Լինել հավատարիմ գաղափարներին, ոչ թե՝ անձերին

17/08/2008 Էդվարդ ԱՆՏԻՆՅԱՆ

Այսօր մեր տարածաշրջանը կանգնած է աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների առաջ, որից մենք, անգամ մեծ ցանկության դեպքում, անմասն մնալ չենք կարող:

Վերջին շրջանում Վրաստանի ձգտումներին` անդամագրվել ՆԱՏՕ-ին, պարբերաբար հակադրվում էր Ռուսաստանի տարակուսանքը, թե` ումի՞ց պաշտպանվելու համար է ցանկանում այդ անել, մի՞թե նա վերջինիս կողմից վտանգ է տեսնում: Իսկ այսօր «համոզիչ փաստարկները» ռուսական ինքնաթիռների տեսքով ռմբակոծում են վրացական բնակավայրերը, կամ էլ տանկային շարասյան տեսքով քաղաքներով անարգել երթեր կազմակերպում: Ու միայն միջազգային հանրության կոշտ միջամտության արդյունքում նրանք «տանկային շքերթով» չմտան Թբիլիսի: Այս նոր իրողության պայմաններում ակնհայտ է, որ Վրաստանն ամեն կերպ ջանալու է ՆԱՏՕ-ին իր երկրի անդամակցության հարցը հնարավորինս արագացնել: Իսկ այն, որ դրանից հետո մեր երկրի համար լուրջ դժվարություններ կառաջանան, առանձնապես բարդ չի կանխագուշակել: Ուստի պահը թելադրում է, որ քաղաքական դաշտում հստակեցում մտցվի` ովքե՞ր են մեր գործընկերները, որտեղի՞ց ենք գալիս եւ ո՞ւր ենք գնում, որպեսզի կարողանանք արդյունավետ կերպով դիմակայել սպասվող մարտահրավերներին: Ես միանշանակ հայտարարում եմ, որ ՀԱԱԿ-ը մշտապես կողմնակից է եղել մեր երկրի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ առավելագույնս խորացնելուն, այն հաշվով, որ դա հանգեցնի անդամակցությանը եվրաատլանտյան այդ կառույցին, սրան զուգահեռ՝ Վրաստանի` անդամակցությանն ուղղված ջանքերը մենք ողջունում ենք: Թե՛ իշխանությունները, եւ թե՛ Լեւոն Տեր-Պետրոսյանն իրենց դիրքորոշումն արտահայտել են, որ իրենց քաղաքական օրակարգում ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության հարց գոյություն չունի: Կարծում եմ, այս խիստ բարդ ու պայթյունավտանգ իրավիճակում չափազանց կարեւոր է իմանալ նաեւ` մեր շուրջ 70 կուսակցություններից ովքե՞ր են պատրաստ եվրաատլանտյան այդ ռազմաքաղաքական կառույցին մեր երկրի անդամակցության հարցի շուրջ հստակ դիրքորոշում արտահայտել:

Ի դեպ, իմ տեսակետը կուսակցության ծրագրային դրույթներով առաջնորդվելու հարցում վերաբերում է ոչ միայն արտաքին քաղաքական կողմնորոշումներին: Մասնավորապես` ՀԱԱԿ ծրագրում պարզորոշ գրված է. «Կուսակցությունը կողմնակից է կայուն զարգացմանը եւ անընդունելի է համարում քաղաքական ու տնտեսական ցնցումները, դոգմատիզմը, անհիմն ռոմանտիզմը, բռնություններն ու ճնշումները: Անհրաժեշտ է դնել իրատեսական նպատակներ եւ հանդուրժել բարեփոխումների աստիճանականությունը` չչարաշահելով ժողովրդի համբերությունն անհարկի դանդաղկոտությամբ»: Իսկ հիմա ուզում եմ հասկանալ, թե այդ երբվանի՞ց եւ ո՞ւմ թեթեւ ձեռքով մեր կուսակցությունն ընկալվեց որպես հեղափոխական շարժման առաջամարտիկներից մեկը: Բացի այդ, որքան հիշում եմ՝ այն հիմնադրելիս մեր առաջ խնդիր չէինք դրել գնալ որեւէ մեկի «նվիրական ոտնահետքերով»: Ուստի, եթե որոշ ընդդիմադիր գործընկերներ կարծում էին, թե մենք կուսակցություն ենք հիմնադրել, որպեսզի սպասարկենք իրենց շահերը, դրանով իսկ արդարացնենք իրենց ակնկալիքները, ապա նրանք ընդամենը թյուրիմացության մեջ են եղել, քանզի նման պարտավորություններ մենք երբեւէ չենք վերցրել մեզ վրա: Իմ ներկայիս դիրքորոշումը բացարձակապես պայմանավորված չէ որեւէ իրավիճակային խնդրով, քանի որ ժամանակին էլ եմ հայտնել իմ անհամաձայնությունը: Մասնավորապես.

Ոչ թե անձի, այլ ծրագրի ամբիցիա, «Հայկական Ժամանակ», 23.02.05

Շուրջ երեք տարի ընդդիմադիր դաշտում տարբեր կոնֆիգուրացիաներով դաշինքներ են ստեղծվում միմիայն Քոչարյանին պաշտոնանկ անելու նպատակով: Բոլոր հարցադրումներին, թե ինչու չունեն միասնական ծրագիր` նրանց պատասխանը մեկն է. «Մենք տարբեր գաղափարախոսություն կրող կուսակցություններ ենք եւ համախմբվել ենք Քոչարյանին պաշտոնանկ անելու եւ երկրում սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով, որից հետո ամեն մեկս ազատ ենք սեփական ծրագրերը ներկայացնելու հարցում»: Առհասարակ, ոչ մի տրամաբանություն չկա, որ բոլորը միասին գան միտինգի, դառնան մի բռունցք` ընդդեմ Քոչարյանի եւ նրա հրաժարականի առաջին իսկ պահից շատ արագ վերածվեն դմբուզիկների եւ «հարձակվեն» արդեն իրար վրա: Այնպես որ, ընդդիմության նման ռազմավարության դեպքում, ցավոք, պարտությունը կանխորոշված է: Ո՞րն է ելքը: Ի՞նչ ենք առաջարկում մենք` այս ամբողջ ընթացքում: Գաղափարական ընդհանրությունների հիման վրա ստեղծել կուսակցությունների դաշինք եւ հստակ ծրագրով առաջնորդել ժողովրդին:

ALEA JACTA EST (Վիճակը նետված է), «Հայկական Ժամանակ», 22.07.06

2003թ. համապետական ընտրությունների ժամանակ հասարակությանն արժեհամակարգային եւ գաղափարական կողմնորոշումների այլընտրանք չներկայացվեց: Եվ քաղաքական պայքարի «բաց դաշտում», անգամ ժողովրդի անվերապահ աջակցության պայմաններում, ընդդիմությանը չհաջողվեց տեր կանգնել իրեն տրված ձայներին: Հետագայում իշխանական «պաշարված ամրոցը» գրոհով վերցնելու հանգամանորեն չնախապատրաստված պարբերական փորձերը ջլատեցին ընդդիմության ուժերը, նվազեցրին նրա աջակիցների քանակը եւ հուսահատեցրին հասարակության զգալի հատվածին: Եվ քաղաքական գործելաոճի մարտավարությունը թելադրում է, որ եթե ուժերի հարաբերակցությունը փոխվում է հօգուտ իշխանության, ապա ընդդիմությունը գոնե «պարտիզանական» գործողությունների միջոցով պետք է կարողանար թուլացնել նրանց: Սակայն դա էլ տեղի չի ունենում: Արդյունքում` առաջիկա ընտրությունների նախաշեմին հասարակական բացարձակ անվստահության պայմաններում իշխանություններն ավելի ուժեղ են, քան 2003-ին: Եվ ամենեւին կարեւոր չէ, թե ակտիվ գործընթացների պատասխանատվությունը ստանձնած ընդդիմության գործողություննե՞րը հանգեցրեցին նման տխուր պատկերի, թե՞ անգործությունը:

Ի դեպ, մեզանում դեռ շարունակվում է մի տեսակ հիվանդագին ընկալվել այն փաստը, որ ընդդիմադիր դաշտում որեւէ կուսակցությունում պառակտում է տեղի ունենում: Մինչդեռ այս կամ այն կուսակցությունն ազգային արժեք չէ, այլ` ընդամենը համախոհների միավորում, որը պետք է իր ծրագիրը ներկայացնի հանրությանը, ստանա նրա աջակցությունը, գա իշխանության եւ կյանքի կոչի այդ ծրագիրը: Եթե չի հաջողվում ստանալ բավարար չափով քվե, ապա պետք է բազմապատկել ջանքերը` հասարակության մեջ իր ծրագրերն ակտիվ ու համոզիչ կերպով ներկայացնելու համար, որպեսզի կարողանալ հաջորդ ընտրություններին հասնել հաջողության: Իսկ եթե դա էլ չի հաջողվում, ու տեսանելի ապագայում կուսակցության հզորացման տենդենց նույնպես չի նկատվում, ապա կա՛մ պետք է գնալ համախոհ կուսակցությունների հետ համախմբման, կա՛մ էլ լուծարվել: Թե չէ այսօր գրանցված 70-ից ավելի կուսակցություններից շուրջ 60-ը չպառակտվող նյութից են կազմված, քանի որ հանրությանը ներկայանում են ընդամենը մեկ անձի տեսքով: Իսկ ի՞նչ ազդեցություն ունեն նրանք քաղաքական գործընթացների վրա եւ ի՞նչ խնդիր են կարողանում լուծել մեր պետության ու հասարակության համար: Իսկ եթե այսքանը քաջ գիտակցելով, որոշ մարդիկ շահագրգռված են նման կուսակցությունների գոյությամբ, ապա նրանց ոչ ոք չի խանգարում «Պահպանվում է պետության կողմից» գրառմամբ մի ցուցանակ փակցնել ու խնամքով պահպանել նրանց՝ որպես անպետք իրերի կաբինետային նմուշներ:

Երբ ռմբակոծվում են Մառնեուլին ու Փոթին, դժվար չէ հասկանալ, որ աշխարհաքաղաքական մարտահրավերները, այլեւս սպառնալիքի տեսքով, բախում են մեր երկրի դռները: Բացի այդ, Իրանի նկատմամբ պատժամիջոցները կարող է առաջիկայում արտահայտվեն նաեւ նրա միջուկային օբյեկտներին կետային հարվածներ հասցնելու տեսքով: Կարծում եմ, որ մեր շատ կուսակցապետեր այս բախտորոշ պահին ուղղակի պարտավոր են անել գոնե նվազագույնը` հստակ դիրքորոշում արտահայտելու տեսքով պատասխանատվություն վերցնել իրենց վրա, եթե, իհարկե, նման «ծանր բեռի» տակ մտնելու կարողությունը դեռ չեն կորցրել: