ՀՀ Ազգային ժողովն օգոստոսի 19-ին պատրաստվում է քննարկել կառավարության օրենսդրական նախաձեռնությունը` Սեւանա լճից ջրառը յուրաքանչյուր տարվա համար ավելացնել մինչեւ 360 մլն խմ: Այդ կապակցությամբ Էկոլոգիական հասարակական դաշինքը նամակ է հղել ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին, ԱԺ խմբակցություններին, ԱԺ մշտական հանձնաժողովներին, ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերին, ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի տնօրեն տիկին Ս. Մարուխյանին, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի տնօրեն, դեսպան Սերգեյ Կապինոսին, որում արծարծվում է Սեւանա լճի խնդիրը: Նամակում մասնավորապես ասվում է.
«Էկոլոգիական հասարակական դաշինքի եւ այլ հասարակական կազմակերպությունների ու մասնագետների անունից մեր խորը մտահոգությունն ենք հայտնում ՀՀ կառավարության այն նախաձեռնության կապակցությամբ, որի համաձայն՝ նախատեսվում է Սեւանա լճից ջրառը յուրաքանչյուր տարվա համար ավելացնել մինչեւ 360 մլն խոր. մետր եւ առաջարկվում հրավիրել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` համապատասխանաբար փոփոխություն կատարելու «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում: Սեւանա լճից բացթողումների ծավալի վերին սահմանի կրկնապատկման հետ կապված մեր անհամաձայնությունը եւ անհանգստությունը պայմանավորված են նրանով, որ որոշումն ընդունվել է շատ հապճեպ եւ դրա համար ներկայացված չէ էկոլոգատնտեսական մասնագիտական պատշաճ հիմնավորում: Մինչդեռ նման ծրագրի իրականացումը հղի է լճի էկոհամակարգի համար բացասական հետեւանքներով, քանզի վերջինիս վերականգնմանն ուղղված նույնիսկ ոչ լիարժեք գործընթացների կանգնեցումը կարող է հանգեցնել լճի էվտրոֆիկացիայի ակտիվացման: Ընդունելի չեն Սեւանա լճից բացթողումների ծավալը փաստացի կրկնապատկելու վերաբերյալ մինչ օրս տրված բացատրությունները: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2008թ. բնակլիմայական պայմանները այնքան արտակարգ չեն, ինչի կապակցությամբ կարող էր անհրաժեշտություն ծագել ջրառի նման հսկայածավալ աճի: Գյուղացիական տնտեսությունների կողմից ոռոգման ջրի պահանջարկի աճի վերաբերյալ պատճառաբանությունը պետք է ունենա համապատասխան հիմնավորումներ, ինչն առկա չէ: Իսկ ոռոգման ջրի համակարգի վատթար վիճակով կամ դրա կառավարման թերություններով պայմանավորված հիմնախնդիրները չպետք է լուծվեն Հայաստանի համար կարեւորագույն ռազմավարական նշանակություն ունեցող քաղցրահամ ջրի պաշարի եւ ողջ էկոհամակարգի անվտանգության հաշվին: Իրականում, առաջին տարին չէ, ինչ չարչրկվում է Սեւանա լճի մակարդակի հետագա բարձրացման արգելակման հարցը, որի բուն նպատակը, մեր կարծիքով, լճի շուրջ անօրինական տնտեսական գործունեություն ծավալած մի քանի ձեռներեցների շահերի բավարարումն է: Բացի վերը նշված խնդիրներից, հարցականի տակ են Սեւանա լճի էկոհամակարգի համար բացասական ազդեցության հանգեցնող տվյալ որոշման իրավական հիմքերը, քանի որ այն հակասում է ՀՀ Ջրային օրենսգրքի 5-րդ հոդվածով սահմանված` ջրային ռեսուրսների կառավարման, օգտագործման ու պահպանման, եւ Սեւանա լճի մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով ամրագրված` Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման ու օգտագործման պետական քաղաքականության հիմնական սկզբունքներին:
Հայաստանի ռազմավարական ջրային պաշարի եւ տվյալ էկոհամակարգի վերականգնման ու օգտագործման միջոցառումների ծրագրում առաջարկվող նման լուրջ միջամտության հայեցակարգը ենթակա է բնապահպանական փորձաքննության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն: ՀՀ կառավարության` Սեւանա լճից բացթողումներն ավելացնելու մասին որոշման ընդունման գործընթացը հակասում է նաեւ ՀՀ կողմից 1998թ. ստորագրված եւ 2001թ. վավերացված ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին (Օրհուսի) կոնվենցիայի 4-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածների պահանջներին, քանի որ շահագրգիռ հասարակայնությունը պատշաճ կերպով չի տեղեկացվել ու ներգրավվել որոշումների ընդունման գործընթացում:
Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները` կոչ ենք անում ՀՀ ԱԺ պատգամավորներին՝ ձեռնպահ մնալ Սեւանա լճի եւ դրա էկոհամակարգի համար կործանարար հետեւանքներով հղի այս միջոցառման մասին հապշտապ որոշման ընդունմանը մասնակցելուց եւ կազմակերպել խորհրդարանական լսումներ Սեւանա լճի, դրա վիճակի, կառավարման ու պահպանության հարցերի շուրջ»: