ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեն երեկ պատասխանել է մեր թերթի նախորդ համարում հրապարակված` «Մի կործանեք Սեւանը» հրապարակմանը:
Հիշեցնենք, որ մենք հրապարակել էինք Էկոլոգիական հասարակական դաշինքի նամակը, որը հղել էին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին, ԱԺ խմբակցություններին, ԱԺ մշտական հանձնաժողովներին, ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերին, ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի տնօրեն տիկին Ս. Մարուխյանին, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի տնօրեն, դեսպան Սերգեյ Կապինոսին: ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանը հրապարակում ենք ամբողջությամբ: «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը հիմնականում պայմանավորված է 2008թ. ոռոգման սեզոնը ապրիլ ամսին սկսելու եւ եղանակային պայմանների հանգամանքներով, Ազատի եւ Ապարանի ջրամբարների, ինչպես նաեւ Հրազդան գետի ջրատվության սակավությամբ, որոնք աննախադեպ երեւույթ էին վերջին առնվազն 8 տարիների ընթացքում: Ընդ որում, տեղումների երկարատեւ անբավարարության կամ իսպառ բացակայության, օդի բարձր ջերմաստիճանի եւ ցածր հարաբերական խոնավության պայմաններում ապրիլ ամսից սկսած հանրապետությունում առկա էին երաշտին բնորոշ բոլոր երեւույթները: Վերջինիս արդյունքում ՀՀ ԱԺ կողմից ընդունվեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (10.06.2008թ. N ՀՕ-115-Ն, որն ուժը կորցնելու է 01.12.2008թ.), որով 2008թ. ոռոգման շրջանի համար Սեւանա լճից ջրառի տարեկան առավելագույն չափաքանակ սահմանվեց 240.0 մլն խոր. մետր: Նշված օրենքը վերաբերում է բացառապես 2008 թվականին: Ընդ որում, «168 Ժամ» թերթի օգոստոսի 14-15, թիվ 74 (442) համարում նշված «Մի կործանեք Սեւանը» հոդվածում նշված է, որ ՀՀ ԱԺ-ն օգոստոսի 19-ին պատրաստվում է քննարկել կառավարության օրենսդրական նախաձեռնությունը՝ Սեւանա լճից ջրառը յուրաքանչյուր տարվա համար ավելացնել մինչեւ 360 մլն խմ: Անհրաժեշտ է նշել, որ ՀՀ ԱԺ ներկայացված օրենքի նախագիծը եւս վերաբերում է բացառապես 2008թ. եւ 01.12.2008թ. ուժը կորցրած ճանաչվելուն, ինչը նշված է նաեւ օրենքի նախագծի 3-րդ հոդվածում:
2001-2007թթ. տարիների ընթացքում Սեւանա լճից ոռոգման նպատակով ջրաքանակ հիմնականում բաց է թողնվել հունիսի 1-ին, տասնօրյակից սկսած, մինչդեռ առ 01.06.2008 թվականի դրությամբ Սեւանա լճից փաստացի ջրառը կազմել է 52.4 մլն խոր. մետր: Առ 15.08.2008թ. դրությամբ Սեւանա լճից ջրառը կազմել է 214.9 մլն խոր. մետր: Անհրաժեշտ է նշել նաեւ, որ Սեւանա լճի մակարդակի բացարձակ նիշը առ 15.08.2008թ. դրությամբ կազմում է 1899.18 մ, որը տարեսկզբի համեմատությամբ ավել է 37 սանտիմետրով, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավել է 22 սանտիմետրով: Այսինքն, Սեւանա լճի մակարդակի բացարձակ նիշի դրական հաշվեկշիռը եւս պահպանված է, որը կպահպանվի նաեւ լրացուցիչ ջրաքանակ վերցնելու դեպքում: 2008թ. Սեւանա լճից լրացուցիչ ջրառի իրականացման հիմնական պատճառներն են՝
1. 2008թ. մարտ-ապրիլ ամիսներին հանրապետությունում գրանցվեց աննախադեպ բարձր ջերմաստիճան (շուրջ 30 աստիճան), առանց տեղումների եղանակ եւ, որպես հետեւանք, տեղի ունեցավ հողի հարաբերական խոնավության աստիճանի կտրուկ անկում, ինչն առաջացրեց ոռոգման խիստ անհրաժեշտություն:
2. 2008թ. ոռոգման սեզոնը սկսվել է ապրիլ ամսից, այն դեպքում, երբ այն սովորաբար սկսվում է մայիսի վերջերին:
3. Քանի որ վաղ գարունն ուղեկցվեց բարձր ջերմաստիճանով եւ առանց տեղումների եղանակով՝ որպես արդյունք երկու խոշոր դոտացիոն ջրամբարներում գրանցվեց ջրի ամբարման ցածր մակարդակ (91 մլն խոր. մետր ծավալ ունեցող Ապարանի ջրամբարը լցվեց ընդամենը 34 մլն խոր. մետրով, իսկ 70 մլն խոր. մետր ծավալ ունեցող Ազատի ջրամբարը՝ ընդամենը 49 մլն խոր. մետրով): Արդյունքում երկու խոշոր դոտացիոն ջրամբարների ընդհանուր ջրատվությունը (հաշվի առնելով նաեւ ջրամբարների սանիտարական պահպանման, ինչպես նաեւ ջրամբարների տակ գտնվող հողատարածքների ոռոգման համար անհրաժեշտ ջրաքանակը) պակասեց շուրջ 100 մլն խոր. մետրով:
4. Հրազդան գետի ջրատվությունը 2008թ. կկազմի շուրջ 112 մլն խոր. մետր՝ սովորական տարիների 160 մլն խոր. մետրի դիմաց: Արդյունքում առաջանում է շուրջ 50 մլն խոր. մետր ջրաքանակի դեֆիցիտ:
5. Քանի որ սեզոնն սկսվեց շատ ավելի վաղ, քան սովորական տարիներին, եւ հուլիս-օգոստոս ամիսներին նույնպես գրանցվեց բարձր ջերմաստիճան, ապա ոռոգվող հողատարածքների ջրման պահանջները նորմատիվային ջրապահանջարկի նկատմամբ ավելացավ շուրջ 15 %-ով՝ առաջացնելով շուրջ 70 մլն խոր. մետր լրացուցիչ ջրառի պահանջարկ:
6. Ընդհանուր դեֆիցիտի փակման հնարավոր աղբյուրներից մեխանիկական ջրի արտադրությամբ (հիմնականում Մխչյանի եւ Ռանչպար-Արեւշատի պոմպակայաններով) սովորական տարիների 58 մլն խոր. մետրի դիմաց 2008թ. կտրվի շուրջ 100 մլն խոր. մետր: Նշված համակարգերի առավել հզորությամբ աշխատանքները սահմանափակված են, մասնավորապես, Ռանչպար-Արեւշատի պոմպակայանում Սեւ ջրի ջրային ռեսուրսների սակավությամբ, իսկ Մխչյանի պոմպակայանում՝ տեխնիկական հնարավորություններով:
7. 2008թ. որոշ հողատարածքներում տեղի է ունեցել նաեւ մի շարք մշակաբույսերի փոփոխություն, որի արդյունքում գյուղացիական տնտեսություններն առավել մեծ ջրապահանջարկ ունեցող կուլտուրաներ են մշակում:
Հաշվի առնելով վերը նշվածները, ինչպես նաեւ կանխատեսվող եղանակային պայմանները` 2008թ. գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգումն ապահովելու նպատակով Սեւանա լճից ջրառի առավելագույն ջրաքանակը կկազմի մինչեւ 360 մլն մ3»: