Վրաց-օսական պատերազմի հետեւանքով կաթվածահար եղած Հայաստանի բեռնաշրջանառությունը շարունակում է մնալ նույն վիճակում, եւ դեռեւս անհայտ է, թե երբ կկարգավորվի:
Բանն այն է, որ Հայաստանի բեռնափոխադրման հիմնական մասն իրականացվում է Վրաստանի տարածքով` Փոթի եւ Բաթումի նավահանգիստների միջոցով, եւ այդ ուղղության վրա աշխատող նավերը դեռեւս չեն կարող մտնել վրացական նավահանգիստներ: Եթե մինչեւ պատերազմի սկսվելն այլ երկրներից Վրաստան հասած հայկական բեռներն ինչ-որ կերպ հնարավոր է կամաց-կամաց Հայաստան բերել, ապա արտահանվող նավահանգստում գտնվող բեռների ճակատագիրն անորոշ է: Մինչդեռ երկու օր առաջ հրավիրած ասուլիսի ժամանակ ՀՀ տրանսպորտի եւ կապի (ՏԿ) նախարար Գուրգեն Սարգսյանն ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ Հայաստանի բեռնափոխադրումը չի դադարել, ավելին` ներմուծումն ավելացել է, արտահանումն էլ շարունակվում է: Սակայն որքան էլ ասուլիսի ժամանակ խնդրեցինք, ՏԿ նախարարը կոնկրետ թվեր չհրապարակեց այն մասին, թե Վրաց-օսական պատերազմի սկսվելուց հետո Հայաստանը որքա՞ն ապրանք է արտահանել` ասելով, թե այդ պահի դրությամբ տվյալներ չունի: Իհարկե, անհավանական է, որ ՏԿ նախարարը նման արտակարգ իրավիճակում տեղյակ չլինի թեկուզ մեկ բեռնատարի շարժի մասին: Սակայն Գ. Սարգսյանը տվյալներ չուներ ոչ թե այն պատճառով, որ այդ պահին իրեն դեռ տվյալներ չէին հասցրել, այլեւ, որովհետեւ նման տվյալներ պարզապես գոյություն չունեն` անցած 5-6 օրերին հայտնի պատճառներով Հայաստանից ապրանք չի արտահանվել: Պարոն Սարգսյանը նաեւ ասաց, թե ճանապարհներին կամ նավահանգիստներում կուտակված հայկական բեռներ չկան: Իհարկե, բեռնափոխադրման ուղիներում բեռներ չեն կարող կուտակվել, եթե դրանք ընդհանրապես չեն արտահանվում: Եթե նավահանգիստ նավ չի մտնում, ապա ի՞նչ իմաստ ունի բեռները հասցնել այնտեղ: Այս պարզ տրամաբանությունը նախարարն անտեսեց ու ասաց, որ ոչ մի խնդիր չկա: Դժվար է ասել, թե Հայաստանի իշխանություններն ինչո՞ւ են փորձում թաքցնել այդ փաստը, որ Վրաց-օսական պատերազմի արդյունքում մեր բեռնափոխադրումը կաթվածահար է եղել: Չէ՞ որ այդ հակամարտությունը մեր իշխանությունների հետ ընդհանրապես կապ չունի: Կարելի է, չէ՞, օրինակ, ասել, որ մենք խնդիրներ ունենք, որովհետեւ մեր հարեւանները պատերազմի մեջ են: Կամ էլ միգուցե չեն ասում, որպեսզի խուճապ չառաջանա, եւ որ հայրենի ներկրողները կամ վաճառողներն առիթից չօգտվեն ու թանկացումների նոր ալիք չբարձրացնեն: Սակայն սա էլ քիչ հավանական է, քանի որ ցանկության դեպքում իշխանությունները հեշտությամբ դա կարող են կանխել: Մեր իշխանությունները բեռնափոխադրման այս խնդիրը փորձում են հասարակությունից թաքցնել հավանաբար այն պատճառով, որ գիտակցում են իրենց սխալ քաղաքականության արդյունքը` Հայաստանը մնացել է միայն վրացական նավահանգիստների հույսին, քանի որ անցած տարիների ընթացքում այդպես էլ փորձ չի արվել արտաքին աշխարհի հետ կապող այլ ուղիներ գտնել: Իսկ այն, որ բեռնափոխադրումների «նորմալ լինելու» մասին պաշտոնական լուրերը, մեղմ ասած, չափազանցված են` ապացուցվում են նաեւ կոնկրետ օրինակներով: Օրինակ, «Երեւանի կոնյակի, գինու, օղու կոմբինատից» երեկ մեզ հայտնեցին, թե մի քանի օր առաջ կոնյակով բեռնված 10 ավտոմեքենաներ դուրս են եկել Փոթի նավահանգստով Ռուսաստան հասնելու համար, սակայն կանգնել են Բագրատաշենի սահմանին ու հայտնի պատճառներով առաջ չեն կարող գնալ: Բացի այդ, ընկերությունը սարքավորումներ է ներկրել, որոնք դեռեւս Փոթիում են: Ընկերությունից մեզ փոխանցեցին, թե ուղիներ են փնտրում գոնե այդ սարքավորումները Երեւան հասցնելու համար: Իսկ Ալավերդու պղնձամոլիբդենային ACP ընկերության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ իրենք այս պահին մեծ չափերի հումք ունեն արտահանելու Գերմանիա, սակայն բեռնափոխադրող ընկերությունները դեռեւս չեն ցանկանում ռիսկի դիմել: Հյութեր արտադրող «Թամարա» ընկերությունից էլ փոխանցեցին, թե «հյութով բեռնված 1 մեքենա հենց այս խառը օրերին դուրս է եկել Փոթիով Ռուսաստան ուղեւորվելու համար, հասել է Թբիլիսի եւ մինչեւ հիմա սպասում է իրավիճակի կարգավորմանը»: «Թամարայից» մեզ նաեւ հայտնեցին, որ իրենց արտադրանքի այլ խմբաքանակներ եւս նախատեսված են Ռուսաստան արտահանելու համար եւ սպասում են նավահանգստի աշխատելուն. այնպես, ինչպես Հայաստան ապրանքներ ներմուծող կամ Հայաստանից ապրանքներ արտահանող մնացած բոլոր ընկերությունները:
Իսկ բեռնափոխադրումներ իրականացնող «Ապավեն» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը երեկ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ երեքշաբթի օրը 380 վագոններով բեռնված շվեյցարական մի ընկերության նավ վերջապես մուտք է գործել Փոթի, բայց այդ օրը չի բեռնաթափվել, որովհետեւ նավահանգստի համապատասխան աշխատողները հայտնի պատճառներով Փոթիից գնացել են: Երեկ, ի վերջո, այդ նավը սկսել են բեռնաթափել: «Ապավենն» այդ նավում ունի 60 վագոն ապրանք, սակայն, ամենայն հավանականությամբ, այնտեղ կան հայկական այլ բեռնափոխադրողների վագոններ եւս: Ի դեպ, դա այն նավերից մեկն է, որը պատերազմի առաջին օրերին Սեւ ծովի չեզոք հատվածում բեռնաթափման հավաստիացումներ է ստացել: Այդ դրության մեջ հայտնված` դանիական խոշորագույն ծովային ընկերության մեկ այլ նավ բեռնաթափվել է Կոնստանցիա նավահանգստում: Այդ նավի վրա նույնպես հայկական բեռներ են եղել: Ի դեպ, ՏԿ նախարարն ասուլիսի ժամանակ նաեւ հայտարարեց, թե «փոխադրող ընկերությունների խնդիրն է, թե նավը որտեղ բեռնաթափեն, Փոթին աշխատում է»: Աշխարհի խոշորագույն ընկերությունները, սակայն, հավանաբար այդքան գիտակցում են, որ Ստամբուլով կամ Կոնստանցիայով Փոթի հասնելն ավելի դժվար ու ծախսատար է, քան ուղիղ ճանապարհով գնալը: «Ապավեն» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը նաեւ տեղեկացրեց, որ երկու օր առաջ Բուրգասից 1 նավ է դուրս եկել Փոթի գալու համար ու մնացել Բուլղարիայի ծովային գոտում կանգնած: Գ. Աղաջանյանը նաեւ ավելացրեց, որ հիմա Փոթիում կան դեպի տարբեր երկրներ, այդ թվում` Ռուսաստան, արտահանվող կոնյակ, սակայն հայտնի չէ, թե արդյոք բեռնաթափվող նավը կվերցնի՞ դրանք: Կոնյակը Փոթիից պետք է հասցվի ռուսական Նովոռոսիյսկ նավահանգիստ. դեռեւս հայտնի չէ նաեւ, թե արդյոք Ռուսաստանը կընդունի՞ Վրաստանից դուրս եկող նավը: Այսպիսով, ինչպես ասաց «Ապավենի» գործադիր տնօրենը, առայժմ իրենք խուսափում են արտահանելուց եւ փորձելու են Փոթիում կուտակված ներմուծվող ապրանքը Հայաստան հասցնել, արտահանվողն էլ տեղափոխել անվտանգության որեւէ գոտի: