Մարդու տեղ են դնում միայն ընտրությունների ժամանակ

15/08/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Վարդաշեն 9 փողոցում գտնվող թիվ 70 կացարանում բնակվող 23 ընտանիքներն ապրում են ծայրաստիճան վատ կենսապայմաններում: Էրեբունի համայնքի ամայի տարածքում տեղակայված այս շինության կարգավիճակը նույնիսկ տեղական եւ քաղաքային իշխանությունները չեն կարողանում ճշտել:

Բանն այն է, որ 1992 թվականից այս շենքում բնակվող մարդիկ պայքարում են իրենց սեփականության իրավունքը ճանաչելու համար եւ դիմում են հնարավոր բոլոր գերատեսչություններին` խնդրելով այդ կիսաքանդ սենյակների նկատմամբ իրենց սեփականության իրավունք շնորհել: Էրեբունու թաղապետարանի ներկայացուցիչներն այս բնակիչներին նույնիսկ դռնից ներս չեն թողնում` ասելով, որ կացարանը թաղապետարանի հաշվեկշռում չէ: «Մենք չենք կարողանում նույնիսկ մի տեղեկանք վերցնել, էլ ուր մնաց, որ լսեն մեր խնդիրները»,- վստահեցնում են նրանք` հավելելով, որ ոտնահարվում են իրենց տարրական իրավունքները: Երեւանի քաղաքապետարանի համար այս շինության կարգավիճակը նույնպես ճշտված չէ, հետեւաբար քաղաքային իշխանությունները եւս այս քաղաքացիների սեփականության իրավունքի բոլոր դիմումներին ի պատասխան` լռում են: Բնակիչների հավաստմամբ` նախկինում այս կացարանը եղել է Կանաչապատման տրեստի գրասենյակը, իսկ թե հետագայում այն ո՞ւմ է տրվել` պարզ չէ: Այսպիսով, շուրջ 23 ընտանիք հայտնվել է անելանելի վիճակում, քանի որ ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ իրենց խոստացել էին շենքը բնակիչներին սեփականաշնորհել, մինչդեռ բնակիչները միայն հիմա են հասկացել, որ այդ խոստումը եւս նախընտրական «կուտ» է եղել: «Մենք բոլորս, ճիշտ ա, սեփականության իրավունք չունենք, բայց փաստացի գրանցված ենք, այսինքն` ընտրության մասնակցելու իրավունք ունենք: Թաղապետի ընտրություններին չենք կարող մասնակցել, բայց օրինակ` նախագահականին մասնակցել ենք ու ընտրել ենք Սերժ Սարգսյանին: Փաստորեն մեր ձայնն իրենց պետք էր, դրա համար էլ սուտ խոստումներով մեզ խաբեցին: Մեզ ասացին, որ ընտրություններից հետո շենքը կսեփականաշնորհեն, բայց ախր իրանք էլ չգիտեն, թե էս շենքն ում հաշվեկշռում ա, էլ ուր մնաց՝ սեփականաշնորհեն»,- ասում են նրանք` հայտարարելով, որ ՀՀ իշխանությունները բացահայտ ստախոսներ են: Ի դեպ, Վարդաշեն 9 հասցեն գտնվում է ամայի մի տարածքում, համայնքի ծայրամասում` շրջապատված կավահող սարերով: Այս տեղանքը բավական բարենպաստ է քարի, ցեմենտի արտադրություն կազմակերպելու համար, հետեւաբար կացարանի շրջակայքում նման հսկայական արտադրամասեր են գործում: Հարցին, թե հնարավո՞ր է, որ կացարանն այդ տարածքի հետ արդեն վաճառվել է ինչ-որ մեկին, բնակիչները պատասխանեցին. «Մենք չգիտենք, մեզ ոչ մի բան չեն ասում, ու շատ հնարավոր է, որ մի օր գան ու էստեղից մեզ դուրս շպրտեն: Ախր, սա վթարային, կիսափուլ շինություն ա: Սա ոչ մի սեփականատիրոջ պետք չի գա, սենյակների վիճակն ինքներդ տեսաք, լրիվ ճաքեր ու փլվածքներ են: Փաստորեն, մեր պետության համար մենք գրոշ չարժենք, որ նույնիսկ էս փլվածքը չեն տալիս որպես սեփականություն: Մենք բոլորս անտուն, աղքատ մարդիկ ենք, գնալու ուրիշ տեղ չունենք, գոնե էս ծածկը տային մեզ»,- վրդովված ասում են նրանք` ավելացնելով, որ, եթե սառույցը տեղից չշարժվի` ստիպված կլինեն ՀՀ կառավարության առջեւ միտինգ կազմակերպել: Ի դեպ, նշենք, որ տեղանքում գործող քարի արտադրամասի ղեկավարությունը արգելապատնեշով փակել է կացարան տանող այս բնակիչների միակ ճանապարհը: Վերջիններս, ստիպված, կացարան են մուտք գործում ճահճուտի նեղլիկ արահետով, որտեղ վխտում են օձերը, կարիճներն ու մորմերը: Կացարանն այդ արտադրամասից բաժանվում է ճահիճով, որը քարի արտադրություն կազմակերպելու համար անհրաժեշտություն է։ «Դե, քար են սղոցում, հետո սղոցներն էդ ճահիճով են աշխատացնում, մաքրում, դա իրենց համար անհրաժեշտություն է, իսկ մենք ապրում ենք օձերի հետ»,- ասում է 3 երեխաների մայր Սուսաննան, ում 12-ամյա որդին վերջերս ընկել է ճահիճը, եւ նրա կյանքը հազիվ են փրկել: Օձերի ու կարիճների` մանկահասակ երեխաներին կծելու դեպքերն այստեղ սովորական բնույթ են ստացել:

Կրիմինալ դեպքերը ոստիկանները չեն բացահայտում

Այն հանգամանքը, որ այս 23 ընտանիքներն ապրում են ծանր կենսապայմաններում եւ ամայության մեջ` թույլ է տալիս, որպեսզի կոմունալ սպասարկում իրականացնողները դիմեն խաբեությունների` հասկանալով, որ վերջիններս ի վիճակի չեն պաշտպանել իրենց իրավունքները: Վարդաշենի այդ հատված տանող ճանապարհը, տեւական ժամանակ է, ամբողջությամբ լցված է կոյուղաջրերով, քանի որ պայթել է գլխավոր կոյուղատար խողովակը: Թաղապետարանում բնակիչների կողմից հնչեցված ահազանգերն արժանանում են անտարբերության, մինչդեռ ամռան այս տապին համաճարակի տարածումն անխուսափելի է: Կացարանից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող ճահճից եւ կոյուղաջրերից վերջերս տարածված անհայտ տեսակի միջատից այս բնակիչների մոտ քոր է սկսվել: «Դիմեցինք սանէպիդկայան` խնդրելով, որ գան ճահիճը զննության ենթարկեն: Մենք չենք կարող այդ խոտերը հնձել, դրանք հսկայական ճահճային բուսականություններ են, որոնց համար հատուկ գործիքներ են պետք: Խնդրեցինք, որ գոնե տեղանքը սրսկեն, զննեն կամ դեղեր ցանեն: Գիտե՞ք ինչ թվեր ուզեցին: Ասացին, որ յուրաքանչյուր տունը 1 քմ-ի համար պիտի 10.000 դրամ վճարի: Բայց դուք տեսնում եք, չէ՞, թե ինչ անապահով պայմաններում ենք ապրում»,- ասում է կացարանի բնակչուհի Կարինեն` վստահեցնելով, որ այս կացարանի բնակիչները բոլոր գերատեսչությունների կողմից արժանանում են խտրական վերաբերմունքի: Ի դեպ, հարկ է նշել, որ նույնիսկ Շտապօգնության ծառայությունն է հրաժարվում այս տարածքի բնակիչներին սպասարկել: Վարդաշենի կենտրոնից դեպի այս հատված հասնելու համար մարդիկ կիլոմետրեր են ոտքով կտրում, քանի որ քաղաքային իշխանություններն այս տարածքում երթուղային տաքսու երթուղի բացելու նպատակահարմարությունն ավելորդ են համարում: Ըստ բնակիչների` գիշերային ժամերին վախենում են տանից դուրս գալ, քանի որ վերջին շրջանում կրիմինալ դեպքերը շատացել են: Հանցագործություն կատարողները քաջատեղյակ են, որ ամայի այս տարածքում իրավապահ մարմինները ոտք չեն դնում, հետեւաբար «որսի» համար այս տեղանքը խիստ բարենպաստ է։ «Էն օրը մեր հարեւանի աղջիկ երեխեն տուն գալուց ա եղել, գողերը հարձակվել են, դանակը դրել վզին ու ոսկյա վզնոցն ու օղերը պոկել-տարել են: Գիտեն, որ շրջակայքում անտերություն ա, դրա համար էլ էդպիսի դեպքեր շատ են լինում»,- պատմում է Սուսաննան` ասելով, որ գիշերվա ժամին հարձակվել են նաեւ իր ամուսնու` Արմենի վրա` դանակով սպառնալով` պահանջել են գրպանները դատարկել: Բավական հետաքրքիր աշխատաոճով են ծառայություն մատուցում Էրեբունու ոստիկանության աշխատակիցները: Սուսաննան պատմում է` «Դիմեցինք ոստիկանություն, պատմեցինք, թե գողերն Արմենին ինչ օրն են գցել, համ էլ իրենք լավ գիտեն, որ էստեղ նման դեպքեր շատ են լինում: Ոստիկանությունում պատմելուց հետո ոստիկանը մեզ ասում ա` ո՞վ էր գողը, ասեք` գնանք բռնենք: Պատկերացնո՞ւմ եքգ է, գիշերվա մթին ո՞նց տեսներ ամուսինս, կամ ի՞նչ իմանանք, թե ով էր: Բա իրանց արած աշխատանքը ո՞րն ա»:

«Ոչ ոք մեզ որպես մարդ հաշվի չի առնում»

Ժորա Կարապետյանը միայնակ թոշակառու է։ «Օձ ու կարիճների մեջ ենք ապրում, բայց խնդրում ենք գոնե էս մի բունը սեփականաշնորհեն, որ իմանանք՝ վաղը-մյուս օրը մեզ դուրս չեն շպրտի: Հիմա մենք մեզնից զրկելով` բերենք զուգարան սարքենք, բայց վաղը կարող ա գան ու հանեն»,- ասում է նա: Ի դեպ, կացարանում նույնիսկ ընդհանուր զուգարաններ չկան, եւ բնակիչներն իրենց միջոցներով փորձում են կոմունալ հարմարություններ ստեղծել: Շենքում ապրողներից շատերը, չունենալով զուգարան, ստիպված են լինում մոտ 25-30 մետր հեռու գնալ եւ ամայի տարածքում հոգալ իրենց կարիքները, իսկ ոմանք էլ սպասում են սեփականաշնորհման իրավունք ստանալուն, ինչից հետո միայն կհամարձակվեն շինարարություն իրականացնել: Անահիտ Յաստոյանն ասում է, որ կացարանի իր փոքրիկ սենյակը 1996 թվականին Երեւանի քաղաքապետարանն է հատկացրել, մինչդեռ` «Եթե պիտի չսեփականաշնորհեին, ինչո՞ւ օրդերով, փաստաթղթերով էստեղ տեղավորեցին: Հիմնական գրանցում էլ չունեմ, ինչի՞ս ա պետք էս տունը: Ոչ ոք մեզ որպես մարդ հաշվի չի առնում: Էս կողմով գնում ենք, ասում են` մեր տերիտորիան ա, էս կողմով մի գնացեք: Էն կողմով գնում ենք` ասում են` մեր տերիտորիան ա, ստեղով մի անցեք, բայց ո՞նց ապրենք, օդո՞վ ման գանք»: Տիկին Անահիտի դիմումին ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետարանից եւ Էրեբունու թաղապետարանից տեղեկացրել են, որ շինությունն իրենց չի պատկանում: