Լեզու եւ քաղաքականություն. Նիկոլ Փաշինյան

15/08/2008 Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նրա մասին գրելը ինձ համար դժվար է, որովհետեւ թվում է, թե լավ եմ ճանաչում: Կյանքի եւ պատկերացման խաբկանքներից մեկը, որ մեզ ավելի լավը չի դարձնում, կյանքը համեմատաբար՝ տանելի: Նրա առաջին հոդվածները, որոնք հրապարակվեցին «Լրագիր» օրաթերթում, կարելի է համարել անկախության սերնդի առաջին գործերը: Առհասարակ հեղափոխությունները, պատերազմները եւ կանայք տղամարդուն շատ արագ են հասունացնում: Այնքան արագ, որ նա չի հասցնում գիտակցել, թե երբ հասունացավ, եւ այդպես էլ չիմանալով հասունացման ընթացքի հաճույքը:

Այս հանգամանքը մարդու հետագա գործունեության վրա դնում է մի կնիք, որ նրան դարձնում է ֆրանգմենտար: Նիկոլն ուժեղ է ֆրագմենտարիզմի մեջ, բայց ոչ ամբողջության: Հայ իրականությունն առհասարակ ամբողջական մարդիկ չի ծնում: Թեպետ աշխարհագրությամբ եւ կլիմայով Հայաստանը կոնտրաստների երկիր է, ժողովուրդն իրականում այդպիսին չէ: Նույնիսկ մեր հանճարներն իրար շատ ավելի նման են, քան տարբեր: Նրա գործերում կա գրական շունչ, այնպես որ, պատահական չէ, որ հիմա գրական ակնարկներ է գրում: Նրա համար կարեւորը ոչ թե կյանքն է, այլ շանսը: Այս հատկանիշը նրան առաջին հերթին վտանգավոր է դարձնում հենց իր համար: Գիտակցության խորքում նա չի ընդունում զոհ լինելու պարագան, սակայն պատրաստ է զոհաբերության: Սա նրան դուալիստ է դարձնում, երկվության մի որակ, որ փոխհատուցվում է վճռականությամբ: Վճռելիս արդեն կարեւոր չէ՝ ճի՞շտ է, թե՞ սխալ: Հենց վճռեց՝ անդառնալի է այն ճանապարհը, որ ընտրել է: Ներսում բորբոքվում է մի կրակ, որ նրան հանգիստ չի տալիս: Մնում է, որ գիտակցի՝ կամ դա աստվածային հուր է, կամ սատանայական կրակ:

Նրա ագրեսիվությունն ինքնապաշտպանական հակազդեցություն է, քան բնութագրական գիծ: Ավելի շուտ եսակենտրոն է, քան եսասեր: Բայց երբ կորցնում է կենտրոնը, կարող է նաեւ եսասեր դառնալ: Նրան կարելի է վստահել այնքան ժամանակ, քանի դեռ իրեն անպաշտպան է զգում, իսկ երբ կորցնում է այդ զգացումը, ընկնում ինքնության ուղու վրա, ապա չի խնայի ոչ ոքի, անգամ ամենայուրայիններին:

Նրա մեջ ամենավտանգավորն ուղղամտությունն է: Այս որակով նա հիշեցնում է առաջին հեղափոխականներին, տարիքի բերումով՝ կոմսոմոլներին: Սկզբում նա խաղում է, սակայն, երբ աստիճանաբար խաղը սկսում է դուր գալ, այն փոխարինում է լրջությամբ եւ հավատում, որ այդպես էլ պետք է լինի: Այդպես երեխաներն էին հեղափոխությունից հետո՝ բոլշեւիկ-մենշեւիկ, Երկրորդ համաշխարհայինից հետո՝ կռիվ-կռիվ խաղում: Նա կարող է առաջնորդել, եթե կարողանա զսպել իրեն: Անհրաժեշտ պաուզայի գիտակցումը դժվարությամբ է տրվում:

Նա իր անձի մեջ փորձում է հաստատել լիբերալիզմը եւ այն հաշտեցնել ազգայինի հետ: Եվ միայն երիտասարդ լինելու շնորհիվ է կարողանում դիմանալ այդ ներքուստ կեղեքող ճնշմանը: Վազգեն Մանուկյանը չդիմացավ եւ հատուցեց որքան կեղծ ազգայնականությամբ, նույնքան կեղծ լիբերալիզմով: Այդ ճնշմանը հայ քաղաքական գործիչներից կարող էր դիմանալ Վանո Սիրադեղյանը, եթե խառնվածքը չխանգարեր եւ քաղաքականության մեջ մտնելիս Նիկոլի տարիքին լիներ: Ազգը գայթակղություն է: Քաղաքական հաճույք: Մինչդեռ լիբերալիզմը հրամայական է. հնարավոր է արթնանալ լիբերալ, ուշ երեկոյան քնել՝ որպես ազգային: Ի վերջո, լիբերալիզմն ամեն ինչից առաջ ապրելու եղանակ է եւ ոչ թե մերկ գաղափարախոսություն: Իսկ գաղափարախոսական պլանում այն ոչ այլ ինչ է, քան իշխանությունը փոխելու հնարավորություն: Քանի դեռ հայաստանցիները չեն կարող այդ անել, իշխանությունն իշխանություն կմնա, ժողովուրդը՝ առանց իշխանության, ունենալով սոսկ անտանելի ներկա եւ անհուսալի ապագա: Ժողովուրդն իշխանությունը տալիս է, եւ ոչ թե իշխանություններն են այն վերցնում:

Առաջին իշխանավորներից Նիկոլը ժառանգել է նարցիսականություն, հաջորդներից՝ համառություն:

Նրան ավելի շատ հրապուրում են քաղաքական համոզմունքները, քան դրապաշտական, պրագմատիկ հայացքները: Նա ոչ թե լեզվով է գնում դեպի իրականություն, այլ իրականությունն է տանում դեպի լեզու: Այդ իմաստով նա ռեալիստ է: Նրա տողը հաճախ հանդարտ սկիզբ ունի, սակայն ոճն ու եզրակացությունը կտրուկ են, որոնք նաեւ որոշակի ռոմանտիզմ են հաղորդում խոսքին: Կյանքը պատկերացնելու ռոմանտիզմը եւ այն ներկայացնելու ռեալիզմը նրան, ի վերջո, ողբերգական են դարձնում:

Նրա իմացությունները հաճախ ինտուիտիվ են, որ գալիս են կրթության թերությունից. 18 տարեկանից հայտնվելով լրագրության մեջ, նա այդպես էլ ազատ ժամանակ չունեցավ զբաղվելու իր կրթությամբ, սակայն ունեցած շնորհով փոխհատուցեց դրա պակասը եւ կարճ ժամանակում հաղթահարեց անգամ համալսարանական կեղծ գիտելիքը:

Հայրենիքի նրա զգացումը ավանդական է, սակայն երկրի ներկա կացությունը նրան ստիպում է մերժել պատմականը եւ փարել իրականին. ոչ թե այն, ինչ կա, այլ այն, ինչ կարելի է ստեղծել: Այստեղ նույնպես ռոմանտիկ խառնվածքը եւ զգալու ռեալիզմը բախվում են: Հավասարների ընկերություն չի ընդունում. նա կամ պաշտում է՝ հնազանդվելով, կամ մերժում է՝ վերեւից ներքեւ նայելով: Այդ պատճառով որպես բնավորություն կանխատեսելի է, այդքանով եւ՝ կառավարելի. սա գալիս է նրա սենտիմենտալիզմից: Հոգեբանությունից հայտնի տեսություն է, որ մարդու մեջ եւ՛ մազոխիզմը, եւ՛ սադիզմը ծագում են սենտիմենտալիզմի առատությունից: Երկուսն էլ իրենց ծագմամբ պարտական են կրքին: Կիրքը գոյության հակումներից գուցե թե ամենակարեւորն է: Միտքն ընկալելի է գոյության շնորհիվ եւ ոչ թե գոյությունն է ընկալելի մտքի միջոցով, ինչպես թվում է: Կիրքը գոյության եւ մտքի միջեւ այն միակ միջնորդն է, որ միտքն առարկայական է դարձնում, գոյությունը՝ շոշափելի: Նիկոլը կյանքը սիրում է, սակայն սիրում է ոչ թե երջանկությամբ, այլ կրքով:

Որպես լրագրող, նրան չեն հետաքրքրում մանրամասները: Նա ավելի վաղ է եզրակացնում, քան թույլ է տալիս նյութը, քանզի ինտուիցիան առաջ է ընկնում իմացությունից: Ճշգրիտ դիտողականությունը ոչնչացնում է փաստը, որ, զգալիորեն մեծացնելով կանխատեսման հնարավորությունը, միաժամանակ դառնում է թակարդ: Եթե երբեւէ կարողանա հաղթահարել իմացության պակասը եւ, դուրս մղելով կիրքը՝ ունեցած շնորհը հաշտեցնի իմաստության հետ, կարող է առաջնակարգ քաղաքական գործիչ դառնալ, բայց պետական գործիչ՝ հազիվ թե: Որովհետեւ անձն ավելի զարգացած է, քան անհատականությունը:

Պայքարը գոյության հնարավորություն է, բայց ոչ միակը: Այն անելանելիությունից դուրս գալու ելք է, որ անելանելիությունն ընկալում է որպես սահմանային վիճակ: Պայքարը միակը դարձնելու եղանակը հերոսություն է: Իսկ երբ հասարակությունը եւ ժողովուրդը հերոսության պահանջ ունեն, նշանակում է՝ այդ հասարակությունն ու ժողովուրդը անհուսալիորեն դատապարտված են: Արագ հասունացումը ոչ միայն իր պատճառներն ունի, այլեւ հետեւանքը. Նիկոլն ուշացած հասարակության ուշացած հերոսն է, որ ցանկանում է վերադարձնել այն ժամանակները, որտեղ այդ հերոսն անհրաժեշտ է: Հազիվ թե Նիկոլի առիթով, բայց Պոլ Վալերին գրում է. «Հերոսը փնտրում է աղետ: Առանց աղետի՝ հերոս անհնարին է: Կեսարը փնտրում է Բրուտոսին, Նապոլեոնը՝ սբ. Հեղինե, Հերակլեսը գտնում է թիկնոցը… Աքիլեսն՝ իր կրունկը, Նապոլեոնը՝ սուրբ կղզին, Ժաննային խարույկ է հարկավոր, թիթեռին՝ հուր»: