ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ նրա ղեկավարությամբ գործող Եկամուտների վարչարարության բարձրագույն խորհրդի անդամները երեկ այցելել են բաց եւ փակ ռեժիմով գործող մաքսային 6 պահեստներ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Տ. Սարգսյանը հանդիպել էր մաքսային պահեստների կազմակերպիչների հետ՝ ներկայացնելով մաքսային պահեստներում բարեփոխումների իրականացման անհրաժեշտ քայլերը: Բարեփոխումների շրջանակներում մաքսային պահեստների կազմակերպիչներին ներկայացվող պահանջների համաձայն՝ դրանցում պետք է բացառվի առեւտրի եւ որեւէ այլ գործունեության իրականացումը: Այդ նպատակով անհրաժեշտ է մաքսային պահեստների համար նախատեսված շենքերը եւ հրապարակները պարսպապատման կամ ցանկապատման միջոցով առանձնացնել այլ տարածքներից: Մաքսային պահեստների տարածք մուտք գործելը եւ դուրս գալը պետք է տեղի ունենա միայն մաքսային մարմինների թույլտվությամբ եւ նրանց հսկողության ներքո: Մաքսային պահեստներում պետք է նաեւ բացառվեն մաքսային հսկողությունից դուրս ապրանքների ստացման եւ մաքսային պահեստներից դրանց դուրսբերման հնարավորությունները: Մաքսային պահեստների տարածքների պահպանությունն ու անցագրային ռեժիմի հսկողությունը պետք է իրականացվի միայն լիցենզավորված անվտանգության ծառայությունների միջոցով: Մաքսային ձեւակերպումների ավարտից հետո բեռների ելքը մաքսային հսկողության տարածքից դուրս պետք է իրականացվի անցագրային ռեժիմով, եւ դրանք պետք է հաշվառվեն մուտքի եւ ելքի հաշվառման համապատասխան մատյաններում: Պետք է բացառել մաքսային հսկողությունից դուրս գտնվող խցիկների առկայությունը մաքսային պահեստներում: Դրանցում առկա բոլոր պահպանման խցիկները պետք է կապարակնքվեն մաքսային աշխատակիցների կողմից:
Մաքսային պահեստներում անհրաժեշտ է տեղադրել տեսախցիկներ, որոնք հնարավորություն կտան ՄՊԿ-ի կենտրոնական ապարատում նորաստեղծ Նախաբացթողումային հսկողության վարչության ստորաբաժանման աշխատակիցներին՝ հսկողություն սահմանել ապրանքների զննման ողջ գործընթացի նկատմամբ:
Տ. Սարգսյանը համոզմամբ` վերջին 2 ամիսների ընթացքում մաքսային պահեստների ոլորտում որակական փոփոխություններ կան: Նա նաեւ կարեւորել է բոլոր մաքսային պահեստների տնօրենների եւ սեփականատերերի սերտ համագործակցությունը կառավարության հետ: «Մեր միջեւ կա փոխըմբռնում, մեր ներկայացրած բոլոր տեխնիկական պահանջներն ի գիտություն են ընդունվել, եւ պահեստների կազմակերպիչները բավականին լուրջ ծախսեր են իրականացնում, որպեսզի իրենց կողմից ներդրվող չափորոշիչները համապատասխանեն Մաքսային ծառայության կողմից սահմանվածներին»,- նշել է Տ. Սարգսյանը: «Մեր նպատակն է` մաքսային պահեստների գործունեության մեջ ներդնել չափորոշիչներ, որպեսզի դրանք բավարարեն գոնե մեր նվազագույն պահանջները: Մաքսային պահեստները պետք է ամբողջությամբ առանձնացված լինեն այլ պահեստներից, եւ բացի ապրանքների մաքսազերծումից, որեւիցե այլ գործառույթ չպետք է իրականացվի: Դա մշտապես խնդիր է եղել. որոշ պահեստներ առանձնացված տարածքներ չունեին, ուստի դժվար էր իրականացնել վերահսկողություն, եւ ստեղծվում էին չարաշահումների հնարավորություններ: Հայաստանում գործող մաքսային պահեստները որակապես իրարից տարբերվում են, սակայն խաղի կանոնները բոլորի համար պետք է լինեն նույնը»,- ասել է նա` վստահեցնելով, թե այսուհետեւ մաքսային պահեստներն իրենց գործունեության մեջ լինելու են թափանցիկ, պարզ, եւ Մաքսային ծառայության ուշադրությունից որեւէ բան չի վրիպելու: