Որոշ փորձագետների համոզմամբ, վերջին օրերին պետական տարբեր գերատեսչությունների պաշտոնական կայքէջերի վրա իրականացրած «հարձակումները» զուտ տեխնիկական բնույթի չեն: Նրանց համոզմամբ, դրանք իրականացնելու համար օգտագործվում է մարդկանց հոգեբանական ֆակտորը եւ հետաքրքրությունը: Օրինակ, էլեկտրոնային փոստով ուղարկվում է վիրուս պարունակող մի նամակ, որը իբր նախատեսված է ողջ հայության կամ էլ, ասենք, լրագրողական հանրության համար:
Նամակը բացելիս համակարգչում եղած ողջ ինֆորմացիան, այդ թվում եւ՝ ծածկագրերը, գաղտնաբառերը, փոստի միջոցով փոխանցվում են վիրուսն ուղարկողին: Դրանց տիրապետելուց հետո արդեն համակարգիչը, կայքէջը հեշտությամբ հասանելի են դառնում այդ չարամիտ մարդկանց համար:
Հետեւանքներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օտար էլեկտրոնային փոստերից եկած նամակներն ու դրանց հավելվածներն ուղղակի չբացել, խոսքը հատկապես վերաբերում է ծածկագրեր եւ անցաբառեր պարունակող համակարգիչներին: Փորձագետներն ընդգծում են, որ վիրուս ուղարկող մարդկանց ճիշտ չէ հարձակվողներ կամ հակերներ անվանելը, քանի որ այդ գործողությունը տեխնիկական գիտելիքներ առանձնապես չի պահանջում: Դատելով այն բանից, որ վնասված կայքէջերում ադրբեջաներեն տեքստեր են եղել, մասնագետները կարծում են, որ դա հիմնականում արվում է հենց ադրբեջանցիների կողմից: Հիշեցնենք, որ նախորդ տարի նման բնույթի հարձակումներ իրականացվեցին տեղեկատվական մի քանի հայկական կայքէջերի նկատմամբ: