Կոբո Աբե «Մանկասենյակը»

17/08/2008 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

– Նայեք: Ա՜յ այնտեղ… Ոչ, այսօր չի երեւում… Լավ եղանակին, ա՜յ հենց այնտեղ երեւում է հեռուստաաշտարակի կատարը…

Տոն է, իսկ գուցե թե սովորական կիրակի: Էլեկտրագնացքի վերջնակայանից ոչ շատ հեռու, հոտերի առատությունից պայթելու պատրաստ լեցուն ռեստորանի մեկուսի անկյունը: Պատուհանի կողքի խարխուլ սեղանի մոտ դեմ դիմաց նստած են տղամարդ եւ կին: Կնոջ առջեւ` պահածոյադրված մրգերով եւ շոկոլադով պաղպաղակ է: Տղամարդու առջեւ` սերուցքով սուրճ: Տղամարդը` թերեւս այն բանից, որ անընդհատ ծխում է, շնչահեղձ է լինում եւ ծուխը քթից է դուրս թողնում: Կնոջ հայացքը բացարձակապես անմասն է մնում: Նրանք երկուսն էլ` դա նկատելի է առաջին իսկ հայացքից` միանգամայն չեն ընտելացել միմյանց, ինչպես նոր տոնազգեստին:

Տղամարդը կաշկանդված շարունակում է.

– Անկեղծ ասած, ես երազում եմ երբեւէ մագլցել աշտարակի կատարը եւ այնտեղ` «Այստեղ նավթ է» մակագրությամբ տախտակ փակցնել: Հասկանո՞ւմ եք: Կեղտոտ երկինքն ավելի ու ավելի ծանրանում է եւ հիմա արդեն պատրաստ է փուլ գալու քաղաքի վրա: Եվ այդժամ ճզմված քաղաքը հետզհետե կվերածվի վիթխարի նավթաբեր դաշտի: Չէ՞ որ, պնդում են, որ ածուխը բույսերից է գոյացել, իսկ նավթը` կենդանիներից: Նայեք: Այնտեղ՝ ներքեւում, փողոց է, եւ այն խցկված է նրանցով, ումից նավթ է գոյանում: Այդ պատճառով ես պատրաստվում եմ երեխաներին լոկ մի բան սովորեցնել` նավթարդյունահանման տեխնիկան:

Կնոջ աչքերի անկյուններում առաջին անգամ ժպիտի կնճիռներ են հայտնվում: Բայց նա տեղնուտեղը, շուրթերը սեղմած, լեզվի ծայրով լիզում է ժպիտը պաղպաղակի հետ եւ ներում հայցող տոնով շշնջում է`

– Ինձ նույնիսկ ընկերուհիներս էին միշտ ասում, որ ես հումոր չեմ հասկանում: Բայց այն, ինչ դուք եք ասում, ինձ թվում է՝ շատ հումոր է պարունակում:

– Դուք ի՞նչ է, մրսե՞լ եք:

Տղամարդը հազալով էր խոսում, եւ կինը նույնպես ակամա քանիցս հազաց ափի մեջ, որով բռնել էր գդալը: Կոկորդը մաքրելով նա իր սովորական ձայնով ասաց`

– Ոչ, երեւի ծխախեղդ եղա:

– Ուրեմն ոչ մի սարսափելի բան չկա: Թե չէ, մրսածության դեպքում պաղպաղակը շատ անխոհեմ կլիներ:

Կնոջ հայացքը թափանցում է տղամարդու աչքերը, մի պահ կանգ է առնում այնտեղ, եւ թեթեւ սարսուռ թողնելով փախչում է դեպի պատուհանը:

– Իսկապես, հեռուստաաշտարակը չի երեւում…

– Չի երեւում: Ծխամրից է:

– Այո, սարսափելի մուր է:

– Իսկ ահա հետաքրքիր է, իրավունք ունե՞ն արդյոք մարդիկ ծխամրից վրդովվելու: Ձեզ չի՞ թվում, որ դա հույժ անորոշ է:

Հնարավոր է: Կինը դարձյալ աչքերի անկյուններից ժպիտ է արտածում, Բայց ավելի շուտ` պարտքի զգացումից:

– Եթե խոսենք կեղտի մասին, ապա եւ՛ մարդիկ, եւ՛ ծխամուրը, թերեւս, միմյանց շատ նման են:

Տղամարդը նստած է ձեռքերը միահյուսած, դրանք սեղանի ծայրին դրած եւ ուսերը փոքր-ինչ շտկած: Նրա դունչն ու վիզը լուսավորված են, եւ կինն ուշադրություն է դարձնում, որ նրա ադամախնձորի վրա չսափրված մազմզուկներ կան: Հետեւելով նրա հայացքին, տղամարդը գլուխը կախում է եւ խաչած ձեռքերը տեղնուտեղը տանում է փողկապին: Խորը շունչ քաշելով, նա ոգեւորված ասում է`

– Համենայնդեպս, մենք միմյանց հետ պետք է անկեղծ լինենք, ճիշտ չէ՞: Մենք արդեն այն տարիքում չենք, որ ամաչենք…

– Այո, ես էլ եմ այդպես կարծում:

Կնոջ դեմքի արտահայտությունը մեկեն փոխվում է, նա գլուխը բարձրացնում եւ սկսում է մատներով արագ տրորել բեժագույն զգեստի օձիքը: Դժգույն վարդագույն լաքն ընդգծում է գեղեցիկ երկար եղունգները` հետաքրքիր է, տղամարդը դրանց վրա ուշք դարձրե՞լ է, թե՞ ոչ:

– Հարկ է հենց ամենասկզբից քեզ նախապատրաստել այն բանին, որ դա կարող է որոշակի անհարմարություն ստեղծել:

– Դուք կարծո՞ւմ եք:

– Մենք հանդիպել ենք՝ օգտվելով ամուսնական գրասենյակի քարտարանից` դա փաստ է, եւ դրանից չես փախչի… Բայց եթե այդ փաստն անվերջորեն ճնշի մեզ…

– Ամենեւին էլ չի ճնշում, համենայն դեպս՝ ինձ…

– Ճի՞շտ:

– Պարզապես մենք մյուսներից փոքր-ինչ վախկոտ ենք, պակաս հարմարված, բավականաչափ ճարպիկ չենք` ահա եւ ամենը:

– Դե ինչ, դա ինձ հանգստացնում է:

Տղամարդն ազատում է կրծքին խաչած ձեռքերն ու թեքված սկսում է գրպանում ծխախոտ փնտրել:

– Անկեղծ ասած, դա ինձ ամենեւին էլ չի ճնշում: Ավելին, երբ հարցն ամուսնությանն է վերաբերում, ես դառնում եմ քարտարանի մոլի կողմնակից: Եթե ուզում ես, որ ամուսնությունը ռացիոնալ լինի, ապա սերը եւ մնացած այլ պատահական պահերը պետք է վճռականորեն դեն նետվեն: Դուք համաձա՞յն եք:

– Պարզապես մենք հարմարված չենք:

– Այո , այո, իհարկե, դուք լիովին ճիշտ եք:

Տղամարդը թեքվում է դեպի գավաթը, մի շնչով կլլում է այն, կրակը փութով մոտեցնում է ծխախոտին, իսկ ազատ ձեռքով սկսում է տրորել փողկապը:

– Մի խոսքով, ես կկամենայի հնարավորինս շուտ իմանալ ձեր մտադրությունները…

– Մտադրություննե՞րը:

– Եթե ես ձեզ չեմ համապատասխանում, ապա անկեղծորեն ասեք, որ չեմ համապատասխանում: Ես ամեն ինչի պատրաստ եմ:

– Ես… գիտեք ինչ… առաջ ես կարծում էի, որ հանդիպումը ձեզ հետ ինձ ավելի շատ հաճույք կպատճառի…

– Ինչո՞ւ: Չէ՞ որ դուք, երեւի, մանրազնին ուսումնասիրել եք իմ պատասխանները բացիկում:

– Այնպես, որ նույնիսկ դրանք անգիր եմ հիշում:

– Ես ոչինչ չեմ հորինել:

– Ոչ, ես այդ իմաստով չեմ… Չի կարելի հարցերին պատասխանել այնպես, ինչպես դա անում են քննական աշխատանքում:

– Քննական աշխատանքո՞ւմ:

Ծնկներին թափված մոխիրը թափ տալով՝ տղամարդը տարակուսած գլուխը տարուբերում է:

– Այո, իսկապես հետաքրքիր համեմատություն է, կարծես դպրոցական ուսուցչուհի լինեք: Բայց դուք ճիշտ եք, ինչ որ կա` այդ է: Դուք ավելին էիք սպասում, քան պրիմիտիվ քննական աշխատանքը, ահա ես էլ կտրվեցի: Գիտե՞ք ինչ, ես ֆիրմայի սովորական ծառայող եմ եւ դույզն-ինչ ավելին չեմ, քան ինչ որ գրել եմ բացիկում` թեկուզ տասը տարի փնտրես:

– Եվ դուք համարում եք, որ ըստ բացիկի՝ կարող եք ամեն ինչ սահմանե՞լ: Ուրեմն, ըստ իմ բացիկի…

– Կարող եմ, իհարկե: Ես ձեզ ահա թե ինչ կասեմ: Արդյունքները եղան հենց այնպիսիք, ինչպիսիք ես ակնկալում էի բացիկին դիմելով:

Կինն արագ իջեցնում է աչքերն ու կծոտում ներքեւի շուրթը: Նրա տոնի մեջ անվստահություն է հայտնվում, որը նա ունակ չէ թաքցնելու:

– Իսկ ձեզ չի՞ թվում, որ դուք չափազանց հապճեպ հետեւություն եք արել: Դժվար է հավատալ, որ մարդն իր մասին բացիկում գրի ողջ ճշմարտությունը:

– Համենայնդեպս, ինձ համար մի բան պարզ է` դուք հենց այն մարդն եք, ով ինձ պետք է:

– Դե, ու…

– Մարդ, ով ինձ պետք է: Դե, էլ ի՞նչ է պետք:

Կինը, շուրթերը սեղմած, խեղդում է հոգոցն ու հենվելով աթոռի թիկնակին, ծնկները միացնում, ու դա ինչ-որ կերպ մեղմացնում է նրա փոքր-ինչ անկյունաձեւ մարմինը:

– Այդ ամենը նրանից է, որ դուք բոլորովին հարմարված չեք… Եվ առանձնապես խորաթափանց չեք: Ճի՞շտ է… Ես հիանալիորեն հասկացա, որ դուք շատ մաքուր, միամիտ մարդ եք… Ահա թե ինչու հիմնվելով միայն դրա վրա…

– Դատարկ բան է:

Տղամարդը կրակը մոտեցնում է կնոջ ատամների արանքում սեղմած ծխախոտին. – Ձեզ հայտնի՞ է, թե ես ինչ գործ եմ անում ֆիրմայում:

– Եթե հավատանք ձեր լրացրած քարտին, հետազոտում եք կոսմետիկական ապրանքները:

– Հետազոտում եմ կեղծիքը:

Կինն առաջին անգամ հոգեբուխ ծիծաղում է: Իսկ ծխում էր նա բավական հմտորեն:

– Ես չեմ կարող վստահություն չտածել այն մարդուն, ով ինձ հումորի զգացում է ներարկում:

Տղամարդը գլուխը փոքր-ինչ թեքում է, մարում ծխախոտը եւ հարցական նայում կնոջը:

– Դուք գիտե՞ք, թե ինչ է նշանակում կոսմետիկական ապրանքը: Նրանց համար, ովքեր աշխատում են գովազդի բաժնում, դա գուցե թե կանացի մաշկին գեղեցկություն պարգեւող առարկաներ են: Իսկ մեզ համար, տեխնիկական բաժնի աշխատողների համար, ամեն ինչ այլ կերպ է: Մեզ համար կոսմետիկական ապրանքները յուղեր եւ պոլիմերներ են, որոնք նկատելի կողմնակի երեւույթներ չեն առաջացնում եւ կարող են մեծ քանակությամբ էժան արտադրվել:

– Դուք սարսափելի բաներ եք ասում:

– Ձեզ այդպե՞ս է թվում:

– Գուցե թե դուք եւ ճիշտ եք, բայց միեւնույն է…

Կինը ծխացող մոխրամանի մեջ մի քանի գդալ հալած պաղպաղակ է լցնում:

– Ձեր խոսքերն ինչ-որ անդուր զգացողություն են առաջացնում, դա անկասկած:

– Իսկ ինձ այդ ամենն առանձնապես չի հուզում: Ես ջանադրաբար զբաղվում եմ հետազոտություններով՝ դույզն-ինչ խղճի խայթ չզգալով: Այդ պատճառով էլ ես ոչ մի դժգոհություն չեմ հայտնում ծխամրից: Դուք ասում եք, ես միամիտ եմ… Ես ուզում եմ, որ ի սկզբանե մեր միջեւ որեւէ թերասածություն չմնա: Այո, ես մի մարդ եմ, որ գիտե, թե ինչ է կեղծիքը, մի մարդ, ով թաղված է այդ կեղծիքի մեջ:

– Դուք չափազանց զգայուն եք:

– Այդ ե՞ս եմ զգայուն: Ես մարդասպան եմ:

– Մարդասպա՞ն:

– 18 մարդ, դա ես հաստատ հիշում եմ: Եվ ինձ երբեք գիշերով չեն տանջել մղձավանջները:

Կինը ծխում է, ծուխը խոր ներս քաշում, փոքր-ինչ շունչը պահում եւ դանդաղորեն ծուխը դեպի առաստաղ է թողնում:

– Ուրեմն, ինձ առաջարկություն է անում այն հրեշներից մեկը, որոնց մասին գրում են շաբաթաթերթերո՞ւմ:

– Գուցե թե դա ձեզ վշտացնի, բայց հրեշը` ամենասովորական նախկին զինվոր է:

– Ա՜ա, դուք ուրեմն պատերազմի մասին եք…

– Դուք համարում եք, որ եթե սպանում են պատերազմի ժամանակ` դա միանգամայն բնակա՞ն է:

– Պատերազմի ժամանակ խոսքը կարող է վերաբերել լոկ օրինական պաշտպանությանը:

– Միայն խաղաղ ժամանակ գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին է անհրաժեշտ պաշտպանության սահմանի գերազանցումը, այսինքն, ուզածդ պաշտպանություն պարտադիր մատակարարում են, այսպես կոչված, նախապահպանական փականով: Իսկ պատերազմի ժամանակ հարձակումը պաշտպանության լավագույն տեսակն է: Այսինքն, պատերազմը անհրաժեշտ պաշտպանության սահմանի գերազանցման օրինականացված շղթան է:

– Ես բնավ էլ մտադիր չեմ արդարացնելու պատերազմը:

– Ինչո՞ւ: Իսկ ես, օրինակ, չեմ պատրաստվում ելույթ ունենալ պատերազմի դեմ: Թեպետ ես ասում եմ` մարդասպան, մարդասպան, բայց չէ՞ որ խոսքն ընդամենը դատարկ բանի մասին է` ընդամենը ինչ-որ 18 մարդ: Բարեբախտաբար թե դժբախտաբար, ես հասարակ զինվոր էի, դե, եւ վատ էի կրակում: Դե լավ, մի հատ պատուհանից նայեք: Այս անցորդների ամբոխում լիքն են օդաչուները, հրետանավորները, որոնք նախկինում բավական հաջող են գործել: Իսկ եթե ոչ հենց իրենք, ապա նրանց եղբայրները կամ երեխաները: Այդ մարդկանցից ո՞ւմ լեզուն կպտտվի դատապարտել ինձ:

– Ոչ մեկի, բնականաբար: Եվ չպետք է, որ դատապարտեն:

– Հենց այդ պատճառով էլ ես նրանց չեմ դատապարտում:

– Ոնց որ թե ես հասկանում եմ: Ավելի ճիշտ, սկսում եմ հասկանալ, թե ինչու եք դուք այդքան երկար ժամանակ մենակ մնացել:

– Ես կգերադասեի, որ դուք հասկանայիք, թե ինչու եմ ես պատրաստվում բաժանվել մենությունից:

– Ես շատ եմ ուզում հասկանալ, բայց…

– Բայց չէ՞ որ ես ասում եմ, որ դուք այն մարդն եք, ով ինձ պետք է:

– Ես այդքան էլ ինքնավստահ չեմ:

– Ես դրանում չեմ կասկածում:

– Մենք չհարմարված մարդիկ ենք: Ես հիանալիորեն հասկացա, որ դուք դյուրավիրավորվող, փափուկ մարդ եք… Եվ այդուհանդերձ, ինչո՞ւ եմ ես ձեզ անհրաժեշտ` արդյոք չէի՞ք բացատրի ինձ ավելի պարզ ու կոնկրետ: Դուք համաձա՞յն եք… Չէ՞ որ մենք արդեն կազմավորված մարդիկ ենք…

– Դուք ճիշտ եք: Կարելի է լրիվ կոնկրետ բացատրել: Եթե իմ որոշումը թելադրված լիներ ակնթարթային պոռթկումով, մի՞թե ես կդիմեի ամուսնական գրասենյակի քարտին: Ոչ, իմ որոշումը լիովին կոնկրետ է: Նույնքան կոնկրետ, որքան այս սեղանը կամ մոխրամանը:

– Շնորհակալ եմ, դուք շատ սիրալիր եք… բայց ես ցից դունչ ունեմ ու տղամարդու պես տգեղ ականջներ, իսկ շուրթերս չար են…

– Բայց փոխարենը դուք հիանալիորեն գլուխ եք հանում երեխաների դաստիարակությունից, դա, ինչպես ես տեսա, ձեր կոչումն է:

– Դուք իրոք որ նման եք մեծ երեխայի:

Կինն ուրախ ծիծաղում է, նրա տեսքից չես ասի, թե նա դժգոհ է լաբիրինթոսի մեջ դեգերելու տպավորություն թողնող խոսակցությունից:

-Բայց երեխայի եւ երեխայի նման մեծահասակի միջեւ մեծ տարբերություն կա:

– Ես խոսում եմ հենց երեխաների մասին: Մի՞թե դուք զուրկ եք երեխաների հանդեպ պարտքի զգացողությունից, որոնց պետք է փրկել, պոկել այս աշխարհից, որ կեղտամրի ներքո վերածվում է նավթաբեր դաշտի:

Կինը հենվում է աթոռի թիկնակին եւ միահյուսվածերը վեր բերում` փոքր-ինչ թեթեւսոլիկ դիրքի:

– Ըստ իս, դուք հավատացյալ դառնալու բոլոր նախադրյալներն ունեք, իսկ ես Աստծուն չեմ հավատում եւ այդ պատճառով համարում եմ, որ երեխաներին, նույնիսկ քնքշորեն սիրելիս, պետք է մեծացնել բնական պայմաններում: Դե, նույնիսկ մանկավարժությունն էլ ժխտում է դաստիարակությունը մանրէազերծ միջավայրում: Համենայնդեպս, քանի որ խոսքն ամուսնության մասին է, ես պետք է առաջին հերթին մտածեմ իմ մասին:

– Դուք ուզում եք ասել, որ ձեզ չի՞ հուզում, եթե մեր երեխաները հայտնվեն հենց մարդկանց պատած համաճարակի բնում:

– Մեր երեխանե՞րը:

– Անշուշտ, հենց մեր երեխաները, ես այնպիսի այլասեր չեմ, որպեսզի ձեզ առաջարկություն անեմ հանուն օտար երեխաներին որդեգրելու ցանկության:

Ժամանակից շուտ այդ մասին խոսելը ինչ-որ տարօրինակ է…

Կինը փոքր-ինչ կուլ է տալիս նախադասության վերջը, ինչը որ շատ կանացի է: Գուցե թե, այդպես է արտահայտվում նրա շփոթմունքը: Տղամարդը միանգամից որսում է այդ եւ հաստատակամ է խոսում, չնայած նրա տոնայնության մեջ շվարածության երանգներ են սպրդում:

– Դուք սխալվում եք, ես խոսում եմ իմ երեխաների մասին` արդեն գոյություն ունեցող:

Կնոջ դեմքը մոխրավուն է դառնում:

– Տարօրինակ է: Ես ուշադիր կարդացել եմ ձեր քարտը: Այնտեղ գրված է, որ դուք երեխաներ չունեք:

– Ա՜հ, քարտում… Տղամարդը լիզում է շուրթերն ու նայում դատարկ գավաթին: – Այո, քարտում իրոք որ…

– Դուք ճիշտ չե՞ք գրել:

– Առանձնապես ոչ մի սուտ չկա այնտեղ…

– Ահա թե ինչ: Գրել սուտ, որը կարող է ակնթարթորեն բացահայտվել…

– Դե, ինչպե՞ս ավելի լավ ասեմ… Խոսքն այդպիսի երեխաների մասին չէ… Ոչ այնպիսիների, որոնց մասին հարկ է գրել քարտում:

– Գաղտնի երեխա՞:

– Թերեւս, ինչ-որ իմաստով:

– Երեւի, արտամուսնական երեխա, ում դուք դեռ չե՞ք ընդունել: Ոչինչ չեմ հասկանում: Սովորական իմաստով նրանք երկրի երեսին չեն ապրում, եւ նրանց ներգրավել կյանք նույնպես անհնար է…

Կինը, շարունակելով ակնդետ նայել տղամարդուն, գլուխը փոքր-ինչ կողք է հակում, նենգադավ ժպտում է, ատամները մերկացնելով՝ գլխով է անում, ասես իր մտքերին:

Պարզապես դուք նրանց երազում եք տեսել:

– Այո, հնարավոր է եւ երազում, բայց երազն արթմնի էր: Նրանք շնչում են, ոտ ու ձեռք շարժում` արթմնի երազ:

– Հետաքրքիր է, հետաքրքիր եք դուք պատմում…

– Ես ձեզ արդեն ասել եմ, եւ նորից եմ կրկնում` երեխաներն իրոք կենդանի են` կենսաբանական իմաստով գոյություն ունեցող երեխաներ:

– Որտե՞ղ են նրանք ապրում:

– Իմ տանն, անշուշտ: Իմ տան նկուղում: Ես այն նկուղ եմ անվանում, բայց այնտեղ ամեն ինչ այնպես է կահավորված, որ նրանք ոչ մի անհարմարություն չզգան… Դա իդեալական կացարան է, եթե շեղվենք այն բանից, որ լիովին մեկուսացված է արտաքին աշխարհից: Այն, ինչ ես պատմեցի, պարապ զրույց չէ:

– Ես ձեզ միանգամայն լրջորեն լսում եմ:

– Երեխաները երկուսն են: Մեծը 13 տարեկան է, փոքրը վերջերս 9 տարեկան դարձավ… Բայց ինձ ահա թե ինչն է անհանգստացնում. կդառնա՞ք դուք արդյոք այդ երեխաների ընկերը, կա՞ արդյոք այդպիսի հնարավորություն, թող որ չնչին, թույլ տվեք գոնե հուսալ:

– Դե ինչ, եթե դուք իրոք դա ուզում եք… Ես մի մորաքույր ունեի` հեռավոր բարեկամուհի, եւ ահա նա կատուներ էր պահում:

– Կատունե՞ր:

– Նա չորս սերնդի կատուներ ուներ` ընդամենը մի 30 հատ: Եվ ոչ ոք երբեք նրանց չէր տեսել:

– Դուք ինձ ձեր աննորմալ մորաքրոջ հետ նույն հարթության վրա եք դնում…

– Իմ մորաքույրն ամենեւին էլ աննորմալ չէր: Ամեն օր մոտակա ձկան կրպակի տերը նրան 30 կատուների համար կերակուր էր բերում: Կատուներն իրոք գոյություն ունեին: Եվ ես երբեք չեմ կասկածել: Եթե ինչ-որ մեկին իսկապես անհրաժեշտ է, չկա ավելի պարզ բան, քան 30 կատուների գոյությանը հավատալը:

– Այո, դուք անշուշտ այն մարդն եք, ով ինձ պետք է: Բայց, համենայն դեպս, ձեզ մի հարց տամ: Ինչպիսի՞ երկինք դուք կկամենայիք ստեղծել մեր երեխաների համար: Այս կեղտամրով պատվածի փոխարեն:

– Կուրացուցիչ երկնագույն ծովափնյա ամառային երկինք:

– Ինչո՞ւ:

– Կամ, գուցե թե, աշնանային: Աշունը զարմանահրաշ եղանակ է, երբ արդեն շոգ չէ, մրգերն աճում են…

– Դա ռեալ չէ:

– Դուք այդպե՞ս եք մտածում:

– Երեխաները ստիպված կլինեն ապրել մեռյալ երկրագնդի վրա: Եղանակը նրանց համար ոչ մի նշանակություն չի ունենա: Նրանց դաժան կոփվածք է պետք, որպեսզի կարողանան ապրել, դիմակայել ուզածդ ձախորդության: Կեղտամուրն ու մարտը երկուստեք բացասում, երկուստեք կործանում են միմյանց: Այդ պատճառով հենց ամենասկզբից` ճիշտ է, այդտեղ եւ տնտեսական պատճառներ կային, ես ընտրեցի անապատի երկինքը:

– Երեխաներին` անապատ: Մի՞թե դա չափազանց դաժան չէ:

– Բայց ես մոտակայքում փոքրիկ օազիս ստեղծեցի, եւ ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ կատարվեց:

– Ինչպե՞ս՝ «ի՞նչ կատարվեց»:

– Երեխաները վայրի գազանների պես միայն հոտից զգացին ջուրը:

– Շատ հետաքրքիր է: Դուք ինձ համար թեյ չե՞ք պատվիրի:

– Գուցե այն մեր տանը խմենք: Ես ինչքան ասես թեյ ունեմ: Եվ, բացի այդ, մինչեւ ձեր վերջնական որոշում ընդունելը, ես կարծում եմ, լավ կլիներ, որ դուք հանդիպեիք երեխաներին:

– Երբ ես ձեր տանը հայտնվեմ, ապա ես էլ կտեսնեմ անապատի երկինքը:

– Ոչ: Հիմա ես անապատը վերացրել եմ: Երեխաներին ես բնակեցրել եմ երրորդ սառցե շրջանի ջունգլիներում: Եվ այն պատճառով, որ այնտեղ դինոզավրեր են շրջում, վիթխարիներից մինչեւ ամենափոքրերը, եւ այն պատճառով, որ բոլոր կենդանիները վերածվում են ածխի եւ նավթի, այդ շրջանը շատ ընդհանուր բան ունի այժմեականության հետ:

– Այդ դեպքում, արդյո՞ք ձեր երեխաներն ի վերջո չեն հանգի այն բանին, ինչին որ մենք ենք եկել: Չէ՞ որ մեր նախնիները նույնպես մի ժամանակ անցել են հենց այդ դինոզավրերի շրջանը:

– Սխալվում եք: Իմ երեխաները ստիպված չեն լինի ապրել նախնադարյան մարդկանց պես: Մենք հարստացած ենք գիտելիքներով եւ տեխնիկայով: Բացի այդ, եթե դուք նրանց սիստեմատիկ օգնություն ցուցաբերեք ուսման մեջ, նրանց առաջխաղացման գործընթացը, բնականաբար, միանգամայն այլ կլինի, քան նախնադարյան մարդունը:

– Իսկ ինչպե՞ս դուք երեխաներին կբացատրեք այն ամենը, ինչ վերաբերում է այժմեությանը:

– Ինչո՞ւ նրանց պատմել այդ մասին:

– Բայց չէ՞ որ նրանց լիովին արտաքին աշխարհից մեկուսացնելն անհնար է: Փողոցից լսվում են մեքենաների շչոցները, իսկ դուռը ծեծում են ապրանքացրիչները…

– Նկուղը բացարձակապես մեկուսացված է: Ճիշտ է, մի անգամ ես լավ անհանգստացա: Երկաթբետոնե պատի մեջ անցկացված խողովակը մեկ էլ պայթեց: Եվ նկուղը սկսեց սուզվել: Ստիպված եղա երեխաներին փակել սնդուկի մեջ եւ ջրմուղագործ կանչել: Բայց երեխաներն անցքից, միեւնույն է, տեսել էին, թե ինչպես է նա աշխատում: Ես լրիվ շվարեցի: Ինչպե՞ս նրանց բացատրել, թե ով է նա:

– Բայց նրանք տեսնում են ձեզ, եւ, ուրեմն, ինչ-որ պատկերացում մարդկանց մասին պետք է լիներ: Հազիվ թե ջրմուղագործն այդքան ազդած լիներ նրանց երեւակայության վրա:

– Ոչ, ես նրանց ներշնչել էի, որ մեր երեքից բացի՝ ոչ մի այլ մարդ գոյություն չունի:

– Եվ դրա համար դուք ստիպված եղաք պատմության մեջ ինչ-որ ճշտումներ մտցնել, այո՞:

– Երեխաներին ես այսպես բացատրեցի` ուշադիր լսեք: Նա, ում դուք հիմա տեսաք, վիշապ-դարձվորյակ է, որ հայտնվել էր ձեր հոր տեսքով:

– Ա՜հ, ուրեմն, դուք ամեն ինչ հեքիաթի՞ էիք վերածել:

– Այո, այո, միանգամայն ճիշտ է: Հետո ես նրանց ասացի, որ վիշապը կարող է մեկ հայտնվել, մեկ անհետանալ: Այդպիսի բացատրությունը բավական հարմար է… Վերցնենք, օրինակ, սնունդը: Առաջ ես վիթխարի անհարմարության էի դեմ առնում` ինչ-որ մշակման ենթարկված մթերքներն օգտագործելու անհնարինությանը: Իսկ այդ ժամանակից ի վեր վիշապ-դարձվորյակը վերածվում էր ամեն ինչի, նույնիսկ նրբերշիկի կամ չինական լապշայի…

Կինը ծիծաղեց, ոտքերը ձգեց եւ ձեռքերով հենվեց ծնկներին: Կաշկանդվածությունն անհետացավ, նա կրկին կանացիություն ձեռք բերեց: Նրա դիրքը դարձավ ազատ եւ հանդարտ:

– Գնանք: Տեսնենք, ինչպես են այնտեղ ձեր երեխաները… Երեխաներին ղեկավարել, նրանց ձեւավորել պետք է ոչ միայն ուսման, այլ ինչ-որ չափով նաեւ խաղերի ժամանակ:

– Ի դեպ, ինչպե՞ս են ձեզ պատկերանում ա՛յ այն էակները: Դեռեւս մա՞րդ են:

– Ոչ, վիշապ-դարձվորյակներ… կամ, ավելի ճիշտ, նրանք, որոնցից ձեւավորվում է նավթը… Իսկ շրջակայքում խիտ աճում են վիթխարի մայրիներ` քարեածխային շրջանի նախնադարյան անտառ…

Նրանք ոտքի են ելնում: Ելնում են միաժամանակ, ասես պայմանավորված: Բայց վճարում է միայն տղամարդը: Վերելակում կինը մտովի համեմատում է իր եւ տղամարդու ուսերը, որոնք համարյա նույն հարթության վրա են, հետո նայում է նրա դեմքին եւ լուռ ժպտում է: Տղամարդն ի պատասխան՝ նույնիսկ չի ժպտում, ընդհակառակը, կկոցում է աչքերն ու բռնում կնոջ արմունկից: Երկուսն էլ դարձյալ դուրս են գալիս կեղտամրի մեջ: Նույնիսկ նրանց հագուստը նույն կերպ է ճմրթվել: Կարծես թե նրանք արդեն 10 տարի ապրել են՝ հենվելով իրենց պահող միեւնույն անցագերանին… Էլեկտրագնացքի 4-րդ կանգառն է: Իսկ այնտեղից շատ մոտ է, տաքսիով՝ մի քանի րոպե: Սովորաբար նա ավտոբուսով է երթեւեկում, բայց այսօր կարելի է նման շռայլության գնալ: Տղամարդու տունն իսկապես գոյություն ունի: Դա սովորական խոշոր աղյուսաքարե տուն էր, կանոնավոր հողակտորների բաժանված, այսպես կոչված, մերձմայրաքաղաքային գոտում: Նույնիսկ կտուրի գույնով նա մերձակա շինություններից չի տարբերվում: Կտուրը երկաթյա է, կանաչ գույնի, նույն ներկով են ներկված եւ ջրմուղի խողովակները: Բայց կինն այժմ այլ բան չի տեսնում, քան որ դա իրական տուն է: Նրան բավ է արդեն այն, որ տունը գոյություն ունի: Տղամարդն ու կինը դարձյալ նստած են սեղանի մոտ եւ հիմա թեյ են խմում: Սեղանն այլ ձեւի է, քան ռեստորանում, բայց նույնքան խարխուլ, եւ կինը, տրորելով ծխախոտի դատարկ տուփը, այն խցկում է սեղանի ոտքերից մեկի տակ:

– Հիմա երեխաներն ի՞նչ են անում:

– Ժամը քանի՞սն է…,- տղամարդը նայում է ձեռքի ժամացույցին եւ մտորմունքի մեջ է ընկնում։ -Հիմա նրանք զինված որսի են:

Կինը ծիծաղում է եւ հենվելով աթոռի թիկնակին՝ մազերն է շտկում: Հետո սենյակի անհարմարավետությունից ապշած, ասում է.

– Դուք իրոք որ, լրիվ, լրիվ մենակ եք: Տղամարդը գնահատանքով նայում է կնոջը` նրա կարեկցանքն իր մեջ ջերմ զգացմունք է ծնում:

– Անկեղծ ասած, ես կուզենայի նորից վերադառնալ ամուսնական գրասենյակի քարտին: Երեխաներն, ի դեպ, շատ հմտորեն են որս անում:

– Իսկ այսօր ի՞նչ ավար է` մեծ, փոքր:

– Վիթխարի դինոզավր:

– Իսկ վիշապ-դարձվորյակը նրանց չի՞ զարմացնի:

– Ես շատ եմ նրանց պատմել ձեր մասին, բայց իմ երեխաները սարսափելի զգայուն են, եւ այդ պատճառով…

– Այսօր ես մի րոպեով եմ մտել… եւ արդեն պատրաստվում եմ հեռանալ… ամեն ինչ պիտի իր հունով ընթանա: Ինձ հետ հանդիպմանը նախապատրաստվելու համար երեխաներին ժամանակ է պետք:

– Ոչ, եկեք ավելի լավ է հենց երեխաներին հարցնենք: Եթե նրանք պատասխանեն, որ իրենց ժամանակ պետք չի, ապա ձգձգելու կարիք չկա:

– Այո, իհարկե,- կինն այնպես կարմրեց, որ աչքերին արցունք հայտնվեց,- դե ինչ, հարցրեք նրանց: Եթե նրանք քաղցած են, ես կարող եմ կերակուր պատրաստել:

– Ոչ, նրանց համար դեռ վաղ է ուտելը:

Կինն ավելի ուժգին կարմրեց, բայց տղամարդը, թվում էր, դրա վրա ոչ մի ուշադրություն չդարձրեց, եւ թեքվելով դեպի գավաթը ու բարձրաձայն կում անելով, ասաց.

– Լավ, հենց հիմա նրանց կհարցնենք… Այ հիմա, միայն թե խմենք-պրծնենք, եւ կհարցնենք…

Եվ երկուսն էլ ինչպես կերի մեջ ընկղմված թռչուններ, կենտրոնացած թեյ են խմում: Տղամարդն անսպասելիորեն ելնում է` ափի հակառակ կողմով շուրթերը մաքրելով: Նրա ետքից քայլող կինն ակնհայտորեն շփոթված է: Առջեւից գնում է տղամարդը, նրա հետեւից` կինը:

Դուռը բանալով, տղամարդը մտնում է սալիկապատ լողասենյակը, կինը հեզորեն հետեւում է նրան: Մտնելով նա քարանում է: Եվ զարմանալի չէ. լողասենյակում հատակի սալիկների կեսը հանված է, եւ կոպտորեն կցմցված փայտե սանդուղքը կտրուկ ներքեւ է տանում: Կինը քաջալերանքի պատասխան ժպիտ ակնկալելով՝ բռնազբոսիկ ժպտում է, բայց տղամարդը չի ժպտում:

– Վառեք լույսը, եւ ծածկեք խնդրում եմ դուռը: Երբ նա իր հետեւից փակեց դուռն, ապա զգաց, որ ականջներն ասես խցանվել են: Ոչ, նրա ականջները չէին խցանվել, պարզապես միանգամից մեռելային լռություն իջավ: Դռան եզրաշերտը պատված էր հաստ թաղիքով:

– Այնտեղ, ներքեւում, մանկասենյակն է:

Կինը կանգ առավ, հավանաբար ձայներանգից, որով դա ասվեց: Ձայներանգը, որով տղամարդն արտասանեց «մանկասենյակը», անորսալի հանելուկային էր, ջերմ եւ միաժամանակ՝ անկեղծ ու հանդիսավոր: Տղամարդն իջնում է մինչեւ սանդուղքի կեսը եւ, բնականաբար, ձեռքն անվարան մեկնում է կնոջը: Սանդուղքի վերջում եւս մի դուռ է ամբողջովին թաղիքով պատված, կենդանու մորթու պես բրդոտ հաստ դուռը: Զանգվածեղ փականք: Տղամարդը բացում է դուռը եւ մեկեն աչքի են զարնում մռայլ, կանաչ ալիքները… Լույսի տարուբերվող մուգ-կանաչավուն շերտերը: Հետո շրշյուն հանող ձայն է լսվում, ասես մերձափնյա ավազի վրայով հեռագրասյուն են տանում:

– Ինչ ահռելի ջունգլիներ են:

– Դա միայն թվում է: Տպավորությունը ստեղծվել է կիսաթափանց էկրանների եւ լուսաստվերների օգնությամբ: Եթե զննես, տեսանելի են նույնիսկ մայրիները: Իսկ այնտեղ ահա ճահիճ էլ կա, նայեք, նրա մակերեւույթին շողշողում է ջուրը: Աշխատածս փողերի մեծ մասը գնացել է այս սենյակի վրա…

Հանկարծ ինչ-որ գազանի ոռնոց է լսվում:

– Այդ ի՞նչ է:

– Արգոզավր: Դինոզավրերի գիշատիչ տեսակներից մեկը: Մագնիտոֆոնի ժապավեն է: Ձայնագրություն: Իհարկե, ճիշտն ասած, ոչ մեկին հայտնի չէ, թե այդ ձայնո՞վ է արդյոք գոռացել դինոզավրը: Բայց մանկավարժական ազդեցությունը ճշմարտությունից կարեւոր է:

– Իսկ ո՞ւր են երեխաները:

– Հիմա նրանք մի տեղից դուրս կթռչեն: Սովորել են անսպասելի հարձակվել:

Դա պատահեց այն պահին, երբ կինը գլխով արեց: Մայրու վիթխարի ճյուղերը, որոնց ետեւում ոչինչ չէր երեւում, հանկարծ իրարից հեռացան, երեւաց պայծառ-երկնագույն երկինքն ու այնտեղից` պարզապես անհասկանալի է, թե ինչպես էին նրանք այնտեղ մնում` նայեցին երկու երեխաները: Մեկը, երեւի թե ավագը, նետ-աղեղով նրան էր նշան բռնել: Մյուսը, մի ծնկի վրա, կողքին կանգնած՝ պատրաստ պահել էր նետերը: Դեմքերը սարսափելի դժգույն են, կամ, ավելի ճիշտ, համարյա անգույն, կիսաթափանց… Գլուխները մի տեսակ տրորված են թվում` երեւի թե նրանց վաղուց չեն լողացրել, ու մազերը բամբակի պես կախվել են: Տղամարդը շփոթահար գոչում է, բայց արդեն ուշ է` առաջին նետն աղեղից դուրս է թռչել: Այն դիպչում է կնոջ վզին, որ բնազդաբար ետ է թռչում, եւ կտրուկ շաչող ձայն է արձակվում: Կանաչ լույսի շերտերի միջով վազող կինը լսում է տղամարդու ճիչը`

– Չի կարելի, այդ ի՞նչ եք անում:

Բարալիկ, ճղճղան ձայնը նրան պատասխանեց` վիշապ-դարձվորյակը:

Կինն իր ետեւից ծածկում է բրդոտ դուռը, վազում է աստիճանն ի վեր՝ լսելով, թե ինչպես է պատռվում իր շորը, դուրս է ցատկում լողասենյակից եւ տնից դուրս թռչում: Փողոցում հայտնվելուն պես նա դանդաղեցնում է վազքը: Այլեւս նրան չեն հասնի անգույն տղաները, դե, իսկ այն, ինչը նրան քշում էր, միանգամայն այլ մի բան էր, քան վախի կամ վտանգի զգացողությունը: Էլեկտրագնացքը, որի վրա կախվել է ծխամրի հաստ շերտը, սուրում է կենտրոն: Վագոնում ազատ տեղերը շատ են, բայց կինը բռնակից կախված, սեւեռուն նայում է պատուհանից: Կողքանց թռչող բնանկարը` ասես թերթի անվերջանալի ժապավեն ռոտացիոն մեքենայի մեջ: Պատուհանում` բնանկարի ֆոնի վրա արտացոլվում է նրա դեմքը: Հանկարծ դեմքը սարսափահար ընկրկում է: Դա պատահում է այն պահին, երբ կողքանց վազանցում են տարրական դպրոցի կառույցները: Կիրակի էր, գուցե թե տոն, եւ այդ պատճառով երեխաները շատ քիչ են` նրանք դպրոցի բակում բզբզում են: Կինը հայացքն ուղղում է մոխրագույն երկնքին: Նայում է բարձրությունը կորցրած, տաղտկալի, անարտահայտիչ երկնքին: Եվ կնոջ սիրտը խփում է սովորականի նման: Նա ավելի ամուր է սեղմում շուրթերը: Դա միակ բանն է, որ մնում է անել: Պետք չէ բերանը բանալ, եւ այդ ժամանակ, գուցե թե վաղն էլ, այսօրվա նման, նրան կհաջողվի դիմավորել լուսաբացը: Եթե նույնիսկ երկինքը լինի նույնքան անիրական, նկարված, ինչպես այն մանկասենյակում: