Այսօրվա դրությամբ մոտ երկու անգամ ավելի մարդ է «Միասնության շուրջպարին»
մասնակցելու հայտ ներկայացրել, քան սպասվում էր: «250.000 մարդ արդեն
գրանցվել է, եւ ժամառժամ ավելանում են: Կան մարդիկ, ովքեր չեն գրանցվել,
բայց ցանկություն են հայտնել գալու եւ պարելու»,- ասաց «Միասնության
շուրջպարի» կազմկոմիտեի անդամ պարուսույց Կարեն Գեւորգյանը, ով
պատասխանատու է շուրջպարի գեղարվեստական մասի համար: Եվ «Միասնության
շուրջպարի» շտաբը, եւ Ներքին գործերի նախարարությունը, եւ
Պետավտոտեսչությունը եւ այլ նախարարություններ զբաղված են նախապատրաստական
աշխատանքներով: Այս շաբաթ կավարտվի ծառատունկը, եւ շուրջպարի շրջագիծը
կգեղեցկանա:
Մեկ մետրին՝ մեկ մարդ
Ցանկացողների մեծ մասը կարող է տեղ չհասնել: Թերեւս դա է շտաբի գլխավոր
մտահոգությունը: «Խցանումներ չեն լինի»,- վստահեցրեց «Միասնության
շուրջպարի» շտաբի պետ Արամ Կարապետյանը: Յուրաքանչյուր ավտոմեքենա
գրանցվում է եւ ունենալու է իր անցագիրը: «Ով տրանսպորտ ունի, իր
տրանսպորտով կգա, ով չունի՝ մենք կտանք: Առաջին հերթին` մենք տրանսպորտով
կապահովենք ուսանողությանը, հետո՝ հասարակական կազմակերպություններին»,-
ասաց Ա. Կարապետյանը: Խցանումներից խուսափելու համար տարածքը բաժանվել է
մասերի՝ Մաստարայից մինչեւ Սաղմոսավանք տարածքը նախատեսված է Երեւանի եւ
Արարատյան դաշտավայրի բնակիչների համար, քանի որ նրանք ունեն մի քանի
ճանապարհ շուրջպարի հատված մուտք գործելու համար: Յուրաքանչյուր 3
կիլոմետրի վրա մեկ ոստիկան կլինի, լինելու են նաեւ Արտակարգ իրավիճակների
վարչության աշխատակիցները եւ «Կարմիր խաչի» ավտոմեքենաները: Արագածի
շրջագծով ձգվող ողջ մայրուղին բաժանված է 160 մասի՝ մեկական կիլոմետրի:
«Ամեն կիլոմետրն ունի իր պատասխանատուն»,- ասացին շտաբում: Դա հազարապետն
է: Ամեն հազարապետ ունենալու է իր հարյուրապետերը, որոնք պատասխանատու են
լինելու հարյուր մարդու համար: 160 հազարապետերը կունենան իրենց
վերադասները՝ տասհազարապետերը, որոնք իրենց հերթին կունենան իրենց
վերադասները՝ երկու կամ երեք հարյուրհազարապետ: Հարյուրհազարապետեր
կդառնան ազգային գործիչներ Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Ալեքսանյանը: Քանի
որ «Միասնության շուրջպարը ֆոնդ չունի, մարդիկ իրենք պետք է մտածեն սննդի
եւ ջրի մասին: «Ֆոնդ չունենք, որովհետեւ դժվար կլիներ ապացուցել, որ
գումարները մաքուր ենք օգտագործել,- ասաց Ա.Կարապետյանը: -Ամեն մարդ գալու
է իր հաց ու ջրով: Սնունդը կլինի բուտերբրոդների, քաղցրավենիքի կամ
խորովածի տեսքով»: Ուսումնասիրելով տարածքը, շտաբում պարզել են, որ խմելու
ջուր շատ կա, բացի դրանից, լինելու են հովանավորներ, ովքեր անվճար
բաժանելու են պաղպաղակ, ջուր, գարեջուր եւ այլ խմիչքներ: Տեղեր կլինեն,
որտեղ որոշ ռեստորաններ իրենց խոհանոցում պատրաստած ճաշատեսակները
կառաջարկեն: Գործարարների համար իրենց ապրանքը վաճառելու պայմաններ էլ
կլինեն: «Ալկոհոլային խմիչքը բացառել ենք,- ասաց Ա.Կարապետյանը: -Բայց ով
ինչքան է խմում, իհարկե, հսկել չենք կարող: Այդ օրը այնպիսի մի օր է, որ
բոլորը պետք է ուրախանան, բայց, իհարկե, հասկանալով ինչպես է պետք իրենց
պահել: Այդ օրը միասնության օր է: Հարսանիքի սեղաններն էլ են շատ լինում,
մարդիկ իրար կարող են չճանաչել, բայց նույն հարսանիքին են մասնակցում: Դա
տոնախմբություն է: Հարսանիքը եւ կնունքը նույնպես տոնախմբություն են:
Կնունք էլ կլինի՝ մայիսի 28-ին ծնվածները հավաքվելու են եւ կնունք անեն»:
Յուրաքանչյուր հատված ուրախ օր անցկացնելու իր ծրագիրն է ներկայացրել: Ողջ
Շիրակի մարզի ծրագիրը համեմված կլինի ազգային կոլորիտով: «Տալու են
հարիսա, եւ բոլորը գալու են ֆայտոններով կամ ոտքով՝ բերելով իրենց երգի ու
պարի խմբերը»,- ասաց Ա.Կարապետյանը: Ռուսաստանի «Կրկեսը սառույցի վրա»
դերասանների խումբն այժմ լուծում է սառույցի պատրաստման խնդիրը:
Մեկ քայլ առաջ, մեկ քայլ ետ
Դրանք 15 րոպե տեւող շուրջպարի հիմնական շարժումներն են, որոնք պարզեցվել
են, քանի որ սպասվում է հաշմանդամների, երեխաների եւ ծերերի
մասնակցություն: «Այդ շարժումները «գովնդ» պարատեսակի պարզագույն
շարժումներն են,- ասաց Կ.Գեւորգյանը։ -«Գովնդ» նշանակում է՝ գունդ,
հավաքատեղ: Եվ շատ մոտ է մեր շուրջպարի փիլիսոփայությանը: Նախկինում՝
նախաքրիստոնեական շրջանում, մարդիկ այդ պարով գովերգել են բարի
աստվածներին եւ փորձել վանել բնակավայրից չար ուժերին: Քրիստոնեության
ընդունումից հետո մենք պար չենք ստեղծել: Մեր բոլոր շուրջպարերը
նախաքրիստոնեական են: «Մեկ քայլ առաջ, մեկ քայլ ետ» շարժումը
պտղաբերության, խոնարհումի եւ առաջ գնալու խորհրդանիշն է»: Կ.Գեւորգյանի
ասելով՝ 160.000 հոգին չեն կարող նույնությամբ ավելի բարդ շարժում անել:
Շուրջպարի մասնակիցները պարելու են այն հագուստով, որով եւ գալու են, միակ
պարտադիր պահանջը ծիրանագույն գլխարկներ՝ կեպիներ կրելն է: Յուրաքանչյուր
մասնակցի տրվելու է մեկ կեպի, որի արժեքն է 30 դրամ, եւ մասնակցությունը
ապացուցող արտոնագիր՝ 50 դրամ արժողությամբ: Կեպիների ու արտոնագրերի գինը
վճարելուց հետո հազարապետերը բաժանում են դրանք իրենց պատասխանատվության
տակ գտնվող հազար մարդու: Ազգային տարազներ հագած կլինեն միայն 10.000
պարողներն ու պարուհիները: «Ամեն հազարապետին կցվելու է 10-15 պարող: Իսկ
ողջ շրջագծում՝ 163 կմ վրա լինելու է 163 պարային կոլեկտիվ: Ընդգրկված է
լինելու Հայաստանի բոլոր 12 շրջանների երաժշտությունը՝ Մուշ, Վասպուրական,
Սյունիք, Արցախ եւ այլն»:
«Մաքուր պահիր քո մեկ մետրը»
Մայիսի 21-ին բացվելու է հայկական այբուբենի տառերից բաղկացած «Քարե
տառերի պուրակը», եւ նույն օրը շտաբը կտեղափոխվի Արագածի ստորոտ:
Վրաններում տեղակայվելով, շտաբի աշխատակիցները զբաղվելու են ավելի կոնկրետ
խնդիրներով՝ զուգարանների եւ աղբամանների տեղադրումով: «Կլինեն եւ փայտե,
եւ ցելոֆանի տեսքով զուգարաններ: Ինչ-որ ժայռաբեկորի կողքին կապույտ
ցելոֆան կքաշեն, եւ զուգարան կդառնա»,- ասաց Ա. Կարապետյանը: Ամեն
հազարապետ չորս-հինգ զուգարան եւ նույնքան աղբաման կպատրաստի:
Յուրաքանչյուր հատված պատասխանատու կլինի իր տարածքի մաքրության համար:
Մայիսի 30-ին եւ 31-ին շտաբը մեքենաներով գնալու է հավաքելու ժամանակավոր
զուգարաններն ու աղբամանները: Շտաբին իր օգնությունն է առաջարկել «Մաքուր
Երեւան» կազմակերպությունը: