Ռոբոտի, բիզնեսի եւ անհատի գումարելին

15/08/2008 Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

Անձի տիպը որոշվում է հասարակական հարաբերությունների տվյալ համակարգով, մշակույթով, ինչպես նաեւ՝ կենսաբանական յուրահատկություններով։ Եթե ուշադիր զննենք, կտեսնենք, որ մեզանում հասարակական հարաբերությունների համակարգ դեռեւս չի ձեւավորվել, չունենք մեր բարոյական կոդեքսը, չգիտենք` մեր հասարակության ձեւավորման համար անհատականության ի՞նչ տիպ է պետք կրթել, ի՞նչ առանձնահատկություններ եւ հասարակական ի՞նչ չափանիշներ պետք է ունենա նա:

Խոսքը կաղապարների մասին չէ, այլ մարդու՝ որպես հարաբերությունների եւ գիտակցական գործունեության սուբյեկտի։ Մեր անընդհատ «մոդեռնացող» մշակույթը, կարծես թե, ի վիճակի չէ արարել այն անհատին, որը լինելու է որոշակի հասարակական համակարգի տարբերիչ առանձնահատկությունների կրողը։

Սակայն, ինչպիսին էլ լինի եւ զարգացման ո՛ր փուլում էլ գտնվի հասարակարգը, կյանքն ինքը ներկայացնում է պահանջներ եւ թելադրում ժամանակի վարքականոնը, եւ, պետք է ասել, այն այսօր շատ տարօրինակ ձեւով է իրեն հաստատում։ Որքանով մեր տնտեսությունն ընթանում է շուկայական հարաբերությունների զարգացման ուղով, այնքանով մեր վարքականոնը, կարծես թե, շուկայո՛ւմ էլ մշակվում է, այսինքն՝ մշակվում է այնտեղ, որտեղ շահերի բախում կա։ Այստեղ մարդիկ ավելի քաղաքավարի են, ժպտադեմ, ավելի պատրաստակամ. «ներեցեք», «խնդրեմ», «համեցեք», «շնորհակալություն» բառերն ավելի հաճախ են գործածվում, այսինքն՝ մրցակցությունը մարդկանց ստիպում է հաշվի նստել վարքականոնի պահանջների հետ։ Այդպես է եւ այն հաստատություններում, որ նորություն են մեր հասարակության համար, այսինքն՝ Եվրոպայից ներմուծված գործաոճն իր մեջ ներառում է նաեւ որոշակի վարքականոնների շղթա, որը պարտադիր պայման է համակարգի ներսում։ Այստեղ ինքնըստինքյան թելադրվում է ոչ միայն շարժուձեւը, պահվածքը, այլեւ լեզուն՝ կիրթ, զուսպ եւ անբռնազբոսիկ։ Այսինքն՝ արդեն ձեւավորվում է անձի այն տիպը, որը մեր հասարակության միավորն է լինելու, եւ արտառոցն այն է, որ եթե մի ժամանակ, ընկնելով առաջ, մշակույթն էր հասարակության միջից բացահայտում, ամբողջացնում անձի այդ տիպը, հիմա այն ետ է մնում կյանքից, եւ ոչ միայն ետ է մնում, այլեւ գնում է կեղծ ճանապարհով, արգելակելով հասարակության զարգացման առաջընթացը։

Կրթության կարեւորագույն բաղկացուցիչը բարոյագիտությունն ու վարքականոնների ամբողջությունն են, որ գոյություն չունեն մեր նախադպրոցական եւ դպրոցական ծրագրերում: Ավելին՝ դաստիարակված երեխան այնտեղ անհարմար է զգում իր դաստիարակվածությունից եւ, որքան հնարավոր է, ջանում է թաքցնել իր այդ արժանիքները: Բարու եւ զգացմունքների մասին ցանկացած խոսակցություն կարող է վերածվել ծաղրի. երկու սեռերի հարաբերությունները չափազանց երկչոտ ու արհեստական են, եւ միմյանց նկատմամբ տարրական հարգանքի ցուցաբերումը կարող է ամաչեցնել եւ արտառոց թվալ։ Այստեղ հասարակությունը, կարելի է ասել, վայրենության ծայրակետին է։ Նույնն է փողոցում, թատրոնում, հեռուստաէկրանին ու կինոյում։ Մշակույթը, ինչպես որ ոսկերիչը, փոխանակ հղկելու եղածը, կապկում է արդեն իսկ կյանքի կողմից մերժված կերպարներն ու հարաբերությունները, որ ինքնըստինքյան դուրս են մղվում հասարակությունից, իսկ հասարակությունը չի կարողանում լիովին ազատագրվել դրանցից, քանի որ մշակույթն իր դեն նետածը կրկին վերադարձնում է իրեն «հերոսականի» քողով։ Հավանաբար, մարդկության պատմության մեջ մշակույթը երբեւէ այդքան բացասական դերակատարություն չի ունեցել, որքան հիմա, քանի որ միշտ նա է թելադրել գաղափարն ու իդեալը, ներկայացրել եզակին, իսկ հասարակությունը սովորաբար դիմադրել է՝ պատրաստ չլինելով ընդունել այն, ինչն իրենից այդ պահին բարձր է եղել ու անըմբռնելի, որը, այնուամենայնիվ, ճանապարհ հարթելով՝ դարձել է օրինաչափություն՝ տեղ բացելով հետագա իդեալի համար։

Այսօր, որքան էլ նոր ու ժամանակակից ոճեր հռչակվեն, որքան էլ մրցակցեն միմյանց հետ համարձակությամբ, որեւէ մեկը ոչ մի նորություն չի բերում, քանի որ ինչ ասվում է անարվեստ ճգնանքով, արդեն իսկ ասված է, եւ նմանատիպ բազում փորձերը ժամանակին երկար կյանք չեն ունեցել: Եվ, հավանաբար, այդ է պատճառը նաեւ, որ իրենց մասին հիշողություն չեն պահպանել եւ այսօր մատուցվում կամ ընկալվում են որպես նորություն: Եթե ինչ-որ մեկը տոնածառից խաղալիքի կամ կոնֆետի փոխարեն սրիչ ու մկրատ է կախում, ոչ թե նորություն է, այլ պարզամտություն, եւ կարող է մի պահ ընդամենը զարմանք հարուցել իր անհեթեթությամբ, եւ ինչ նպատակ էլ ունենա ու ինչ անունով էլ կոչվի, դատարկությունից բացի, ոչինչ չի թողնում տեղը։ Մշակույթը որքան էլ ձգտում է գնալ դեպի զանգվածները, զանգվածներն աստիճանաբար ետ են նահանջում նրանից, քանի որ նրանից ոչինչ չունեն վերցնելու, եւ արդյունքում՝ հասարակության զարգացումն ընթանում է առանց մշակույթի։ Երբ արվեստը սկսում է նմանակել կյանքը (հատկապես մակերեսայնորեն), դրանով իսկ սկսում է ետ ընկնել նրանից ու դառնում է ավելորդ, կորցնում ուժը, ինչպես որ հիմա, երբ այն ավելի շատ վանում, քան ձգում է, քանի որ նրանում բացակայում են գաղափարն ու իդեալը, բացակայում է հանունը եւ ի զորու չէ նկատել այն փոփոխությունները, որ կատարվում են հասարակության ներսում: Այն նույնիսկ արդեն վերարտադրելու ընդունակությունն է սկսում կորցնել՝ շարունակելով նայել հասարակության կրունկներին, եւ, ի տարբերություն հասարակության, որն արդեն իսկ ինքն իրենից վեր է հանում իր առաջընթացին նպաստող անձի տիպը, արվեստն այդպես էլ չի կարողանում ոչ միայն նկատել այդ տիպը, այլեւ չի կարողանում ստեղծել արվեստագետի՛ տիպարը, այն անհատի, որը պետք է արժեքների խորհրդանիշ լինի այսօրվա ձեւավորվող անձի համար։ Այսինքն՝ այսօր հասարակության միավորի՝ անձի ձեւավորումը կատարվում է ոչ թե կրթության ու մշակույթի հաշվին՝ համակարգված ձեւով, այլ ինքնաբերաբար եւ այդ օջախներից դուրս, կյանքի թելադրանքով. սրա հետեւանքով մարդն աստիճանաբար ինքնադաստիարակվում է՝ ձեռք բերելով վարքականոններին ենթարկվելու գիտակցություն, սակայն արժեքային համակարգի կրող չի դառնում։ Նման դեպքերում, երբ հասարակությունը զրկվում է արժեքային համակարգից եւ առաջ է գնում ետընթաց ճանապարհով, նմանվում է ճշգրիտ գործող ռոբոտի, որի ծրագրավորման հետ ինքը կապ չունի, իսկ արվեստագետին մնում է այդ սարքում ավելորդ մանրամասնի գիտակցության ողբերգությունը։

Փորձ անելով մտնել բիզնեսի ոլորտ՝ սկսելով «բիզնեսից» (կամ որ նույնն է՝ փողից), արվեստն, իհարկե, դառնում է ապրանք, սակայն այդ ապրանքն ընդամենը միանգամվա ներարկիչի արժեք ունի, քանի որ բիզնեսը նախեւառաջ ոչ թե փող է, այլ հենց ապրանք: Այսինքն՝ ապրանքն ինքը պետք է արժեք ունենա, որ փող բերի։ Դեռեւս նոր ձեւավորվող բիզնեսի դաշտում նման գործելաոճը կարող է թվացյալ հաջողություն ունենալ, սակայն որքան բիզնեսը հաստատում է իր կանոնները, այդ թվացյալ հաջողությունը ժամանակի հետ հօդս է ցնդում: Այսինքն՝ մշակութային անարժեք ներկան ապագա չունի հենց այնտեղ, ուր ձգտում է այսօր լինել կամ ուր այսօր գոյատեւում է։

Լինելով սոցիալական սանդղակի ստորին հարթակին, արվեստագետն այսօր խուճապի է մատնված, քանի որ այն, ինչ պետք է ստեղծվի համբերությամբ ու ժամանակի ընթացքում եւ համապատասխան արժեք ունենա, ժամանակային ցայտնոտի մեջ անհնար է իրականացնել, եւ ոչ միայն այն պատճառով, որ նա ստիպված է օրախնդիր լուծել, այլեւ արհամարհելի վիճակում է այդ նույն սոցիալական սանդղակով դեպի վեր սլացողների համեմատ, ովքեր առանց արժեքների էլ հեշտությամբ հաղթահարում են արվեստագետի առջեւ ծառացած անլուծելի թվացող օրախնդիրը։

Ինչքան էլ մեզ դուր գա «ազատ-անկախ» պահվածքն ու դրանից բխող զանգվածային սպառման մշակույթը, ստիպված ենք հաշվի նստել ոչ միայն օրախնդրի, այլեւ աշխարհում մեր ինքնությունը հաստատող մնայուն արժեքների հետ, որի գիտակցությունը նորմալ երկրներում սերմանվում է դպրոցական հասակից՝ որպես կրթական համակարգի կարեւորագույն բաղկացուցիչ, եւ հասարակությունը պետք է պատրաստ լինի ոչ միայն անձի ձեւավորման, այլեւ անհատի կայացման խնդիրներ լուծելու։