել են իրենց վրա, սպասել են, թե ով է մեռնելու, որ սպանեն: Իր վրա ընկած 4-5 հայերի սվինահարել են, ու այդ մարդկանց տակը մնալով, արյունաքամ լինելով՝ չի շարժվել, որ կարծեն, թե մեռած ա: Մազապուրծ եղած մարդ էր ու միշտ պատմում էր էդ պատմությունները: Ես եղեռնի մասին լավ գիտեի ու դասարանցիներիս ասեցի` էսօր ապրիլի 24-ն ա, եկեք գնանք հուշարձան: Երեխեքը չգիտեին, թե դա ինչ ա, որովհետեւ օրենքով չէր կարելի ազգային թեմաների մասին դպրոցում խոսել, ուսուցանել: Մի քանի հոգի բախտախնդիրներով գնացինք, ծաղիկ դրեցինք: Հետո եկանք ու ի՞նչ… Մի սուրու ծնող կանչեցին, խայտառակություն, թե` դու քանի՞ գլխանի ես, որ դպրոցի երեխեքին տարել ես եղեռնի հուշարձան»,- պատմում է Ձախ Հարութն, ում ծնողներին դպրոց կանչելով՝ մի լավ նախատել են` որդուն մեղադրելով խուլիգանության մեջ: Այդ պատմությունից հետո ղեկավարությունը ցանկացել է Ձախ Հարութին հեռացնել դպրոցից, բայց քանի որ ավարտական տարի է եղել, եւ նա երաժշտական ունակություններով յուրահատուկ աշակերտ է եղել, այնուամենայնիվ, խնայել են:
Պետական ռադիոյի եւ հեռուստատեսության ժողգործիքների եւ էստրադային խմբերի համար հայտարարված մրցույթին Ձախ Հարութը նույնպես մասնակցել է: 50.000 դիմորդներից ընտրվել են երեք հոգի, որոնցից մեկն էլ եղել է Հարություն Փամբուկչյանը, իսկ ժյուրիի կազմում եղել են Հովհաննես Բադալյանը, Ռուբեն Մաթեւոսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը եւ այլ հայտնի երգիչներ։ «Չգիտեմ ինչպես, բայց ընդունվեցի: Երգեցի` սաղ ծռվեցին, մանավանդ Ռոբերտ Ամիրխանյանը, որ շատ մեծ հույսեր էր ինձ հետ կապում: Հետո սկսեցինք գնալ փորձերի: Իրենց ուզած երգերն էին դեմ տալիս ու այլընտրանք, պարզվում է` չունեինք: Բայց եթե պիտի երգես, ուրեմն պիտի սիրես չէ՞ էդ երգը: Ասեցի` ես չեմ կարող չսիրածս երգերը երգել:
Ասացին` կամ պիտի երգես, կամ էլ` թող, գնա ստեղից, դռները բաց են: Մի անգամ, երկու անգամ փորձեցի երգել, որ իրենց ուզածն անեմ: Ախր, ռադիո մտնելն էն ժամանակ երազի պես բան էր, ու ես ընդունվել էի: Նույնիսկ ռադիոյի կողքով չէին թողնում մարդ անցներ, 4-5 հոգի խունտայի նման գրավել էին ռադիոն: Մի խոսքով` ընդունվեցի ու մի ամիս չտեւեց` խեղդվում էի, օդ չկար շնչելու: Ասում էին` կամ սա պիտի երգես, կամ չպիտի երգես: Լավ երգերը վերցնում էին մեծերը, իսկ էն խեղճուկրակ, անկապ, անհամ ու անճաշակ երգերը մեզ էին տալիս: Ասեցի` հաջողություն ձեզ, ես գնում եմ, 1975-ի սկիզբն էր: Էս ամեն ինչը կուտակվեց, կուտակվեց, ու մի օր ասեցի` մա՛մ, մորքուրին ասա, թող թղթեր ուղարկի, գնանք, ու էդպես էլ եղավ»,- այսօր հիշում է Ձախ Հարութը:
Ոգիների քաղաք` Հյուսիսային պողոտա
Ձախ Հարութի կարծիքով` Հայաստանում սոցիալիզմից արագ անցումը դեպի կապիտալիզմ` մարդկանց մտածելակերպի, ուղեղի վրա բացասական մեծ ազդեցություն է ունեցել, մարդիկ մենակ ու շփոթված են դարձել: 3 միլիոն մարդու կտրելով իրենց աշխատանքի հանդեպ ունեցած կապվածությունից, կախվածությունից, մեր պետությունը, փաստորեն, իր ժողովրդին լքել է` «Ժողովրդին ասում ես` դե՛, ապրի ոնց ուզում ես: Ես սիրում եմ քայլել, առնում եմ մի կտոր հաց, մի կտոր պանիր ու ուտելով քայլում եմ: Էն օրն էդպես մտնում եմ փակ շուկա, կանաչի եմ գնում: Մի 60-70 տարեկան կին աղերսում է` տղա ջան, ի՞նչ կլինի, էս կոտեմը, էս ռեհանը առ, որովհետեւ սրանով եմ ես իմ ընտանիքը պահում… Ապշում եմ, ախր էս 70 տարեկան կինն ինչի՞ պիտի առավոտից իրիկուն կանգնի շուկայում, որ մի կապոց կանաչի վաճառի ու ընտանիք պահի»,- զարմանքով իր տեսածը նկարագրում է Ձախ Հարութը, ով այս օրերի ընթացքում հասցրել է շատ բան տեսնել: Նրան զարմացրել է նաեւ մեծաքանակ պալատների առկայությունն ու խաղատների հաճախորդների ակտիվությունը։ «Ունեւորները փողերը մսխում են շատ անխիղճ ձեւով, էս էլ մի ուրիշ ծայրահեղ պատկեր է: Չեմ կարողանում սրանք զուգորդել: Ֆիզիկապես ես այնտեղ եմ, բայց ես Հայաստանով եմ ապրում, իմ հասկացողության մեջ էս երկու ծայրահեղ երեւույթները չեն տեղավորվում»,- ասում է նա` վստահեցնելով, որ ԱՄՆ-ը միլիարդատերերի եւ աղքատների երկիր է, բայց աղքատն ունի տուն, հաց վաստակելու հնարավորություն, կենսական տարրական հարմարավետություն: Համարում է, որ Հայաստանի աղքատությունը նսեմացնում է մարդուն, իսկ այս երեւույթները հայտնի երգչին չափազանց խանգարում են խաղաղ ապրելու համար: Խաղատների սեփականատերերին կոչ է անում սեփական ժողովրդի փողերը վերցնելու փոխարեն՝ գործարան կառուցել եւ աշխատատեղեր ստեղծել: «Էս բաներն ինձ շատ են խանգարում, տեսնում, լռում եմ ու գցում եմ ներս, չեմ արտահայտվում, բայց քանի որ խոսելու առիթը տվեցիք` պիտի ասեմ, որովհետեւ էլ ո՞ւմ ասեմ… Ախր լուսամուտից նայում եմ դեպի փողոց ու տեսնում եմ, թե ո՞նց է մեքենան հաշմանդամ մարդու վրայով անցնում, փայտը ձեռքից ընկնում է: Էն պարագայում, որ Լոս Անջելեսի մայթից եթե ոտքդ ներքեւ դրեցիր` փողոցի վրա ինչքան մեքենա կա` բոլորը կանգնում են, որովհետեւ մարդն այնտեղ մեծ արժեք է ներկայացնում»,- նկատում է նա: Շրջելով քաղաքի փողոցներով՝ նա համոզվել է, որ չնայած համատարած շինարարությանը` քաղաքում բացակայում է կարգուկանոնը: «Ով ինչ ուզեցել է` արել է քաղաքի հետ, գլուխդ կախ գնում-գնում ես ու խփում ես պատին, նորից մի քանի քայլ ես անում` գլուխդ խփում ես պատին… Քաղաքն իր դեմքը կորցրել է, ու կարծում եմ՝ քաղաքի գլխավոր ճարտարապետի գրասենյակ հասկացությունը գոյություն չունի: Հախվերդյան Ռուբոյի տան պատշգամբից նայում եմ Երեւանի կենտրոնին ու մուսուլմանական քաղաքի տպավորություն եմ ստանում: Մարդիկ էլ են տխուր, խոսելու հավես չունեն: Ռեստորաններում ամեն օր նույն մարդիկ են ճաշում, իսկ մի քանի քայլ այն կողմ՝ դրսում, տատիկները փող են մուրում…»,- իր ծանր տպավորություններով կիսվում է սիրված երգիչը` ասելով, որ Հյուսիսային պողոտան կարծես ոգիների քաղաք լինի: Շքեղ շինությունների ներսում դատարկություն է, իսկ Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչների վտարումն ու անօթեւան կարգավիճակն ամեն դեպքում իր բացասական հետքը թողել է այդ նորակառույցների վրա. «Ես գիտեմ, թե ինչքան մարդ է տուժել այդ շենքերի կառուցումից, եւ այդ մարդկանց ճակատագրերը չես կարող անտեսել: Դա ինձ մեծ ցավ է պատճառում: Երբ մութն ընկնում է` այդ շենքերում լույս չի վառվում, ի՞նչ է, մարդ չի՞ ապրում, ո՞ւմ համար էր էդ ամենը: Ծանր աուրա կա էդ տարածքում, կենդանություն չկա, մեռյալ վիճակ է: Ոգիների քաղաքի նման է»:
«Ես ու Ռուբոն 3 բոչկա արաղ խմեցինք… ու…»
Ձախ Հարութի որդին` Եսային, 29 տարեկան է, լավ դաշնակահար է, իսկ բուն մասնագիտությամբ պրոֆեսիոնալ ձայնագրող-ինժեներ է, եւ աշխատում է ամերիկյան ֆիլմարտադրություններում: Հ. Փամբուկչյանի երգերի ձայնագրություններում հնչող կանացի ձայնը նրա կնոջ` Ռուզանի ձայնն է: Ռուզանը մասնագիտությամբ դաշնակահար է։ «Բայց երգել չի սիրում, ես եմ երգացնում, ասում է` փող պիտի տաս, որ երգեմ: Ախչի, ասում եմ` ինձնից է՞լ ես փող վերցնելու: Իրեն վստահում եմ, ինքն է զբաղվում իմ բոլոր կազմակերպչական, ֆինանսական հարցերով»,- ասում է Ձախ Հարութը, ում «Ձախ» բեմական անվան պատճառն իր ձախլիկությունն է: «1989 թվականին եկել էի Հայաստան, լրագրողներից մեկը հարցրեց` պրն Հարություն, Դուք ձախակողմյա՞ն եք… Իմիջիայլոց, աջով եմ գրում, բայց ձախով ֆուտբոլ եմ խաղում, կռիվ անում, ձախ ձեռքով եմ կիթառ նվագում ու ավելի շատ դրանից է առաջացել մականունս: Ամերիկայում ինձ «Ձախ» չեն ասում, մենակ էստեղ են ասում, պատանեկությունից եկած մականուն է»: Իր ընկեր Ռուբեն Հախվերդյանի հետ Ձախ Հարութը հետաքրքիր ու զավեշտալի պատմություններ ունի: «Երեւանի գիշերներում» երգն առաջին անգամ ձայնագրել է Հարություն Փամբուկչյանը։ «Կներեք, բայց թողեք մի քիչ ֆիքստուլանամ, էլի: Էնքան լավ ստացվեց էդ երգը, երաժշտությունը, որ Ռուբոն զանգել, ասում ա` արա՛ ախր ես դեռ չեմ ձայնագրել, էդ ի՞նչ արեցիր: Ասում եմ` ի՞նչ է, վա՞տ եմ երգել: Ասում է` չէ՛, բարկացնելու աստիճանի լավ ես երգել»,- պատմում է նա` ավելացնելով, որ Ռուբեն Հախվերդյանն իր շատ մտերիմ ու սիրելի ընկերն է, որին Աստված մեծ տաղանդ ու շնորհք է պարգեւել: ԱՄՆ մեկնելիս Ռ. Հախվերդյանը սովորաբար ապրում է Հարությունի տանը։ «Իմ տան մեջ զոռով երգեր գրել եմ տալիս: Մի օր կարելի է ասել` երեք բոչկա արաղ ենք ես ու ինքը խմել: Մեկ էլ ասում եմ` արա՛, եկել ես Ամերիկա, ոչ հյուրանոցի փող ես տալիս, ոչ ուտելիքի փող ես տալիս, ման ես գալիս, ուտում-խմում, ֆռռում ես: Գիշերվա ժամը 3-ն ա: Ասեցի` կյանքիդ մեջ մենակ մի բան ես կարում լավ անել` երգեր գրելը, ամոթ չի՞, արա՛, էդ էլ չես անում: Ինչ ասես` ասեցի, որ նստի երգ գրի: Ջղայնացավ, ասեց` մի կտոր հաց ես տալիս` քթիցս բերում ես: Մի խոսքով` մեկ էլ գիշերվա հազարին ինձ արթնացնում ա, թե` Հարութ, հլը նայի, երգի երկու տունը գրել եմ: Ո՞նց թե երկու տունը… Ասում եմ` մինչեւ ամբողջ երգը չգրես` էլ ինձ չարթնացնես… Ու գրեց: Բայց ի՞նչ գեղեցիկ խոսքեր, ի՞նչ պոեզիա… (արտասանում է).
Հիսունից հետո մարդիկ դառնում են մի քիչ մտածկոտ,
Անցյալի էջերից փորձում են մաքրել էջերը կեղտոտ:
Հիսունից հետո արագ է էնքան պտտվում տարին,
Որ չենք հասցնում տարբերել չարն ու բարին:
Հիսունից հետո սեղանը քեֆի կիսատ ենք թողնում,
Որից նախկինում մինչեւ առավոտ չէինք հեռանում,
Մեր տարիները մեզնից հեռանում են,
Թողնում են մեզ հետ մեզ մենակ,
Հազար երանի նրան, ով ունի անհոգ ապրելու ժամանակ:
Հիսունից հետո ընկերները մեր հերթով հեռանում
Ու տեղերը նրանց մեկընդմիշտ թափուր են մնում,
Հիսունից հետո մենք ենք կյանքից, թե նա է հոգնում
Ու թվում է թե էլ էս աշխարհից բան չենք հասկանում:
Հիսունից հետո կորցրածդ շատ, շահածդ` ոչինչ…
Պարապ է թվում կյանքում ամեն բան, արդեն ամեն ինչ:
Հիսունից հետո նույնիսկ հայելին մեզնից ամաչում,
Ու ցույց է տալիս, որ ինքն էլ արդեն մեզ չի ճանաչում:
Հիսունից հետո դառնում ես հանկարծ մի փաստի վկա,
Որ սխալ ապրած կյանքդ շտկելու ժամանակ չկա:
Ժամանակն անտես, անկոչ հյուրի պես այցելում է քեզ
Ու հիշեցնում կարծես, որ ինքդ քեզանից շուտով կազատվես…
Սպանում ա: Խելառ ա… Ռուբոն, խելառ… Աստված էս տղուն տվել ա երգ գրելու շնորհք. թույլ տվեք ասել, որ հիմա Հայաստանում ոչ ոք երգ չի ստեղծում: Եթե մեկը կա, որ երգ է ստեղծում, ապա դա Ռուբոն է: Ախր էնքան թամբալ է, որ ալարում է նույնիսկ բաղնիք մտնել, պիտի զոռով` ոտքով խփես, մտցնես բաղնիք…»,- կատակելով պատմում է նա: Ի դեպ, Հ. Փամբուկչյանի մտերիմ ընկերն է նաեւ «Sistem of a Down» ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանգյանը: Ձախ Հարութն այդ խմբի անդամներին կոչում է համաշխարհային տղերք: Իսկ Սերժ Թանգյանն իր հարցազրույցներում այն հարցին, թե ո՞ր երգիչներից է ազդվել, մշտապես պատասխանում է` «Ռոլինգ Սթոունզ, Բիթըլզ, Ռեյ Չարլզ, Լուի Արմսթրոնգ, Հարութ»։ Թվարկած այս լեգենդներից հետո վերջին անունը, բնականաբար, ամերիկացիներին հաճախ շփոթեցնում է:
Հ.Գ. Հարություն Փամբուկչյանի` Ձախ Հարութի հետ ամբողջական հարցազրույցը կներկայացնենք «3 Միլիոն» ամսագրի նոր համարում: