– Եվրախորհրդին անդամագրվելիս Ադրբեջանը ստանձնեց պարտավորություններ ազգային օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ կարգավորելու ուղղությամբ: Անցել է 8 տարի, նշվածներից հատկապես ո՞ր ոլորտներում են ամենից քիչ կատարվել ստանձնված պարտավորությունները, եւ ինչո՞վ է դա պայմանավորված:
– Իմ կարծիքով՝ պարտավորությունները չեն կատարվել առավելապես ժողովրդավարական ազատությունների ապահովման եւ մարդու իրավունքների պահպանության ասպարեզում։ Այս բոլոր տարիների ընթացքում իրականացվել է ստանձնած պարտավորությունների կատարման իմիտացիայի ակտիվ քաղաքականություն: Չի կարելի համարել, թե այլ հարցերին վերաբերող պարտավորություններն ամբողջովին կատարվել են, քանի որ երկրի օրենսդրության փոփոխության ժամանակ հիմք են ընդունվել իշխանության ամրապնդման եւ պահպանման սկզբունքները (օրինակ՝ քաղաքական կուսակցությունների կամ էլ ընտրությունների մասին օրենսդրությունը)։ Իսկ ժողովրդավարական ազատություններին եւ մարդու իրավունքներին վերաբերող պարտավորությունների կատարման հարցում իրավիճակն այդպիսին է այն պարզ պատճառով, որ իշխող էլիտայի էական հատվածն այդ կետերի կատարման մեջ տեսնում է իրական սպառնալիք սեփական իշխանության նկատմամբ։
– ԼՂՀ հակամարտությունն ազդո՞ւմ է ՀՀ-ում եւ Ադրբեջանում ժողովրդավարացման գործընթացի վրա:
– Թվում է, թե ղարաբաղյան հակամարտությունը շատ ավելի սպեկուլյացիաների առարկա է ժողովրդավարական եւ տնտեսական ազատությունների հարցերում, քան իրոք անմիջական ազդեցություն ունի հակամարտող երկրներում ժողովրդավարացման գործընթացների վրա։ Այդպիսի չլուծված հակամարտության առկայության դեպքում բավական հեշտ է կառավարման բոլոր արատները եւ իրականացվող ներքին քաղաքականության բացասական հետեւանքները վերագրել տվյալ հակամարտության գոյությանը։ Բայց առկա է նաեւ հակամարտության ուղղակի ազդեցությունը երկրում ժողովրդավարական զարգացումների վրա։ Հասարակության մեջ փախստականների եւ բռնի տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծված չլինելն, անկասկած, բացասաբար է անդրադառնում ժողովրդավարական զարգացման գործընթացների վրա։ Բայց, այդուհանդերձ, գլխավորն այն է, որ այս տարիների ընթացքում ԼՂ հակամարտությունը հակամարտող երկրներում վերածվել է արտաքին եւ հատկապես՝ ներքաղաքական հուսալի գործիքի։
– Միջազգային կազմակերպությունները, մասնավորապես՝ ԵԽ-ն, նշում են Հայաստանում քաղաքական հիմքով մարդկանց կալանավորելու, ինչպես նաեւ՝ նրանց նկատմամբ բռնություններ եւ ճնշումների այլ մեթոդներ կիրառելու մասին: Եղե՞լ են, արդյոք, դեպքեր, երբ իրավապահ մարմինների աշխատակիցները պատասխանատվություն կրեն նման գործողությունների համար:
– Ցավոք, ոչ։ Եղել են միայն վարչական պատժի եզակի դեպքեր եւ ավելին՝ բազմաթիվ հայտարարություններ նրանց օգտին, ովքեր կատարել են քրեորեն պատժելի նման արարքներ։ Հավանաբար, դա ունի կարեւոր պատճառահետեւանքային կապ. կոպիտ ֆիզիկական ուժի գործոնը կարեւոր տեղ ունի ադրբեջանական քաղաքականության մեջ կիրառվող քաղաքական տեխնոլոգիաների շարքում։ Ուժ գործադրվում է, եւ դա արվում է որպես կարեւոր եւ համոզիչ փաստարկ քաղաքական պայքարի մեջ։ Նման իրավախախտումների հեղինակներին պատժելու դեպքում իշխանությունները կարող էին կորցնել երկրում հասարակական-քաղաքական գործընթացների վրա ներգործելու՝ իրենց տեսանկյունից՝ կարեւոր գործիք։
– Խոսքի ազատությունը ժողովրդավարական հիմնարար ազատություններից է: Ադրբեջանում կա՞ այն: Ի՞նչ խնդիրների են բախվում իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող ԶԼՄ-ներն ու լրագրողները:
– Խոսքի ազատությունը երաշխավորված է ձեւականորեն։ Իսկ իրականում, իշխանության բաժանման եւ օրենքի գերակայության բացակայության պայմաններում գործադիր իշխանությունն ունի բազմաթիվ եղանակներ՝ ազդելու անհնազանդ ԶԼՄ-ների եւ ժուռնալիստների վրա տարբեր իրավապահ օրգանների կամ էլ առանձին քաղաքացիների միջոցով, որոնց հետեւում հաճախ կանգնած են միանգամայն որոշակի պետական կառույցներ (օրինակ՝ լրագրողների նկատմամբ կիրառելով պատիժներ զուտ քրեական բնույթ ունեցող իրավախախտումների համար, որոնք լրագրողը, որպես կանոն, չի կատարել, այսինքն՝ տարբեր քրեական գործեր սարքելով)։ Կարեւոր խնդիր է մնում ԶԼՄ-ների համար տնտեսական հիմքեր ստեղծելու պայմանների բացակայությունը (գովազդի շուկայի թերզարգացածությունը եւ վերահսկելիությունը), ինչպես նաեւ՝ զրպարտության մասին օրենսդրության բացակայությունը։ Բացի այդ, ԶԼՄ-ների եւ լրագրողների վրա ազդեցության կարեւոր տարր է մնում բռնության գործոնը։
– Կատարյա՞լ են, արդյոք, Ադրբեջանի վրա ԵԽ-ի ազդեցության մեխանիզմները: Արդյո՞ք այդ կազմակերպության բանաձեւերը պարզապես թղթեր չեն, որոնք երկրի իշխանությունները բանի տեղ չեն դնում:
– Երբեմն ԵԽ ունեցած ազդեցության մեխանիզմները բավարար չեն։ Սակայն, այդ կառույցի որոշումները նաեւ յուրահատուկ հանձնարարականներ են ավելի ազդեցիկ միջազգային կառույցների եւ ժողովրդավարական երկրների համար՝ խախտումներ կատարած երկրների հետ երկկողմանի հարաբերություններ կառուցելու համար։ Այդ իմաստով, կարելի է համարել, որ ԵԽ-ի որոշումների նպատակն արագ էֆեկտները չեն։ Դրանք ավելի շատ ուղղված են այն երկրների հետ հարաբերությունների կառուցման հեռանկարին, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունները եւ անտեսում են ժամանակակից ժողովրդավարական արժեքները։ Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից Եվրախորհրդի որոշումների անտեսմանը, ապա ավելի շուտ իշխանություններն անտեսման իմիտացիան օգտագործում են առավելապես ներքին լսարանի համար։