«Երեւանը շենքերի մեջ խեղդվում է»

31/05/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հանրահայտ օպերային բաս երգիչ Բարսեղ Թումանյանը Հայաստանում է ապրում,
հրավերներով աշխատում է աշխարհի տարբեր թատրոններում: Նա անիմաստ է
համարում Եվրոպայում մշտական ապրելը. միեւնույն է, կյանքի մեծ մասը
շրջագայելով է անցնում: «25 տարի ես չվելով եմ ապրում, որտեղ էլ որոշեի
մշտական ապրել, չէր ստացվի: Լոնդոնի իմ բնակարանը վաճառեցի, տեսա, որ
ավելորդ է՝ միեւնույն է, այնտեղ չէի ապրում»,- ասաց նա: Քանի որ Երեւանի
Օպերային թատրոնում իր ձայնին համապատասխան օպերա չի բեմադրվում, նա
թատրոնի բեմում չի երգում: Սակայն մայիսի 18-ին Բարսեղ Թումանյանը երգեց
Հայաստանի Պատկերասրահի միջնադարյան արվեստի սրահում:

– Օպերային արիաներից կազմված ծրագիր երգիչները հաճախ են երգում: Դա ավելի լա՞վ է ընդունվում:
– Արիաներ են երգում, որովհետեւ դրանք օպերայի ամենագեղեցիկ կտորներն են:
Թատրոնում էլ է այդպես, դերասանները հաճախ մենախոսություններն են կարդում:
Բացի այդ, օպերան շատ ծայրահեղ դիապազոն ունի՝ կամ պետք է իդեալական լինի,
կամ պետք է ընդհանրապես չլինի:
– Փաստորեն անպայման չէ՞, որ մենք օպերային թատրոն ունենանք:
– Շատ երկրներ կան, որոնք օպերային թատրոն չունեն: Ճապոնիայում, օրինակ,
չկա օպերային թատրոն: Չինաստանը ունի օպերային թատրոն, բայց չինացիները
երբեք իրենց արվեստը դուրս չեն հանում, օպերան ներսում են պահում: Իսկ
եվրոպացիներն առանց դասական երաժշտության իրենց կյանքը չեն պատկերացնում:
Ամեն շաբաթ կամ երկու շաբաթը մեկ օպերա են գնում: Եթե նույնիսկ թատրոն չեն
գնում, ապա իրենց տուն են հրավիրում երգիչներին եւ փոքրիկ համերգ
կազմակերպում: Դա քեֆ անելու համար չեն անում, այլ՝ լսելու եւ նաեւ
երգիչներին օգնելու: Գերմանիայում 60-ից ավելի օպերային թատրոններ կան:
Մեզ մոտ որքան ռաբիս երաժշտություն սիրող կա, այնքան էլ Եվրոպայում օպերա
սիրող կա:
– Ունենալով լավ ձայներ, ինչո՞ւ չի ստացվում լավ թատրոն ունենալ:
– Մենք հրաշալի, չքնաղ ձայներ ունենք: Գերմանիան, Ֆրանսիան այդքան լավ
ձայներ չունեն, որքան մենք: Մենք պարզապես եվրոպական կուլտուրայից հեռու
ենք: Նյութ ունենք, բայց պրոպագանդող չունենք: Մոդա դարձել է ռաբիսը:
Շատերն ասում են՝ օպերային, սիմֆոնիկ երաժշտությունը չեն հասկանում: Բայց
հասկանալու խնդիր չկա: Երաժշտությունը պետք է պատկերացնել: Սիմֆոնիկ
երաժշտություն լսելիս՝ պետք է փակել աչքերը ու երազել: Երաժշտության մեջ
պետք է քո երազանքները տեսնես: Ժողովուրդը, իհարկե, ուզում է լավ
երաժշտություն լսել: Աշխարհում այնքան շատ կուտակված երաժշտական նյութ կա:
Ներկայացնել է պետք: Մենք շատ ետ մնացինք: Մենք մոտ 20 խոշոր կտավի
օպերաներ ունենք, որոնցով կարող ենք հպարտանալ, իսկ Իսպանիան, օրինակ, ոչ
մի հայտնի օպերա չունի: Հայերը չգիտեն իրենց արժեքների մասին: Մեր
օպերաները Եվրոպայում չեն բեմադրվում: Դա մեզանից է կախված: Օրինակ,
«Ալմաստ» օպերան հանգիստ կարելի է միջազգային բեմ հանել: Իսկ մենք մտածում
ենք՝ տանենք «Անուշը», որ հայերը գան լսեն: «Ալմաստը» կարելի է եւ՛
հայերեն, եւ՛ ռուսերեն ցուցադրել Եվրոպայում եւ տարբեր երկրների
մենեջերների հրավիրել, հաստատ այդ օպերան բեմադրել ցանկացողներ կլինեն:
«Բորիս Գոդունովը» շատ երկրներում է բեմադրվել: Իսկ մենք մեր արժեքները
չենք ներկայացնում:
– Ինչո՞ւ:
– Դե, բարեկամներ են, ծանոթներ են… Կուլտուրայի օրեր են անում իրենք
իրենցով, չհասկանալով, որ ծանոթության միջոցով ոչ մի բանի չեն հասնի: Երբ
Իտալիայում էի աշխատում, հայտնի օպերային բեմադրիչ Յուրի Ալեքսանդրովն ինձ
ասաց, որ երազում է արեւելյան որեւէ օրիգինալ օպերա բեմադրել: Նա
մեծագույն հաճույքով կբեմադրեր «Ալմաստը», բայց Հայաստանից հրավեր չեղավ,
եւ նա գնաց Ղրղըզստան եւ այնտեղ իրենց նյութի հիման վրա փայլուն
բեմադրություն արեց: Նրան հրավիրելը իմ առաքելությունը չէր, դա պետք է
թատրոնի տնօրինությունը աներ: Ընդ որում, ոչ միշտ են երգիչները ու
բեմադրիչները մեծ գումար պահանջում: Շատերը պատրաստ են գալ տեսնելու,
ծանոթանալու համար:
– Ձայներ կան, որ գերում են, եւ ձայներ կան, որոնք անտարբեր են թողնում:
– Ձայնի ետեւում պետք է ինտելեկտ լինի: Նույնիսկ, երբ մարդը պարզապես
խոսում է, ձայնի տեմբրից կարելի է մարդու տեսակը հասկանալ: Լսելով, թե
ինչպես է մարդը կառուցում ֆրազները, դասավորում մտքերը, կարող ես նրա
ինտելեկտը տեսնել: Լուրջ կտավ ստեղծելու համար ահռելի բազա պետք է
ունենաս: Լեոնարդոյի նման նկարել կամ Շեքսպիրի նման գրել կարելի է,
աշխատանք է պետք, վարպետություն: Այդ պատճառով էլ կան ստեղծագործողներ, եւ
կան միայն կատարողներ: Ամեն ինչ քո ձեռքում է: «Օպերա» բառը իտալերեն
լեզվով աշխատանք է նշանակում: Ամենաբարձր երգիչը պետք է այնպիսի
տպավորություն ստեղծի, որ նա ոչ մի տեղ էլ չի սովորել: Լավ դպրոցը չպիտի
երեւա, եւ մարդիկ կարծեն, որ երգիչը պարզապես բերանը բացում ու երգում է:
Վարպետությունը դրա մեջ է:
– Ձեր դերերը միշտ տարբե՞ր են:
– Ես «Ֆաուստում» մոտ տասը տեսակի Մեֆիստո եմ երգել, ու բոլոր Մեֆիստոներն
էլ տարբեր են: Կան դերեր, որոնք կարող են հոգնեցնել, ես վերջերս
հրաժարվում եմ Էսկամիլիո երգել, այդ դերի մեջ նյութ չկա: Իսկ Մեֆիստոյի
մեջ միշտ նոր բան եմ գտնում: Այդ դերի մեջ ինձ՝ ինչպես ձուկը ջրում եմ
զգում:
– Դուք ունեք նաեւ մեկ այլ աշխատանք-հոբբի՝ գորգագործություն:
– Գորգագործությամբ ես զբաղվում եմ 1988 թվականից: Սկզբում փոքրիկ
լաբորատորիա ստեղծեցի, ինձ բիզնեսը չէր հետաքրքրում, այլ գորգարվեստը:
Հոյակապ խումբ ունեինք, ուսումնասիրում էինք նախշերը, հերալդիկան: Գորգ
ստեղծելիս մենք երբեք չենք կրկնօրինակել, այլ ստեղծել եմ 21-րդ դարի
գորգեր: Հիմա ես Իսպահան քաղաքում ունեմ փոքրիկ արտադրություն եւ գործում
եմ շատ բարձր որակի մետաքսե գորգեր: Հայաստանում լավ աշխատելու համար
պայմաններ չկան:
– Երեւանը փոխվե՞լ է:
– Երեւանը շենքերի մեջ խեղդվում է, Հյուսիսային պողոտայի կառուցման հետ
կարծես կորել է ազատությունը: Մարդիկ էլ են փոխվել՝ ագրեսիվ են դարձել:
Միմյանց սիրել պետք չէ, գոնե իրար հարգանքով վերաբերվել է պետք:
Արվեստագետի նեգատիվ վերաբերմունքը, ուզի նա թե չուզի, սկսում է իր
արվեստի մեջ երեւալ: Արվեստի մարդը պետք է իր արվեստով զարմացնի, այլ ոչ
թե հագուստով կամ թանկ մեքենաներով: Դա արեւելյան մտածելակերպ է:
Լոնդոնում եթե թանկ Ferrari-ով մարդ են տեսնում, ասում են՝ ուրեմն, արաբ է
կամ հնդիկ: Լուրջ մեծահարուստ անգլիացիներին տեսնելով, երբեք չես մտածի,
որ նա մուլտիմիլիոներ է: Մեզ մոտ ամեն ինչը ցուցադրական է, հարստությունն
էլ է ցուցադրական:
– Ի՞նչ է պետք անել մշակութային կյանքը զարգացնելու համար:
– Մեզ հիմա գեղեցիկ, լավ պրոֆեսիոնալ փառատոներ է պետք անել: Իսկական
մրցույթներ, այլ ոչ ձեւական: Պետք է գլխավորը զատենք երկրորդականից,
տեսնենք՝ ում է պետք օգնել, ով է լավը: Ավելի լավ է տաղանդավոր երեք հոգու
ֆինանսավորել եւ սովորելու ուղարկել, քան նեղ ազգային փառատոներ անել:
Ժամանակը կգա, ու նրանք կվերադառնան, պետք չէ վախենալ, որ ետ չեն գա:
Ասում ենք՝ հայ ենք, ամենաթանկը հայկականն է: Այդ ազգայնամոլությունը
սահմանափակում է: Եթե մտածելակերպը միջազգային չեղավ, ազգայինը չի կարող
զարգանալ: Այսօր եթե պահպանեցիր, փայփայեցիր, գիտության կամ արվեստի մարդը
կզարգանա եւ քոնը կլինի, այլ ոչ թե կգնա ու ուրիշ ազգերի համար որպես
պարարտանյութ կծառայի: