«Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգում ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի կարող լինել»,- «Իտառ-Տասս»-ին ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը: Նա նաեւ ասել է, թե ԱՊՀ-ն Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ քաղաքական ընտրությունն է. «Համագործակցության շրջանակներում մենք հենց վերջին տարիներին իրականացնում ենք արդյունավետ ծրագրեր: Անցյալ տարի ընդունվել է ԱՊՀ-ի հետագա զարգացման հայեցակարգը»: Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալու մասին եւ Համագործակցության անդամ բոլոր երկրներին հորդորել է դիմել նույն քայլին: Իհարկե, բացի Ռուսաստանից: Ի դեպ, երեկ ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Լյուբով Սլիսկան վստահեցրել է, որ ԱՊՀ-ի երկրներից ոչ մեկը չի հետեւի Վրաստանի օրինակին եւ չի լքի Համագործակցությունը: «Ոչ ոք նրան չի լսի, ոչ ոք նրան չի աջակցի»,- ասել է Լ. Սլիսկան` հավելելով, թե «դա որոշակի շանտաժ է», բայց Վրաստանի նախագահի այդ գործողություններում «անսպասելի ոչինչ չկա»: Պետդումայի փոխխոսնակը նաեւ ասել է, որ Հարավային Օսիայի շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձություններն ակնառու կերպով ցույց են տալիս՝ «ով՝ ով է մեր Համագործակցությունում, ով ինչպես իրեն դրսեւորեց այն իրավիճակում, երբ ճնշում էին փոքրաթիվ ժողովրդին»: