Մեր տարածաշրջանը կրկին գտնվում է համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում: Հարավային Օսեթիայում պատերազմ է, որտեղ վրացիներն ու օսեթները, որքան էլ դաժան հնչի, ընդամենը «թնդանոթային մսի» դեր են կատարում գերտերությունների տարածաշրջանային շահերի համար:
Սակայն, եթե մի կողմ թողնենք գլոբալ խնդիրները (առանց մեզ էլ այդ խնդիրներով զբաղվողների թիվը չափազանց մեծ է), ապա մի բան այս պատմության մեջ գրեթե անհերքելի է` Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին փորձեց դաժան էթնիկական զտումների միջոցով «բլից-կրիգ» եղանակով լուծել 18 տարվա վաղեմություն ունեցող սառեցված խնդիրը: Կարծում եմ, որ այս գործողություններով նա մտադիր էր փաստի առջեւ կանգնեցնել աշխարհին, այդ թվում` Ռուսաստանին: Չստացվեց: Իհարկե, դժվար է պատկերացնել, թե մարմնի ո՞ր մասով են մտածել վրացական իշխանությունները, երբ օպերացիան սկսելուց առաջ ենթադրել են, որ իրենց կհաջողվի «գործը հասցնել տրամաբանական ավարտին»: Այս ամենից կարելի է նաեւ եզրակացնել, որ Միացյալ Նահանգներն արդեն հոգնել է Սահակաշվիլիի ոչ ադեկվատ գործողություններից, եւ որոշել է ազատվել նրանից: «Կուտ են տվել» նրան, շատ լավ հասկանալով, որ այս մեկը նա դժվար «մարսի»: Իսկ Մ. Սահակաշվիլին այդ «կուտը կերել է»: Սակայն սա ընդամենը վարկած է, որը կարող է քննարկվել ավելի լուրջ վերլուծական նյութերում: Ինչպես ասում են՝ «Ժիռաֆ բոլշոյ, եմու վիդնեյ»: Այստեղ ավելի հետաքրքիր է ամերիկացիների դիրքորոշումը՝ գնահատականների առումով: Կոսովոյի պարագայում նրանք հայտարարում էին, որ Կոսովոյի բնակչությունն իրավունք ունի ապրել անկախ, իսկ այստեղ իրավունքը վրացիներինն է, որոնց տարածքային ամբողջականության իրավունքը, չգիտես ինչու, ավելի բարձր է Սերբիայի տարածքային ամբողջականության իրավունքից: Որովհետեւ այդպես են որոշել «յանկիները»: Իրաքը կամ նույն Սերբիան կարելի էր ռմբակոծել, որովհետեւ «ժողովրդավարության ջատագով» ամերիկացիներն էին այդպես որոշել, իսկ Սահակաշվիլին հանգիստ կարող է հազարավոր մարդկանց սպանել, որովհետեւ «ժողովրդավար» նախագահներին դա թույլատրվում է: Այնպես որ, կրկնակի ստանդարտները միայն Հայաստանի մենաշնորհը չէ: Ինչպես կասեր «Մոսկվան արցունքներին չի հավատում» կինոնկարի հերոսուհին. «ու նաս ուչիտելյա խոռոշիե բիլի»: Իսկ որ մերոնք կրկնակի ստանդարտների հարցում միշտ առաջատար դիրքերում են` կարելի է նույնիսկ չկասկածել: Միայն մարտի 1-ի դեպքերի դատական պրոցեսներին հետեւելով, որի ականատեսն ենք արդեն հինգ ամիս (իսկ ավելի ճիշտ` 10 տարի), կարող ենք հաստատել այս միտքը: Մարդասպաններին, ընտրակեղծարարներին, սափրագլուխ քրեական տարրերին կամ «չեն գտնում», կամ ազատում են դատարանի դահլիճից, կամ դատից մի քանի ամիս հետո: Իսկ Մատենադարանի փոխտնօրենին, թերթի խմբագրին, քաղաքական կուսակցության ղեկավարին կամ պարզապես ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքացուն կարելի է տարիներով պահել կալանքի տակ, այն էլ` հորինված պատրվակով: Նույնը, իհարկե, վերաբերում է այսօրվա ընդդիմությանը: Երբ վերջիններիս հիշեցնում են 1996 թվականը, նրանք այնպիսի լայնամասշտաբ «հարձակում են» կազմակերպում, կարծես այդ իրադարձությունների ականատեսը միայն իրենք են եղել:
Իսկ երբ ընտրակեղծիքների մասին են խոսում, այնպիսի տպավորություն է, որ այդ ընտրակեղծիքների հիմնադիրը ես եմ:
Նույնը վերաբերում է նաեւ հարկային մարմիններին: Չեմ հավատում, որ Երեւանի բոլոր սուպերմարկետներից միայն այն ինը խանութներն էին թաքցնում իրենց եկամուտները, որոնց մասին իշխանությունները հրապարակավ հայտարարեցին պաշտոնական հաղորդագրություններով: Ասում են, որ այդ խանութներում հաշվիչ-դրամարկղային կտրոններ ընդհանրապես չէին տալիս: Բայց Հարկային ծառայության յուրաքանչյուր աշխատակից ինձանից լավ գիտի, որ բոլոր այն մեծ խանութներում, որտեղ հաճախորդին կտրոն է տրվում, այդ կտրոնները վավերացված չեն: Այսինքն` այդ կտրոնով պարզապես մարդկանց «աչքերին թոզ են փչում»: Իրականում դեռ մեծ հարց է, թե ո՞վ է ավելի ազնիվ. այն գործարա՞րը, ով ընդհանրապես կտրոն չի տալիս, թե՞ նրանք, ովքեր դա անում են զուտ իմիտացիա ստեղծելու համար: Առավել եւս, որ այդ խանութներն ավելի մեծ են, եւ պարզ է, որ ավելի մեծ եկամուտներ ունեն, քան այն 9 խանութները, որոնք վերջերս հարկադրված փակվեցին:
Իշխանություններից, ընդդիմությունից եւ պետական տարբեր մարմիններից առանձնապես հետ չեն մնում ՀՀ շարքային քաղաքացիները: Որովհետեւ, երբ մի պատի տակ նրանք բողոքում են կոռումպացված իշխանություններից, իսկ մյուս պատի տակ ընտրակաշառք են վերցնում ու ընտրում նրանց, ապա այդ քաղաքացիները ոչնչով չեն տարբերվում այդ նույն իշխանություններից: Տարբերությունը մեկն է` իշխանության թեկուզ ամենացածր օղակի ներկայացուցիչը 5-10 հազար դրամով չի թողնի անգամ իր քարտուղարուհու դուռը բացես: Երբ հետիոտնը հայհոյում է «խախտում» կատարած «հաբռգած» ջիպատիրոջը, չի նկատում, որ հենց նույն պահին ինքն է խախտում անում` փողոցն անցնելով արգելված վայրում: Երբ երիտասարդները բողոքում են, որ աշխատանք չունեն, մոռանում են, որ նրանցից շատերը իրենց կյանքում երկու գիրք չեն կարդացել (ընդ որում, ինչպես՝ մասնագիտական, այնպես էլ` գեղարվեստական):
Այնպես որ, հարգելի հայրենակիցներ, երբ բողոքում եք ինչ-որ բանի դեմ, մի պահ փորձեք վերհիշել ձեր անցած ուղին, որպեսզի հետո ձեզ «դեմ չտան» այն, ինչի դեմ դուք բողոքում եք: