Ինչպե՞ս է պետությունն օգնում հայտնվել ամենաանապահովների խավում

15/08/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Եվ այսպես, տեւական դադարից հետո կրկին առաջ եկավ տոնավաճառներում հսկիչ-դրամարկղային մեքենաների տեղադրման հարցը։ Այսինքն՝ մանր ու միջին բոլոր առեւտրականները շուտով ՀԴՄ-ներ կունենան։ Ու չնայած կառավարությունը որոշել է, որ նրանք այդ ՀԴՄ-ները ձեռք են բերելու ոչ իրենց միջոցներով, դրանք տեղադրվելու են առեւտրի վայրերի կազմակերպիչների հաշվին, միեւնույն է՝ առեւտրով զբաղվողներն այժմ իրենց մի տեսակ պարտված ու միայնակ են զգում։ Պարտված, որովհետեւ ՀԴՄ-ն վերջն իրենց էլ բաժին հասավ։ Եվ միայնակ, որովհետեւ ժամանակին ՀԴՄ-ների տեղադրմանն ընդդիմացող Արթուր Բաղդասարյանն այլեւս մոռացել է իրենց խնդիրների մասին եւ այժմ զբաղվում է ազգային անվտանգության հարցերով։

Ինչեւէ, վերադառնանք ՀԴՄ-ներին։ Փաստորեն, դժգոհողը առեւտրականներն են՝ մանր ու միջին գործարարները։ Սակայն, եթե հավատանք պաշտոնատար անձանց, ապա դժգոհելու առիթ պիտի ունենային, առաջին հերթին, առեւտրի կազմակերպիչները՝ տոնավաճառների սեփականատերերը։ «Ամբողջ փաթեթի տրամաբանությունն այն է, որ բեռը դրվելու է խոշոր բիզնեսի վրա՝ առեւտրի կենտրոնների կազմակերպիչների վրա»,- կառավարության վերջին նիստում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ խոսելով հարկային եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտում իրականացվելիք բարեփոխումների մասին։

Տոնավաճառներում առեւտուր անողներին, սակայն, այս հավաստիացումները չեն բավարարում՝ հասկանալի պատճառներով։ Նրանք նշում են, որ առանց այն էլ իրենք վճարում են բավական մեծ վարձավճարներ ու հիմա էլ պետք է մտնեն հարկման դաշտ, վճարեն սոցվճարներ, հաստատագրված վճար եւ այլն՝ իրենց գրպանից։ Եվ այսքանից հետո նրանց համար անհասկանալի է մնում՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ թիրախը ոչ թե իրենք են, այլ խոշոր բիզնեսը։ Հարկային պետական ծառայությունն, արձագանքելով դժգոհությանը եւ մամուլի հրապարակումներին, պարզաբանումներ տվեց, հրապարակեց նաեւ իրազեկման թերթիկներ՝ ինչպես առեւտրականների, այնպես էլ առեւտրի իրականացման վայրի կազմակերպիչների համար. դրանցում նշված էր, թե ինչ մեխանիզմով են աշխատելու հարկման դաշտ մտած առեւտրականները։ Ճիշտ է, այս թերթիկները որոշ պատկերացում տալիս են, սակայն մի շարք հարցեր կարծես անպատասխան են մնում։ Այդ հարցերի պատասխանը ստանալու համար մենք զրուցեցինք ՀՀ ԿԱ ՀՊԾ պետի տեղակալ Քաջավան Նուրիջանյանի հետ։ Վերջինս նույնպես հավաստիացնում է, որ իրենց թիրախը խոշոր բիզնեսն է լինելու, քանի որ հարկերի մեծ մասը գոյանում է խոշոր բիզնեսի հարկերից։ «Առաջին 300 հարկատուները վճարում են ընդհանուր հարկերի մոտ 70%-ը։ Եթե մենք ուզում ենք բյուջեն ավելացնել, հարկման դաշտը կարգավորել, մենք, բնականաբար, աշխատում ենք խոշոր եւ միջինից բարձր բիզնես անողների հետ»,- ասում է Ք. Նուրիջանյանը։

– Պրն Նուրիջանյան, փաստորեն, կարելի՞ է ենթադրել, որ ստվերի մեծ մասը հենց այդ 300-ի մեջ է։

– 300-ի մեջ չէ, նրանց մեջ կան շատ բարեխիղճ, թափանցիկ աշխատող ընկերություններ։ Բայց 2000-ի մեջ կլինի, որովհետեւ այդ 2000-ն ունեն ստվեր, ու իրենց պետք են այս 50 հազար առեւտրականները, որոնց միջոցով իրենք ուզում են այդ ստվերը «մաքրել»։ Ցանկացած ապրանք, որ մտնում է հանրապետություն, վերջիվերջո, պետք է սպառվի։ Եթե մենք վերջին՝ սպառման կետում, կարողանանք ֆիքսել սպառման ծավալը, այդ դեպքում ոչ մի ապրանք առանց թղթի չի կարող հասնել մինչեւ սպառողը։ Եթե այդ ճանապարհին փաստաթուղթը կորցնում ենք, ապա այդ մասով նաեւ հարկեր ենք կորցնում։ Խոշոր ներկրողների մոտ այսպիսի ձեւեր կան աշխատելու. բերում են ինչ-որ ապրանք, ենթադրենք, 200 դրամով, եւ պետք է վաճառեն 250 դրամով, որ 50 դրամ շահույթ ունենան։ Բայց որպեսզի այդ 50 դրամից հարկեր չվճարեն, ձեւակերպում են, որ այդ ապրանքը վաճառվել է 205 դրամով, եւ հարկերը մուծում են այդ 5 դրամի համար։ Եթե մենք ուզում ենք դրա դեմն առնենք, ուրեմն պիտի հետեւենք, որ ինքը թուղթ տա այն մարդուն, ով իրենից գնում է։ Այսինքն՝ մեծածախ առեւտրականին։ Դա առաջին փուլն է։

– Այսինքն, դուք վերջին կետից՝ սպառողներից եք սկսում, որպեսզի ի հայտ բերեք մինչ այդ եղած շրջանառությունը։

– Մենք 2 կետից ենք սկսում։ Խոշորներից սկսել ենք, ստուգում էինք նաեւ սուպերմարկետները, մի քանիսն անգամ փակեցինք։ Տեսանք, որ մի տեղ կա, որտեղ թղթերը «կորչում» են, եւ այդ հիմնական տեղը շուկան է։ Եթե արտադրողն իր ապրանքը թղթով վաճառում է, երեւում է, թե գնորդն ով է եղել, եւ հնարավոր է լինում հետեւել շարժին։ Իսկ եթե ՀԴՄ-ով է գործարքն անում, իբր թե վաճառում է անհատ քաղաքացու, միանգամից հետքերը կորչում են այդտեղ։ Դա մեծածախ առեւտրականներին էլ է ձեռնտու, որովհետեւ իրենք այդ եղանակով իրենց ապրանքը «կորցնում» են։ Հիմա մենք ուզում ենք բոլոր տեղերում ՀԴՄ-ներ տեղադրել, ֆիքսել ամբողջ շրջանառությունը, եւ դրանից հետո իրենք արդեն հնարավորություն չեն ունենա շրջանառությունը թաքցնելու։ Ես հասկանում եմ, տպավորությունն այնպիսին է, որ մենք աշխատում ենք մանր գործարարների վրա (չնայած իրենք էլ պետք է հարկեր մուծեն, ոչ ոք չպետք է հարկերից խուսափի)։ Բայց մենք հիմա չենք ուզում իրենց հարկային բեռը բարձրացնել։ Առեւտրականներից շատերը վարձ են տվել՝ մտածելով, որ այդ գումարի մեջ հարկերն էլ են մտնում, բայց դրանք իրար հետ ընդհանրապես կապ չունեն։

– Կմանրամասնե՞ք՝ հարկման դաշտ մտնելով, անհատ ձեռնարկատեր հանդիսացող առեւտրականն ի՞նչ հարկեր է մուծելու՝ բացի հաստատագրված վճարից։

– Հաստատագրված վճար սահմանված է միայն մինչեւ 7քմ տարածքում առեւտուր իրականացնողների համար Երեւանում, եւ մինչեւ 10քմ՝ այլ վայրերում։ 1քմ-ի համար մուծում են ամսական ընդամենը 1815 դրամ։ Եթե առեւտրականը գործի 7քմ-ի վրա, եւ նրա տարեկան շրջանառությունը սահմանված չափերից դուրս չգա, ամսական կմուծի 43 հազար դրամ, որի մեջ մտնում են սոցվճարն ու հաստատագրված վճարը, եթե այսօր փաստաթղթերով հիմնավորված ինքը սահմանային չափը չի գերազանցում՝ եռամսյակը 1.2 միլիոն դրամ, 1քմ-ի համար։ Իսկ փոքր եւ միջին ձեռնարկատիրության խթանման նոր փաթեթով, որը պետք է ընդունվի, այդ թիվը դառնում է 25 հազար։ Նոր փաթեթի առավելություններից մեկն էլ այն է, որ առեւտրականներն այդ առաքման գրքերը չեն վարելու։ Իրենք ՀԴՄ են օգտագործելու եւ վերջ։ Եվ մեկ էլ, եթե ծախսերը հիմնավորող փաստաթղթեր ունեն, պետք է այդ փաստաթղթերը պահեն։

– Իսկ հաշվետվություններ ներկայացնելո՞ւ են։

– Այո, եռամսյակը մեկ, բայց այդ հաշվետվությունները լինելու են պարզեցված ձեւով։ Նշեմ նաեւ, որ նոր փաթեթով, կազմակերպված առեւտրի վայրերը դառնալու են լիցենզավորման ենթակա գործունեություն։ Այսինքն, եթե կազմակերպիչն ուզում է, ժողովրդի լեզվով ասած, տոնավաճառ անի, ապա դրա համար պետք է լիցենցիա ստանա։ Իսկ լիցենզիայի պայմաններից մեկն այն է, որ նա պետք է ունենա ՀԴՄ-ներ, որոնք իրար հետ պետք է կապված լինեն ցանցով։ Այսինքն, հարկային տեսուչը թիվն իմանալու համար այլեւս չի գնա հարկատուի մոտ։ Նա այդ թվերը կվերցնի ընդհանուր սերվերից եւ կաշխատի ընդհանրապես չանհանգստացնել հարկատուին։ Դա ոչ միայն հարմարության եւ ժամանակի խնայման համար է արվում, այլ դրանով մենք նվազեցնում ենք հարկատուի շփումը հարկային մարմնի հետ։ Նրանք կարող են ընդհանրապես չշփվել հարկային տեսուչների հետ, որովհետեւ հաշվետվությունները կարող են արկղի մեջ գցել, եւ շուտով կարող են նաեւ էլեկտրոնային փոստով ուղարկել։ Բացի այդ, ՀՊԾ պետի հրամանով առեւտրի վայրերում մինչեւ տարվա վերջ ստուգումները սահմանափակվում են։ Մենք հիմա անցնում ենք լրիվ նոր՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների։ Փոքր գործարարներն այդ ռիսկային խմբի մեջ չեն մտնի։ Եթե, իհարկե, ՀԴՄ-ն նորմալ աշխատեցնեն, չխաբեն, շրջանառություն ցույց տան։ Իսկ այդ շրջանառությամբ մենք արդեն կաշխատենք հարկել մեծերին։

– Տարեկան շրջանառությունը որքա՞ն պետք է լինի, որպեսզի փոքր եւ միջին առեւտրականները կարողանան աշխատել միայն հաստատագրված վճարով։

– 50 միլիոն դրամ։

– Ստացվում է՝ օրական մոտ 170 հազար դրամ կամ մոտ 500-550 դոլար։ Սակայն, գաղտնիք չէ, որ, օրինակ, տոնավաճառներում առեւտուր անողները պետք է շատ ավելի մեծ շրջանառություն ունենան, որպեսզի կարողանան վճարել ամսական մոտ 1000 դոլարի հասնող վարձերը՝ տարածքի վարձ, մեքենաների կայանատեղի, էլեկտրաէներգիա եւ այլն։ Փաստորեն, նրանք կամ պետք է ՀԴՄ-ի կտրոն չտրամադրեն, թաքցնեն շրջանառությունը, կամ էլ նրանց շրջանառությունը կգերազանցի տարեկան 50 միլիոնը, եւ կընկնեն գլխացավանքի մեջ ու ավելի շատ հարկեր կմուծեն։ Սա հաշվի առնելով՝ ի՞նչն է ձեզ վստահության հիմք տալիս, որ առեւտրի ոլորտում ստվերի դեմ պայքարում ՀԴՄ-ներն արդյունավետ կլինեն։

– Իհարկե, կա մի մաս, որոնց շրջանառությունը շատ ավելի մեծ է, բայց նրանք այդքան մեծ թիվ չեն կազմում։ Մեծ մասն օրական 60-70 հազար դրամի առեւտուր անողներ են։ Դուք վերցնում եք, օրինակ, թանկարժեք հագուստեղեն վաճառողներին։ Բայց մարդիկ կան, ովքեր մի քանի հատ ատամի մածուկ կամ նման բաներ են վաճառում, ու իրենց եկամուտը կարող է լինել օրական 4-5 հազար դրամ։ Իսկ ձեր նշած մարդիկ, իրոք, ավելի մեծ շրջանառություն ունեն, բայց նրանք էլ պետք է հարկեր վճարեն։ Եթե բժիշկը վճարում է, ուսուցիչը վճարում է, իրենք ինչո՞ւ պետք է չվճարեն։

– Սակայն այդ մարդիկ գտնում են, որ առանց այն էլ մեծ գումարներ են վճարում տարածքի վարձակալման համար։ Իրենց համար մեծ տարբերություն չկա՝ պետությա՞նն են վճարում, թե՞ տոնավաճառի տիրոջը։

– Այդ մտածելակերպը, ցավոք, մեզանում վաղուց կա։ Խորհրդային տարիներին, երբ «փափախ» ավտոբուսներ կային ու պետական, «փափախ» ավտոբուս նստելիս փողը միշտ տալիս էին, իսկ պետականից՝ փախչում։ Այդ մոտեցումը, որ պետությանը պետք չի փող տալ, մասնավորին է պետք տալ, սխալ է, եւ դրանից պետք է ձերբազատվել։

– Իրենց էլ կարելի է հասկանալ՝ մարդիկ դժգոհում են, որ ամեն ինչի համար փող են տալիս՝ անգամ զուգարան գնալու համար, ու դրանց էլ ավելանում են հարկերը։

– Բայց մի մոռացեք, որ պայմանագիր կնքողն իրենք են, իրենք պայմանագրի կողմ են։ Պետությունն իրենց կարող է շատ հարցերում աջակցել, բայց ոչ իր հաշվին։ Վերջիվերջո, իրենք այս երկրի ամենաանապահով խավը չեն։ Մենք թոշակառուներ, նպաստառուներ ունենք, որոնք շատ ավելի անապահով վիճակում են գտնվում։

– Իսկ առեւտրի կազմակերպիչների՞ համար ինչ է նախատեսվում, չէ՞ որ նրանք էլ ամենաանապահով խավը չեն, մեղմ ասած։

– Մենք առեւտրի կազմակերպիչներին բավականին մեծ ծախսերի տակ ենք դնում։ Չէ՞ որ ՀԴՄ-ները նրանք պետք է իրենց հաշվին ձեռք բերեն, այլ ոչ թե առեւտուր իրականացնողները։

– Բայց դա նրանց համար այդքան էլ մեծ գումար չէ։

– Համաձայն եմ, բայց դուք իրենց էլ հարցրեք, տեսեք ինչ են ասում այդ առումովգ

– Վերցնենք «Հրազդան» տոնավաճառը։ Յուրաքանչյուր տեղի համար գանձում են 220 հազար դրամ՝ չհաշված, ինչպես արդեն նշեցի, կողմնակի ծախսերը՝ կայանատեղի, հոսանքի վարձ, վերանորոգման ծախսեր եւ այլն, եւ ոչ բուժկետ կա, ոչ ինչ-որ պայմաններ…

– Լիցենզավորման պայմանների մեջ դրանք բոլորը պետք է մտնեն։ Պայմանները ներառում են նաեւ ձեր նշած խնդիրները՝ սանիտարահիգիենիկ պայմաններ եւ այլն։ Այս ամսվա 19-ին փաթեթն արդեն մտնելու է ԱԺ։ Փոփոխությունների մի մասը հոկտեմբերից ուժի մեջ կմտնի, մյուս մասն՝ ավելի ուշ։

– Իսկ եթե տոնավաճառների կազմակերպիչները լիցենզավորման այդ բոլոր պայմանները կատարեն, ի՞նչ երաշխիք կա, որ նրանք չեն թանկացնի առեւտրային կետերի վարձակալության վճարը՝ դժգոհության նոր ալիք առաջացնելով։

– Մենք, մեր լծակներն օգտագործելով, կաշխատենք այնպես անել, որ այդ վճարները չթանկանան։ Բայց հիմնականն այն է, որ երկու կողմեր՝ անհատ ձեռնարկատերն ու առեւտրի կազմակերպիչն, իրար հետ պայմանագիր են կնքում։ Առաջին հերթին դա իրենց որոշելիքն է։

– Առեւտրի կազմակերպիչներն այսօր, ըստ էության, ոչինչ չեն անում, ընդամենը տարածքն են վարձով տալիս եւ աստղաբաշխական գումարներ են հավաքում։ Իսկ ընթացիկ ծախսերը, որպես կանոն, կատարվում են առեւտրականների հաշվին։ Ուսումնասիրե՞լ եք, թե իրենք ընդհանրապես ի՞նչ ծախսեր են կատարում, ու որքանո՞վ են նրանց վճարած հարկերը համապատասխանում իրենց ստացած եկամուտներին։ Որովհետեւ խոսքը գնում է գերշահույթների մասին։

– Այո, գերշահույթներ առանձին տեղերում կան։ Եվ համաձայն եմ, որ այդ առումով մենք դեռ անելիքներ ունենք։ Մենք ունենք կրկնակի հարկման մեխանիզմ, որ երբ իրենց հավաքագրված գումարները ինչ-որ սահմանային չափը գերազանցում են, հարկերը կրկնապատկվում են, բայց, իհարկե, դրանով չպետք է սահմանափակվել։