Ամեն մի հիմար կգտնի է՛լ ավելի մեծ հիմարի, որը կսկսի նրանով զմայլվել։
Ն. Բուալո
Վերջին ժամանակներս թե՛ ռուսական, թե՛ տեղական հեռուստաալիքները ֆիլմեր են ցուցադրում նարկոբարոնների, հանցագործների ու պատմության չարագործների մասին եւ ցուցադրում են պատշաճ մակարդակով. հենց սա էլ, գուցե, թյուրիմացության մեջ է գցում շատերին։ Անչափահասներին հրապուրում է նարկոբարոնների ազդեցիկությունն ու հեղինակությունը, հանցագործների ճարպկությունը եւ ճիվաղների՝ զանգվածներին տիրապետելու «արվեստը»։ Հիտլերի մասին ֆիլմը դիտած մի ուսանող ասաց. «Բայց Հիտլերը, ինչքան էլ չարագործ, հանճարեղ է. ո՜նց է կարողացել այդքան մարդ հավաքել ու գրավել այդքան տարածքներ»։ Սա անչափ մտահոգիչ է, քանի որ չարագործներով հիանալու սաղմերը ոչ միայն շոշափվում, այլեւ որոշակիորեն երեւում են այսօրվա կյանքում, հատկապես ազգայնական տրամադրություններ արտահայտող ռուսաստանյան խմբերում, երբ այլազգիների հանդեպ անհանդուրժողականությունն ուղեկցվում է բռնություններով ու սպանություններով… Թվում է՝ կրկնվում է պատմությունը, իսկ պատմության դասերն այդպես էլ մնում են թերուս Հիտլերի սերտած մակարդակին։
Անվիճելի է, որ Հիտլերն ու նրա նմանները մեծ զանգվածներ են հավաքել իրենց շուրջ, սակայն տվյալ դեպքում սա ոչ թե հանճարեղության, այլ ընդամենը հիմարության ապացույց է։ Այս հարցում ես միանգամայն համամիտ եմ Ա. Դյումա-որդու հետ, որն ասել է. «Ժամանակ առ ժամանակ ինձ վշտացնում է այն միտքը, որ հանճարեղության համար գոյություն ունեն սահմաններ, իսկ հիմարության համար՝ ոչ»։ Ու եթե Դյումա-որդու խոսքերին ավելացնենք որպես բնաբան բերված Բուալոյի խոսքերը, կարելի է եւս մի արտահայտություն թույլ տալ. միմյանցով հմայված հիմարներ ինչքան ասես կարելի է հանդիպել, սակայն հանճարներ՝ հազիվ թե։ Հանճարներն անհատականություն են եւ ոչխարների պես չեն լցվում միմյանց գլխի, իսկ հիմարները պաշտպանության կարիք ունեն, եւ ո՛վ նրանց ավելի լավ կպաշտպանի, քան իրենք իրենց. չէ՞որ հիմարությունը միայն հիմարությամբ կարող է պաշտպանվել։ Սա, անշուշտ, չի նշանակում, թե խելոքները չեն կարող համախմբվել կամ ընդունակ չեն աշխարհն ազատել ճիվաղներից. ցավոք, խելոքները հաճախ հապաղում են հավաքվել եւ վտանգը զգում են, երբ այն սպառնալիորեն ահագնացած է լինում, եւ ստիպված են լինում ընդունել հիմարների կանոններն ու նրանց դեմ պայքարել արդեն իսկ նրանց զենքով ու մեծ զոհերի գնով։ Այդպես եղավ 1915 թվականին, երբ թուրքական կառավարությունը ցեղասպանություն իրագործեց մարդկության մի հատվածի՝ հայ ժողովրդի դեմ, իսկ աշխարհը ննջում էր խաղաղությամբ եւ խաղաղությունից հիմարացած, եւ միայն այդ սահմռկեցուցիչ լռության մեջ հնչում էին փոքրաթիվ անհատների ձայները, որոնք անզոր էին արթնացնել մրափից ընդարմացած աշխարհի տերերին, իսկ մարդասպան-ոճրագործներին ուղղակի ոգեւորում էր Գերմանիան, իսկ երբ Հիտլերը սկսեց իր «սեփական» ոճրագործության հաղթարշավը, ցինիկաբար հիշեց Հայոց եղեռնը եւ այդ եղեռնն ուրացած աշխարհին, կարծես կանխավ ունենալով իր ոճրագործության «թույլտվությունը»։ Ո՛չ Հայոց ցեղասպանության մասին ցինիկ հայտարարությունը, ո՛չ էլ դեռեւս 1933 թվականին «Իմ պայքարը» գրքում նրա շարադրած նացիզմի դրույթները, որոնց առանցքը հետեւյալ պահանջներն էին. 1) Գերմանիայի հզորության վերականգնումը բոլոր գերմանացիներին միասնական պետական հարկի տակ միավորելու ճանապարհով, 2) Գերմանական Կայսրության տիրակալության ամրապնդմամբ Եվրոպայում, հիմնականում մայրացամաքի արեւելքում՝ սլավոնական հողերի վրա, 3) գերմանական տարածքի զտումը այն խցանող «այլազգիներից», նախեւառաջ հրեաներից, 4) պառլամենտական փտած ռեժիմի լուծարումը, նրա փոխարինումը գերմանական ոգուն համապատասխան ուղղահայաց հիերարխիայով, որի ժամանակ ժողովրդի կամքը դրսեւորվում է բացարձակ իշխանությամբ օժտված առաջնորդի մեջ եւ այլն, չզգաստացրին աշխարհին, քանի որ գերտերություններից յուրաքանչյուրը տարված էր սեփական խնդիրներով ու շահերով, եւ նրանցից յուրաքանչյուրն իր փոքրիկ խորամանկություններով կարծում էր, թե հարվածը կրողը ի՛նքը չի լինելու, այլ ինքն ուժեղանալու է մյուսի թուլությամբ ու անկմամբ։ Սակայն այդպես մտածողները չարաչար սխալվում էին. կյանքը հաճախ է ինքնամաքրման կամք դրսեւորում եւ հաշվեհարդար տեսնում թե՛ չարագործների, թե՛ անտարբերությամբ ննջողների նկատմամբ։ Այդպես եղավ եւ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ, երբ ննջողները ստիպված էին արթնանալ ու պայքարել «Իմ պայքարի» հեղինակի ու նրա հանցակիցների դեմ, քանի որ հոգեվարքի մեջ գտնվող ճիվաղն իր ետեւից շատերին էր քարշ տալիս, եւ այլ բան չէր մնում այլեւս, քան Դախաուն ու Օսվենցիմները մոխրացնել Հիրոսիմայով ու Նագասակիով, քանի որ նացիզմի արմատներն արդեն, մետաստազներ տալով, սփռվել էին աշխարհով մեկ, եւ անհրաժեշտ էր վերջնականապես մարել այդ օջախները։
Երկրորդ համաշխարհային պատերազմը փրկեց ոչ միայն խաղաղությամբ ննջողների սերունդներին, այլեւ հենց Գերմանիային ու այն տերություններին, որ, ֆաշիզմի բուն լինելով, տառապում էին ներքին փտախտից։ Հաշվեհարդարը ողբերգական ու ցավալի էր, սակայն հատուցումն էր այն սահմռկեցուցիչ լռության, որով մարդկությունը մոլորություն է ունենում երբեմն պաշտպանվել։
Ցավոք, Հիտլերի ու նրա նմանների մասին պատմող ֆիլմեր դիտողները շտապում են հիանալ ֆաշիստական զինվորների ձիգ շարքերով, մեկ մարդու պես նրանց բարձրացող ձեռքերի ու «հա՛յլերի» միանվագ բացականչություններով, կարգապահությամբ ու հանուն առաջնորդի զոհվելու պատրաստակամությամբ, մոռանալով կամ անտեսելով Հիտլերի ու նրա նմանների շուրջ հավաքված ամբոխի նպատակն ու նրանց գործունեության հետեւանքները, հազարավոր խոշտանգված դիերի՝ տրակտորներով մի փոսում թաղվելն ու կենդանի մարդկանց ճենճերացող մարմինների սահմռկեցուցիչ հոտը, մոռանալով պատմության այդ ճիվաղների վախճանը, որ նույնքան անմարդկային է, որքան նրանց կյանքը։ Ովքեր մոլորություն ունեն հիանալու ոճրագործների հեղինակությամբ եւ ուժով, չպետք է մոռանան, որ մարդասպանը նախ՝ սպանում է իրեն, հետո՝ դիմացինին, քանի որ մեռնողի աչքերի մեջ նախեւառաջ մեռնում է ոճրագործի պատկերը, եւ պատահական չէ, որ ցանկացած ոճրագործ ակամայից ափերով ծածկում է դեմքը, երբ արդեն ապրողների աչքերում տեսնում է սեփական դեմքի հոգեվարքը…