Կանայք սկսել են հաճախ հիվանդանալ տղամարդկանց բնորոշ հիվանդություններով եւ` ընդհակառակը: Իսկ ասվում է, որ տղամարդկանց ու կանանց հիվանդությունները անդունդով են բաժանվում:
Կինն ու տղամարդը, բնականաբար, իրարից տարբերվում են սեռական հատկանիշներով, քաշով ու հասակով: Իհարկե, իրականում այդ տարբերությունները շատ ավելի մեծ են, օրինակ` ուղեղը: Ուղեղի քաշը տղամարդկանց մոտ ավելի մեծ է, քան կանանց մոտ, իսկ տարբերությունն արտահայտվում է մանկուց: Կանանց մոտ ուսերն ավելի նեղ են, բայց միեւնույն ժամանակ՝ կոնքերն են լայն, քան տղամարդկանցը: Կանայք ֆիզիկապես ավելի թույլ են, բայց դա չի խանգարում կանանց՝ նվաճել տիեզերքը, լողալով անցնել Լա-Մանշն ու բարձրանալ Էվերեստ, ծնել 10-ից ավելի երեխաներ: Մասնագետները պարզել են, որ երկարամյա միջմոլորակային թռիչքների գերադասելի է ուղարկել մինչեւ 30 տարեկան կանանց: Ենթադրվում է, որ նրանց սիրտ-անոթային համակարգն ավելի դիմացկուն է երկարատեւ ծանրաբեռնվածության ժամանակ, իսկ տղամարդկանց ավելի լավ է ուղարկել Երկրին մոտ ուղեծրով. դեպի Մարս թռիչքին նրանց սիրտը կարող է չդիմանալ: Տղամարդկանց մոտ, անկախ մասնագիտությունից, սովորական մկանային հյուսվածքի ակտիվությունն ավելի շատ է. չէ՞ որ հենց տղամարդիկ պետք է պաշտպանեին իրենց ընտանիքն ու տունը: Իհարկե, ձեռք բերելով ուժեղ մկանային համակարգ` տղամարդիկ կորցրել են մարմնի էլաստիկությունը: Շատ ուշ կանայք նրանց հասկացնել տվեցին, որ խորամանկությամբ հաղթանակների ավելի շատ են հասնում, քան ֆիզիկական ուժով: Տղամարդու ֆիզիկական ուժի հետ կոմպենսացվում են կնոջ տեսողությունը, չնչին հոտերի հանդեպ զգայունությունը, ճկունությունը, համբերատարությունը: Հաշվի առնելով նշված տարբերությունները, մասնագետների մի խումբ ենթադրում է, որ կանայք ու տղամարդիկ թեկուզ կենսաբանական նույն տիպին են պատկանում, սակայն շատ տարբեր են: Հանրահայտ Այզեկ Ազիմովը պնդում էր, որ «Կին լինելը մի քիչ ավելի բարդ է, քան տղամարդ լինելը»: Այս պնդումը զգացմունքայնության տեսակետից երեւի թե ճիշտ է, բայց ոչ կազմաբանորեն: Միջնակարգ դպրոցներում տղաների ու աղջիկների դասարանների բաժանելու շարժ կա, որովհետեւ, ինչպես ասում են մի քանի «նորարարներ»՝ երեխաների ընդունակությունների վրա չի կարելի բռնանալ: Մանկավարժները փաստում են, որ աղջիկների ֆիզիոլոգիան 1-2 տարի առաջ է ընկնում հասակակից տղաներից: Սա՝ մանկավարժության մեջ, իսկ բժշկության մեջ նույնիսկ հիվանդությունները բաժանվում են 2 մասի` «տղամարդկանց» ու «կանանց», իհարկե, խոսքն արգանդի հիվանդությունների ու պրոստատիտի մասին չէ: Այստեղից էլ ծագում է ոչ միանման բուժման մասին խոսքը: Ի դեպ, գիտնականները փորձում են մշակել նոր դեղամիջոցներ, որոնց ազդեցությունը կլինի գենային մակարդակով, եւ որոնք կունենան տարբեր թերապեւտիկական արդյունք` տղամարդկանց ու կանանց օրգանիզմների վրա առանձին: Բոլորին հայտնի է, որ կանայք ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ: Իսկ դրա պատճառը ոչ միայն հղիությունը, աբորտը, ծննդաբերությունն է, այլեւ փորկապությունները: Իսկ տղամարդիկ էլ ավելի ընկալունակ են ինֆեկցիոն հիվանդությունների հանդեպ: Կանայք ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ, թեկուզ ծեր տարիքում հիմնականում ապրում են հիվանդ վիճակում: Տղամարդկանց մոտ, ըստ որում` բավականին երիտասարդ տարիքում, հաճախ են լինում ինֆարկտներ, իսկ կանանց մոտ արտրիտներ ու տարբեր տեսակի ալերգիաներ: Հարբեցողությունը կանանց մոտ գրեթե չի բուժվում: Սրտային նոպաները կանանց մոտ հաճախ ոչ թե ուղեկցվում են կրծքի շրջանում ցավերով, այլ պարզապես գրիպ հիշեցնող սինդրոմների են նմանվում: Չծխող կանանց մոտ քաղցկեղով հիվանդանալու ռիսկն ավելի մեծ է, քան չծխող տղամարդկանց մոտ: Իսկ ընդհանրապես շնչուղիների քաղցկեղի առաջացման վտանգը տղամարդկանց մոտ ավելի մեծ է, քան կանանց մոտ: Կանայք ավելի են հակված աուտոհիվանդություններով (ռեւմատիզմ, արտրիտ, սկլերոզ) հիվանդանալու:
Ինչ-որ բաներ նոր ժամանակներում փոխվել են: Կանանց շրջանում հիմա ավելի հաճախ, քան 50-100 տարի առաջ, սկսել են շատանալ ինֆարկտի դեպքերը, տղամարդկանց շրջանում` լեղապարկի բորբոքումները, ինչը հիմնականում կանանց հիվանդություն էր համարվում: Իհարկե, այս ամենը ֆունկցիայի օրինակներ են, այլ ոչ թե սեռական հատկանիշների պլանում կատարված փոփոխություններ, բայց արդեն մտածելու տեղիք է տալիս այն փաստը, թե արժե՞ ողջունել կանանց, ովքեր ռեկորդներ են սահմանում այնպիսի սպորտաձեւերում, որոնք տարիներ առաջ ֆիզիկապես հասու էին միայն տղամարդկանց: Չէ՞ որ յուրաքանչյուր տասներորդ մարմնամարզուհու մոտ բացակայում է դաշտանային ցիկլը, կանխատեսվում է, որ 2156թ. մոլորակի վրա ամենաարագ մարդը կլինի օլիմպիական չեմպիոնուհի, որ 100 մ երկարությունը կվազի 8,079 վայրկյանում, իսկ տղամարդը` 8,098 վայրկյանում: Նույնիսկ ասում են, որ տղամարդկանց սեռական Y քրոմոսոմը, որը պահում է արական գենը, չի բացառվում, որ մի օր կարող է անհետանալ, ու աշխարհում կմնան միայն կանայք: Իսկ թե ինչպե՞ս պիտի բազմանա մարդը, ոչ ոքի հայտնի չէ:
Տղամարդկանց առողջության ցուցանիշը կախված է ոչ միայն կենսաբանական, այլ նաեւ սոցիալական փաստերից: Տղամարդիկ կանանցից ավելի վտանգավոր մասնագիտություններով են զբաղված, այնքան էլ չեն հետեւում առողջ ապրելակերպի կանոններին (չարաշահում են ալկոհոլը, թմրադեղը, էքստենսիվ սեռական կյանք են վարում), 2 անգամ քիչ են դիմում բժշկի: Ընդհանրապես գոյություն ունի համաշխարհային գլոբալ խնդիր` կապված բժշկի չդիմելու հետ: Տղամարդիկ կանանցից մի քանի անգամ քիչ են օգտվում բժշկական ծառայություններից, հատկապես՝ հոգեբանների, կամ ընդհանրապես գերադասում են չդիմել բժշկի: