Սեպտեմբերի 6-ին սպասելիս

15/08/2008

Օգոստոսի 8-11-ը Կարս էր մեկնել Գյումրիի ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած 20 հոգանոց պատվիրակությունը` մասնակցելու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի «Գյումրի-Կարս քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանրային հարաբերությունների զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Անգլիայի դեսպանատների դրամային օժանդակությամբ:

Միջոցառումների ցանկում նախատեսված է եղել Գյումրիի պատվիրակության եւ Կարսի ԶԼՄ-ների ներկայացուցիչների ֆուտբոլային հանդիպումը: Սակայն Կարսում մեր ներկայացուցիչներին տեղեկացրել են, թե ֆուտբոլ կխաղա ոչ թե լրագրողների խումբը, այլ չիփս արտադրող մի ընկերության ֆուտբոլային թիմը: Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանի խոսքերով, դա իրենց համար անակնկալ է եղել, սակայն բոլոր դեպքերում որոշել են ֆուտբոլ խաղալ: Խաղը 15:13 հաշվով հաղթել է Կարսի ներկայացուցիչների թիմը: «Խաղը տեղի ունեցավ փակ խաղադաշտում, եւ մինչեւ մեր այնտեղ հասնելը՝ նրանց թիմը պարապում էր եւ սովորել էր այդ դաշտին: Մեզ համար այդ խաղադաշտը սկզբում մի քիչ անսովոր էր, մի քիչ դժվարացանք, դրա համար էլ առաջին 15 րոպեներին հաշիվը 9:2 էր՝ հօգուտ կարսեցիների: Մի փոքր խաղալուց հետո մենք էլ վարժվեցինք ու սկսեցինք գոլեր խփել: Բայց քանի որ գոլերի տարբերությունը սկզբում շատ մեծ էր, մենք չկարողացանք հաշիվը գոնե հավասարեցնել»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Լ.Բարսեղյանը եւ ավելացրեց, որ բոլոր դեպքերում դրական է գնահատում այդ այցելությունն ու կարսեցիների հետ շփումները: Կարսեցի լրագրողները ֆուտբոլի խաղին մասնակցելուց իրենց հրաժարումը բացատրել են Թուրքիայի քաղաքական կացությամբ եւ Գյումրիի պատվիրակությանը պատմել են, որ մարզային իշխանությունները հորդորել են առայժմ ձեռնպահ մնալ ընկերական խաղերից, մինչեւ սեպտեմբերի 6-ին կկայանա Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը: «Բացի այդ, Կարսում գործող Ադրբեջանի հյուպատոսարանը միշտ աչալրջությամբ է հսկում հայաստանցիների բոլոր այցերը Կարս եւ պարբերաբար քննադատական հայտարարություններով հանդես գալիս Կարսի իշխանությունների, ԶԼՄ-ների եւ լրագրողների հասցեին, երբ վերջիններս փորձում են որեւէ գործ կամ մասնագիտական փոխհարաբերություն ունենալ հայաստանցիների հետ: Այցելության ծրագրով նախատեսված մյուս բոլոր միջոցառումները բարեհաջող կայացան, ինչպես պլանավորված էին»,- նշված է «Ասպարեզ» ակումբի տարածած հաղորդագրության մեջ: Ի դեպ, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, այսօր էլ պետք է Կարսի պատվիրակությունը ժամանի Գյումրի` մի շարք միջոցառումների մասնակցելու նպատակով: Գյումրիում նույնպես նախապես պլանավորված է եղել ֆուտբոլային հանդիպում: Սակայն, Լ.Բարսեղյանի խոսքերով, Կարսի գործընկերները հրաժարվել են ֆուտբոլ խաղալ նաեւ այստեղ: Լ.Բարսեղյանը երեկ, սակայն, դեռ վերջնական տեղեկություն չուներ` արդյո՞ք Կարսի պատվիրակությունը այսօր կլինի Գյումրիում: