Չեզոքությունը խախտվեց

15/08/2008

Մինչեւ երեկ վրաց-հարավօսական կամ վրաց-ռուսական հակամարտության առնչությամբ Հայաստանն, ըստ էության, չեզոք դիրքորոշում էր պահպանում, ինչը տվյալ իրավիճակում ամենաարդարացված մոտեցումն էր: Սակայն երեկ այդ չեզոքությունը խախտվեց: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ, եւ ըստ նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության՝ նախագահն «իր եւ հայ ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Դմիտրի Մեդվեդեւին վերջին օրերի ընթացքում Հարավային Օսեթիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների արդյունքում խաղաղ բնակչության, այդ թվում` Ռուսաստանի քաղաքացիների եւ ռուս խաղաղապահների շրջանում տեղ գտած մեծաթիվ զոհերի կապակցությամբ»: Հասկանալի է, որ խնդիրը ոչ թե Մեդվեդեւին ցավակցելն է, այլ միա՛յն Մեդվեդեւին ցավակցելը: Եվ եթե մինչեւ երեկ պահպանվող չեզոքության հիմնավորումն այն էր, որ պատերազմում են մեր ռազմավարական հարեւանն ու ռազմավարական գործընկերը, ապա անհրաժեշտ էր ցավակցել նաեւ վրաց ժողովրդին: Միայն դա կարող էր ընդունելի լինել եւ՛ քաղաքականության, եւ՛ հումանիզմի տեսանկյունից: Քանի որ, ինչպես հայտնի է, նույն «Հարավային Օսեթիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների արդյունքում» զոհվել է ոչ միայն ազգությամբ ռուս, այլեւ վրացի խաղաղ բնակչություն: Նույն Ցխինվալիում զոհված եւ՛ ռուսներից, եւ՛ վրացիներից շատերը նույնիսկ չեն իմացել` իրենց վրա վրացակա՞ն, թե՞ ռուսական ռումբ է ընկել: Եվ վստահաբար, հայ ժողովուրդը, ում անունից Մեդվեդեւին է հղվել ցավակցությունը, հավասարապես ցավում է ինչպես ռուս, այնպես էլ վրացի զոհվածների համար: