«Մենք օտարերկրացիներ ենք»

31/05/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Սերգեյ Յուրսկին բացառիկ դերասան է, նա կարողանում է իր խաղով խառնել
մտքերն ու վերադասավորել հիշողությունը: 70-ամյա դերասանը Երեւան էր բերել
իր «Ընտանեկան ուրախություններ» մոնոներկայացումը, որի հիմքում իր գրած
գիրքն է: Նա ունիկալ «մեկ դերասանի թատրոնի» ավանդույթների պահպանողն է,
15 հեղինակային ներկայացումների բեմադրիչն ու կատարողը: Յուրսկին հեռացող
հանճարեղ դերասանների այն շարքից է, ում համար խիղճը, ապագայի մասին
մտահոգությունը դատարկ բառեր չեն:
«Այսօր աշխարհը բացվել է,- ասաց նա երեկ Սլավոնական համալսարանի
ուսանողների հետ հանդիպման ժամանակ,- մենք շատ ենք տեղաշարժվում եւ
ժամանակ չունենք գիտակցել մեր կողքին կատարվածը: Ես շփոթմունքով եմ նայում
այսօր կատարվող գլոբալիզացիային: Ինձ վախեցնում է փողի շուրջ ամեն ինչի
միավորումը: «Գլոբալիզացիա» նշանակում է՝ ով ում պետք է վճարի: Դա
հսկայական համաշխարհային բանկ է: Դա խենթություն է, բայց դա է կյանքը:
Աբսուրդ կյանք, սարսափելի ցունամիի առաջին ալիքի մոտեցումը: Ես չգիտեմ՝
ինչպես վերաբերվել գլոբալիզացիային, քանի որ անտիգլոբալիստներն ինձ ավելի
են վախեցնում: Ասում են՝ ամերիկյան կինոն շատ վատն է, իսկ մեր կինոն՝
լավը: Ուրեմն մի դիտեք ամերիկյան ֆիլմերը, գնացեք մեր ֆիլմերը նայելու:
Չեն գնում: Պետք է ուտել այն խոտը, որը քո հողի վրա է աճում, այլ ոչ թե՝
բերված է: Մարդիկ ձեւացնում են, որ միավորվում են, իրականում՝ առանձնանում
են իրենց բնակարաններում՝ ազգային, սոցիալական բնակարաններում: Դուք տեսել
եք ինչպիսի դժվարությամբ է սոցիալական մի խավի մարդը փորձում շփվել մյուս
խավի մարդու հետ: Իրականում միավորում տեղի չի ունենում: Մենք էլ ենք այժմ
դարձել օտարերկրացիներ»:

«Հրաժեշտ ենք տալիս հումանիտար կուլտուրային»

«Նոր ժամանակը փշրեց մեր պատկերացումը նախորդ՝ անկասկած հումանիտար
կուլտուրայի մասին: Ի՞նչ են առաջարկում երիտասարդները, առայժմ պարզ չէ:
Բոլորն ուզում են խաղալ: Թատրոն չկա, բայց բոլորը խաղում են»,- ասաց նա:
Ս. Յուրսկին ինքն իրեն «գրական ալկոհոլիկ» է համարում, բացի իր գրքերից,
նա բազմաթիվ թարգմանությունների հեղինակ է: Լինելով Բուկերի գրական
մրցանակը շնորհող ժյուրիի անդամ, նա նկատել է, որ «ժամանակակից
գրականությունը պրոֆեսիոնալ է, մեկ-մեկ էլ՝ տաղանդավոր, բայց հաճախ՝
անհոգի: Արվեստում երկու անգամ երկու երբեք հավասար չէ չորսի»:
Հայաստանյան հայտնություններից նա համարում է Վահրամ Մարտիրոսյանի
«Սողանք» վեպը, որում նկատել է մեր ազգային, բայց բոլորին հասկանալի
հումորը: «Այդ վեպը շատ նման է չինական կինոյին: Ոճն, իհարկե, տարբեր է,
մոտեցումն է նույնը: Մոսկվայում Մարտիրոսյանի վեպն էկրանավորել
ցանկացողներ կան»,- ասաց Ս. Յուրսկին: Նա հիշեց նաեւ իր հանդիպումը Խորեն
Աբրահամյանի հետ. «Խորենը զանգեց ինձ եւ ասաց, որ պատրաստվում է դուբլյաժ
անել իմ Օստապ Բենդերին եւ ուզում է ինձ հետ հանդիպել: Մենք հանդիպեցինք,
զրուցեցինք, շատ օղի խմեցինք»: Վերջին տարիներին Ս. Յուրսկին դադարել է
ֆիլմերում նկարահանվել, ասում է, որ այսօրվա կինոն նմանվել է արեւածաղկի
սերմերի, իսկ արեւածաղկի սերմերը երբեք դելիկատես չեն դառնա: Իր հաջող եւ
անմոռանալի կինոդերերի մասին, որոնք 30 տարի առաջ է խաղացել, աշխատում է
հիմա չխոսել. «Ես կինոյից հեռացել եմ, միայն ժամանակ առ ժամանակ
կինոփառատոների եմ գնում: Ես ուղղակի ցնցված եմ արեւելյան կինոյով:
Արեւմտյան կինոյից հիասթափվել եմ, համարում եմ, որ մեծ ապագա ունի
չինական, կորեական կինոն»: Ս. Յուրսկին իր նոր դերերը եւ
բեմադրությունները ստեղծում է թատրոնի բեմում, ընդ որում, որեւէ կոնկրետ
թատրոնի դերասանական խմբում ընդգրկված չէ: Երկար տարիներ աշխատելով
Լենինգրադի Մեծ դրամատիկական թատրոնում եւ ստեղծելով իր ամենահիշվող
դերերը, նա ստիպված եղավ հեռանալ այնտեղից, քանի որ «վարկաբեկում էր
սովետական մարդու բարձր կոչումը»: Մոսկվա գալով, Ս. Յուրսկին երկար
տարիներ աշխատեց Մոսսովետի թատրոնում, սակայն հիմա ավելի ազատ գրաֆիկով է
աշխատում՝ Մայր թատրոնի գաղափարն իրեն չի գայթակղում: Իր վերջին
բեմադրություններից են չեխ թատերագրի նյութի հիման վրա ԾղԸՁ-ում արված
«Զրոներ» բեմադրությունը, որը Ս. Յուրսկու ասելով՝ այն մասին է, թե ինչպես
ապրել ազատության պայմաններում, եւ «Իրիկնամուտի ղողանջներ»
բեմադրությունը, որը պատմում է Ստալինի վերջին ընթրիքի մասին:

Փրկիչ աբսուրդը

Իր անմոռանալի ձայնի տեմբրով, զուսպ կեցվածքով եւ նույնիսկ անկեղծության
պահերին միշտ սառնասիրտ ինտելեկտուալի դիմակով այս դերասանը
ամենաերկարակյաց ու ամուր թատերային մոտեցումը համարում է Ստանիսլավսկու
սիստեմը՝ հիանալի դերասան Միխայիլ Չեխովի մեկնաբանությամբ: «Հոգեբանության
վրա հիմնված այդ սիստեմը ցույց տվեց իր ամրությունը, ապացուցեց, որ կարող
է առաջ գնալ: Հոգեբանական թատրոնի զարգացումից էլ ծնվեց աբսուրդի թատրոնը:
Ես տարված եմ աբսուրդի թատրոնով: Ֆրանսիացի դրամատուրգ Էժեն Իոնեսկոն եւ
Դանիիլ Խարմսը իմ սիրելի գրողներն են»: Իոնեսկոյի «Ճաղատ երգչուհի» եւ
«Աթոռներ» պիեսներն ինքն է թարգմանել եւ բեմադրել: Հարցազրույցի ընթացքում
Ս. Յուրսկին ասաց. «Աբսուրդի թատրոնը կյանքի աբսուրդի դրսեւորումն է: Իսկ
կյանքի աբսուրդն անընդհատ աճում է: Աբսուրդը ստեղծում է այն խտությունը,
որը հակադրվում է կյանքի նորմալ հոսքին: Հարցեր է տալիս եւ միանգամից՝
պատասխաններ: Անհեթեթությունը հակադրված է այսօրվա մարդկային ծեծված
փոխհարաբերություններին:
Հարաբերություններն այնքան անհեթեթ են, որ դրանից հետո հնարավոր է դառնում
մարդկանց միավորումը: «Ճաղատ երգչուհու» անմիտ բառերից ծնվում է ծիծաղը:
Բոլորի գլուխը լցված է ծեծված մտքերով, որոնք անթափանց ցանցի նման փակել
են շփման ճանապարհը: Եվ դա ծիծաղելի է: Իսկ ծիծաղը, հումորը կարող է պատեր
քանդել: Աբսուրդի մեջ ինքնահեգնանք կա: Աբսուրդն օգտակար է, եթե, իհարկե,
պահպանված է չափի եւ ճաշակի զգացումը»:

Ամենափրկիչ ինքնահեգնանքը

Ինչպիսի՞ն է այսօրվա հերոսը. Ս.Յուրսկին ինքն էլ է ուզում հասկանալ:
«Երեւի՝ բանդիտը, կամ օրենքի պահապանը, որը, վերջին հաշվով, նույն բանն է:
Իսկ պոետները, մտածողները, հեղափոխականներն այսօր կասկածելի, խանգարող
մարդիկ են: Այդ միտքն անընդհատ ներարկվում է մարդկանց գիտակցության մեջ:
Դա արժեքների սանդղակի հզոր շրջադարձ է: Հաստատ գիտեմ, որ այսօրվա հերոսը
ինքնահեգնանքից զուրկ է, դա է մտահոգիչ»,- ասաց նա: Եվ ավելացրեց. «Գիտեք,
հիմա տենդենց կա, գալիս են լրագրողները՝ վատ կամ լավ, նշանակություն
չունի, որոնք նույն բանը գիտեն եւ նույն հարցերն են տալիս, քանի որ
ինտերնետում նույն կոճակն են սեղմում, նույն ինֆորմացիան գտնում: Այդ
հարցերի պատասխաններն էլ միշտ նույնն են լինում: Նման փոշուն էլ պետք է
հակադրվեն արվեստն ու գիտությունը»: